Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ՌԴ ԱԳՆ-ն հետևողականորեն առաջ է տանում ադրբեջանաթուրքական օրակարգը

ՌԴ ԱԳՆ-ն հետևողականորեն առաջ է տանում ադրբեջանաթուրքական օրակարգը
25.09.2023 | 20:43

Ահա մի ընդարձակ մեջբերում ՌԴ ԱԳՆ քիչ առաջ արված հայտարարությունից, որտեղ ցեղասպան և ֆաշիստական Ադրբեջանը ներկայացված է որպես կառուցողական կողմ, գրեթե՝ որպես հայկական ագրեսիայի զոհ, իսկ հակամարտության ամբողջ մեղքը բարդված է Հայաստանի և Արցախի հայության ու նրա ինքնապաշտպանական համեստ ուժերի վրա:

«Իրավիճակը թեժացավ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական զինված ուժերի շարունակական ներկայության մասին պաշտոնական Երևանի շարունակվող ժխտողականությամբ, ինչը դարձավ վերջին սեպտեմբերյան էսկալացիայի հիմնական պատճառներից մեկը։ Սեպտեմբերի 20-ին РМК-ի (ռուս խաղաղապահների) միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը տեղում մնացած Հայաստանի զինվորական ստորաբաժանումները դուրս բերելու և «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն» ամբողջովին զինաթափելու մասին (ներառյալ ծանր տեխնիկան և սպառազինությունը) բացահայտեց իրական պատկերը և ստեղծեց նախադրյալներ կայուն դեէսկալացիայի համար»։

[«Обстановку накаляло и упорное отрицание официальным Ереваном сохранявшегося после 9 ноября 2020 г. присутствия в НК армянских вооруженных формирований, что и стало одной из ключевых причин последнего сентябрьского обострения. Достигнутая при посредничестве РМК 20 сентября договоренность о выводе остающихся подразделений Армении и полном разоружении «армии обороны Нагорного Карабаха» с выведением тяжелой техники и вооружений вскрыла реальную картину и создала предпосылки для устойчивой деэскалации.]

ՌԴ ԱԳՆ-ն, փաստորեն, պնդում է, որ 2023 թ. սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական դաժան հարձակումն Արցախի խաղաղ բնակավայրերի դեմ «նախադրյալներ է ստեղծել կայուն դեէսկալացիայի համար»։ Արդյոք այս հայտարարության հեղինակները տեղյա՞կ են, որ այդ նորաստեղծ «նախադրյալների» պատճառով Արցախն անասելի արագությամբ հայաթափվում է՝ արդեն ամբողջությամբ դատարկվել են տասնյակ բնակավայրեր, այդ թվում՝ հյուսիսային շրջկենտրոն Մարտակերտը։ Հայության տարհանումն ու ցեղասպանությունը համարել «նախադրյալներ կայուն դեէսկալացիայի համար» կարող են միայն իրականությունից լիապես կտրված «դիվանագետները» կամ ծայրաստիճան ցինիկ մարդիկ։

Ինչու՞ է ՌԴ ԱԳՆ-ն հեգնաբար չակերտների մեջ առել Արցախի հույսն ու հավատը՝ Պաշտպանության բանակը, որի հետ երեք տարի շարունակ տեղում սերտորեն համագործակցել է՝ առանց որևէ խնդիր ունենալու հայ մարտիկների հետ։ 2020 թ. հայտարարության մեջ որևէ կետ չկա Արցախի ինքնապաշտպանական ուժերը զինաթափելու և կազմալուծելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ում մի՞թե չգիտեն, որ անզեն հայն Արցախում ենթարկվելու էր ադրբեջանցի ֆաշիստական զավթիչների բարբարոսական բռնություններին ու զանգվածային սպանություններին։ Արցախցին մնացել էր իր հայրենի հողում միմիայն որովհետև զինված էր։

Բացի այդ, հայտարարությունում նշվում են Արցախում իբր ներկա ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները։ Դա էլ է սուտ ու կեղծիք։ Ցավոք, ՀՀ ԶՈՒ վերջին ստորաբաժանումները արդեն մոտ երկու տարի է, ինչ Արցախից դուրս են եկել։

Այսպիսով, ՌԴ ԱԳՆ-ն հետևողականորեն առաջ է տանում ադրբեջանաթուրքական օրակարգը և միաժամանակ ցանկանում է, որ դա դժգոհություն չառաջացնի հայ հանրության միջավայրում։ Բայց չէ՞ որ դա պարզապես անհնար է։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 3653

Մեկնաբանություններ