«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՄԵԾ ԿԱՐԿԱՆԴԱԿՆ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է ՈՒՏԵԼ ԵԶՐԵՐԻՑ»

«ՄԵԾ ԿԱՐԿԱՆԴԱԿՆ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է ՈՒՏԵԼ ԵԶՐԵՐԻՑ»
15.07.2011 | 00:00

«Ռուսաստանը կենտրոնանում է». Ալեքսանդր 2-րդի կառավարության արտաքին գործերի նախարար իշխան Գորչակովի այս խոսքը, կարծես, նորից է օրախնդիր դառնում Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար։ Համենայն դեպս, ինչպես անցած դարասկզբին, երբ հայկական հողերն առանց կասկածի ստվերի անգամ հանձնվեցին Թուրքիային, Մոսկվայում, չնայած ամբողջ «մեծապետական» հռետորաբանությանը, սկսեցին կամովին և հանուն ինչ-որ «վսեմ նպատակների», բավականին կանոնավոր պարբերականությամբ կտրել «կայսերական կարկանդակի» եզրերը։ Նախ, Չինաստանին հանձնեցին Ամուր գետի հունում գտնվող կղզիները, ապա Նորվեգիային` Բարենցի ծովի տնտեսական գոտու հսկայական պատառները, որտեղ ռուս ձկնորսներն արդյունահանում էին իրենց հյուսիսային ձկան պաշարի կեսը, իսկ հետո էլ Ամերիկային զիջեցին Բերինգի և Չուկոտյան ծովերի տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետրեր ձգվող առափնյա ջրատարածքները։ Սակայն Ադրբեջանին Սամուր գետի ջրաբաշխիչի խայտառակ փոխանցումը` Դաղստանի Մաղարամքենդի շրջանի երկու գյուղերով և այնտեղ բնակվող 600 լեզգիներով, առանձնանում է «արքայական նվերների» շարքում և յուրովի պերճախոս է։
Խայտառակ է նույնիսկ ոչ թե ռուսական հողային ու ջրային տարածքների զիջումը ադրբեջանցի հարևաններին, այլ այն, որ տվյալ պարագայում կրեմլյան իշխանությունները գործել են գաղութային «լավագույն» ավանդույթների համաձայն։ Չէ՞ որ բնակավայրերի նման կարգի փոխանցումներն ու սահմանների փոփոխությունը, առանց բնակչության համաձայնության, բնորոշ են գաղութատիրական տերություններին։ Ասենք, Կրեմլում ձևերի հետևից ընկնել չեն սիրում, առավել ևս ինչ-որ երկու գյուղի ու մի բուռ «նացմենների» համար։ ՈՒ հիմա ակնհայտ է, որ ռուսական իշխանությունները ցույց տվեցին, որ ազգային ինքնավարությունների բնակիչները Կրեմլում չեն դիտվում որպես երկրի լիիրավ քաղաքացիներ։ Նկատենք` միջազգային իրավունքը հռչակում է, որ տարածքը գաղութային է կամ կախյալ, եթե նրա բնակչությունը քաղաքացիական իրավունքների ծավալով տարբերվում է մայր երկրի բնակչությունից։ Այդուամենայնիվ, կարևոր է նաև այն, որ հողի ու ջրի փոխանցումը կատարվել է «Դաղստանի Հանրապետության մունիցիպալ կազմավորումների կարգավիճակի և սահմանների մասին» օրենքի խախտմամբ, որը Դաղստանի ժողովրդական ժողովն ընդունել է 2004 թ. դեկտեմբերի 28-ին։ Օրենքի հոդվածն ազդարարում է մունիցիպալ կազմավորման կարգավիճակ շնորհել Մաղարամքենդի շրջանին` հարակից 22 գյուղերով հանդերձ։ Օրենքում ոչ մի խոսք չկա այն մասին, թե դաղստանյան հողի գոնե մեկ մետրը ենթակա է փոխանցվելու հարևան Ադրբեջանին։ Օրենքն անտեսեցին, երբ փողի հոտն առան։ Եվ ինչն արդեն սպառնում է վերածվելու լուրջ աղմուկի ու նախադեպի։
Ինչո՞ւ հանկարծ հարկ եղավ նոր սահման անցկացնել դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակներում եղածի փոխարեն։ Պաշտոնապես պատճառը կապված է Սամուր գետի հետ։ Այն հոսում է ռուսական հողով, սակայն Ադրբեջանն իր կարիքների համար վերցնում է ջրային պաշարների մինչև 90 տոկոսը` այն պարզ հիմնավորմամբ, որ ջուրն իրենց ավելի պետք է, և ամբողջ Ապշերոնի թերակղզին սնվում է հենց այդ ակունքից։ Ընդ որում, նրանք ամենևին հաշվի չեն առնում, որ Դաղստանի, հատկապես Մաղարամքենդի շրջանի համար ևս Սամուր գետի ջուրը հսկայական արժեք է ներկայացնում. եթե խոսելու լինենք նյութական համարժեքի մասին, ապա դա մոտ 5 մլրդ ռուբլի է։ Համապատասխանաբար, սահմանամերձ տարածքում բնակվող լեզգիները, ինչպես և պետք էր սպասել, նման դրության հետ հաշտվել չէին կարող, և այս տարվա մայիսին Խրախ ՈՒբա գյուղի բնակիչները, որը պետք է անցներ Ադրբեջանին, բողոքի գործողություն անցկացրին Մախաչկալայում։ Սակայն ժողովրդի ձայնը Կրեմլի համար, ինչպես միշտ, եղավ «ձայն բարբառոյ յանապատի», նախագահ Մեդվեդևը ստորագրեց պետական սահմանի մասին ՌԴ և Ադրբեջանի պայմանագիրը և այն արագորեն վավերացման ուղարկեց Պետդումա։
Եվ սկսվեց ամենահետաքրքրականը։ Պարզվում է` պատգամավորներին անգամ չէին էլ իրազեկել ռուս-ադրբեջանական տարածքային նոր պայմանագրի նրբությունների մասին, իսկ պայմանագրի քարտեզագրական հավելվածը, որը բաժանվեց քվեարկության օրը, առհասարակ, անակնկալ եղավ շատերի համար։ Խիստ հատկանշական է, որ ՌԼԴԿ-ից պատգամավոր Ալեքսեյ Օստրովսկին առանց այլևայլության «պարզաբանեց իրավիճակը». «Մենք քարտեզը դիտմամբ պատգամավորներին չբաժանեցինք, որպեսզի ուշադրություն չհրավիրենք դրա վրա»։ Երևի ինչ-որ մեկը շատ է ցանկացել, որ պայմանագիրն անցկացվի հնարավորինս անաղմուկ, առանց բանավեճի ու մտքերի փոխանակման։ Փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, մեկը նրանցից, ովքեր կռել են ռուսական դիվանագիտության այդ «նշանակալի հաղթանակը», ընդգծեց, որ փոխանցումը կատարվել է «հանուն բարեկամության ու միաբանության», որ դա ընդամենը «փոխզիջում» է, և պարզվում է, Ռուսաստանը շատ շահավետ գործարք է կնքել. մինչ այդ գողանում էին նրա գրեթե ամբողջ ջուրը, իսկ հիմա ինքը հաստատ պայմանավորվել է գողերի հետ, որ վերցնեն միայն կեսը։ Հանուն այսպիսի «շահի» ամոթաբեր չէ նաև երկու գյուղ տալը` 600 քաղաքացիներն էլ վրադիր։ Այնպես որ, արժե՞, արդյոք, աղմուկ բարձրացնել։ Եվ, ի վերջո, Պետդումայում համարեցին, որ չարժե։ ՈՒ թեև պատգամավոր Նյուդյուրբեգովը, ազգությամբ լեզգի, կոչ արեց չվավերացնել պայմանագիրը, հայտարարեց, որ «նման պայմանագիրը ողբերգություն և սուգ կլիներ լեզգի ժողովրդի համար, իսկ վավերացումը, որը մեծ վիշտ կպատճառի մասնատված լեզգիներին և Կովկասում ազգամիջյան լարվածության նոր կետ կստեղծի, պետք է հետաձգել», հարցը չհետաձգեցին ու համերաշխորեն կողմ քվեարկեցին։
Ասենք թե Ռուսաստանի համար Սամուրի կորուստը մեծ կորուստ չէ։ Իսկ Բաքվում արդեն լայնորեն տոնում են աշխարհաքաղաքական խոշոր հաղթանակը։ Չէ՞ որ նրանք, բացի Դաղստանի մի կտորից, ստացան նաև իրենց նորագույն պատմության մեջ առաջին` իրենց սահմանների միջազգային ճանաչումը։ Ոչ մի հարևան պետություն, նույնիսկ «եղբայրական» Թուրքիան, նման նվեր չի մատուցել Ադրբեջանին։ Գործարքի շահավետությունը, սակայն, չգիտես ինչու, չընդունեցին այդ տարածքում համահավաք բնակվող լեզգիները, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թե ինչու Ռուսաստանը գողերին ոչ միայն չպատժեց, այլև շռայլորեն պարգևատրեց։ Իսկ իրենց` Ռուսաստանի քաղաքացիներին, Ադրբեջանին հանձնեց բառացիորեն ապրանքի նման, ասես քիչ էր ջրից զրկելը, նաև բռնեցին ու մաս-մաս արեցին։
Կհամաձայնե՞ն, արդյոք, նրանք այդպիսի մասնատման, և արդյոք դա չի՞ հանգեցնի կովկասյան նոր հակամարտության, որի մեջ անխուսափելիորեն կներքաշվեն և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը։ Շատ հնարավոր է։ Հազիվ թե լեզգիները հաշտվեն իրենց այս նոր կարգավիճակի հետ։ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել նրանք չեն ուզում, առավել ևս, որ արդեն վաղուց ադրբեջանական կողմը ամեն առիթով, սկսած ֆիզիկական ճնշումից, նրանց դուրս է մղում և ստիպում է չնչին գրոշներով վաճառել իրենց տները։ Իսկ հիմա, նոր սահմանների օրինականացումից հետո, նրանք ընդհանրապես անտուն-անհող փախստական կդառնան։ Եվ ամենատհաճը. լեզգիները համոզված են, որ Մոսկվան պարզապես իրենց «փոխանակել է գազով»` իր գազը Ռուսաստանին մատակարարելու և սակագներն իջեցնելու Ադրբեջանի «մեծահոգության» դիմաց։ Կրեմլը, ինչպես հայտնի է, շահագրգռված է ադրբեջանական գազի մատակարարումների ավելացմամբ, բայց միայն ոչ իր կարիքների համար։ Ադրբեջանական գազը նրան պետք է, որ նա, Աստված չանի, չմասնակցի «Նաբուկոյին», և որ «ազգային սեփականությունը» մնա որպես մենաշնորհ։ Հնարավոր է, ինչը նույնպես կարևոր է, որ այդ գազի հաշվին Ռուսաստանում ի հայտ գա ևս մեկ-երկու նորաթուխ օլիգարխ։ ՈՒրեմն ինչո՞ւ հանուն դրա չի կարելի զոհաբերել լեզգիներին և Սամուրի ջրերը։ Եվ թքած այն բանի վրա, որ արդեն միանգամայն ակնհայտ է դարձել` Ռուսաստանի ղեկավարությունը «Գազպրոմի» շահերն ավելի վեր է դասում համապետականից և պարզապես մարդկայինից։ Այլապես, ի՞նչ կերպ կարելի է արդարացնել ռուսական տարածքի զոհաբերումը (այնտեղ ապրող քաղաքացիներով հանդերձ) հանուն «Գազպրոմի» ինչ-որ երևակայական շահի։ Ինչու երևակայակա՞ն։ Դե, որովհետև այդ որտե՞ղ է փաստաթղթային ձևակերպում ստացել իր գազը Ռուսաստանին տալու Ադրբեջանի համաձայնությունը։ Համաձայնություն այս հարցում չկա ու հաստատ չի էլ լինի։ Չէ՞ որ վաղուց գաղտնիք չէ, որ գազը Ադրբեջանի համար գործիք է թե՛ բազմավեկտոր քաղաքականության, թե՛ պարզապես միջազգային շանտաժի համար։ Միացյալ Նահանգները մի շահավետ բան դեմ կտա, և Բաքուն բարեհաջող կմոռանա Մոսկվայի հետ գազային պայմանավորվածությունները։ Իսկ ահա երկու գյուղը, 600 քաղաքացուն և Սամուրի ամբողջ ջրաբաշխիչը Ռուսաստանն արդեն չի կարողանա վերադարձնել։ Վե՛րջ։ Պայմանագիրը վավերացված է լիովին։
Իսկ Հայաստանի համար այս ամբողջ պատմությունը ծայրաստիճան անհաճո է ոչ միայն այն պատճառով, որ Մոսկվան հերթական անգամ շատ շռայլ է վերաբերվում իր նոր «ռազմավարական գործընկերոջը», այլև գործարքը տեղի է ունեցել ռուս-հայ-ադրբեջանական հերթական գագաթնաժողովից անմիջապես հետո։ Մինչ ռուսական կողմը միավորներ է հավաքում որպես միջազգային հաշտարար, չի բացառվում, որ սակարկություններ են տեղի ունեցել նաև այս հարթությունում։ Խիստ հատկանշական է, որ տեղի ունեցածի մեկնաբանություններում մատնանշվում են շատ հետաքրքիր հանգամանքներ։ Այսպես, Իգոր Եգորովի` շատ հատկանշական «Մերոնց քցեցին» հոդվածում, որը տարածված է նաև համացանցով, ասվում է բառացիորեն հետևյալը. «Մեր վերջին, ընդհանուր առմամբ, ոչ հիմար և հաստատ ինքնատիպ առաջարկությունը քառակողմ փոխանակությունն էր, որը քննարկման էր դրվել երեք տարի առաջ։ Այդ ծրագրի համաձայն` Ռուսաստանը պետք է չտեսնելու տար Հարավային Օսիան վրացական Սամաճաբլոյի նահանգի վերածելը, դրա դիմաց Վրաստանը պետք է Հայաստանին զիջեր իր տարածքի` Սև ծովի մերձատար մի նեղ շերտ, իսկ Երևանում, վերջապես ձեռք բերելով ծովային սահման, ուրախությամբ Ադրբեջանին կզիջեին Լեռնային Ղարաբաղի մի մասը։ Թող որ այնքան էլ կուռ չէ, փոխարենը բավականին կառուցողական է, այնպես չէ՞։ Սակայն այդ աշխարհաքաղաքական ծրագրին թունդ վերջակետ դրեց ռուս-վրացական հնգօրյա պատերազմը»։
Թե որքան են այդ տեղեկություններն իրականությանը համապատասխանում, պարզ չէ, բայց ահա Մոսկվայի հետ հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլը միջնորդ դատավորի դերում է։ Եվ ռուսական նոր առաջարկություններն ավելի շատ կողմերից մեկի գլուխը յուղելու են նման։ Գուցե պատահական չէ, որ զուգահեռներ են անցկացվում, և փորձագետները եզրահանգում են, որ պետական սահմանի վերաբերյալ Ադրբեջանի հետ կնքված պայմանագրի կապակցությամբ ամեն ինչ չէ, որ կարգին է։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի 600 քաղաքացիների հետագա ճակատագրին, ապա արտաքին գործերի փոխնախարար Կարասինը հայտարարել է հետևյալը. «Այսպես տնօրինել է պատմությունը։ Մենք կապեր կպահպանենք նրանց հետ»։
Համաձայնեք` պարոն Կարասինի հիմնավորումը պարզապես ցնցող է։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ