«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՏԱՐԱԾ-ՀԵՏԲԵՐԱԾԸ

ՏԱՐԱԾ-ՀԵՏԲԵՐԱԾԸ
22.10.2010 | 00:00

Նախորդ օրն ԱԺ կրթության և գիտության հանձնաժողովում հետողորմյա արվեց օտարալեզու դպրոցներ բացելու «գործընթացը»` կառավարության ակտիվներում գրանցելով հերթական հաղթանակն «ընդդեմ» օրենսդրի: Հիշենք, որ ասվել էր` այդ դպրոցները բացվելու են առանց «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների, լոկ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններով: Աշոտյանը կառավարության և յուր «դավթարները» դրել թևի տակ, հատուկ կարծիքով ու իր դիրքերի ամրապնդմամբ ներկայացել էր օրենսդիրներին` միասին աշխատելու: Իրականում «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն չի էլ լինելու, ընդամենն իրավական «վկայակոչություն» է լինելու մեկ նախադասությամբ. պարզապես մունդիրի պատիվն ու դիրքերը չզիջելու խնդիր է լուծվում: «Պատմությունը» բոլորս գիտենք, շատ է ասվել-գրվել: Բայց հանձնաժողովում ընթացող միակ ինտրիգը դա չէր: Նախ` Արտակները, հանձնաժողովի նախագահ-Դավթյան, ու չնախագահ-Զաքարյան, պետք է մեկ ժամից թռչեին Մոսկվա` մասնակցելու Ղարաբաղին, Հարավային Կովկասում Ռուսաստանի դերին վերաբերող համաժողովին` Աստանայում տեղի ունենալիք գագաթաժողովից «հինգ րոպե» առաջ: Իսկ «Ժառանգությունը», ինչպես միշտ, խիստ հանգամանալից ու մանրակրկիտ, բոլոր պատգամավորներով հանդերձ, նիստ էր անում: Հարցեր էր տալիս: Ամենքը երեք օրինակից: Նույնքան էլ ելույթներ էին ունենում: Վիճակը բարդացավ այնքան, որ քննարկումներին միացավ Լարիսա Ալավերդյանը: ՈՒ բոլորը, սկսած այդ պահից, միայն ժամացույցներին էին նայում` հասկանալու` արդյո՞ք Արտակները կհասցնեն թռչել, թե՞ Մոսկվան կմնա անՀՀԿ-աննժդեհ` էդքան կարևոր` Աստանայի զարգացումներից առաջ, ու հայոց տեսակետները Ռուսաստանին հասցնող չի լինի, մեր ազնիվ ցեղն էսպես... Հասկացաք: Չնայած այդ համաժողովին էքսպերտի մակարդակով մասնակցելու էին նաև ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն: Բայց դե, ոնց կարելի է «դեպոն» էդպես անիմաստ տեղը կանգնեցնել, անտեր թողնել: Բայց միևնույն է, «Ժառանգությունը» համառ էր ու անզիջում. Անահիտ Բախշյանը հիշել էր, որ առանց ԱԺ ԿԳ հանձնաժողովի նախագահի, անդամների օրեր առաջ Վահե Էյֆիաջյանը` մարդ-հանձնաժողովը (նա ԿԳ հանձնաժողովի անդամ է), միայնակ (կամ ոչ այնքան) հանձնաժողովի «նիստ էր անցկացրել», օրակարգ «նշանակել», որոշումներ կայացրել` երիտասարդների աջակցության մասին: Ստեփան Սաֆարյանն էլ անվերջ բողոքում էր ու ասում, որ «Լեզվի մասին» օրենքի այս հետողորմյան արդյո՞ք օրենսդրի արժանապատվությանը չի դիպչում: «Ո՞վ է ում արժանապատվությանը դիպչում», տեղից բացականչում էր Հեղինե Բիշարյանը: Իսկ քվեարկության ժամը չէր մոտենում ու չէր մոտենում, որպեսզի Արտակները թռչեին-հեռանային: Իրադրությունը նուրբ էր այնքանով, որ պետք էր մասնակցել քվեարկությանը. եթե Արտակները գնային ու «թռչեին», կստացվեր, որ ՀՀԿ-ականները դեմ են կառավարության նախաձեռնությանը, համը դուրս կգար, ու նորից կսկսվե՜ր... Չկար, առավել ստույգ քննարկումների կեսից սենյակը լքել էր նաև մարդ-հանձնաժողովը` Վահե Էյֆիաջյանը, որն այդպես էլ չմասնակցեց քվեարկությանը, չնայած Գրիգորիչի զարմ Արման Գալուստիչը փորձում էր հեռախոսով զանգել-կանչել նեղացյալին, որպեսզի հանկարծ չար-թունավոր լրագրողներն ու «մնացածները» քաղաքական կոնտեքստ չտեսնեն ԲՀԿ-ի պահվածքում, բայց երբ նկատեց, որ լրագրողներն ուշի ուշով իրեն են հետևում, ձեռնպահ մնաց զանգահարելուց:
Մի խոսքով, «տարած-հետ բերած» «Լեզվի մասին» օրենքը դրական քվեարկության արդյունքում «մտավ» երկրորդ ընթերցման փուլ, իմա` կառավարությունը հասավ իր նպատակին, օրենսդիրը համաժողովրդական սիրո դափնին չառավ իր լուսապայծառ ճակատին:
Արտակներն էլ բարեհաջող հասան իրենց մուրազին` «Զվարթնոց», ու թռան:
Դուք էլ հասնեք ձեր մուրազին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1277

Մեկնաբանություններ