«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՊԵԿԻՆԸ ՈՐՈՇԵԼ Է «ՏՐՈՐԵԼ ՀԱՐԵՎԱՆԻ ՔԻԹԸ»

ՊԵԿԻՆԸ ՈՐՈՇԵԼ Է «ՏՐՈՐԵԼ ՀԱՐԵՎԱՆԻ ՔԻԹԸ»
08.07.2011 | 00:00

Բառացիորեն վերջերս տեղի ունեցավ եթե ոչ սկանդալային, ապա շատ հատկանշական մի իրադարձություն, որը, հավանաբար, կունենա ամենալուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ։ Իր պաշտոնաթողության նախօրեին անսպասելի խոստովանությամբ հանդես եկավ Ղազախստանում ՉԺՀ դեսպան Չեն Հոպինը։
Նա առանց որևէ նրբանկատության, որն առհասարակ բնորոշ չէ չինական դիվանագիտությանը, հայտարարեց, որ Կենտրոնական Ասիայում Չինաստանի ազդեցության աճը պետք է խարխլի Ռուսաստանի մենաշնորհը։ Ճիշտ է, չմոռացավ մի ճշգրտում անել «այս տարածաշրջանից էներգակիրների արտահանության» առնչությամբ, բայց դրանք, այդ չարաբաստիկ էներգակիրները, ինչպես քաջ գիտենք, վաղուց արդեն դարձել են քաղաքական բիզնեսի առարկա։ Այնպես որ, դժվար չէ գուշակել, որ միայն էներգակիրներով Պեկինը հազիվ թե բավարարվի։ Շատ հետաքրքրական է, բայց, պարզվում է, Չինաստանը հանուն դրա նույնիսկ ողջունում է (իհարկե, «խելամիտ սահմաններում», որպեսզի չվերաճի մշտական զինվորական ներկայության) այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցության աճը։ Ընդ որում, պնդելով, որ Ղազախստանը «ռուսամետ պետություն» չէ, նա հայտարարեց, որ ՉԺՀ-ն շատ բարձր է գնահատում «Ղազախստանի հմուտ հավասարակշռումը մեծ տերությունների արանքում»։ Սակայն չին դիվանագետը «գթաց» և ասաց, որ ՉԺՀ-ն ու Ռուսաստանը կարող են «ընդհանուր օգուտի համար» միասին աշխատել այնպիսի հարցերում, ինչպիսիք են ահաբեկչությունն ու թմրամոլությունը, իսկ ինչ վերաբերում է տնտեսական հարցերին, նշեց, որ այդ ոլորտում կա միայն մրցակցություն։ Տարածաշրջանի մյուս երկրների առնչությամբ Չենը տեղեկացրեց, որ, հավանաբար, ՈՒզբեկստանում կստեղծվի ԱՄՆ-ի նոր ռազմական տարանցման կենտրոն, և դա անվանեց «նրբին հարց»։ Նա կարծում է, որ ՈՒզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը կհամաձայնի առաջարկությանը, քանի որ «նրան այլ երկրների քաղաքական աջակցություն և օգնություն է պետք այն դժվարությունների պատճառով, որ առաջացել են Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների հետևանքով»։ Բացի այդ, ընդգծեց, որ Քարիմովը հակաահաբեկչական ջանքերը կօգտագործի իր վարչակազմի հասցեին քննադատությունը մեղմելու նպատակով։ Իսկ ընդհանուր առմամբ, «ապագայում մեծ տերությունների հարաբերությունները Կենտրոնական Ասիայում կլինեն բարդ և զգուշավոր, բայց մենք չենք կարող Ռուսաստանի պատճառով վնաս հասցնել մեր շահերին»։
Ինքնըստինքյան հասկանալի է, որ աշխարհի ոչ մի դեսպան, առավել ևս չինական, և անգամ եթե նա «նախկին» է, խելքը հացի հետ չի կերել, որ իր անձնական կարծիքը հայտնի այդքան դյուրագրգիռ թեմայի առնչությամբ։ Շատ հետաքրքրական է, որ Չեն Հոպինն առաջիկայում նշանակվելու է փոխարտգործնախարար, և նրա պատասխանատվության ոլորտը լինելու է ԱՊՀ-ն, իսկ ներկայումս նա Չինաստանի արտգործնախարարի օգնականն է։ Հետևաբար, խիստ ծանրակշիռ հիմնավորումներով կարելի է պնդել, որ նա հնչեցրել է պետական նոր ռազմավարությունը, ընդ որում, հնչեցրել է աներկմիտ, անբեկանելի և, ըստ երևույթին, դրա մեկնարկն արդեն տրված է` սպասվելիք հետևանքներով և ուղեկից միջոցառումներով։ Այսինքն, Պեկինը, որը երկար ժամանակ Կենտրոնական Ասիան ճանաչում էր որպես Մոսկվայի «կալվածք», հիմա որոշել է «տրորել հարևանի քիթը»։
Ի միջի այլոց, նշենք, որ տարածաշրջանի նվաճման համար (դե, իհարկե, խաղաղ ճանապարհով) չինացիները վաղուց են նախապայմաններ ստեղծում և` հետևողականորեն։ Այսպես, Շանհայում Կենտրոնական Ասիայից, առաջին հերթին Ղազախստանից, եկած ուսանողների քանակն ամենաստվարներից մեկն է։ Ընդ որում, ի տարբերություն մյուսների, նրանք Չինաստանում սովորելու են գալիս դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, այսինքն, աշխարհայացքի ձևավորման հիմնական ժամանակահատվածում։ Եվ պատահական չէ, որ երիտասարդ ղազախները կատակում են. «Ով չի ուզում հեռանալ երկրից, պիտի չինարեն սովորի»։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա դեռևս 2009-ին ՉԺՀ-ն Կենտրոնական Ասիայի երկրների համար բացեց 10 մլրդ դոլարի վարկային գիծ, իսկ օրերս Աստանայում և Պեկինում հռչակագիր ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին, որը նախատեսում է ապրանքափոխանակության ծավալը 2015-ին հասցնել 40 մլրդ դոլարի։
Տարածաշրջանում Պեկինի «նոր ռազմավարության» ամենավառ և ակնբախ օրինակներից մեկն է նաև «ապագայի քաղաքի» համատեղ կառուցումը։ Ղազախստանի ու Չինաստանի սահմանի վրա երկու կողմից սկսվել է սահմանային համագործակցության «Հորգոս» միջազգային կենտրոնի կառուցումը։ Համալիրի ընդհանուր տարածքն անցնում է 500 հեկտարից, և այն հղացվել է որպես մի վայր, ուր մարդիկ կգան ոչ միայն բիզնեսի նպատակով, այլև պարզապես հանգստանալու։ «Հորգոս» համալիրն ունենալու է խոշոր գործարար հատված` երկնաքերներով, հյուրանոցներով, պահեստներով, ինչպես նաև ազգագրական զբոսայգի ու մշակութային կենտրոն։ Ներկա պահին «Հորգոսի» չինական հատվածը` 343 հա տարածքով, կառուցապատման եզրափակիչ փուլում է, այնտեղ արդեն ծառեր են տնկված։ ՈՒ թեև Ղազախստանը դեռ ամբողջ թափով շարունակում է շինարարական աշխատանքները («Հորգոսի» ղազախական հատվածի տարածքը 185 հա է), և ղազախ բանվորները դեռ խողովակներ են տեղադրում ու մաքրում են տարածքը, շուտով գործարար քաղաքի երկու հատվածները կմիանան հատուկ միջանցքով։ Նախագիծը վերջնական տեսքի կբերվի 2018-ին, սակայն 2011-ի հուլիսի 1-ից արդեն կգործի սահմանային կետը, և կավարտվի ղազախա-չինական այդ քաղաքի կառուցապատման առաջին փուլը։ Հատկանշական է, որ Չինաստանի ղեկավարությունն ընդգծում է, որ հեռանկարում «Հորգոսը» կդառնա տարածաշրջանային կենտրոն։ Նշենք նաև, որ այսօրվա դրությամբ դա Չինաստանի ու Ղազախստանի երկրորդ համատեղ նախագիծն է` անդրսահմանային նավթամուղի կառուցումից հետո։
Այս ամենը վկայում է, որ ինչպես Ղազախստանի, այնպես էլ ամբողջ Կենտրոնական Ասիայի դերն ու նշանակությունը Չինաստանի համար օրեցօր աճում են։ Եվ բանը, իհարկե, միայն ձգտումը չէ, ինչպես իրենց մխիթարում են ռուս փորձագետները, «հնարավորություն ապահովել օգտվելու նավթի, գլխավորապես ղազախական նավթի պաշարներից»։ Եվ անգամ վաճառահանման շուկան չէ, թեև ապրանքաշրջանառությունը սրընթաց ու կայուն աճում է, իսկ չինական ապրանքներն արդեն գերիշխող են տեղի շուկայում։ Պեկինի համար խիստ օրախնդիր է նաև այն, որ տարածաշրջանի երկրները, ոչ առանց հիմքի, իրենց համարում են կամուրջ Արևելքի ու Արևմուտքի միջև և մեծ հաջողությամբ Չինաստանի աջակցությունն են ստանում նաև այդ կարևորագույն ճանապարհին։ Համենայն դեպս, ծրագրվող ճեպընթաց երկաթուղին նախատեսվում է անցկացնել հենց այդ տարածաշրջանով (ոչ հեռու ապագայում այն Չինաստանը կկապի Եվրոպային, և այդ նոր մայրուղին ևս մեկ ցավագին հարված կլինի Մոսկվայի շահերին ու ինքնասիրությանը)։ Ազդեցության տարածումը, իսկ հեռանկարում նաև տարածաշրջանը լուրջ հսկողության տակ առնելը Չինաստանի համար մեծ նշանակություն ունեն քաղաքականության ու անվտանգության առումով։ Չէ՞ որ այնտեղ պարբերաբար բորբոքվում են ույղուրական և մահմեդական խնդիրներ, իսկ երկրի սահմաններից դուրս քիչ չեն (թե՛ Թուրքիայում, թե՛ Կենտրոնական Ասիայում) այն գործիչները, որոնք բողոքի ելույթների են դրդում իրենց «էթնիկ եղբայրներին»։
Իսկ իր շահերին ու պատվախնդրությանը հասցվող այդ հարվածներին ինչպե՞ս է արձագանքում Մոսկվան, որտեղ շարունակում է իշխել Ռուսաստանը մետրոպոլիա տեսնելու տրամադրությունը, համենայն դեպս, նախկին խորհրդային տարածքում։ Առայժմ բանը աղմկարարությունից այն կողմ չի անցնում, հնչում են կարծիքներ, թե «Ռուսաստանի դեմ պատրաստ են միավորվելու բառացիորեն բոլորը` և՛ Չինաստանը, և՛ ԱՄՆ-ը, և՛ Ղազախստանը, և՛ ՈՒզբեկստանը, ու այդպիսի «հակառուսական ճակատի» կազմավորման պատճառը բոլոր խաղացողների չափազանց մեծ ախորժակն է»։ Սակայն այն մասին (և դա ամենագլխավորն է), որ տեղի ունեցող գործընթացները վկայում են բուն Ռուսաստանի թուլության և կենտրոնասիական (և ոչ միայն) ուղղությունում նրա անհետևողական քաղաքականության մասին, Կրեմլում գերադասում են լռել։ Ավելին, ինչպես ասում է ԱՊՀ երկրների ինստիտուտի Միջին Ասիայի բաժնի ղեկավար Անդրեյ Գրոզինը, «ռուսական քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում վերջին ժամանակներս ձախողվում է, և այն տպավորությունն է ստեղծվում, թե Ռուսաստանը նույնիսկ միասնական քաղաքականություն չունի այդ տարածաշրջանի նկատմամբ»։
Այս հարցում տարաձայնություններ կան նաև հենց ռուսական վերնախավում։ Ոմանք պնդում են, թե Ռուսաստանը պետք է պաշտպանվի «երկաթե վարագույրով», վիզային կոշտ այցեկարգ սահմանի այդ տարածաշրջանի բոլոր երկրների համար (հնարավոր է, առայժմ բացի Ղազախստանից), առաջարկում են «կահավորել» սահմանը և դրանով իսկ վերջ դնել անօրինական ներգաղթին։ Ոմանք էլ կարծում են, որ անհրաժեշտ է հարձակողական աշխատանք սկսել այն կազմակերպությունների շրջանակներում ռուսական ազդեցության ամրապնդման նպատակով, որոնք արդեն կան։ Դրանք են ՀԱՊԿ-ը, ԵվրԱզԷՍ-ը և Մաքսային միությունը։ Տարածքում հակաչինական տրամադրությունները պաշտպանող (թե՛ մամուլում, թե՛ ընդդիմության շրջանում) այլ ծրագրեր ևս կան, որոնք, սակայն, չեն տարփողվում։ Այսպես, օրինակ, ռուսական փորձագետները նշում են, թե «Հորգոսը» «սպառնալիք է Ղազախստանի տնտեսական և ժողովրդագրական շահերին», և որ համագործակցության այդ միջազգային կենտրոնի բացումից հետո չինական կողմը կվերաբնակեցնի ավելի քան քառորդ միլիոն մարդու։ Հասկանալի է, որ նման բուռն զարգացող և խտաբնակ պետության հետ հարևանությունը որոշակի վտանգներ է պարունակում, սակայն կարելի է չկասկածել, որ իրավիճակը չի հաջողվի աշխուժացնել։ Չմոռանանք, որ տարածաշրջանի երկրներում իշխանություններն ավելի քան ավտորիտար են, քաջ գիտակցում են, որ հակաչինական տրամադրությունները խթանվում են հիմնականում քաղաքականապես, և, անշուշտ, թույլ չեն տա, որ «խառնակիչները» գլուխ բարձրացնեն։ Առավել ևս, որ ռուսական իշխանություններն էլ, կարծես, մտադիր չեն շատ հեռուն գնալու. չէ՞ որ Չինաստանն ունի շատ մեծ ակտիվներ, ներդրումներ, որոնք դեռ չի շտապում ներդնել ռուսական տնտեսության մեջ, մինչդեռ ռուսները որոշակի հույսեր ունեն։ Իսկ ամենագլխավորը` Չինաստանը կարող է տրամադրել այնքան անհրաժեշտ, բայց առայժմ անհասանելի տեխնոլոգիաներ։ Չինական տնտեսության համար այսօրվա դրությամբ աշխատում են աշխարհի լավագույն բրենդները, իսկ Ռուսաստան «գնալ» չեն շտապում։
Նկատենք նաև, որ կայսրությունը ոչ միայն բավականություն է, այլև պարտականություն, բայց, ըստ երևույթին, նման պարտականություն ստանձնելու համար Մոսկվան ո՛չ ուժ ունի, ո՛չ էլ միջոց։ ՈՒստի Կենտրոնական Ասիայում ռուսական ազդեցությունը, հատկապես վերջին չորս տարում, եթե չի կորսվել, ապա լրջորեն նվազել է, և անգամ ազդեցության ամրապնդման ենթադրական միտումները, որ նկատվում էին 1-ին և 2-րդ հազարամյակների սահմանագլխին, արդյունք չտվեցին։ Ստացվում է, որ երբ Չինաստանը (կամ ԱՄՆ-ը) Կենտրոնական Ասիայի առնչությամբ իր քաղաքականությունն արդեն ձևակերպել է, Ռուսաստանը պարզապես չունի այն։ Եվ, ամենայն հավանականությամբ, դեռ երկար չի ունենա։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ