Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Պետք է պահանջել, որ գազի սակագինը ոչ թե բարձրանա, այլ նույնիսկ իջնի»

«Պետք է պահանջել, որ գազի սակագինը ոչ թե բարձրանա, այլ նույնիսկ իջնի»
25.05.2013 | 16:45

«Կանխեք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներ Սիլվա Ադամյանը, Արամ Գրիգորյանը և Մերի Խաչատրյանը, այսօր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձան գազի գնի բարձրացման տխուր հետևանքներին և դրա դեմ ծրագրավորվող իրենց հետագա անելիքներին:

«Գազի գնի թանկացման դեպքում մենք կունենանք շատ լուրջ բնապահպանական խնդիրներ: Գյուղերում մարդիկ արդեն սկսել են հրաժարվել գազով ջեռուցումից: Մեզանից և ոչ մեկը չի կարող բռնել որևէ մեկի ձեռքը և ասել, որ մի կտրի ծառը, էս պարագայում ժողովրդի կեցության խնդիրն է: Սա շատ լուրջ է և պետք է մոտեցումներն էլ լուրջ լինեն»,-ասաց նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանը` կանխատեսելով, որ կսկսվի թանկացումերի շղթա և մարդիկ կհայտնվեն շատ վատ վիճակում: Վերջինիս փոխանցմամբ, «ՀայՌուսգազարդ» ընկերությունը գումարները չի ծախսում աշխատավարձերի բարձրացման համար, այլ իր գործողություններով փորձում է համոզել հասարակությանը, որ ուզում է ավելի լավ աշխատել. «Բայց ես չեմ կարող հավատալ դրան, քանի որ յոթ տարի տեսել եմ, որ ընկերությունը ոչինչ չի անում»,-ասաց բանախոսը:
Քաղաքացիական նախաձեռնության մյուս ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի խոսքով, իրենք ցուցաբերելու են անհնազանդության դրսևորում ցանկացած պարագայում: Նա շեշտեց, որ ՀՀԿ-ն երկրում վարում է գների բարձրացման քաղաքականություն: «Գները բարձրացնելով` կառավարությունը փորձում է ավելացնել բյուջեի եկամուտները: Իշխանությունները ներկայացրել էին ծրագիր, որտեղ ասվում էր, որ աղքատության ցուցանիշը պետք է իջնի. այսօր չի իջել: Դրա համար որևէ մեկին պատժեցի՞ն, ո՚չ: Սա նշանակում է, որ սա կառավարության ձևն է»,-ասաց նա` հայտարարելով, որ իրենք տապալելու են ՀՀ իշխանությունների կողմից գազի թանկացման որոշումը` գործի դնելով բոլոր տեսակի ընդվզումները: Բանախոսի գնահատմամբ, այսօր հանրությունը հասունացել է և կարող է ասել «ոչ», ուստի պետք է պահանջել, որ գազի սակագինը ոչ թե բարձրանա, այլ նույնիսկ նվազի:
Ասուլիսին ներկա մյուս հյուրի` Արամ Գրիգորյանի փոխանցմամբ էլ` գազի գինը հնարավոր է նվազեցնել: «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր գտնվում է քաղաքական լծի տակ, բայց եթե գործի քաղաքական գործընթացներից դուրս, գինը հնարավոր է նվազեցնել»,-ասաց նա` մանրամասնելով, որ եթե «ՀայՌուսգազարդը» հետ վերցնի հայտը, գազի գնի բարձրացում չի լինի:
Նախաձեռնության անդամները տեղեկացրեցին, որ առաջիկայում ՀԾԿՀ-ում լսումներ են լինելու և քննարկվելու է գազի թանկացման հարցը: Եվ եթե փոփոխություն չլինի, ապա նախաձեռնությունը անհնազանդություն է ցուցաբերելու: «Մեր խնդիրն է պարզել` ինչ է այստեղ թաքնված»,-եզրափակեց Ա. Գրիգորյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1429

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ