«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պուտին. Ստեղծվել են պայմաններ հակամարտության ամբողջական կարգավորման համար, արդար հիմքի վրա

Պուտին. Ստեղծվել են պայմաններ հակամարտության ամբողջական կարգավորման համար, արդար հիմքի վրա
17.11.2020 | 22:19

Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները պահպանվում են, և սա պայմաններ է ստեղծում արդար հիմքի վրա հակամարտությունը կարգավորելու համար՝ հայտարարել է ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինի խոսքով` այսօր ստեղծվել են պայմաններ ղարաբաղյան ճգնաժամի երկարաժամկետ և ամբողջական կարգավորման համար, «ընդ որում արդար հիմքի վրա` հաշվի առնելով ադրբեջանցիների և հայերի շահերը»: Ղարաբաղից այսօր խոսել է նաև ՌԴ ԱԳ նախարարը: Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտա վերանայել նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համաձայնագիրը: Այսօր հայտարարել է Սերգեյ Լավրովը, սակայն հրաժարվել է հստակ պատասխան տալ Արցախի կարգավիճակի մասին հարցին։


Ադրբեջանցի լրագրողը Լավրովին խնդրել է մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ այսօր Հայաստանի իշխանությունների օրակարգում Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցն է։
ՌԴ ԱԳ նախարարն ընդհանրապես որևէ բան չի ասել Ղարաբաղի կարգավիճակի մասին, միայն ասել է, որ Ռուսաստանը պատասխան է տալիս այն համաձայնագրի համար, որը ստորագրվել է, և այն կետերի համար, որոնք այդ հայտարարությունում կան։ Համաձայնագրում կարգավիճակի մասին որևէ բառ չկա:


Համաձայնագրի նասին Լավրովն ասել է․«Մենք պատասխանատու ենք, ես իմ խոսքերի համար պատասխան եմ տալիս, մենք այս պահին չենք տեսնում այդ հայտարարությունը վերանայելու, խմբագրելու փորձեր»։ Նրա խոսքով՝ Մոսկվայում տեսնում են, որ Հայաստանում այսօր բարդ ներքաղաքական իրավիճակ է, սակայն ընդդիմության 16 կուսակցությունները, Լավրովի խոսքով, այսօր հայտարարում են, որ չեն պատրաստվում չեղարկել այդ հայտարարությունը։ Փախստականների և հայկական զորքերի մասին ադրբեջանցի լրագրողի հարցին, Լավրովը շեշտել է. «Ադրբեջանցի և հայ փախստականները պետք է վերադառնան իրենց ավանդական բնակության վայրեր»։ Լավրովի խոսքով` և փախստականների, և հայկական զորքերի դուրսբերման մասին համաձայնագրում հստակ գրված է, և այս ամենի շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները հստակ պայմանավորվել են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։ ՌԴ ԱԳ նախարարը, պատասխանելով Մինսկի խմբի համանախագահ երկրներ` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայտարարությանը, որ ստորագրված համաձայնագրի շուրջ նրանք որոշ պարզաբանումներ են ակնկալում Ռուսաստանից, ասել է, թե զարմացած է այս հայտարարությունից, քանի որ Մոսկվան սերտ համագործակցում է Ղարաբաղի հարցով թե Վաշինգտոնի, թե Փարիզի հետ, և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի այս հայտարարությունը Լավրովի ներկայացմամբ՝ կամ վատ տեղեկացված լինելու արդյունք է, կամ պարզապես թյուրիմացություն։


Կրեմլի խոսնակի հայտարարությունը փոքր-ինչ այլ տոնայնություն ուներ. «Ռուսաստանը պատրաստ է պարզաբանումներ տալ ԱՄՆ-ին և Ֆրանսիային ղարաբաղյան կարգավորման հարցում Թուրքիայի դերի մասին, եթե դրա անհրաժեշտությունը կա», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը: «Կասկած չկա, որ եթե Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերները պարզաբանման կարիք ունեն, այդ պարզաբանումները կներկայացվեն»», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը` հավելելով, թե այսօր ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունների գծով ղարաբաղյան գործերով կանոնավոր շփում է իրականացվում: Պատասխանելով հարցին, թե Փարիզն ու Վաշինգտոնը հիմքեր ունեն անհանգստանալու ղարաբաղյան կարգավորման և տարածաշրջանային տարբեր գործերում Թուրքիայի ազդեցության ուժեղացման կապակցությամբ, Պեսկովն ասել է. «Մենք չէինք ցանկանա որևէ կերպ մեկնաբանել համանախագահների երկկողմ հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ: Մենք ունենք մեր երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն, այսօր նաև անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների հիմնական արդյունքներին, հայտարարել է, որ ամենաարժեքավորն այն է, որ հրանոթները լռում են, և մարդիկ չեն մահանում. «Սա հիմնական արդյունքն է, մարդիկ չեն մահանում, դա ամենաարժեքավորն է, ինչ կարող է լինել», - ասել է Պեսկովը:

Դիտվել է՝ 1443

Մեկնաբանություններ