«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՍԵՎԱԶԳԵՍՏ ԱՅՐԻՆԵՐՆ» ՈՒ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՈԳԻՆ»

«ՍԵՎԱԶԳԵՍՏ ԱՅՐԻՆԵՐՆ» ՈՒ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՈԳԻՆ»
16.07.2010 | 00:00

Վերջերս Ամերիկայում ռուսական հետախուզության խայտառակ ձախողումից հետո, երբ ոչ միայն աշխարհում, այլև հենց Ռուսաստանում սկսեցին խոսել այն մասին, թե կորսված է երկրի «վեհապետական բաղադրիչը», հատուկ ծառայությունները որոշեցին փրկել իրենց համբավը և հայտարարեցին Դաղստանում «շահիդուհիների» ձերբակալության մասին, որոնց, իբր, պատրաստում էին Մոսկվայում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։
ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարեց, որ մահապարտ-ահաբեկչուհիներն ունեցել են մահապարտի գոտիների պիտույքներ և անգամ հրաժեշտի նամակներ են գրած եղել իրենց հարազատներին ու տարեկիցներին` նրանց կոչ անելով վարվել նույն կերպ։
Նրանցից մի քանիսն այրիներ են, որոնց, ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, «սովորեցրել են սպանել, և որոնք պատրաստ են եղել մեռնելու»։ Վեց կանանցից ամենաերիտասարդն ընդամենը 15 տարեկան է, նրանց պատրաստվում էին ահաբեկության վայր հասցնել երկու տղամարդ` Մարատ Շահսայիդովը և ոմն Համզաթ, որոնց բռնել են աղջիկների հետ։ Ձերբակալված տղամարդկանցից մեկը, ռուսական զինվորականների վարկածով, նախկինում արդեն մասնակցել է նման գործողությունների։ Իբր, հենց նա է ուղեկցել այս տարվա մարտի 29-ին Մոսկվայի մետրոյում պայթյուն իրականացրած երկու մահապարտ կանանց։ Ձերբակալվածները հերքում են իրենց մեղավորությունը և պնդում են, թե զենքը ոչ թե իրենցն է, այլ իրենց ընտանիքների անդամներինը։ Սակայն Անվտանգության դաշնային ծառայությունում (ԱԴԾ) համոզված են, որ այդ ձերբակալություններով իրենք կանխել են առնվազն երկու խոշոր ահաբեկչություն։ Բացի այդ, անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ պայթյունների կազմակերպիչների հետապնդումը դեռ ավարտված չէ։
Նկատենք` Կովկասը միշտ եղել ու մնում է գլխավոր, եթե չասենք, ամենագլխավոր մարտահրավերներից մեկը Ռուսաստանի համար։ Այնտեղ պրոբլեմները կուտակվել են տասնամյակներ շարունակ (գուցե և հարյուրամյակներ), և, թվում է, նույնքան տևական, մանրակրկիտ ու լուրջ ռազմավարական մոտեցման կարիք են զգում։ Ցավոք, նման ռազմավարական մոտեցում չի եղել և, դատելով ըստ ամենայնի, առայժմ չի էլ լինի։ Ընդ որում, վերջին ժամանակներս իրավիճակը Հյուսիսային Կովկասում ավելի նենգադավ ձևեր է ընդունել, և շատ հաճախ դժվար է պարզել, թե այստեղ ովքեր են ռուսների թշնամիները, ովքեր` ոչ։ Ավելին, կենտրոնական Ռուսաստանի քաղաքներում դեռ մարդիկ են զոհվում, գնացքներ պայթում, «փիար ձերբակալությունները», փաստորեն, հարց չեն լուծում և սոսկ ստվարացնում են «ջիհադականների» շարքերը ոչ միայն Կովկասում ու արտասահմանում, այլև հենց բուն Ռուսաստանում։ Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին պաշտոնական սպառնալից վիճակագրություն ներկայացվեց Հյուսիսային Կովկասում ահաբեկչությունների թվի աճի մասին. գրոհայինների հարձակումների թիվը 576-ից հասել է 786-ի, իսկ զոհված ու վիրավորված զինծառայողների, իրավապահ մարմինների աշխատակիցների և քաղաքացիական անձանց թիվը հասել է 1263-ի։ Այս տարվա արդյունքները դեռևս ամփոփված չեն, բայց դրանք էլ հազիվ թե մխիթարական լինեն. փորձագետները նշում են, որ «բռնության մակարդակը Հյուսիսային Կովկասում համարյա համադրելի է Աֆղանստանի և Իրաքի հետ»։
Այս ամենից կարելի է հետևություն անել, որ «կոյուղի քչփորելու» և «սարտիր թրջելու» ոգով ռուսական իշխանությունների մկանային ճոռոմաբանությունը փակուղի է տանում, նրանք չունեն «ինչ անել» հարցի պատասխանը։
Ավելին, հատուկ ծառայություններն ըստ պահանջի փողով ապահովելու քաղաքականությունը (ազգային անվտանգության և իրավապահ գործունեության համար դաշնային բյուջեի ծախսերը 2000 թվականի 2,8 մլրդ դոլարից այսօր հասել են ավելի քան 30 մլրդ դոլարի) արդյունք չի տվել։ Իսկ հերթական, առավել արյունալի «սանրումից» հետո ահաբեկչական գործողություններ են հետևում կա՛մ Կովկասում, կա՛մ ռուսական քաղաքներում։ Այսպես, ոչ մի կերպ չարդարացնելով Մոսկվայի մետրոյում հեղված անմեղ արյունը, նկատենք, որ բառացիորեն նախօրեին Կովկասի անտառներում տեղի էր ունեցել ավելի փոքր, բայց ոչ պակաս ահավոր պատմություն։ Անտառում հատապտուղ հավաքող դեռահասները միամտորեն մտել էին հակաահաբեկչական գործողությունների գոտի, գործողություններ, որ ռուսական զորքերն իրականացնում էին չեչենա-ինգուշական սահմանի խիտ անտառում։ «Ռուսական կոմանդոսները, բլրի հետևում թաքնված, առանց նախազգուշացման կրակ են բացել»,- գրում է «Գարդինգը»։ «Ադլանը վիրավորվել էր ոտքից, բայց կարողացել էր թաքնվել, Շամիլ Կատաևը և Մովսար Թաթաևը նույնպես վիրավորվել էին, իսկ Ալդանի 19-ամյա եղբայրը` Արբին, փորձել էր փախչել, բայց նրան հասել էին զինվորական համազգեստով տղամարդիկ»։ «Մեմորիալ» իրավապահ կազմակերպության տվյալներով` Արբիին ստիպել են ձյան վրա քարշ տալով տանել իր վիրավոր ընկերներին։ Նրանք կապել են Արբիի աչքերը, այնուհետև կրակ բացել, տեղում գնդակահարել Շամիլին ու Մովսարին։ Նույն բախտին են արժանացել հատապտուղ հավաքելու գնացած ևս երկու դեռահասներ։ Այս հրեշավոր պատմությունը Ռուսաստանում քննարկման առարկա չդարձավ, իսկ լրատվամիջոցներում արծարծվեց հազիվ լսելի ու չեզոք շեշտով։
Չի կարելի ժխտել, որ ռուսական անվտանգության ուժերի կոշտ գործողությունները պարբերաբար սրում են իրավիճակը Հյուսիսային Կովկասում, որից հետո, միանգամայն տրամաբանորեն և «կովկասյան ոգով», ոչ պաշտոնական պարագլուխները հայտարարում են «սրբազան պատերազմ» հանուն կովկասյան էմիրությունների, և Ռուսաստանի կենտրոն են նետվում «սևազգեստ այրիներ»։ Այս կապակցությամբ ռուս հանրությունն ու ռուսական իշխանությունները պետք է գիտակցեն մի քանի կարևոր ճշմարտություն, որոնք չեն նկատվում կայսերապետական ինքնահավանության բարձունքից։ Նախ, հանուն «էմիրությունների» մարտնչողներն ունեն վահաբականության ուժեղ գաղափարական հիմնավորումներ։ Այսպիսով, նրանց դեմ մղվող պայքարում շեշտը պետք է դրվի ոչ այնքան ոստիկանական միջոցառումների, որքան ավանդական իսլամի կողմից ծայրահեղական շարժումների վարկաբեկման վրա։ Անտեղի չէ նաև հետևյալ հարցադրումը. ո՞վ է ավելի օգտակար պետությանն ու հասարակությանը` մեռած գրոհայի՞նը, որը դառնում է «հավատի նահատակ», թե՞ դատված արմատականը, որն ապաշխարում է իր արարքների համար և պատրաստ է համագործակցելու քննչական ծառայության հետ։ Երկրորդ, տպավորություն է ստեղծվում, որ Կրեմլում նախկինում էլ, հիմա էլ հաշվի չեն նստում «կովկասյան ազգության անձանց» մտածելակերպի հետ. ոչ միայն «արյան վրեժ», այլև «ընտանիք» հասկացության առումով (ես դեռ խորհրդային հանգիստ տարիներին առիթ եմ ունեցել Հյուսիսային Կովկասում հանդիպելու մարդկանց, որոնք ոչ միայն մինչև յոթ պորտը հիշում էին իրենց տոհմածառը, այլև գիտեին, թե երբ, որտեղ և ինչ հանգամանքներում են իրենց վիրավորանք հասցրել, այդ թվում` ռուս ցարի զինվորները)։
Բացի այդ, ձգձգված պատերազմը հանգեցրել է հասարակության մասնատմանը «անջատականության» գլխավոր սերմնացան Չեչնիայում, որտեղ իշխանության են եկել մաֆիոզ տիպի դաշտային հրամանատարները։ Դժգոհությունը Չեչնիայում աճում է և մագնիս է դարձել վահաբական գրոհայինների և արաբական աշխարհի այլ իսլամականների համար, իսկ անջատականությունը կրոնական երանգ է ստացել և տարածվել ամբողջ Կովկասում։ Միաժամանակ, ասես չնկատելով միտումներն ու վտանգները, Կրեմլը խրախուսում և վերակենդանացնում էր երկրի այն բոլոր ուժերին, որոնք հանդես էին գալիս իրենց շահերի և առաջնային նպատակների իրականացման ամենակոշտ մեթոդների օգտին։ Ռուսաստանը մտել է մի կոշտ ու արյունալի կախարդական շրջան, որից, երևի, մոտ ապագայում ելք գտնելու հնարավորություն չկա (շարքային ռուսի տրամադրությունը, թե «կկառուցենք կովկասյան մեծ պարիսպ և բոլոր կովկասցիներին կքշենք Ռուսաստանից», առայժմ լրջորեն քննարկելու կարիք չկա)։
Եվ ինչ է լինելու հետո՞։ Վերջին ժամանակներս շատ են սկսել խոսել այն մասին, որ բոլոր չարիքները կուտակվում և պայթում են «դրական սոցիալական դինամիկայի բացակայության պատճառով»։ Ահա և «փոքր համագումարներից»` միջտարածաշրջանային խորհրդաժողովներից երկրորդը` «Միասնական Ռուսաստանի» հավաքը, օրերս տեղի ունեցավ ոչ թե Հեռավոր Արևելքում, ինչպես այս մասին հայտարարվում էր առաջ, այլ Հյուսիսային Կովկասում, որտեղ պատվիրակներին միացավ վարչապետ և կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պուտինը։ Նախընտրական խորհրդաժողովի թեման էր` «Մինչև 2020 թվականը Հյուսիսային Կովկասի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը. 2010-2012 թթ. ծրագիրը», որն իրավիճակի լուրջ վերլուծություն և սխալների քննարկում չէր ենթադրում։ Անգամ այդ դեպքում տարածաշրջանի փայլուն հեռանկարների մասին (տարեկան 10 տոկոս ՀՆԱ-ի աճով և 400 հազար նոր աշխատատեղերի ստեղծմամբ) Պուտինի գերլավատեսական հայտարարությունները բացահայտորեն հակասում էին նրա իսկ խոսքերին, թե տասը տարում Հյուսիսային Կովկասում դաշնային բյուջեից ներդրվել է 800 մլրդ ռուբլի, մինչդեռ տարածաշրջանում արմատական փոփոխությունների հնարավոր չի եղել հասնել։ Այն, որ հանդիպումները տեղի են ունեցել գերգաղտնի պայմաններում, իսկ ինքը` Պուտինը, եղել է միայն Կիսլովոդսկում, ստիպում են կասկածել նրա այն խոսքերի անկեղծությանը, թե «ծայրահեղականությունը վերաճում է սովորական կրիմինալի, որի ժամանակներն անցնում են»։
Դատելով ըստ ամենայնի, ռուսական իշխանությունը, գտնվելով կոնյունկտուրային պահանջմունքների գերության մեջ, ամեն անգամ երկար ու բարդ ռազմավարական քայլերի փոխարեն կատարում է մարտավարական կարճ քայլեր` չլուծելով պրոբլեմները, այլ դրանք նետելով անկյուն։ Առջևում 2014 թվականի օլիմպիական խաղերն են։ Սոչիի օլիմպիադան Պուտինի համար սոսկ կամքի հաղթարշավ չէ, դա ամբողջ աշխարհին ցուցադրում է երկրի հաջողություններն ի՛ր ղեկավարությամբ, իր կառավարման շրջանի արդյունքը։ Եվ շատ բան է արվում, շատ բան է զոհաբերվում հանուն նրա, որպեսզի ցուցադրությունը լավագույնս հաջողվի։ Կօգնի՞, արդյոք, ռուսական հատուկ ծառայությունների «հեծելազորային վարգով» համեմված այս ճոռոմ հռետորիկան։ Կասկածում ենք։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1204

Մեկնաբանություններ