Իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ կասկածելի է համարում Ադրբեջանի այն հայտարարությունները, թե արկերը կամ անօդաչու թռչող սարքերը պատահաբար են ընկնում Իրանի տարածք: «Իրատեսի» հետ զրույցում, հղում անելով իրանցի ռազմական գործիչների հայտարարություններին, նա նշում է՝ այդ «պատահականությունը» հասկանում են նաև մեր հարևան երկրում ու համապատասխան հետևություններ անում: Ավելին՝ Իրանի արտաքին գործերի նախարարի մակարդակով նրանք հաստատել են՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կռվող ահաբեկիչներն իրանցիների դեմ կռվել են Սիրիայում, Իրաքում, Մերձավոր Արևելքի այլ տարածքներում, Իրանի ներսում են ահաբեկչական գործողություններ իրականացրել ու այժմ հայտնվել են Իրանի հետ սահմանից ոչ թե մի քանի հարյուր, այլ մի քանի մետրի վրա: Իրանական կողմը, հավելում է Ոսկանյանը, դիվանագիտական մակարդակում անում է հնարավորը՝ Արցախում հրադադար հաստատելու համար: Դա է վկայում Իրանի արտաքին գործերի փոխնախարարի՝ Երևան, Բաքու ու Մոսկվա այցելելու մասին հայտարարությունը:
«Դիվանագիտականից ռազմական դաշտին անցնելով՝ կարող ենք ասել, որ Իրանն ուժեղացրել է իր սահմանների պաշտպանությունը ոչ միայն մերձարաքսյան, այլ նաև Նախիջևանի հատվածում: Թեև Նախիջևանի հատվածում մարտական գործողություններ չկան, բայց տեղեկատվություն կա, որ Թուրքիան այդտեղ նույնպես ահաբեկիչներ է կենտրոնացրել: Իրանական կողմն այդ հատվածում թե՛ սահմանապահ, թե՛ բանակային ուժեր, թե՛ Իսլամական հեղափոխության պահապանների, թե՛ բարձրաստիճան զինվորական, հրամանատարական ուժեր է կենտրոնացրել: Հարց է առաջանում՝ ինչու՞ Իրանն անդրսահմանային գործողություններ չի իրականացնում ահաբեկիչների դեմ: Խնդիրն այն է, որ ահաբեկիչները հանդես են գալիս Ադրբեջանի բանակային համազգեստով, այսինքն՝ նրանց հաճախ արտաքուստ տարբերելը դժվար է: Հաշվի առնելով նաև թուրքական ներգրավվածությունը պատերազմում՝ իրանցիներն այդ կոնկրետ գործողությանը կգնան, եթե ահաբեկիչները կամ ադրբեջանական որևէ այլ զորամիավորման մաս հայտնվի իրենց տարածքում: Դատելով Իրանի ներքաղաքական խոսույթից՝ ահաբեկիչները ոչ թե դուրս են մղվելու իրենց տարածքից, այլ, միանշանակ, ոչնչացվելու են»,- ասում է իրանագետը:
Դիվանագիտական հարթությունում հաճախ է բարձրաձայնվում, թե ինչու է իրանական կողմը մշտապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հայտարարություններ անում: Իրանագետը բացատրում է՝ Իրանը բազմազգ պետություն է, հետևաբար՝ ընդհանրապես չի կարող խոսել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին: Ավելին՝ եթե հայտարարի, որ ողջունում է Արցախում ընթացող գործընթացները կամ արցախցիների ազատ արտահայտման կամքը, դա իր երկրի ներսում որոշակի խժդժությունների ու մարտահրավերների կհանգեցնի: Իրանցիները կողմնակից են նաև, հավելում է Ոսկանյանը, որ Մերձավոր Արևելքում իրենց դաշնակից պետությունները՝ Սիրիան և Իրաքը, առանձին մասերի չտրոհվեն, հետևաբար, մշտապես շեշտելու են տարածքային ամբողջականության հանգամանքը, իսկ դա ամենևին չի նշանակում, թե իրանցիները դեմ են, ավելին՝ ներքուստ համակարծիք են, որ մեր զինված ուժերը մերձարաքսյան հովտից՝ արցախա-իրանական սահմանի բռնազավթված հատվածից, դուրս մղեն թե՛ ահաբեկիչներին, թե՛ ադրբեջանցիներին, թե՛ թուրքերին:
«Եթե այդ հատվածի վերահսկողությունը կրկին Պաշտպանության բանակի տակ անցնի, իրանցիները, միանշանակ, ուրախ կլինեն: Գիտեք՝ Ադրբեջանն Իսրայելի համար ռազմական պլացդարմ է: Իսրայելի գործունեությունն Ադրբեջանում երկու խնդիր է լուծում: Առաջինի մասին արդեն խոսեցինք՝ ստեղծել հակաիրանական պլացդարմ, ինչն արդեն փաստացի ստեղծված է, երկրորդ՝ ռազմարդյունաբերական արտադրանքը վաճառել նավթադոլարներ ունեցող գնորդի: Որևէ այլ խնդիր Իսրայելն Ադրբեջանի տարածքում չի լուծում, որևէ այլ շահ չի հետապնդում: Գաղտնիք չէ նաև, որ իսրայելական հատուկ ուժերն Իրանի հյուսիսը հետախուզական մշտադիտարկման տակ են պահում Ադրբեջանի տարածքից: Ընդ որում, այդ մշտադիտարկումն իրականացվում է այնպիսի մի շրջանից, որտեղ հիմնականում շիա թալիշներ են բնակվում: Իսրայելցիներն ամենևին դեմ չեն, ի հաշիվ արցախա-իրանական սահմանի, ադրբեջանա-իրանական գոտին ընդլայնելուն: Այդ հանգամանքը հնարավորություն կտա հետախուզական գործունեությունն ուժեղացնելու: Մեկ հանգամանք էլ կա՝ Իրանն այժմ գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ, ինչը շրջանցելու համար հաճախ է օգտվում թուրքական խողովակից, ուստի բացահայտ առճակատման գնալու համար իրանցիներն այս պահին շատ ռեսուրսներ չունեն: Խոսքը ոչ թե ռազմական, այլ քաղաքական ու տնտեսական ռեսուրսների մասին է, հետևաբար իրանցիները փորձելու են իրավիճակը կառավարել խելամտության շրջանակներում՝ առաջնորդվելով սեփական շահերով, իսկ դա, առաջին հերթին, ենթադրում է Հայաստան-Իրան, իսկ հնարավորության դեպքում՝ Իրան-Արցախ սահմանի պահպանություն»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:
Վարդան Ոսկանյանն ուշադրություն է հրավիրում նաև Թուրքայի վերափոխման հանգամանքին, ինչին մեր ներքին խոսույթում ու քննարկումներում քիչ ենք անդրադարձել: Գուցե խոսվել է այդ մասին, ասում է, բայց ոչ բավարար չափով, և այդքան էլ լավ չենք հասկացել՝ ինչպիսի Թուրքիայի հետ այժմ գործ ունենք: Ընդգծում է՝ գործ ունենք ոչ թե ազգային սահմանների մեջ պարփակված քեմալական, այլ անդրսահմանային հավակնություններ ունեցող էրդողանական Թուրքիայի հետ, իսկ այդ փաստը պետք է հստակ արձանագրել: Այսինքն, Էրդողանը փորձում է ռազմավարական խորություն ապահովել բոլոր ուղղություններով անխտիր. հարավային ուղղությամբ՝ Սիրիա-Իրաք, արևմտյան ուղղությամբ՝ միջերկրածովյան ավազան, հյուսիսային ուղղությամբ՝ դեպի ՈՒկրաինա և Ղրիմ, արևելյան ուղղությամբ՝ դեպի Վրաստան, այժմ էլ արդեն՝ դեպի Արցախ: «Այսօրվա Թուրքիան հենված է գաղափարախոսական հստակ չափորոշիչների վրա: Այդ գաղափարախոսությունը երեք բաղադրիչ ունի՝ նեոօսմանականություն, պանթուրանականությունն ու համասուննիական առաջնորդության հավակնություններ, ուստի չափազանց վտանգավոր թշնամու հետ գործ ունենք, ու այդ թշնամու դեմ պայքարը չափազանց կազմակերպված պետք է լինի: Համոզված եմ՝ փոքր խմբեր ունակ են հաջողություն գրանցելու ի հաշիվ իրենց կազմակերպվածության, ավելի փոքրաթիվ ռեսուրսներ ունեցողները՝ ի հաշիվ գերկազմակերպվածության, հետևաբար, մեր խնդիրը, առաջին հերթին, իրավիճակի հստակ գնահատումը, թշնամիներին լավ ճանաչելը, պատրանքների, ռոմանտիզմի, էյֆորիայի, խուճապի չտրվելն ու ինքնապաշտպանական գործը լավ կազմակերպելը պետք է լինի: Ադրբեջանի լկտի պահվածքի հիմքում էրդողանական աջակցությունն է, եթե այդ աջակցությունը չլինի, Բաքվի բռնապետը լկտի պահվածքով հանդես չի գա: Մենք պետք է դադարենք պատրանքներ ունենալուց: Նախկին աշխարհն այլևս չկա, ստեղծվել են նոր իրողություններ, համար մեկ գերտերությունը փաստացիորեն չի կարողանում զսպել Ալիևին: Ստեղծվել է նոր իրավիճակ, երբ ավելի կարևոր նշանակություն են ստանում տարածաշրջանային գերտերությունները: Որքան էլ ցավալի է մեզ համար, Թուրքիան տարածաշրջանային գերտերություն է և ընդլայնվելու հավակնություններ ունի: Բարեբախտաբար, Իրանը նույնպես տարածաշրջանային գերտերություն է: Չմոռանանք նաև տարածաշրջանում մեկ այլ համաշխարհային գերտերության հավակնություն ունեցող Ռուսաստանի մասին: Հետևաբար, մեր աշխատանքներն ու գործունեությունը պետք է կապենք ու կազմակերպենք թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ: Եվ այս մտայնությունից ելնելով էլ՝ ծրագրենք մեր ապագան: Պատրանքները, կապված Եվրոպայի, «մարդասեր» աշխարհի, զանազան ժողովրդավար կառույցների հետ, հօդս ցնդեցին: Այժմ պետք է հստակ ֆիքսենք ու հասկանանք ՝ տարածաշրջանում հատվող իրողությունների շուրջ պետք է կենտրոնանանք: Վերոնշյալ բոլոր պետություններն էլ բազմաթիվ շերտերից են բաղկացած, որոնք ազդում են քաղաքական որոշումների վրա: Զանազան խմբեր ու դերակատարներ կան, որ կարող են ազդել տարբեր գործընթացների վրա: Եթե վաղն ուզում ենք արդյունք ստանալ, ապա աշխատել պետք է սկսենք այսօրվանից»:
Իրանագետ Ոսկանյանի համոզմամբ՝ մեր պատրանքներից մեկն էլ այն է, որ որևէ մեկը գալու և փրկելու մեզ: Ո՛չ, վստահեցնում է, նման բան չկա, անշուշտ, մեր դաշնակիցներն աջակցելու են, օժանդակելու են ու հիմա էլ օգնում ու օժանդակում են, բայց հիմնական խնդիր լուծողը մենք ենք: Դրանից ելնելով էլ՝ խորհուրդ է տալիս, որ ակնկալիքների շեմերը սահմանազատենք պատրանքների շեմերից, դադարենք բողոքավորի դիրքերից մշտապես հանդես գալուց: Հստակորեն սահմանագծենք մեր շահերը, փորձենք այդ շահերի հետ համընկնող կետեր փնտրել այլ տերությունների շահերի մեջ, աշխատենք դրանց հատման ուղեծրում: Հայաստանը զանազան գերտերություների շահերի համար ոչ թե բախման, այլ համադրման կետ պետք է լինի: Ինչու՞, քանի որ փոքր կամ սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրներն այդ ռեսուրսների պակասը լրացնում են, երբ ստանում են դաշնակիցների կամ գերտերությունների շահերի համադրման ամբարի կարգավիճակ, ուստի սահմանափակ ռեսուրսներ ունենալը դեռևս ճակատագիր չէ:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ