Հոկտեմբերի 30-ին Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվեց հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ կրակի դադարեցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ միջնորդությամբ ձեռքբերված կրակի դադարեցման համաձայնությունների անվերապահ կատարման և կայուն հրադադարի անհապաղ հաստատման անհրաժեշտությունը: Նա ընդգծեց վերիֆիկացիոն մեխանիզմների դերը հրադադարի հաստատման ու պահպանման գործում: ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ շեշտեց նաև Արցախի խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման անթույլատրելիությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շարունակականությունը։
Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: