«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ «ՍՊԱՍՈՒՄՆԵՐ»

ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ «ՍՊԱՍՈՒՄՆԵՐ»
25.05.2010 | 00:00

Ի՞նչ է կատարվում, ի վերջո, մեզանում: Առանձնապես ոչինչ: Բացի այն բանից, որ այսօր արդեն Սերժ Սարգսյանը կլինի Բրյուսելում:
Իսկ հայտնի է, երբ նա մեկնում է Արևմուտք, ռուսական անհանգստությունները մեզանում ուժեղանում են: Այդպես էր ԱՄՆ-ում Օբամայի հետ հանդիպումից առաջ: Այդպես է բրյուսելյան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ սպասվող հանդիպումից առաջ:
Այո, շաբաթ օրը հայ քաղաքական դաշտը մի բոլ ելևէջեց. կարո՞ղ է պատահի «տրուբեն պայթի», իմա` առողջական «պլանային» խնդիրների պատճառով Բրյուսել այցը չկայանա, ինչպես չկայացավ Օբամայի, Մեդվեդևի հետ հանդիպումներից հետո, բայց երբ բոլորով հասկացան, որ` «պլանային է` պլանային» հիվանդանոցային այցը, համակերպվեցին` կգնա:
Եզրահանգումից էլ իրենք վատացան: Թե ինչու են մեր ռուսամետներն ու ընդդիմության արևմտյան թևն այդքան ծանր տանում այդ այցերը, իրենք կիմանան (համ էլ` մենք կիմանանք), այնուհանդերձ, ասենք, որ այցը, չնայած իր ներկայացուցչականությանը, նույնպես «պլանային» է, և «լայնամասշտաբ» գեոփոփոխություններ նրա արդյունքներից պետք չէ սպասել: Չնայած նույն ռուսոֆիլ մեր ընկերները պնդում են` Ռուսաստանն անվերջ վախենում է, որ Սերժ Սարգսյանը մեկ էլ ու մի գաղտնի բան կպայմանավորվի Արևմուտքի հետ, որը Ռուսաստանին անակնկալի կբերի, դրա համար էլ անվերջ դագանակն առած` ընկել է Սերժ Սարգսյանի ջանին: Միևնույն ժամանակ Ռուսիո նույն մեր «ընկերների» կարծիքով, Ռուսաստանը ոչ մի ցանկություն չունի նրան «փոխելու», նախ որ` խաղը Հայաստանում լավագույնս պահվում է, և հետո` հարմար որևէ թեկնածու այս պահին և երևացող ապագայում չկա, այնպես որ շատ բաներ սպասել թե՛ բրյուսելյան, թե՛ Մեդվեդևի հունիսյան այցերից պետք չէ: Դրանք «պրոֆիլակտիկ» նշանակության են, չնայած նաև ակնառու է, որ խուլ պայքարը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, այդ թվում և մեր տարածաշրջանի համար, շարունակվում է:
Հենց միայն ինչ ասես արժեր Էդուարդ Ամբրոսովիչի վերջին հայտարարությունը. Ռուսաստանն շտապեց Օսիայի ու Աբխազիայի հաշվով, ու եթե այդպես է, ապա լիարժեք անկախանալու իրավունք ունեն Չեչնիան, Ինգուշեթիան... Դե, մեր կողմից էլ լրացնենք «սովետը» սահուն քանդած պարոն Շևարդնաձեին, նաև` Ղարաբաղը:
Իհարկե, կարելի էր ծանրանալ խնդրի վրա, որ «սովետը» վերականգնելու երազանքով ապրող պարոն գլխավոր հետախույզը` նորին մեծություն Վլադիմիրը, կարգին ֆիասկո է ապրում ոչ միայն այն գաղափարից, որ էս «պստլո» Հայաստանն ու նրա, ոչ ավել-ոչ պակաս, արևմտյան համարում ունեցող վարչապետը ԵվրԱզԷս-ի «հավաքույթին» դիտորդական իր դիրքերից ասաց` մի միլիարդ փող տայիք Հայաստանին, ճիշտ կլիներ, Պուտին Վլադիմիրը ֆիասկոների շարք է գրանցում թե՛ Ղղրղզստանում (էնտեղ էն օրը բակիևականները, ոչ ավել-ոչ պակաս, առան-տարան-կորցրին պաշտպանության նախարարին, հիմա էլ էթնիկ ուզբեկներն են ոտքի կանգնել), թե՛ ՈՒկրաինայում, ուր Դմիտրի Անատոլևիչը, ով այս կարճ ժամանակում վեց անգամ տեսել էր Յանուկովիչի «լույս» երեսը, այդպես էլ չկարողացավ «յուրացնել» ՈՒկրաինայի էներգետիկ ոլորտը (ականջը կանչի Քոչարյանի, որ եկավ Ղարաբաղից ու մեր էներգետիկ ողջ ակտիվը ձեռաց մատաղ արեց Պուտինի ոտների տակ, իսկ ահա պարոն Յանուկովիչը, ով համարվում է Ռուսիո «մարիոնետը», պայքարում է իր երկրի համար), Սևաստոպոլի շուրջ նույնպես Ռուսաստանը չի կարողանում համաձայնության գալ ՈՒկրաինայի հետ:
Նույն իրավիճակն է նաև մաքսային ընդհանուր միության, «Հարավային հոսքի» հաշվով: Իսկ Իրան-Թուրքիա-Բրազիլիա-ԱՄՆ-ՄԱԿ առանցքում` Իրանի նկատմամբ պատժամիջոցների հաշվով, ընդհանրապես «խառը» վիճակ է:
Ասել է` Ռուսաստանին ոչ մի «տոչկայում» չի հաջողվում վերջակետ դնել: Մանավանդ որ, ԱՄՆ-ը «խառը» կոնֆիգուրացիա կիրառեց ոչ միայն «գեոպոլիտիկայի», այլև «տնտեսապոլիտիկայի» խնդրում. իջավ նավթի գինը, անկում գրանցեց եվրոն:
Մի շտրիխ էլ, ու անցնենք մեր բանուգործին: Իսկ թե որքան է Ռուսաստանը հետ մնում Արևմուտքից ինովացիոն, նանոտեխնոլոգիաների ասպարեզում, խոստովանում է նույնիսկ ինքը` նորին մեծություն Վլադիմիրը (որը, որպես հայտնի հետախույզ, այս հարցում ողջ հույսը դնում է տնտեսական լրտեսության վրա ու մի քիչ էլ այդ հարցում դեր հատկացնում Հայաստանին. «մերսի», գուցե արդեն տայի՞ք Տիգրան Սարգսյանի պահանջած մեկ միլիարդը, Վլադիմիր Վլադիմիրովիչ): Էն էինք ասում, որ շատ հետաքրքիր կոնֆիգուրացիա է մի շարք առումներով. նախ` պետք չէ, որ մեր ռուսասեր-պուտինասերները շատ ոգևորվեն, իսկ առավել ստույգ` նեղվեն Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցից:
Նախ որ նույն մեծարգո Ռուսիայի նոր ռազմական դոկտրինում (չնայած մեր լավ բարեկամներից մեկը շատ լավ բնորոշեց Ռուսիո դոկտրինային գործունեությունը. Ռուսաստանն ունի 5 ռազմական, 4 ազգային անվտանգության դոկտրիններ. մեկը` դրսի, մեկը` ներսի, երրորդը` գաղտնի, չորրորդը իրական օգտագործման համար, և այդպես շարունակ), սևովսպիտակի վրա գրված է` Ռուսաստանն ինքը գնալու է «Զանգեզուր` լեռների գրկում, սիրուն աղջիկների հետ քեֆ է անելու». այո, գնալու է խոր համագործակցության արևմտյան կառույցների, այդ թվում և` ՆԱՏՕ-ի հետ: Այնպես որ, ամեն ինչ նորմալ է` կարծածից ավելի:
Հաջորդիվ. հունիսի 17-19-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու տնտեսական ֆորում, ուր Ռուսաստանը փայփայելու է Արևմուտքի հետ ինովացիոն համագործակցության տեսլականը, ֆորումի հաջորդ օրը` ամսի 20-ին, Անատոլևիչ Դմիտրին գալու է առաջինը քրիստոնեություն ընդունած (չե՞ք ամաչում, էլի հիշեցի՞ք նրա էթնիկ ծագումն ու սերը` Խանուկայի տոնի հանդեպ. մի արեք այդ բանը) Հայաստան, որից հետո «չերեզ» Աշտարակ` ԱՄՆ է մեկնելու մինչև ամսվա վերջ: Ըստ ռուսական աղբյուրների` նա ԱՄՆ է մեկնում առաջին հերթին ինովացիոն տեխնոլոգիական հարցերի շուրջ վերջինիս հետ պայմանավորվելու: Դե, հասկանալի է` գեոպոլիտիկան էլ «տեղ կունենա»: Այդ թվում` ղարաբաղյան խնդիրը: Ասում են` կպայմանավորվեն (՞):
Ինչպես ասում են` հասանք, իջեք:
Փորձագետները կարծում են, որ վերջին շրջանում ղարաբաղյան «գետնին» վրա առաջ քաշվող ռիտորիկան` երկու շրջաններին վերաբերող, թուրք-ռուսաստանյան իդեա-ֆիքսում չէ լոկ. այդ «պակետում» իրենց փայն ունեն նաև Եվրոպան ու ԱՄՆ-ը: Հսկիչ փաթեթը, ըստ «ոմանց», այս պահին ԱՄՆ-ը հանձնել է Ռուսաստանին (երևի շատ լավ իմանալով, որ ոչ մի բան էլ դրանից դուրս չի գա, ու ստատուս քվոն ղարաբաղյան հարցում ևս, ինչպես հայ-թուրքականում, կշարունակվի), մի խոսքով, փորձագետները կարծում են, որ երկու շրջանների մոդիֆիկացիայով առաջ է քաշվում, այսպես կոչված, Կոսովոյի տարբերակը. այստեղ պետք է հիշել և պարոն Շևարդնաձեի վերջին արդարադատ մոտեցումը և Թինային` Քեյդենաու, ով «պատահաբար» միտք էր արտահայտել, որ ԱՄՆ-ը հնարավոր է և ճանաչի Ղարաբաղի անկախությունը։ Հասկանալի է, չէ՞, որ մեծ քաղաքականության մեջ ոչ մի պատահական բան չի լինում:
Սակայն այս ամենում ամենասպանիչն այն է, որ Թուրքիո բարեփոխիչ Էրդողանն օրերս հորդորել է «սուլթանին» (կասեր Շավարշ Քոչարյանը)` պուճուր Ալիևին, ճանաչել Կոսովոյի անկախությունը: Իսկ սա, կներեք, ուղղակի և ստուգողական կրակոց էր` աշնանն ընտրությունների գնացող «սուլթանի» ուղիղ ճակատին: Չէ, մի ասեք` ախր շատ էքսցենտրիկն է էդ Էրդողանը, նա կարող է Պերեսին Դավոսում ինչ ասես ասել, կարող է իր թիկնապահների հետ «օրթախ» Բուշի թիկնապահներին ծեծկռտել, կարող է իր գլխին հարվածվող կոշիկն արժանապատվորեն ընդունել, հայ-թուրքական արձանագրություններ «ստորագրել», բայց Կոսովոն ճանաչելու հորդոր` սեփական կրտսեր եղբորն ուղղված, նույնիսկ մենք չէինք սպասի սիրելի Թայիբից:
Ահա և փորձագիտական շրջանակները պնդում են, որ, այո, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հիմքում կարծես թե դրվում է Կոսովոյի նախադեպը. վերադարձվում են երկու շրջանները (իհարկե, Քելբաջարի մասին խոսք լինել չի կարող, Քելբաջարի տարբերակը շրջանառության մեջ դրվեց Էրդողանի` Ադրբեջան այցի ժամանակ, որպեսզի պուճուր Ալիև-«սուլթանի» սիրտը շատ չմղկտա Ֆիզուլիի ու Աղդամի մասով), այդ շրջանների վերադարձին զուգահեռ` Ղարաբաղն ստանում է միջանկյալ կարգավիճակ:
Ի դեպ, Տեր-Պետրոսյանի շրջապատից մեզ տեղյակ պահեցին` եթե քննարկվում է Աղդամի ու Ֆիզուլիի և ոչ Քելբաջարի տարբերակը, եթե «միջանկյալ կարգավիճակ» ասելով նկատառվում է ոչ թե միջազգային դիտորդների, այլ խաղաղապահ ուժերի առկայությունը, այդ դեպքում Տեր-Պետրոսյանը սույն ծրագրի դեմ դուրս չի գա, եթե, իհարկե, ֆիքսում ունենա նաև Ղարաբաղի ապագա կարգավիճակը, ինչպես եղավ Կոսովոյի դեպքում, երբ միջազգային հանրությունը ճնշում գործադրեց Սերբիայի վրա, որ վերջինս փոխի իր սահմանադրությունը:
Եթե ելնենք պրագմատիզմի դիրքերից, ապա, իսկապես, այս տարբերակը, ինչպես ասացին նույն փորձագետները, «Ժիրայր Սէֆիլյանի համար ընդունելի չի կարող լինել, սակայն մնացած նորմալ ուժերի համար այն նույնքան նորմալ ելք է»:
Ելք է:
Սակայն հարցերն էլ շատ են, որովհետև կա կարգավիճակի խնդիրը, որին իր համաձայնությունը չի տա Ադրբեջանը: Իր հերթին էլ Հայաստանը «նորացված» ոչ մի բանի չի համաձայնում` շեշտելով, որ սեղանին առկա փաստաթուղթը 2007-ի «մադրիդյանն» է (բարև ձեզ, պարոն Օսկանյան), որին Հայաստանը տվել է իր համաձայնությունը:
Մի բան էլ. Հայաստանը վերջին շրջանում բավականին կոշտացրել է իր ռիտորիկան. հիշենք Շավարշ Քոչարյանի` «սուլթանատի» և ժողովուրդների ինքնորոշման մասին մտքերը, Նալբադյանի` «ճանապարհային քարտեզի» մասով արտաբերումը` «սուտ է», Սեյրան Օհանյանի` «ոչ մի զիջում-ոչ մի անգամը»:
Եվ այս ամենը` Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցից ժամեր առաջ:
Ընդ որում, Արևմուտքը և հատկապես Բրյուսելը նույնպես հետ չեն մնում «կոշտացումներից». Եվրապառլամենտի բանաձևը (որքան էլ այն խորհրդատվական է, պարտադիր և իրավական հիմք չունի), տիկին Էշտընի` ղարաբաղյան ընտրությունների մասին հայտարարությունը... այդ ամենն ընդամենը դիրքային մարտավարություն է, քաղաքական տորգ:
ՈՒրիշ` ոչինչ:
Եվ եթե «ոչինչ» էլ հաշվի չառնենք ու ելնենք լոկ այն հանգամանքից, որ խաղաղապահների (կամ նույնիսկ դիտորդների) կոնտինգենտի մասով այս պահին տերություններն ուղղակի անկարող են կոնսենսուսի հանգելու, ինքնին փակվում են բոլոր մնացած հարցերը ևս` «բաց պահելով» պնդումը` ղարաբաղյան հարցի լուծման համար դեռ շատ ժամանակ կպահանջվի, և բոլոր ապագա քայլերը, այդ թվում` ներքաղաքական «գետնին» վրա, պետք է կառուցել` ելնելով այդ հաշվարկից:
Ինչը շատերին ձեռնտու չէ, բայց, ավաղ, ինքնին իրականությունն է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1264

Մեկնաբանություններ