Ռոնալդուն հինգերորդն է
24.01.2020 | 05:34
Տարեսկզբյան փայլուն մեկնարկ՝ «Յուվենտուսի» կազմում երեք խաղում դարպասի վեց գրավում, և Rec.Sport.Soccer Statistics Foundation (RSSSF) վարկածով Քրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում արդեն հինգերորդն է՝ մեկ գնդակով շրջանցելով գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Գերդ Մյուլլերին, ում մասին հաշված օրեր առաջ մենք հրապարակել էինք բավական ծավալուն նյութ: Պորտուգալացու անվան դիմաց 736 գնդակ է, վարկանիշում հաշվարկված են պաշտոնական հանդիպումներում խփած գոլերը՝ անկախ հավաքականներից, տարիքային խմբերից, ակումբների ներկայացրած դիվիզոններից:
RSSSF-ը սիրողական կազմակերպություն է, հիմնադրվել է վիճակագրության սիրահարներ Լարս Օրխուսի, Քենտ Հեդլունդհի ու Կարել Ստոկերմանի կողմից: Նրանք վարկանիշային իրենց աղյուսակում ներառել են միայն այն ֆուտբոլիստներին, ովքեր իրենց կարիերայի մեծ մասն անցկացրել են թոփ ակումբներում: Ահա թե մասնավորապես ինչու այդ ցանկում տեղ չի գտել, օրինակ, 800-ից ավելի գոլ հեղինակած գերմանացի Էրվին Հելմեհենը:
Ներկայացնենք RSSSF-ի կազմած առաջին յոթնյակը:
805 գոլով ցուցակը գլխավորում է Յոզեֆ Բիցանը: Նրան հաջորդում են Ռոմարիոն (772), Պելեն (767), Ֆերենց Պուշկաշը: Հինգերորդին ու վեցերորդին արդեն նշել ենք, յոթերորդը Լիոնել Մեսին է 717 գոլով:
Նկատենք, որ ճանաչելիության առումով համեմատաբար երիտասարդ ֆուտբոլասերի մոտ ավելի շատ հարցեր կարող է առաջացնել Յոզեֆ Բիցանի ով լինելը, ուստի նրան փորձենք հնարավորինս հանգամանալից ներկայացնել:
Հարձակվողը մարզական կարիերան սկսել է 1931 թվից, նրա ներկայացրած առաջին ակումբը վիեննական «Ռապիդն» է: Իրավիճակի սրացումից հետո, որը պայմանավորված էր իշխանության գլուխ հիտլերականների գալով, նա տեղափոխվել է Պրահա, որտեղ մրցելույթներ է ունեցել տեղի «Սլավիայի» կազմում: Նկատենք, որ նրա մարզական կարիերայի մեծ մասն այստեղ է անցել:
Բիցանը հանդես է եկել նաև հավաքականների մակարդակով. սկզբում դա եղել է Ավստրիայի, այնուհետ (1938-ից) Չեխոսլովակիայի ընտրանին: Հարկ է ասել, որ RSSSF-ի վարկածով նա իսկապես աշխարհի լավագույն ռմբարկուն է, ում առնչությամբ հաշվարկն այդուհանդերձ ամբողջական չէ, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով բոլոր տվյալները չէ, որ պահպանվել են:
Դառնանք Ռոնալդուին: Որպեսզի նա կարողանա հասնել Բիցանին, հարկ է, որ հեղինակի ևս 69 գոլ: 35-ամյա պորտուգալացու համար դա անելը գործնականում հնարավոր կլինի, եթե առաջիկա երկու տարում կարողանա պահպանել ընթացիկ մրցաշրջանի տեմպը՝ 18 գոլ՝ «Յուվենտուսում», 11 գոլ՝ ազգային հավաքականում: 37 տարեկանում դառնալ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու՝ հարկավ գայթակղիչ հեռանկար է, թեպետ ֆուտբոլիստն ակնհայտորեն ձև է անում, թե գաղափարի վրա սևեռված չէ:
«Չի կարելի թույլ տալ, որ ռեկորդը դառնա կպչուն գաղափար: Այն ամենը, ինչին ես հասել եմ կյանքում, բնականոն է եղել: Դրանք եղել են իմ ջանքերի ներդրման հետևանք ու ոչ թե նպատակ: Միայն հաճույք ստանալով է, որ մենք հասնում ենք մեծ ձեռքբերումների», -ասել է պորտուգալացին 2019 թվի հոկտեմբերին, երբ խփել է իր մարզական կարիերայի 700-րդ գոլը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ