Իշխանամետ կամ ընդդիմադիր կարող ես և չլինել, մարդ լինել պարտավոր ես
14.02.2020 | 02:57
«Եթե անձնական նամակագրությունը հրապարակեմ, խայտառակ կլինեն»,- վերջերս ասաց ընդդիմադիր պատգամավորներից մեկը։ Նա անհասկանալի համարեց ընդդիմադիրների փաստարկված ու մասնագիտական ելույթներին հակադարձելու «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամների պահվածքը, որոնք քննադատում ու վիրավորում են ընդդիմադիրներին, բայց ԱԺ դահլիճից դուրս կտրուկ վերափոխվում են, նույնիսկ «մեղայական» հաղորդագրություն գրում և ներողություն խնդրում՝ արդարանալով, թե ստիպված էին։ Եթե այսպես պետք է առողջ միտքն ու քննադատությունը իրենցից վանեն, հաստատ ճիշտ ճանապարհի վրա չեն։ Սա նաև մարդկային նկարագրի աղճատման մասին է խոսում։
ՈՒ այս ամենը բավական հետաքրքիր է հատկապես այն տեսանկյունից, որ այսօր խորհրդարանում միմյանց անցյալն են արևի երես հանում երբեմնի դաշնակիցները։ «Ելք» խմբակցությունից «սերվածները» փորում են միմյանց անցյալը և մրցակցում, թե ով որքան շատ է համագործակցել նախկին իշխանությունների հետ։ Չգիտես ինչու նրանց թվում է, թե հասարակությունն ավելի շատ հավատալու է ամենից բարձր գոռացողին ու ամենաշատ կոմպրոմատներ ներկայացնողին։ Իզուր։ Որքան շատ են միմյանց «բզկտում», այնքան շատ են մարդկայնորեն ոչնչանում հասարակության աչքում։ Ով կվստահի ու կհավատա այն իշխանավորին կամ քաղաքական գործչին, որն իր երեկվա ընկերոջը, գործընկերոջը հանրայնորեն ոչնչացնելու մոլուցք ունի։ Նշանակում է՝ մարդ մնալու մեծ խնդրի առաջ է կանգնած։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ