ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պոմպեոն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան կարգավորման կարևորությունը

Պոմպեոն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան կարգավորման կարևորությունը
24.10.2020 | 12:29

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ Վաշինգտոնում հանդիպումների ժամանակ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան կարգավորման կարևորությունը, կոչ է արել դադարեցնել բռնությունները և պաշտպանել քաղաքացիական անձանց՝ ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ: Երկու նախարարների հետ նրա հանդիպումներն անցկացվել են առանձին:

«Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է բռնությունը դադարեցնելու և խաղաղ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությունը: Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ կողմերը պետք է առարկայական բանակցություններ սկսեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ՝ հակամարտությունը կարգավորելու համար ելնելով Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքներից. ուժի չկիրառում և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարում, տարածքային ամբողջականություն, ինչպես նաև հավասար իրավունքներ և ժողովուրդների ինքնորոշում», - ընդգծում է Պետսեպարտամենտը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են 1992 թվականից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երեք համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գլխավորությամբ:

Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը, որպես խմբի համանախագահող երկրների ղեկավարներ, հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են, որ ամենախիստ կերպով դատապարտում են հակամարտության գոտու շփման գծում տեղի ունեցող բռնության սրումը: Պուտինը, Թրամփը և Մակրոնը կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Դիտվել է՝ 1911

Մեկնաբանություններ