«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՋԻՆԸ» ԴԱՐՁԵԼ Է ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ

«ՋԻՆԸ» ԴԱՐՁԵԼ Է ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ
20.05.2011 | 00:00

ՈՒմ մտքով կանցներ, որ «Հազար ու մի գիշերվա» Ալադինի ու ջինի մասին կախարդական պատմությունները 21-րդ դարում չափահաս մարդկանց կարող են ոչ միայն միանգամայն իրական թվալ, այլև քաղաքական լուրջ աղմուկի առիթ ծառայել։ Ջիները, չար կախարդությունը, մոգությունը, թվում է, տեղին են հին հեքիաթներում, ոչ թե ժամանակակից պետության լրագրերում, առավել ևս` իշխանության մեջ, խորհրդարանում և դատարանում։ Ակնհայտ է, որ քաղաքական գործիչներին կարելի է մեղադրել կոռուպցիայի, կեղտոտ խաղերի, այլ մահացու մեղքերի մեջ, բայց կախարդանքի՜... Այսպիսի բան, համաձայնեք, վերջին հարյուր տարում դժվար թե հիշես։ Բայց, որքան էլ տարօրինակ լինի, հիմա հենց այսպիսի մետաֆիզիկական հարթության վրա է քաղաքական պայքարն Իրանում։ Այնտեղ վերջերս, ի զարմանս ողջ աշխարհի, նախագահ Ահմադինեժադի որոշ զինակիցներ անսպասելիորեն ձերբակալվեցին։ Ինչ եք կարծում, ինչի՞ համար։ «Ջիների» հետ կապ ունենալու։ Նրանց մեղադրում են այն բանում, որ իշխանությունը պահպանելու համար դիմել են սև մոգության։ Պարզվում է` 25 մարդ կարող է զրկվել գլխից, ընդ որում, բառիս բուն իմաստով։ Շարիաթի օրենքով` կախարդությունը պատժվում է գլխատմամբ։ Այսինքն, երկրի առաջնորդ այաթոլլահ Խամենեիի և նախագահ Ահմադինեժադի միջև ծայր առած գժտությունը, որն սկսվեց ընթացիկ տարվա ապրիլին, այսպիսով, իշխանական քաղաքական մակարդակից անցել է կրոնագաղափարախոսականի։ Այնուամենայնիվ, ի՞նչ է պատահել։
Թվում է, այս անգամ, Իրանի հոգևոր իշխանության կարծիքով, Ահմադինեժադն անցել է բոլոր սահմանները։ Այն է` նրա մտերիմ մարդկանցից բաղկացած ստեղծագործական կոլեկտիվը ստեղծել է «Մոտենում է գալստյան օրը» վավերագրական ֆիլմը, որտեղ, աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերլուծության հիմքի վրա, հեղինակները միանշանակ հետևության են հանգել` տասներկուերորդ իմամի վերադարձին և աշխարհը չարից ազատելուն պետք է սպասել շատ շուտով։ Այստեղ, ըստ երևույթին, պարզության համար վերստին պետք է վերադառնալ հին աշխարհ, երբ 9-րդ դարի կեսերին գլխավոր հակասությունը ծագեց սուննիների և շիաների միջև` քողարկված իմամի հավատը Մահդիի նկատմամբ։ Նա, ինչպես համոզված են հավատացյալները, մարդկանց կերևա Մեքքայում Ահեղ դատաստանից առաջ։ Որոշ տվյալների համաձայն, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը կթաղվի քաոսի, պատերազմի, բռնության մեջ, ծաղկում կապրեն բազմաստվածությունն ու անհավատությունը։ Մահդին այդ բոլոր խնդիրները կլուծի, ինչից հետո Երկրի վրա բոլոր մարդիկ կդառնան մահմեդականներ, կլինի խաղաղություն ու բարգավաճում։ Սակայն, ինքնըստինքյան հասկանալի է, այդ իրադարձության ճիշտ օրը ոչ ոքի հայտնի չէ։ Եվ ահա այսպիսի սրբապղծություն։ Ինչպես և սպասելի էր, իրանցի պահպանողականների զայրույթը չափ ու սահման չուներ։ Սկսվեց լուրջ քննություն, և Մահդիի գալստյան մասին տեղեկության աղբյուրն արագորեն պարզվեց։ Իրանի իրավապահ մարմինները ֆիլմի հեղինակների շրջանում հայտնաբերեցին Աբաս Ղաֆարիին, մի մարդու, որն ընդունակ է կառավարելու ջիներին, և «կապ պահպանելու անհայտ աշխարհների հետ»։ Թեհրանի գլխավոր դատախազն արդեն հաստատել է, որ Ղաֆարիին կախարդության մեղադրանք է ներկայացվել։ Այնուհետև «կախարդների» մի ամբողջ «որջ է հայտնաբերվել», որից, նկատենք գլխավորը, բոլոր թելերը ձգվում են դեպի նախագահի աշխատակազմի ղեկավար Էսֆանդյար Մաշեին և նրա ազգականը (Ահմադինեժադի և Մաշեիի զավակներն ամուսնացած են իրար հետ)։ Այստեղ շատերը հանկարծ հիշեցին, որ նախագահն էլ մի ժամանակ համոզմունք է հայտնել շուտով տասներկուերորդ իմամի գալստյան մասին, խոսել է իր տեսած «առանձնակի լույսի» և Փրկչի հետ միստիկ կապերի մասին։ Գալստյան, որին, ի դեպ, խանգարում են ամերիկացիները։ Իսկ այս ամենը միասին, հավատացյալ իրանցու համար, միայն հաստատում է այն վարկածը, որ Իրանին ձգտում են տիրանալ մութ ուժերը։
Բայց ամենահանցավորը, հոգևորականության կարծիքով, այն է, որ կինոնկարում իրենք ակնարկ են նկատել, թե Իրանի գործող նախագահը բին Սալեհն է, զորապետ, որը կհայտնվի տասներկուերորդ իմամից քիչ առաջ և բոլոր մահմեդականներին մարտի կտանի ընդդեմ անհավատների։ Եվ որ ավելի վատ է` «գերագույն առաջնորդությունը» նրանում մի ավելորդ բան է անվանվել։ Իսկ դա արդեն ոչ թե կրոնական քերթվածք է, այլ իսկական քաղաքական սադրանք։ Համապատասխանաբար, նախագահական էլեկտրոնային լրատվամիջոցների մեծ մասն արագորեն շրջափակվեց, իսկ վարչական ղեկավարները հրավիրվեցին բացատրական զրույցի, և նախագահից պահանջեցին ուղղակիորեն ու բացահայտ հերքել ֆիլմում արված պնդումները։ Բայց նախագահն անսպասելիորեն հրաժարվեց։ Հնարավոր է նա, իրոք, իրեն մեծ զորապետ է համարում, որը մահմեդականներին տանելու է մարտի` ընդդեմ անհավատների, բայց հնարավոր է նաև, որ նրա նպատակներն ու ծրագրերն ավելի երկրային են, օգտապաշտական և հասկանալի։
Եվ այստեղ հիշենք, որ 2013-ին Ահմադինեժադը հեռանալու է պաշտոնից։ Համապատասխանաբար, ինչպես ցանկացած «կարգին ղեկավար», նա կցանկանար իրեն փոխանորդ տեսնել սեփական շրջապատից հավատավոր մեկին։ Իրանում ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ահմադինեժադը, որպես այդպիսին, տեսնում է Մաշեիին, որին իր հետ տանում է ամեն տեղ և եռանդուն գովազդում է նրան։ Այդուամենայնիվ, Իրանում նախագահի ցանկացած թեկնածու պետք է ստանա Իսլամական հեղափոխության պահապանների համաձայնությունը։ Եվ հենց այդ «փակ ակումբի» տրամադրվածության վրա ազդելու համար էլ, մի շարք փորձագետների կարծիքով, Ահմադինեժադը վճռեց «միկրոհեղաշրջման» հետախուզություն անցկացնել։ Ինչպես հայտնի է, այդ նախարարության ղեկավարը Հեյդար Մոսլեհին էր, Ալի Խամենեիի մարդը, ոչ թե նախագահի։ Եվ ահա նախագահի ճնշմամբ ապրիլի կեսերին Մոսլեհին հրաժարական տվեց։ Սակայն իր մարդուն նախագահը նախարարի պաշտոնում չկարողացավ նշանակել, խանգարեց գերագույն առաջնորդը, որը Մոսլեհիին խնդրեց վերադառնալ պարտականությունների կատարմանը։ Այնուհետև, իր տասնմեկօրյա ճգնավորությունից հետո, երբ Ահմադինեժադը «մարդամեջ դուրս չէր գալիս»` աշխատանքի չէր գնում, չեղարկեց ուխտագնացությունը Ղում, նեղացել էր և գործադուլ էր անում, նա հայտնվեց կառավարության նիստում, և առաջին գործը եղավ այն, որ Մոսլեհիին վռնդեց նախարարների կաբինետի նիստերի դահլիճից։ Դրանից հետո Ահմադինեժադն անտեսեց Մոհամեդ մարգարեի դստեր` նահատակ Զահրայի հիշատակի երեկույթը, որը, բազմամյա ավանդույթի համաձայն, կազմակերպում է պետության հոգևոր ղեկավարը։ Իսկ դա, համաձայնեք, արդեն ուղղակի ու հրապարակային մարտահրավեր է, որը վկայում է, որ հակադրությունը նախագահի և Խամենեիի միջև գագաթնակետին է հասել։ Այս բոլոր գրոհներին ի պատասխան այաթոլլահը քարոզ կարդաց քաղաքացիներին, որի համաձայն` հոգևոր իշխանությունն Իրանում կմնա Գերագույն, անկախ չափն անցած հովանավորյալի կարծիքից։ «Քանի դեռ այս իշխանությունը կա, նա երբեք թույլ չի տա շեղվել այն ուղուց, որով Իրանի ժողովուրդն ընթանում է դեպի իր նպատակը»,- բազմանշանակ ակնարկել է Խամենեին։ Է՛լ ավելի վատ է այն, որ մեծ այաթոլլահը համոզված է, թե իբր երկրի փաստական նախագահն աշխատակազմի չարամիտ ղեկավարն է, իսկ Ահմադինեժադը վաղուց դարձել է նրա խամաճիկը։
Իրանում, որտեղ նախագահին է պատկանում գործադիր իշխանությունը, առաջին դեմքը գերագույն կրոնական առաջնորդն է (ռահբարը)` այաթոլլահ Խամենեին։ Նա կատարում է նաև Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթները և կայացնում է առանցքային քաղաքական որոշումներ, իսկ նախագահը պարտավոր է ենթարկվել նրան։ Հոգևոր առաջնորդը սահմանադրական իրավունք ունի նախագահին պաշտոնանկ անելու ցանկացած պահի` առանց պատճառը հայտնելու։ Այսինքն, Ահմադինեժադը սահմանադրության երաշխավորն է, բայց ոչ պետության ղեկավարը, և, ինչպես կարծում են շատերը, գերագույն առաջնորդին անհնազանդությունը «հավասարազոր է ուրացության»։ Լրատվամիջոցներն արդեն հաղորդում են, որ ինքը` այաթոլլահը, նախագահին խորհուրդ է տվել հեռանալ պաշտոնից հաշտ ու խաղաղ, իսկ եթե Ահմադինեժադը հրաժարվի նրա խորհուրդը հաշվի առնելուց, նրան կարող են «ճանապարհել» ուժով։ Ավելի քան երեք հարյուր իրանցի հասարակական գործիչներ, պատգամավորներ ու աստվածաբաններ ստորագրել են Ահմադինեժադին հասցեագրված մի ուղերձ, որով նրան կոչ են անում չհակառակվել հոգևոր առաջնորդին` միաժամանակ թափանցիկ ակնարկելով իմպիչմենտի հնարավորությունը։ Հաղորդվում է, որ խորհրդարանում արդեն նախապատրաստվում են այդ արարողությանը։ «Ազատամիտի» անհապաղ պաշտոնանկության օգտին ստորագրել է 90 պատգամավոր։ Նախագահին խորհուրդ են տվել հիշել երկրի առաջին աշխարհիկ նախագահ Աբդուլհասան Բանիսադրին, որին խորհրդարանն անվստահություն հայտնեց աստվածաբանների հետ վիճաբանելու համար։
Տեղի ունեցածը ուշադրությամբ վերլուծելիս հասկանալի է դառնում, որ այս ամենի նպատակը սովորական պայքարն է իշխանության և ազդեցության համար, ինչը, շատ հնարավոր է, ոչ մի լավ բան չի տա Ահմադինեժադին։ Բայց Արևմուտքում շատերը կարծում են, որ Ահմադինեժադն ուզում է իր վերահսկողության տակ առնել երկրի արտաքին քաղաքականությունը, այսինքն, փոխել ուղին։ Ի՞նչը հատկապես պետք է փոխվի, և ինչո՞ւ այս հողի վրա Ահմադինեժադը տարաձայնություններ ունեցավ հոգևոր առաջնորդ Խամենեիի հետ, առայժմ դժվար է ասել։ Որոշ փորձագետներ կարծում են, որ նախագահը, չնայած կոշտ հայտարարություններին, ավելի շատ է հակված փոխզիջումների որոնման, դիտարկում է երկրի արդիականացման տարբերակներ` «Իրանն առանց մոլլաների»։ Ենթադրվում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ահմադինեժադի թիմի ներկայացուցիչները «ճակատամարտ կտան պահպանողականներին»` այաթոլլահ Խամենեիի կողմնակիցներին։ Այսպես, ԿՀՎ-ի մի նախկին աշխատակից` Ռեզա Խալիլ կեղծանունով, նյութ է հրապարակել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի խումբ սպաների` հեղափոխության ձախողված փորձի և այաթոլլահների ու «բասաջ» աշխարհազորի ղեկավարության կողմից նախապատրաստվող նոր հեղաշրջման մասին։ Ոմանք պնդում են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 37 հրամանատար ձերբակալված է։ Նոր հեղաշրջման պլանները մշակել է հենց Խամենեիի շրջապատը։ Այաթոլլահը, իբր, երկյուղում է, թե Ահմադինեժադի հետ հակադրությունը կարող է փողոց հորդել և հանգեցնել այն բանին, որ աշխարհիկ ընդդիմությունը գլուխ բարձրացնի և տապալի թուլացած իսլամական վարչակարգը։ Խալիլն առանձնապես ընդգծում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում ներքին հակամարտության իրողությունը. նրա տվյալներով` կորպուսի սպաների 70 տոկոսը հավանություն չի տվել ընդդիմության ելույթների ճնշմանը և հրաժարվել է «ահաբեկության կամպանիային» մասնակցելուց։
Այսինքն, հակասությունները երկրի բարձրաստիճան ղեկավարության շրջանում, հնարավոր է, թևակոխում են վճռորոշ փուլ, միայն պարզ չէ, թե ինչ ուղղությամբ է զարգանալու այդ գործընթացը։ Առայժմ պարզ է մեկ բան. տարաձայնությունները Ահմադինեժադի և Խամենեիի միջև կարող են ներսից ապակայունացնել Իրանը, և այդ ժամանակ ոչ ոքի չեն օգնի ո՛չ հեքիաթները, ո՛չ ջիները։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ