«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ «ԼՈՂԱԼ» ԴԵՊԻ ԱՐևՄՈՒՏՔ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ «ԼՈՂԱԼ» ԴԵՊԻ ԱՐևՄՈՒՏՔ
28.01.2011 | 00:00

Վաղուց է հայտնի` քաղաքականության մեջ գլխավորն այն է, որ հերթական ձախողումը կարողանան ներկայացնել որպես նոր նախապատրաստություն` առաջիկայում հաջող ճեղքում իրականացնելու նպատակով։ Ահա և մեր տարածաշրջանում Ռուսաստանի վերջին տակտիկական պարտությունը Եվրոպայից` չհայտարարված «էներգետիկ պատերազմում», ինչը Մոսկվայում հապճեպորեն ջանում են մինուսից վերածել պլյուսի։ Իսկ պատերազմում, ինչպես հայտնի է, բոլոր միջոցներն էլ, նույնիսկ` ամենացածրակարգ, լավ են։
Եվ, ինչպես եղել է բազմիցս, այժմ դրությունը շտկելու համար ռուսները գործի դրեցին «ծանր հրետանին» և բոլոր հնարավոր միջոցները` սկսած Բաքվի վիրավորվածությունից` Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում նախագահ Բարոզուի ելույթի «ոչ լրիվ ու աղավաղված տեքստի» պատճառով, որը Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցներն առավելագույնս ուռճացրին և հայտարարեցին «բավականին լուրջ քաղաքական-դիվանագիտական սկանդալ», մինչև «ԽՍՀՄ-ի և Գորբաչովի քաղաքականության դատապարտման իմաստով Ռուսաստանի կողմից ինչ-որ խորհրդանշական քայլեր ակնկալելու»` Ադրբեջանի իշխանության և հասարակության համար ինչ-ինչ հիմքերի մասին ռուսաստանցի փորձագետների մտածելակերպով արատավոր և էությամբ տարօրինակ ճամարտակությունները» (նկատի է առնվում խորհրդային զորքերի Բաքու մտնելը 1990-ի հունվարի 20-ին)։ Եվ այդ ամենը, ինչպես միշտ, շռայլորեն շաղախվում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման «նոր գաղափարների» գեշահոտ համեմունքներով։ Օրինակ, «Ռեգնում» գործակալության հարգարժան վերլուծաբանը կարծում է, որ «Մոսկվային, Բաքվին, Երևանին և Անկարային ոչինչ չի խանգարում, որ պայմանավորվեն ադրբեջանական շրջաններն ազատագրելուն զուգահեռ գործընթացի կազմակերպման շուրջ», և ենթադրում է, թե Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հունվարի 24-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումից կարելի է լուրջ նորություններ ակնկալել։ Միաժամանակ, ակներևաբար ոչ պատահականորեն, սկսել են եռանդագին պնդել, թե «ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավարտի իր գործունեությունը, և նրան փոխարինելու գա նոր բանակցային խումբ` Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարության ներքո»։ Միանգամայն զվարճալի տպավորություն է թողնում ռուսաստանյան համբավավոր կայքերից մեկի «բանավեճը» այն բանի շուրջ, որ «եթե բազում դարեր Ռուսաստանը ջանում էր ուժով նվաճել Կոստանդնուպոլիսը, ապա այսօր իրական հնարավորություն է ընձեռվում ձեռք բերելու ռազմավարական դաշնակցի և ազդեցության ուժեղացման` առանց որևէ պատերազմի Թուրքիայի հետ միավորվելով, և մեզ կապող կամուրջ կարող է դառնալ Ադրբեջանը` իբրև ոգով և մշակույթով մեզ ամենամոտ հարևան»։ Նկատենք, որ այդ կասկածելի թեմայի շուրջ կարծիքները հիմնականում լոյալ են։
Ասենք, այն բանից հետո, երբ մի երկու տարի առաջ Կրեմլը հայտարարեց նոր համադրույթի մասին, ըստ որի` «Հարավային Կովկասում կայունության կարևոր գործոն պետք է դառնան Ռուսաստանի և Ադրբեջանի բարիդրացիական գործընկերային հարաբերությունները» և հենց նրանք պետք է «լուծեն տարածաշրջանային անվտանգության հարցերը», համանման բոլոր աճպարարությունները թեպետ չարագուշակ տպավորություն են թողնում, բայց սովորական երևույթ են։ Համապատասխանաբար, հենց այդ մոտեցումների ու խնդիրների լույսի ներքո պետք է քննարկվի նաև Սերգեյ Նարիշկինի գլխավորած ռուսաստանյան բարձրաստիճան պատվիրակության վերջերս Բաքու ձեռնարկած այցը։ Ակներև է, որ ռուսական լրատվամշակութային կենտրոնի նոր շենքի բացումը չի կարող հիմք և բավարար առիթ ծառայել այնպիսի բարձր միջազգային մակարդակի անձնավորության Բաքու այցելելու համար, ինչպիսին Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավարն է։ Բայց իշխանությամբ օժտված նման կարգավիճակի մարդիկ, որպես կանոն, տարբերակվում են առանձնահատուկ վստահությամբ ու հատուկ դերով։ Հայտնի է, որ նմանօրինակ «մշակութային միջոցառումները» միշտ էլ առիթ են հանդիսացել առանձնահատուկ, գաղտնի հանձնարարություն կատարելու, ինչպես ասում են, կարծիքները «ձեռքից ձեռք» փոխանցելու համար։ ՈՒստի կարելի է ավելի քան վստահաբար ասել, որ Ադրբեջանում Նարիշկինի հայտնվելը շարքային, անցումային իրադարձություն չէր։ Նկատենք, որ նա հստակորեն «իրականացրեց» միջոցառման արարողակարգի կետերը. ներկա եղավ կենտրոնի բացմանը, ուրախությամբ նշեց, թե «այս կարևոր ու գեղեցիկ ձեռնարկումով է սկսվում այս տարին», ինչպես ընդունված է Բաքվում, պսակներ դրեց «զոհերի» հուշարձանին։ Ինչը, ի դեպ, առիթ տվեց ադրբեջանցիներին «գթասրտություն» դրսևորելու և հայտարարելու, թե «ադրբեջանական հասարակության մեջ անհրաժեշտություն չի զգացվում պաշտոնական Մոսկվայից ներողություն «կորզելու» 1990 թ. հունվարի 20-ին Կրեմլի կազմակերպած սպանդի համար», և թե «այստեղ հասկանում են, որ 1990 թ. Մոսկվան և հետագա տարիների Մոսկվան տարբեր մայրաքաղաքներ են»։ Նախագահական վարչակազմի ղեկավարը հատուկ նշեց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ իր հանդիպումը բովանդակալից էր։ «Մենք քննարկեցինք տնտեսական, քաղաքական, մարդասիրական ոլորտների երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցեր, որոնք խարսխվում են ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա, ինչպես նաև ապագա նախագծեր, այդ թվում` աշնանը կայանալիք մարդասիրական համագործակցությանը նվիրված ռուս-ադրբեջանական երկրորդ համաժողովը»,- ասել է Նարիշկինը։ Ըստ նրա, այդ համաժողովը կողմերը դիտում են «որպես հեղինակավոր միջազգային հարթակ Ռուսաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ողջ մարդկության առջև մարդասիրական բնագավառում առկա ամենալայն և հրատապ հարցերի ու խնդիրների քննարկման համար»։ Ահա թե ի՜նչ համաշխարհային մարտիկներ են ի բարօրություն բովանդակ մարդկության և համայն աշխարհի խաղաղության։
Իհարկե, նրա հաղորդումներում ոչինչ չասվեց ո՛չ Ղարաբաղի, ո՛չ էլ «գազային սիրախաղի» մասին։ Բայց բառացիորեն նույն օրը (հատկանշական զուգադիպում) Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ «Գազպրոմի» և Ադրբեջանի նավթընկերության նախագահների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, այս տարի Ռուսաստանը 2,5 անգամ կավելացնի ադրբեջանական գազի գնումները` մինչև 2 մլրդ խմ։ Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի գծով Ռուսաստանի նախաձեռնություններին, ապա բերենք հայտնի քաղաքագետի անչափ հետաքրքիր կարծիքը «Զերկալո» ադրբեջանական լրագրից. «Իսկ ինչ վերաբերում է Նարիշկինի այցի հնարավոր պատճառին, բանն այն է, որ Ռուսաստանն ամբողջ ժամանակ Ադրբեջանին հրահրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծման,- հայտարարել է Զարդուշտ Ալիզադեն։- Այդպիսին է Ռուսաստանի գիծը` հակամարտության մասնակիցներին հրահրել ուժային լուծման, այն հույսով, թե ինքը կկարողանա, բնականաբար, երկու կողմերի պարտությունից հետո ուժեղացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի իրադարձությունների վրա։ Ես կարծում եմ, Ադրբեջանը չպետք է ենթարկվի այդ ճնշմանը, չպետք է դիմի հակամարտությունը «թեժ փուլ» փոխադրելու քայլերի»։ Համաձայնեք` ռազմատենչ Ադրբեջանի համար շատ անսովոր մոտեցում է։ Իր հերթին, Ադրբեջանի նախկին պետխորհրդական, դիվանագետ Վաֆա Գուլուզադեն Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյայի ժամանումը բացատրում է Կրեմլի այն երկյուղներով, թե Ադրբեջանը կարող է վերջնականապես «լողալ» դեպի Արևմուտք։ «Նրանց համար ներկայումս գլխավոր նպատակը ցանկացած եղանակով Հարավային Կովկասը Ռուսաստանի համար պահպանելն է, քանի որ կորցնում են և՛ Հարավային, և՛ Հյուսիսային Կովկասը։ Եվ նրանք կպայքարեն այնքան, քանի դեռ հնարավոր կլինի պայքարել Ադրբեջանը Ռուսաստանի ազդեցության ներքո պահելու համար»։ Թեպետ, ադրբեջանցի վերլուծաբանի կարծիքով, «դրա համար նրանք շատ հնարավորություններ չունեն», իսկ ներկայիս Ռուսաստանն «արդեն այն հզոր տերությունը չէ, որը կարող է հրապուրել»։
Նկատենք, որ երկու երկրների փորձագետներն ու քաղաքական շրջանակներն էներգետիկ ոլորտում համագործակցությունը տարօրինակորեն կապակցում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ Ադրբեջանցի դիվանագետները հաճախ են պնդում, թե «ադրբեջանական գազը Ղարաբաղի համար է, նավթը` տնտեսության համար», և թե նրանք ամեն տեսակ զիջումների կդիմեն գազի հարցերում` հանուն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման։ Իր հերթին Ռուսաստանում համոզված են, որ եթե Բաքուն ավելի շատ հակվի համագործակցելու Մոսկվայի հետ, ապա նոր գազամուղների բուն գաղափարը կարող է մեռնել։ Իսկ Ադրբեջանը տակավին սրբությամբ հավատում է, որ հենց Ռուսաստանն է ընդունակ ներգործելու Հայաստանի վրա և մեղմացնելու Երևանի դիրքորոշումը բանակցություններում։ Միևնույն ժամանակ Բաքուն ներկայումս սկսել է ավելի սուր զգալ իր տրամադրության տակ եղած քաղաքական-դիվանագիտական, ասենք, նաև ժամանակային ռեսուրսների սահմանափակությունը, և դա էր, ըստ երևույթին, Մոսկվայի հետ հերթական խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտության պատճառներից մեկը։ Ադրբեջանն այժմ դարձյալ փորձում է Ռուսաստանին դրդել մշակելու սեփական և ադրբեջանցիներին միանգամայն ձեռնտու դիրքորոշում ղարաբաղյան կարգավորման խնդրում և, ամենայն հավանականությամբ, ինչ-որ կարևոր, իսկ ավելի հավանական է, ինչ-որ դրամական բան է նրան խոստանում։ Իսկ որո՞նք են նման քաղաքական ու հապճեպ նպատակահարմարության պատճառները Կրեմլի համար, որի դեպքում վարկածային շահերի զոհասեղանին են դրվում լուրջ ջանքեր պահանջած և տառապանքով ձեռք բերված կապերը։ Ի՞նչը պատճառ դարձավ, որ Մոսկվան վերջին ժամանակներս նկատելիորեն աշխուժացրել է Երևանին ու Բաքվին հաշտեցնելու դիվանագիտական ջանքերը` հավակնելով ղարաբաղյան գլխավոր խաղաղարարի դափնիներին։ Արդյո՞ք միայն Վաշինգտոնի «քիթը տրորելու» և տարածաշրջանում իր կարգավիճակը հիմնահաստատելու ձգտումը, թե՞ պատճառներն ավելի խոր են ու ավելի նենգ։ Իսկ միգուցե այդ դեպքում Հայաստա՞նն էլ պետք է «հավատարիմ և համբերատար արբանյակի» քաղաքականությունից անցնի առավել արդիական և ամբողջ աշխարհի համար սովորական իրատեսական քաղաքականության։
Իսկ այդ հարցերի առնչությամբ, որոնք հռետորաբանական բնույթից վերածվում են ամենակարևոր հրատապ հարցերի Հայաստանի համար, ցանկալի կլիներ նշել հետևյալը։ Նույնիսկ ռուսների մոլի համոզվածության պարագայում («իսկ ի՞նչ ճար ունեն հայերը») նրանք վերջապես պետք է գիտակցեն, որ դիվանագիտական նման զիգզագները, ըստ տարրական տրամաբանության, ակներևաբար կարող են բացասաբար անդրադառնալ «ֆորպոստի» կլիմայի և տրամադրությունների վրա։ Եվ հայ հասարակությունը պարզապես պարտավոր է դա նշել խստիվ ու պարզորոշ։ Դատելով ըստ ամենայնի, հին կարծրատիպերին հետևող և տակավին իրեն մայր երկիր կարծող Մոսկվայի մտքով էլ չի անցնում, որ Երևանը կարող է փոխել իր հետագիծը, որ Ռուսաստանի իրական խուսավարումների աստիճանը կարող է սահմանափակ լինել և որ, ի վերջո, նա կարող է մնալ առանց միակ դաշնակցի, ոչ թե տնտեսական գործընկերոջ Հարավային Կովկասում։ Ընդ որում, Երևանի նույնիսկ համապարփակ տնտեսական ենթակայությունը կարող է չապահովել ստատուս քվոն։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, եթե նույնիսկ Կրեմլում մտածում էլ են, թե միգուցե կարողանան Ադրբեջանին թեքել իրենց կողմը, ապա դա, ամենայն հավանականությամբ, սոսկ պատրանք է և հարցերի կարճաժամկետ լուծում։ Կարծում ենք` Նարիշկինի այցն այդ իմաստով ոչ մի արդյունք չի տա, քանի որ Ադրբեջանում, այնուամենայնիվ, իրական պատկերացում կա Ռուսաստանի էության վերաբերյալ։ Բաքուն լավ գիտե` ինչ կարելի է ակնկալել Մոսկվայից և ինչ` ոչ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ