Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Հայաստանը պետք է հստակեցնի իր ռազմավարությունը

Հայաստանը պետք է հստակեցնի իր ռազմավարությունը
13.06.2013 | 17:43

«Չինաստանը Հայաստանին զենք չի վաճառել, չի վաճառում և չի վաճառի»,- ըստ Apa.az-ի` այսօր Ադրբեջանում հայտարարել է Չինաստանի դեսպան Խուն Ցյուինը: Նրա խոսքերով, Չինաստանի կառավարությունը հաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: «Մենք կոչ ենք անում կատարել ՄԱԿ-ի ընդունած բանաձևը: Չինաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է միջազգային նորմերի հիման վրա և աջակցում է միջազգային հանրության ջանքերն այդ ուղղությամբ»,- ասել է Խուն Ցյուինը:

Կարծում ենք` դեսպանը նկատի է ունեցել Ադրբեջանի ներկայացրած «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևը, որը 2008 թ. մարտին արժանացավ ՄԱԿ-ի հավանությանը: Հիշեցնենք, որ բանաձևում մասնավորապես նշվում էր. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հարգում է Ադրբեջանի ինքնիշխանությունը և ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը միջազգային օրենքներով ճանաչված սահմաններում, պահանջում է գրավյալ տարածքներից անմիջապես, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել Հայաստանի զինված ուժերը, ճանաչում է հակամարտության ընթացքում իրենց բնակության վայրից արտաքսված քաղաքացիների` վերադառնալու ու փոխհատուցում ստանալու իրավունքը, սատարում է Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների անվտանգության ապահովումն ու ինքնավարության համար պայմանների ստեղծումը, ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը միջազգային նորմերի շրջանակներում և մաղթում է ջանքերի ակտիվացում` խաղաղության հասնելու համար»:
Մինչ այժմ Չինաստանն առանձնապես ակտիվ չի եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ, և առնվազն անհասկանալի է այս երկրի դիվանագետի նման հայտարարությունը հակամարտության կողմ Ադրբեջանում: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը համաձայնեց մեր կարծիքին, թե սույն հայտարարությունը ավելի շատ Ադրբեջանի լոբբինգի շարքից է, քան Չինաստանի` տարածաշրջանում ակտիվանալու հետևանք: «Ոչ հիմա, ոչ էլ նախկինում Չինաստանի կողմից այդպես մեծ ակտիվություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանդեպ չեմ նկատել: Բոլոր դեպքերում պետք է հաշվի առնենք, որ Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է, և համոզված եմ, որ հետևում է բոլոր հարցերին, ինչպես նաև ԼՂ-ի: Սա համարում եմ դիվանագիտական կոնտեքստում արված հայտարարություն, և նորմալ է, երբ պետությունը զենքի սահմանափակման մասին է խոսում նման կոնֆլիկտային տարածաշրջանի վերաբերյալ: Լինի Հայաստանին առնչվող, թե Ադրբեջանին»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:
Վերջինս կարևորեց Հայաստանի արտգործնախարարության կողմից հակամարտության վերաբերյալ Հայաստանի մոտեցումների լոբբինգը. «Հայաստանի իշխանությունը պետք է հետևողականորեն առաջ տանի իր մոտեցումները, և այնպես չլինի, որ Ադրբեջանը մի բան է կատարում, հետո Հայաստանը սկսում է պատասխան տալ: Վաղուց ժամանակն է, որ Հայաստանն առաջ անցնի և, ի վերջո, ներկայացնի ԼՂ տեսակետը, Հայաստանի տեսակետը»: Հովհաննես Իգիթյանի կարծիքով` այնպես չէ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «սառեցված է և բոլորը մոռացել են դրա մասին», Հայաստանը պետք է «հստակեցնի իր ռազմավարությունը հակամարտության հանդեպ և այն ավելի մատչելի դարձնի միջազգային հանրությանը»:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ