Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«Դա ամերիկյան վարչակազմի դավադրությունն է` Մորալեսի անունը արատավորելու նպատակով»

«Դա ամերիկյան վարչակազմի դավադրությունն է` Մորալեսի անունը արատավորելու նպատակով»
04.07.2013 | 12:59

Էդվարդ Սնոուդենի «խմորը» դեռ շատ ջուր կտանի: Արդեն սկսել են իրար մեջ հաշիվներ պարզել տարբեր երկրներ: Միացյալ Նահանգների ճնշումը այլ երկրների վրա` Սնոուդենին քաղաքական ապաստան չտրամադրելու առումով մեծանում է: Այս պահի դրությամբ որևէ երկիր Սնոուդենին ապաստան չի տրամադրել:
Երեկվանից եվրոպական մի շարք երկրներ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին անհարմար վիճակի մեջ են դրել` կասկածելով, թե Սնոուդենը գտնվում է Բոլիվիայի նախագահի ինքնաթիռում: Մոսկվայում պաշտոնական այցով գտնվող Մորալեսին իրենց օդային տարածքով արգելել են թռիչք կատարել Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան: Էվո Մորալեսը ստիպված է եղել ողջ օրը կորցնել եվրոպացիների հետ հաշիվներ պարզելու մեջ: Նա մեղադրել է այդ երկրներին իր թռիչքը շրջափակելու համար: Մորալեսի ինքնաթիռը ստիպված է եղել չծրագրված վայրէջք կատարել Վիեննայում: Մորալեսը հարկադրված մի քանի ժամ անցկացրել է ինքնաթիռում: Սկզբում Ավստրիայի իշխանությունները պնդում էին, թե ստուգել են Մորալեսի ինքնաթիռը՝ նրանից ստանալով թույլտվություն: Էվո Մորալեսը հերքում էր այդ փաստը: Ի վերջո, Ավստրիայի ՆԳ նախարարությունը պարզաբանել է, որ սահմանապահ ծառայությունը ստուգել է ինքնաթիռում գտնվողների փաստաթղթերը և, Սնոուդենին չգտնելուց հետո, ավստրիացիները Մորալեսին թույլ են տվել թռչել:
Երեկ բոլիվիացիները Բոլիվիայում Ֆրանսիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա են անցկացրել, այրել են Ֆրանսիայի դրոշը և պահանջել երկրից վտարել Ֆրանսիայի դեսպանին: Ֆրանսիայի արտգործնախարարը զանգահարել է բոլիվիացի իր պաշտոնակցին և ափսոսանք հայտնել կատարվածի առնչությամբ, իսկ Ֆրանսուա Օլանդը Գերմանիայում հայտարարել է, թե թույլատրել է բոլիվիական ինքնաթիռի թռիչքը իր երկրի օդային տարածքով, երբ իմացել է, որ խոսքը Բոլիվիայի նախագահի ինքնաթիռի մասին է: Օլանդի թույլտվությունը, ի դեպ, բավականին ուշացած է եղել: Այս միջադեպը սուր քննադատության է արժանացել Լատինական Ամերիկայի առաջնորդների կողմից: Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները այն համարել է վիրավորանք ոչ միայն եղբայրական երկրի, այլև ողջ Հարավային Ամերիկայի նկատմամբ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր Թվիթերի էջում գրել է, թե իր համերաշխությունն է հայտնում Մորալեսին և որ «Վենեսուելան կպատասխանի այդ վտանգավոր, անհամաչափ և անընդունելի ագրեսիային»: Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան նույնպես Թվիթերում գրել է. «Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Էվո Մորալեսին ու Բոլիվիայի քաջ ժողովրդին»: Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ Մորալեսին վիրավորելը հուզել է ոչ միայն Բոլիվիային, այլև ողջ Լատինական Ամերիկային: Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Խոսե Միգել Ինսուլսան իր խորը դժգոհությունն է հայտնել այն երկրների անհարգալից վերաբերմունքի վերաբերյալ, որոնք արգելել են Էվո Մորալեսի թռիչքը իրենց օդային տարածքով:
Այսօր Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ բոլիվիական Կոչաբամբա քաղաքում կքննարկեն երեկվա միջադեպը: Ի դեպ, Բոլիվիայի արտգործնախարարությունը մերժել է ԱՄՆ` ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին արտահանձնելու պահանջը: Նախարարության հայտարարության մեջ Վաշինգտոնի պահանջը գնահատվում է իբրև «տարօրինակ, չհիմնավորված ու անսովոր», քանի որ խոսքը վերաբերում է մի մարդու, ով «չի գտնվում պետության տարածքում»: Ասվում է, որ հարցումը անհապաղ հետ կուղարկվի ԱՄՆ-ին, Սնոուդենը երբեք չի հանդիպել նախագահ Մորալեսի հետ՝ նրա Ռուսաստանում գտնվելու ժամանակ, Սնոուդենը չի բարձրացել Էվո Մորալեսի ինքնաթիռ և չի գտնվում Բոլիվիայի տարածքում: Բոլիվիան իր վրդովմունքն է արտահայտել, որ Վաշինգտոնի տվյալ պահանջը հայտնվել է այն ժամանակ, երբ Մորալեսի ինքնաթիռը «պահվում էր անհիմն կասկածների արդյունքում»: Բոլիվիայի պաշտպանության նախարար Ռուբեն Սաավեդրան էլ հայտարարել է. «Պատմությունը, որ Սնոուդենը թռչում է Մորալեսի հետ, հորինել են ամերիկացիները: Դա անպատկառ սուտ է, դա ամերիկյան վարչակազմի դավադրությունն է՝ Մորալեսի անունը արատավորելու նպատակով»:
Ի դեպ, երեքշաբթի ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Ջեյմս Կլեպերը ներողություն է խնդրել Կոնգրեսից, որ մարտ ամսին խորհրդարանի անդամներին հաղորդել է, թե իբր ազգային անվտանգությունը ինֆորմացիա չի հավաքագրում միլիոնավոր քաղաքացիներից: Կլեպերը Կոնգրեսին հղած նամակում նշել է, թե հայտարարությունը «անկհայտ սխալմունք» է եղել: Կլեպերի այս նամակը գրվել է այն բանից հետո, երբ Սնոուդենի բացահայտումների շարքում հայտնվեցին փաստաթղթեր ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից եվրոպական մի շարք երկրների քաղաքացիների ու պաշտոնյաների նկատմամբ գաղտնալսում և ինֆորմացիայի հավաքագրում իրականացնելու մասին: Արդյունքում` հիշատակվող երկրների առաջնորդները դատապարտեցին ԱՄՆ-ի հետախուզական գործողությունները: Ավելին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացատրություն պահանջեց ԱՄՆ-ից, և առաջիկայում տեղի կունենա քննարկում երկու երկրների նախագահների միջև: Եվ` Սնոուդենի մասին: Ռուսական լրատվամիջոցները երեկվանից լռում են ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակցի մասին, ով, վերջին տեղեկություններով, գտնվում է Մոսկվայի «Շերեմենտևո» օդանավակայանի տարանցիկ գոտում:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ