Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Իմ բաժին բանակը

Իմ բաժին բանակը
01.02.2023 | 07:24

«X» հենակետում էինք ծառայում․ մոտակա թուրքական դիրքը գտնվում էր մեզնից 600 մետր հեռավորության վրա։ Դրանց թիկունքում փոքրիկ գյուղն էր, որն ամբողջովին մեր դիտարկելիության վեկտորի մեջ էր։ Թեև գտնվում էինք համեմատաբար ցածր դիրքում, բայց զգում էինք, որ մենք հաղթած և, ամենակարևորը, ուժեղ կողմն ենք։


Իսկ ինչո՞ւ էինք էդպես զգում, նրանից, որ մեր հենակետը սուպեր-արդիական էր ու զենքերը նույնպե՞ս, իհարկե՛ ոչ։ Մեր բլինդաժը քարից էր, փոքրիկ, բայց հարմարավետ իր դիրքով, գտնվում էր առաջնագծից ոչ շատ հեռու։ Ունեինք բացօթյա խոհանոց, որտեղ ամառները ճաշում էինք, զրուցում, ծխում, զենք մաքրում՝ մի խոսքով սովորական դիրքապահի առօրյա։ Բայց մեր գումարտակն ուներ մի չգրված օրենք, որը մեզ դարձնում էր ուժեղ։ Դա հրամանի չսպասելն էր, որ էս մի հատվածում պետք էր էս մի խորշը սարքել, էն մի հատվածում վնասված խրամատը կարգի բերել։ Շտաբի ոչ մի սպա ավելի լավ չգիտեր, թե ինչը կարող էր մեր դիրքն առավել անառիկ դարձնել, քան մենք։ Դա տրամաբանական էր, քանի որ մենք էինք օր ու գիշեր թափառում էդ խրամատներում, զասադ էինք նստում, ամեն մի քարի դիրքն ու տեղը գիտեինք անգիր։ Չափազանցություն չլինի, բայց փակված աչքերով անգամ, մենք կարող էինք շարժվել մեր խրամուղիներով։
Շատ արագ մեր հենակետը մեզ համար տուն դարձավ։ Դրանից էր, որ մենք չէինք ասում՝ ինչ վատն է մեր բանակը, նայեք՝ ջուր բերելու համար պետք ա գնանք հասնենք կողքի դիրք, լողանալու ու հիգիենայի համար պետք է սպասենք երկու շաբաթ, մինչև իջնենք գունդ: Մենք դա չէինք ասում, մենք մեր միջոցներով կարողացանք ջուրը բերել ու հասցնել մեր դիրք՝ խողովակով։ Մենք փոքր բաղնիք սարքեցինք, տղերքը, արձակուրդից գալուց, պարտադիր դիրքի համար որևէ անհրաժեշտ իր բերում էին տնից։ Մեկը ցնցուղն էր բերում, մյուսը՝ ինչ-որ խողովակ, երրորդը՝ փականներ, չորրորդը խողովակները տաքացնող ու իրար մեջ մտցնող սարքը։


Ընթացքում բազմաթիվ խորշեր սարքեցինք, թաքստոցներ, ապաստարաններ ու բոլորը՝ մեր՝ դիրքապահներիս որոշմամբ։ Ստուգայցերի ժամանակ մեր սպաները գալիս էին դիրք ոչ թե մեզ հրամաններ տալու, այլ եղածը նայելու, գնահատելու, խորհուրդներ տալու համար։ Մեր դիրքին մոտ գտնվող գյուղից դվիժոկ էինք բերում, էլէկտրական մուրճ էինք աշխատացնում, որ մեր բլինդաժի շրջանագծով պաշտպանական խրամուղիներ սարքեինք։ Ու դա մենք երբեք չէինք անում, որ մեզ գովեին, մենք դա անում էինք, քանի որ մենք մեր դիրքը մեր տունն էինք համարում։ Մենք դա անում էինք, քանի որ տեսնում էինք, որ բանակն էլ իրենն է անում, նա մեզ տվել է զենք, զինամթերք, լավ սնունդ, քարե կացարան․․․դրանից բացի, եթե մի բանի ճարը չէինք գտնում, էնքան էինք յակռվում մեր սպաներին, մինչև իրենք դրա ճարը գտնեին․ մենք չէինք ասում, որ բանակ չունեինք, քանի որ դա մեր համար որպես խայտառակություն կհնչեր, քանի որ բանակը նաև մեզ էր պատկանում, մենք՝ զինվորներս էինք զարգացնում մեր բաժին փոքրիկ բանակը։ Իսկ մեր բաժին բանակը դա մեր դիրքն էր․․․Մենք հյուր չէինք բանակում, որ փնովեինք այն, մենք այնտեղ եկվոր չէինք, որ դժգոհեինք․․Բանակը մերն էր, մենք հենց բանակն էինք։


Այդ ժամանակ եթե մի գեներալ, մի սպա, քաղաքացի, գյուղացի, վարչապետ գար մեր դիրք ու ասեր, որ մենք բանակ չունենք, ավտոմատիս շամփուրը կխցկեի ուղեղն ու կխառնեի, ու մենակ ես չէ՝ բոլորս։ Դա նույնը կլիներ, որ գային ու մեզ ասեին՝ դու տուն չունես:
Թուրքերի մոտ ողջ գիշերը խրախճանք ու լակոցի էր, մեզ մոտ աշխատանք, պատրաստություն, զգոնություն։ Թուրքերը լակում էին, մենք մեր դիրքի առջև փոսեր էինք փորում, մեջը փշալարեր լցնում ու փակում դրանք խոտերով։ Թուրքեը լակում էին, մենք առաջնագիծ-բլինդաժ կապի խափանման դեպքում, պահեստային տագնապի քողարկված լար էինք քաշում, թուրքերը լակում էին, մենք՝ ամրանում։ Իսկ երբ դրանք վերջապես որոշում էին մի փոքր ինժեներական աշխատանք անել, չէինք թողնում (Հասկացաք՝ ինչպես):
Մենք հաղթած կողմն էինք, բայց ոչ էդ հաղթանակից կուրացած կողմը։ Մենք հաղթած կողմն էինք, քանի որ նրանց մեկ կրակոցին մենք 10 էինք պատասխանում, մենք հաղթած կողմն էինք, քանի որ նրանց դիրքի ուժեղ ու թույլ կողմերը մենք նրանցից ավելի լավ գիտեինք։
Մենք հաղթած կողմն էինք, քանի որ մենք բանակ ունեինք։


Մեր բաժին բանակը մեր տունն էր․․դրանից էր, որ մենք հաղթած կողմն էինք:
Մենք հաղթած կողմն էինք, քանի որ մեր տան մեջ մենք մեզ հյուրի նման չէինք պահում։


Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 16735

Մեկնաբանություններ