Հոկտեմբերի 27-ին Վրաստանում նշանակված են նախագահական ընտրություններ: Սոցիոլոգիական հարցումներով հավանական է, որ նախագահ ընտրվի երկրորդ փուլով, առայժմ թեկնածուներից որևէ մեկը չի հավաքում ձայների 50 տոկոսը: Հրաժարական է տալու կրթության և գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին, որ «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի թեկնածուն է: Մինչև հրաժարականը նախարարը բարձրացրել է մանկավարժների աշխատավարձը:
Նախագահի մեկ այլ թեկնածու` խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն գտնում է, որ ազատ ու արդար ընտրությունների դեպքում անպայման կլինի երկրորդ փուլ, որի հաղթողը ինքն է լինելու: «Հաղթանակի դեպքում, ես կանեմ հնարավորը, որպեսզի «Միացյալ ազգային շարժման» ձևավորած հանցավոր համակարգն արդարացիորեն հետաքննվի և դատապարտվի։ Ասում եմ որպես պրոֆեսիոնալ իրավաբան։ Վստահ եմ, որ հետաքննությունը կհանգեցնի Սահակաշվիլիի ձերբակալությանը»,- ասել է Բուրջանաձեն: