«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՐՈՇՎՈՒՄ ԵՆ, ԵՐԲ ՈՉԻՆՉ ՉԵՍ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ

ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՐՈՇՎՈՒՄ ԵՆ, ԵՐԲ ՈՉԻՆՉ ՉԵՍ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ
14.06.2011 | 00:00

Բոլորը շունչները պահած սպասում են` ինչո՞վ է վերջանալու ընդդիմություն-իշխանություն չկայացած երկխոսությունը: Միանգամից ասենք` լավ է վերջանալու: Ի ցավ` տապալմամբ հրճվողների: Ի «սփոփանք»` օր առաջ այն կայացած տեսնողների:
ԼԱՎ ԷԼԻ, ՄԱ՛Մ, ՄԻ ՔԻՉ ԷԼ ԽԱՂԱՄ
Ինչպես պնդում են «մոտ կանգնած» աղբյուրները` Սերժ Սարգսյանն առանձնապես «լավ» չի տանում պայմանավորվածությունների խախտումը: Ասենք` Քոչարյանի հարցում նա մեկընդմիշտ ֆիքսել է` իր հետ պայմանավորվածություն չկա վերջինիս վարչապետ նշանակելու:
ՈՒ Քոչարյանի սողացող, երբեմն էլ գրեթե «բացաշկյարա» նախահարձակությունը, փաստորեն, խաղը խառնել, փսորել է նշանակում: Ինչն էլ արժանանում է իրավաչափ պատասխանի:
Ըստ էության, պայմանավորվածության որոշակի խախտում է տեղի ունեցել նաև ընդդիմության հետ սկսված շախմատային խաղում, ուր Սերժ Սարգսյանն սկսեց սպիտակներով, պարտիան ավարտելով գեղեցիկ ոչ-ոքիով:
Հաջորդ պարտիան շատ արագ սկսեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Սպիտակներով: Հայտնի է` սպիտակներով խաղացողը միշտ առավելություն է ունենում: Բայց, ինչպես տեսնում ենք, խաղը չսկսված, կանգ է արձանագրել:
Ինչո՞ւ այսպես ստացվեց: Դիտարկենք:
Որ երկրորդ պարտիայի սկզբում պայմանավորվածությունների խախտում է տեղի ունեցել, ֆիքսել է Սերժ Սարգսյանը` ՀՀԿ գործադիր մարմնի վերջին աշխատանքային նիստում: Հետաքրքիր է սակայն, որ մինչ «գերագույն» այդ մարմինը կֆիքսեր, որ ընդդիմությունը որոշակիորեն «համը հանել» է, դրանից առաջ Հովիկ Աբրահամյանը, ի տարբերություն ՀՀԿ խորհրդի մնացյալ անդամների, ինչպես միշտ առաջ ընկնելով` ասել էր, թե հա՜, սկսում ենք «թազա» պարտիան, հրես Սերժ Սարգսյանը կգա ու կասի ֆորմատի ու «մնացածի» մասին իր տղամարդու խոսքը:
Եկավ և ասաց` ո՛չ մի ֆորմատ, ո՛չ մի պատվիրակություն, որտեղի՞ց եք վերցրել:
Ընդ որում, հետաքրքիրն այս ամենում այն է, որ ընդդիմությունը ևս ընդունում է, որ ինքը, իսկապես շտապեց ու մի քիչ «համը հանեց»:
Այդպե՞ս է արդյոք: Արդյոք Տեր-Պետրոսյանի նման բազմահմուտ խաղացողը կարո՞ղ էր որևէ կերպ վրիպել: ՈՒ Սերժ Սարգսյանն էլ, այդքան ջանք թափելով երկխոսության վրա, օգտվեր այդ վրիպումից:
Առաջին հայացքից` այո՛: Բանն այն է, որ «հետ-առաջ» կոնֆիգուրացիան, առանց էական կորուստների, այս պահին թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Սարգսյանի համար ընդունելի տարբերակ է:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ
ա) Պետք էր պահել մունդիրը և բողոքական էլեկտորատը: Այլապես ընտրություններին դեռ մեկ տարի կա («и ежу понятно», որ արտահերթ ընտրություններ կարող են լինել բացառապես ֆորս մաժորի դեպքում, ինչն այս պահին հնարավոր չէ, բայց և լիարժեքորեն էլ մերժել հնարավոր չէ` հազար ու մի պատճառով. սա կդիտարկենք ներքևում):
Շատ հետաքրքիր, իրենց գրեթե ոչնչով չվնասող պատվիրակություն կազմելով և իշխանություններից «մերժվելով»` ՀԱԿ-ն ապագա լայն մանևր ապահովելու շանս ստացավ: Ինչն էլ ստիմուլ էր ժողովրդական նոր կոնսոլիդացիայի, որովհետև իր առաջնորդին հավատացող ժողովուրդը ևս մեկ անգամ տեսավ փոխադարձ հավատարմությունը միմյանց, գաղափարին, տեսավ, որ «զզվելի» իշխանությունը հերթական անգամ մերժեց Տեր-Պետրոսյանի բարի նպատակն ու դրսևորած քաղաքական կամքը:
Իսկ թե հոգեբանական առումով որքան շահեց Տեր-Պետրոսյանը, չարժե ասել, որովհետև հայկական մենթալ պլանը մերժվածների հետ «մի ուրիշ ձև» է ներդաշնակվում:
բ) Ընդդիմությունը, ըստ էության, ուներ մի նուրբ պատճառ ևս, որի մասին կարծես թե բոլոր կողմերը լռում են: Բանն այն է, որ ինչքան էլ ՀԱԿ-ը փորձում է չերևացնել այդ «մանրուքը», այնուհանդերձ, կա Նիկոլի «հանգամանք». հիշենք, որ պատվիրակության կազմում ամենաշատ ֆեյսբուքային, իմա` ժողովրդական ձայներն ստացել էր հենց Նիկոլը: Որպեսզի պատվիրակությունը լինի ոչ թե ի պատկեր Facebook-ի, այլ ի պատկեր Տեր-Պետրոսյանի և մերձակիցների, պետք էր շատ արագ այն ձևավորել` մեծ խաղին ընդառաջ: Ինչն էլ արեցին:
Ընդ որում, մինչև հիմա շատերը չունեն նաև հարցի պատասխանը, թե ինչպես եղավ, որ Սասունին դիմավորելու էին գնացել գրեթե բոլոր ՀԱԿ-ականները, իսկ Նիկոլին դիմավորում էր միայն Բաբկեն Արարքցյանը: Սա, ինչպես ասում են, տողերի արանքում:
գ) «Ցնծա՜ց բյուրվիշապ Հայաստան աշխարհը»` Սերժ Սարգսյանի պատվիրակություն չկազմելու որոշման վրա: Ի՜նչ հավեսով խաղին օգնեցին, մեջ ընկան լուսանցքում հայտնված բոլոր ուժերը: Էլ «մանկական մատ, էլ կույս աղջիկ, էլ կարմիր ու կանաչ խնձորներ, էլ գող փիսո, էլ քաչալ շուն…»: Երբեմն զարմանում ես, թե ինչ լավ են օգնում նրանք բոլորը, էլ առավել քոչարյանական «անտիքիրվայիստները» Լևոնին ու Սերժին այս մեծ խաղում, «կռիվն» իսկապես ու ահագին լրջացնելով:
…Հանգի՜ստ, հանգի՛ստ, ներվայինները դուրս գան դահլիճից: Որովհետև Սերժն իսկապես, և կրկին շատ նրբագեղ քայլով` «կըշըտկի» իրավիճակը: Ձևն ամենևին էական չէ: Խաղի ներքին զգացողությունը, ռիթմի ընկալումը երկուսի` Սերժի և Լևոնի մոտ նույն է:
Էլ չենք ասում, թե ինչ PR արեց Լևոնը` ասելով, որ խնամի-քավոր իրենց համար` հեչ, նրանց խոսքը որևէ նշանակություն չունի. միակ խաղացող-խոսողը Սերժն է: Իրեն տենք լսիլ:
ԽԱՂԱ՛, ԲԱԼԵՍ
Այո, Սերժը հերթական նրբագեղ ժեստը կանի Լևոնին: Կազանից առաջ, թե հետո, կորոշի իրադրությունը (հակված ենք կարծելու` հետո). չմոռանանք նաև, որ ընդդիմությունը Սերժի ծննդյան օրը` հունիսի երեսունը, «հատուկ է նշելու» (որ ասում ենք` «փոխադարձ ժեստերի» պակաս չկա՜):
Բոլոր դեպքերում, կռիվն ստացվեց: Իսկ այն կխորանա՞, թե՞ համատեղ «հափփի բրդեյով» որպես երկրորդ պարտիա կավարտվի, աշնանն ընդառաջ, ինչպես ասացինք, ցույց կտա կազանյան հանդիպումը:
Իսկ մինչ Կազան` «ես չեմ ուզում-ընդդիմությունն ուզում է, ես ուզում եմ, հրեն ընդդիմությունը չի ուզում» ֆորմատն այս պահին իրեն լավ էլ «լրջին» է տվել` ղարաբաղյան հարցում հետ-առաջ ապահովելու համար: Տեր-Պետրոսյանը պատվիրակություն է դեմ տվել Սերժին, Սերժն ասում է` չեմ ուզում, Լևոնն ասում է` մեղքը քո վիզը, Զուրաբյան Լյովը ռուսաստաններում է, Դավիթ Շահնազարյանը` «յուրոփներում», Թուրքիայում ընտրությունները պրծան (հայ-թուրքականը լրիվ` Ղարաբաղին զուգահեռ կարող է վերսկսվել), Մոսկվայում ԱԳ նախարարներն «ահավոր ձևով» իրար մոտեցան, Յովանովիչը «փարդի քամակից» տեսավ` ոնց որ իշխանությունը, բայց մանավանդ ընդդիմությունն իր գծած «երկխոսության» գծից կարող են և մի քիչ շեղվել, ու մեկ էլ տեսար` Ռուսաստանն ավելի շատ «ասող» դարձավ այս խաղում, ուստի տիկինը վերցրեց-գնաց «Քոքոբենց տուն», թարսի պես էլ տունը ո՛չ «կադաստրում» գրանցված էր, ո՛չ էլ սեփականաշնորհված էր (Սեֆիլյանն ասում է` սեփականաշնորհված է), հասկացնելու Լևոնենց, որ կարող են խաղալ հենց «քոքոբյան» ընդդիմությամբ… և այդպե՜ս շարունակ: Կռի՛վ:
Որովհետև, գրողը տանի, որքան էլ ասում ենք, որ Կազանում ամեն բան հասկանալի է, որ ոչ մի տեղաշարժ, ոչ մի «թուղթ» չի լինի այնտեղ: Եվ դա 99 տոկոսով: Բայց դե էդ մեկ տոկոսի համար ևս արժե մոմ վառել:
Արժե, որովհետև անհասկանալի այս մեծ աշխարհում վայրկյանների ընթացքում ստատուս քվոներ են փոխվում, ուստի պետք է պատրաստ լինել նաև ֆորս մաժորի` բոլոր «սնարյադները», այդ թվում` և ընդդիմությանը «բոյևոյ» վիճակի բերելով:
Ասենք կարճ. եթե այնպես եղավ, որ ղարաբաղյան հարցում Կազանում որոշակի տեղաշարժ եղավ, ապա նոր, հետաքրքիր տեղաշարժ կլինի նաև ընդդիմություն-իշխանություն «ֆորմատում». այնպես որ, ստարտային այս վիճակը` պատվիրակություն-մերժում, ուղղակի իդեալական ելակետ է Հայաստանի համար:
Եթե Կազանում տեղաշարժ չլինի, ապա ընդդիմությունը կգնա միտինգի, շատ կոշտ ելույթներ կունենա, շատ կոշտ կշնորհավորի Սերժի ծնունդը, ասենք` նույնիսկ երթն այս անգամ կանցնի Բաղրամյանով, որպես «վերջին զգուշացում-շնորհավորանք»` պատվիրակվել չսիրող Սերժին (բա հո էս շոգին խելքները հացի հետ չե՞ն կերել` նստեն նստացույցի` վրանների տակ, Ազատության հրապարակում ու էդպես մաշվեն), մանավանդ որ երբևէ «երկնային մանդատ» ունեցած-կորցրած այդ մանդատը ձեռք բերել փորձող Լևոնն ու Սերժը լավ գիտեն նաև մյուս մեծագույն իմաստությունը` շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում:
ՈՒ մինչև աշուն, կարելի է էսպես` ոչինչ չձեռնարկել, պաուզան ձգել, իսկ աշնանն արդեն «ճտերը»` շախմատային բոլոր ֆիգուրները ղարաբաղյան, ներքաղաքական, «ներընտրական», «ներքոչարյանական», «համատեղ» հաշվել։
Էնպես որ` լա՜վ, հավեսո՜վ խաղ է:
Խաղացե՛ք, տղերք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ