Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Քրիստոնյաների ծանր վերքերը Լեռնային Ղարաբաղում. Valeurs actuelles

Քրիստոնյաների ծանր վերքերը Լեռնային Ղարաբաղում. Valeurs actuelles
13.12.2020 | 13:11

Valeurs actuelles (Ֆրանսիա) գրում է.

«Ընթանալով դեպի Ստեփանակերտ ձյունածածկ ու ոլորուն ճանապարհներով՝ մեքենաները դանդաղեցնում են ընթացքը, անվադողերը ճռռում են սառույցի վրա, իսկ հետո հանկարծակի արագանում՝ սովետական հին, ճռճռան մեքենաներով շրջանցում ոլորանները՝ չմտածելով, թե ով է իրենց կողմը գալիս: Տեղ-տեղ, նոսրացող անտառների արանքում տղամարդիկ գերանները բարձում են հին սովետական բեռնատարների մեջ: «Նրանք չեն ուզում թուրքերին ոչինչ թողնել»,- բացատրում է 23-ամյա ուսանող Անդրանիկը: Նրանց տները, որ հրդեհել էին հենց սեփականատերերը, դեռ ծխում են: Ճանապարհին կարող ես տեսնել պատերազմի հետքերը. ավերված կամուրջներ, այրված տներ, ջնջխված, առավել հաճախ՝ անօդաչու թռչող սարքերով, մեքենաներ:


«Մենք պատրաստ չէինք, և Հայաստանը չկարողացավ դիմակայել գերժամանակակից զենքով հագեցած երկու բանակներին»,- ափսոսանքով նշում է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ մատնանշելով Երևանի պատասխանատվությունը: Շատերի համար եկել է հաշվետվության ժամը: «Հայաստանը վաճառել է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասում է պատգամավորը: «Փաշինյանի կինը եկել էր առաջնագիծ՝ իբր զինվորներին աջակցելու: Նրա հետ եկան ևս 13 հոգի, և նրա խումբը կոչվեց «Էրատո»՝ իբր Տիգրան Մեծի դստեր անունով, որը սահմանները բացել էր հռոմեացիների առջև»: Դավիթ Գալստյանի համար սա շատ խորհրդանշական ու խոսուն է: Գորիսեցի զինծառայող Արմենն ավելի հաշտվող է. «Փաշինյանն ամեն ինչ արեց համապարփակ պատերազմի պայմաններում, որում մենք կարող էինք կորցնել ամեն ինչ, այդ թվում նաև Հայաստանը»: Մեկ այլ պատգամավորի հետ Դավիթ Գալստյանը մեզ ցույց է տալիս Ստեփանակերտը: Գրեթե ամենուր էին մարտերի հետքերը՝ կոտրված ապակիներ, փամփուշտների հետքեր, ռմբակոծված դպրոցներ և հիվանդանոցներ, և որ ամենակարևորն է՝ սպանված խաղաղ բնակիչներ: Միայն Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով 200 մարդ է զոհվել: Մեր ժամանման պահին փախստականները հավաքվել էին փողոցում և փորձում էին իրենց ուղեբեռով բարձրանալ ավտոբուս. շատերի համար ադրբեջանական սպառնալիքի պայմաններում Լեռնային Ղարաբաղում մնալու մասին խոսք լինել չի կարող: Նրանք միանում են 100 000 փախստականների հոսքին, որոնք ուղևորվում են Հայաստան՝ 3 միլիոն բնակչություն ունեցող փոքրիկ երկիր: Երբ հայ բնակիչները հեռանում են Արցախից, Ադրբեջանից նոր բնակիչներ են ժամանում:


«Սա ցեղասպանության շարունակությունն էր»


Նրանց թվում կան սիրիացի վարձկաններ: Շուշիի ճակատամարտին մասնակցած մի հին հայ հրետանավոր ասում է. «Նրանք հարյուրավորներով հարձակվեցին մեզ վրա, նույնիսկ չփորձելով թաքնվել՝ կրակում էին: Հավանաբար, կապտագոնով էին առաջ մղվում, ինչպես Սիրիայում»: Նման պատմությունները շատ են. Գորիսում ծառայող Սարգիսը նկարագրում է «սևազգեստ ահաբեկիչներին, որոնց միայն աչքերն էին երևում»: Մենք հանդիպում ենք հայազգի գեներալ, Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի հերոս, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին: Նրա խոսքերով՝ «Էրդողանը դրանց ուղարկում է Արցախ, քանի որ չի ցանկանում, որ մնան Թուրքիայում: Նա դրանց օգտագործում է իր մեծ պանթյուրքական նախագծի համար, որի շրջանակներում հուսով է աստիճանաբար գրավել ամբողջ Արցախը, այնուհետև՝ Հայաստանը: Եվ հետո՝ մի կտոր Եվրոպայից: Այն, ինչ տեղի է ունենում այստեղ, կարող է դառնալ ձեր ճակատագիրը մոտ ապագայում»: Գեներալը մեզ ցույց է տալիս սիրիական անունների ցուցակները` հաշվեհամարներով: Այս փաստաթուղթը հայտնաբերվել է սպանված ադրբեջանցի սպայի մոտ, որը գումար է փոխանցել վարձկանների ընտանիքներին յուրաքանչյուր սպանված հայի համար: Իրենց խոսքերը հաստատելու և լրացուցիչ բոնուսներ վաստակելու համար վարձկանները «կտրում էին հայերի գլուխները կամ ականջները»: Ադրբեջանի կողմից պատերազմի օրենքների լիակատար անտեսումը ցույց տվեց նաև քիմիական զենքի օգտագործումը: Նախկինում անհայտ վնասվածքներով մի քանի տղամարդ բերվել են Երևանի կենտրոնական հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ դրանք վերքերով այրվածքներ են, «որոնք քիմիական նյութի հետ շփվելուց հետո շարունակում են այրվել»: Մեր սեփական աչքերով ենք տեսնում նիհարած ու խեղված մարմնի վրա՝ ծածկված կեղտոտ վիրակապերով, սարսափելի վերքերը, որ բժիշկը ցույց է տալիս մեզ: «Իմ ընկերը մահացավ վերքերից: Շատ ցավոտ է»,- սրտաճմլիկ հայացքով պատմում է մեզ ապաքինվող զինվորը: Հաշվի առնելով Ադրբեջանի թվային և տեխնոլոգիական գերազանցությունը՝ դժվար է բացատրել նման զենքի օգտագործման անհրաժեշտությունը, եթե դա չի արվել բացառապես հայերի մեջ սարսափ և տառապանք սերմանելու համար: «Սա դասական պատերազմ չէր, սա ցեղասպանության շարունակությունն էր»,- վստահեցնում են նրանցից շատերը: Նման խոսքերը կարող էին չափազանցված թվալ, եթե չլինեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե նա հայերին հալածում է «շների պես». սա հնչում է որպես Ցեղասպանության պատմության տագնապալի արձագանք:


Մոսկվան շահագրգռված չէ թուրքական ազդեցության չափազանց ընդլայնմամբ


Այնուամենայնիվ, պատերազմը կշարունակվի: «Գարնանը կամ մի քանի տարի հետո՝ դա նշանակություն չունի, դեռ կշարունակվի»,- ասում է Արամը` հասարակական կազմակերպություններից մեկի կամավորը, որը պատերազմի ընթացքում պարբերաբար վազվզում էր Արցախի և Հայաստանի միջև նյութատեխնիկական աջակցությունը տեղ հասցնելու համար: Նույն կարծիքին է Գորիսի (քաղաք, որն այժմ առաջնագծում կլինի նոր հակամարտության դեպքում) հայր Հրայրը՝ նշելով, որ Արցախում ռուսների զանգվածային ներկայությունը կարող է փոխել իրավիճակը: Իրոք, որոշ փորձագետներ կարծում են, որ Մոսկվան շահագրգռված չէ Կովկասի այս տարածաշրջանում թուրքական ազդեցության չափազանց մեծ ընդլայնմամբ: Ապագայի վերաբերյալ լիակատար անորոշությունն այն զգացողությունն է, որը միավորում է ամբողջ երկիրը նման ծանր պարտությունից հետո՚:

Դիտվել է՝ 4774

Մեկնաբանություններ