Մռայլ դեմքերը քաղաքի թանձր տխրությունն օր օրի ավելի են մեծացնում։ Ճակատից եկող տեղեկություններով քնող և արթնացող մի ողջ ժողովուրդ, ի հեճուկս աշխարհի տերերի, ուզում է ընդամենն ապրել։ Դարերով պայքարում է իր բնական այդ իրավունքի համար ու երևի 1000 դար էլ կպայքարի։ Ամեն անգամ զարկվելով ու խոր ցավն իր ուսերին տանելով, սեփական միամտությանը հավատարիմ, հակասականությամբ, իր լավն ու վատն այդպես էլ չհասկանալով։
Մի բուռ ժողովրդի ծոցից դուրս եկած այսքան լուսավոր ու հայրենասեր տղաներ որտեղի՞ց, որոնք մահի առջև կանգնում են պայծառ ժպիտներով, կյանքի ու մահի կռվում գիտակցաբար ընտրում պատվով մահը, հանուն հայրենիքի անմահացումը։ Պատերազմի այս մղձավանջի մեջ ուշադիր նայեք հերոսաբար զոհված մեր տղաների լուսանկարներին, նրանց խոհուն աչքերին ու թե դրանից հետո կիրակի օրերին կցանկանաք քաղաքից դուրս գալ ու խաղաղվել, ուրեմն բարի ճանապարհ։
Եթե ձեր ողջ կյանքում էլ կարողանաք այս կորուստների բեռից ձեզ համար «կիրակի» սահմանել, հիշեք, որ մինչ դուք փափուկ աթոռին նստած, ձեր իսկ առաքելությունն ուրիշին թողած զբաղված էիք սոցիալական ցանցում անհոդաբաշխ մտքեր շաղ տալով, առաջնագծում 18 տարեկան զինվորը ձեր իսկ անվրդով հանգստությունն էր կյանքի գնով վաստակում։ ՈՒ թե այդքանից հետո էլ ձեր խղճի հետ համերաշխ կապրեք, չեք ամաչի, գլխահակ չեք քայլի նրանց շիրիմների կողքով ու այդ ընթացքում շնչակտուր չեք լինի, հոգեկան խաղաղությունը ձեզ չի լքի, ուրեմն ծախսեք ու ծախեք ամեն ինչ։
ՈՒ շարունակում ես զարմանալ, թե այս փոքր ժողովրդի մեջ ինչու այսքան անհայրենիք մարդիկ կան։ Ինչպես կարող է այսքան ծայրահեղություն լինել մի երկրում, որն ամեն օր անդունդն են հրում, իսկ նա դեռ ամուր կառչում է իր հողից։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ