38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Արվեստագետն ու գիտնականը պիտի համոզվեն, որ թիկունքում պետություն կա»

«Արվեստագետն ու գիտնականը պիտի համոզվեն, որ թիկունքում պետություն կա»
24.12.2022 | 14:33

Զրույց ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանի հետ


-Ստեղծագործելիս թեմաներն ու կերպարներն ընտրում եք նախապե՞ս, թե՞ դրանք ստեղծվում են պահի թելադրանքով:
-Ոչինչ չեմ նախատեսում, պարզապես նկարում եմ այն, ինչ թելադրում են սիրտս ու միտքս: Եկավ մի պահ, երբ որպես կերպար նախընտրեցի ծաղրածուներին ու երաժիշտներին` միայն այն բանի համար, որ, անտեսելով սեփական տխրությունը, միշտ աշխատել են ուրախացնել մարդկանց:
-Որոշ արվեստաբաններ կարծում են, որ դիտողը կտավն ընկալում ու մեկնաբանում է ոչ այնպես, ինչպես ցանկացել է ներկայացնել նկարիչը:
-Դրանք կեղծ արվեստաբաններ են, նման բան չկա: Եթե դիտողն այդպես է ընկալում ու հասկանում, ուրեմն ճիշտը դա է: Արվեստաբանները սիրում են ուռճացնել, և դա գալիս է խորհրդային տարիներից, ու այսօր էլ շարունակվում է նույնը:
-Քանի որ անդրադարձ եղավ խորհրդային տարիներին, ուզում եմ հարցնել՝ Ձեր սերունդն իրո՞ք դժվարությամբ հաղթահարեց արվեստը կաղապարող խորհրդային գաղափարախոսության պատնեշը:
-Պատնեշ չի եղել, դա էլ արվեստաբանների հորինածն է, մեծ-մեծ խոսում են: Ես երիտասարդ եմ եղել ու ինչ որ նկարել եմ, մշտապես գնահատվել է Մարտիրոս Սարյանի ու Երվանդ Քոչարի կողմից: Սակայն դրանից թևեր չեմ առել, պարզապես հպարտացել եմ, որ մեծերի կողմից գնահատվել եմ: Երիտասարդ նկարիչներին միջոցներ ու հնարավորություններ էին տրվում: Ինչ վերաբերում է նկարչական ուղղվածությանը, ապա ազատ եմ եղել ու առ այսօր ազատ եմ այդ հարցում, նկարում եմ այն, ինչ գալիս է ներսիցս: Պատահում է, որ մեկ շաբաթ շարունակ նկարում եմ, ոչինչ չի ստացվում: Ես նախընտրում եմ աշխատել միաժամանակ 7-8 կտավի վրա և՝ տարբեր թեմաներով: Այդ պահին ինձ ինչ հուզում է, հանձնում եմ կտավին` կլինի գույնը, տոնը, թե լույսը: Այդ ամենը կտավին հանձնելուց հետո դնում եմ մի կողմ, հետո այդ կտավից մի նոր կտավ է ծնվում, ու այդպես շարունակ: Ի դեպ, իմ արվեստանոցում պատերին կտավներ չեք տեսնի, դրանք շարված են պատի տակ, որպեսզի հանգստի պահին դիտեմ ու մտածեմ, թե կտավի վրա ի՞նչն է ավելորդ, ի՞նչը պետք է փոխել, ի՞նչը պահպանել:
-Թերևս, ոչ բոլոր նկարիչներն են աշխատում Ձեզ նման:
-Չէ, ինչո՞ւ, կան, Մինասն էլ միաժամանակ մի քանի կտավների վրա էր աշխատում:
-ՈՒնե՞ք նախընտրած գույն: Մի անգամ նկարիչներից մեկն ասաց, որ դեղինը գույների գույնն է:
-Սիրած գույն չունեմ, ինձ համար բոլորն էլ սիրելի են: Հզոր երևակայություն ունեցող նկարիչը սևով էլ կարող է լավ նկարել:
-Հայտնի է, որ Կարեն Դեմիրճյանը սիրում էր այցելել Նկարիչների միությունում կազմակերպվող ցուցահանդեսներին և հիանալի հասկանում ու մեկնաբանում էր արվեստի գործերը: Ձեր կարծիքով` երկրի ղեկավարը պե՞տք է, որ հասկանա ու գնահատի արվեստը:
-Ես կասեի` պարտավոր է: Կարեն Դեմիրճյանը հետաքրքիր ղեկավար էր: Հիշում եմ՝ մի օր արվեստաբանության դասախոսություն կարդաց, որին ներկա էր Նկարիչների միության սերուցքը, ես զարմացել էի, այդքան գիտա՞կ: Նա իր վրա աշխատող ղեկավար էր, կարդում էր կերպարվեստի և առհասարակ արվեստի վերաբերյալ գրականություն, տիրապետում էր արվեստի այնպիսի նրբությունների, որոնցից զուրկ էին անգամ շատ արվեստաբաններ: Նա քաջատեղյակ էր նաև երաժշտության բնագավառին, նրան ապակողմնորոշելը շատ դժվար էր: Նա՞ էր մեզ դաստիարակում, թե՞ մենք` նրան, չգիտեմ, բայց արդյունքը դրական էր: Նա բարձր էր գնահատում մշակույթը, հասկանում էր նրա դերն ու նշանակությունը, ուստի նպաստում էր մշակույթի զարգացմանը: Իսկ նրանից հետո եկածները որոշեցին, որ մեզ մշակույթ պետք չէ, և մտածեցին ոմն Կտրիճ Սարդարյանի պես. «Հայաստանի ինչի՞ն է պետք այսքան նկարիչ, երկուսը հերիք են»: Որոշ «փառահեղ» գլուխներ ջրառատ գետում ջուրը չէին նկատում: Եվ սահմանափակ միտքն սկսեց ճնշել ու հալածել արվեստը: Այսօր էլ կան ղեկավարներ, ովքեր շատ հեռու են արվեստից և մտքում զարմանում են իրենց բախտի վրա:
-Շատերի կարծիքով՝ այսօր արվեստն անպաշտպան է: Ո՞վ է մեղավոր, կառավարությո՞ւնը, քաղաքականությո՞ւնը, թե՞ երկուսը միասին:
-Երկուսն էլ մեղավոր են: Որքան էլ փորձում ես չզբաղվել քաղաքականությամբ, նա ինքն է զբաղվում քեզնով: Կուսակցությունների առատությունից շնչահեղձ ենք լինում: Մի փոքր հանրապետության համար արդյոք շատ չե՞ն: Իշխանությունները չեն էլ զգում նրանց ճնշումը: Երկու հակադիր գաղափարախոսությունների միջև տուժողը դարձյալ ժողովուրդն է ու մեկ էլ` մշակույթը: Երկրի նախագահը որ ուզենա, կփոխի իրավիճակը: Ես լինեի, կկանչեի օլիգարխներին ու, հարկային բեռը թեթևացնելու պայմանով, կպարտադրեի հովանավորել մշակույթի ու գիտության բնագավառները, ինչպես դա արվում է եվրոպական երկրներում: Փող ու թոշակ կնշանակեի խոստումնալից արվեստագետներին ու գիտնականներին, դրանով կնպաստեի մշակույթի, տնտեսության, արդյունաբերության զարգացմանը: Երկրի համար սրտանց աշխատելու և ստեղծագործելու համար պիտի խրախուսել նրանց: «Հանուն հայրենիքի» ժամանակներն անցել են: Արվեսագետն ու գիտնականը պիտի համոզվեն, որ թիկունքում պետություն է կանգնած:
-Մեզ մոտ բացօթյա արվեստի մասին պատկերացումները սահմանափակվում են փողոցներում ու անցումներում նվագող-երգող երաժիշտներով կամ վերնիսաժում կտավ վաճառող նկարիչներով:
-Ցավոք, մեզ մոտ ադպես էլ կա: Մինչդեռ Մեքսիկայի քաղաքների հրապարակներում սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հաճախ կարելի է ունկնդրել հանրահայտ երաժիշտների դասական ստեղծագործություններ: Գիտե՞ք` դա ինչ մեծ նշանակություն ունի հասարակության, մասնավորապես, սերնդի դաստիարակության գործում: Նորից դառնամ խորհրդային տարիներին, երբ ցուցահանդեսներին ու համերգներին մասնակցելու համար դպրոցականներին պարտադրվում էին աբոնեմենտներ: Գալիս էին անգամ հեռավոր մարզերից ու գյուղերից: Սերունդ էր դաստիարակվում, ոչ թե այսօրվա պես:
-Կյանքը խորապես ճանաչողները երբեք չեն կորցնում այն բարելավելու ձգտումը: Դուք նո՞ւյնպես:
-Գիտե՞ք, շատ բան այսօր այնպես չէ: Բարքերի այլասերումն ավելի է խորացել: Պետք է այնպես լինի, որ ամերիկացու և ֆրանսիացու նման, երկրի հիմնը լսելիս, ոտքի կանգնես, հուզվես: Ախր, հեչ տեղ չեն թողել: Իրենք պետք է օրինակ ծառայեն, թե չէ ժողովուրդը միշտ էլ հայրենասեր է, ու նրա սիրտն ավելի է ցավում երկրի համար: Բայց, ցավելով հանդերձ, թողնում, հեռանում է, քանի որ ապրելը դժվարացել է: Սեփական երկրում չունենալով ստեղծագործելու հնարավորություն` տաղանդավոր շատ նկարիչներ հեռացան: Օրենք են սահմանում, թե իբր ազգային հարստությունը չպետք է դուրս հանել, բայց իրենք այդ հարստությունը ստեղծողի համար երկրից հեռանալու պայմաններ են ստեղծում: Մնացողներն էլ, պետությունից հույսը կտրած, իրենք են իրենց գլխի ճարը տեսնում:
-Լավ, մեր խոփը որտե՞ղ դեմ առավ քարին:
-Երբ բարին ու չարը խառնվեցին մեր մեջ: Մարդկային արժանիքներից, թերևս, ամենակարևորը ազնվության ու արժանապատվության զգացումներն են, որոնք մարդկանց մեջ պետք է փնտրել Դիոգենեսի լապտերով: Չարը շատացել է ու ազնիվների ճանապարհը փակել փշով: Որքան շփվում եմ, այնքան ավելի եմ համոզվում: Ի դեպ, մարդու ձևավորման համար շփումը շատ մեծ նշանակություն ունի: Ընտանիքից հետո փողոցը համալսարան է մարդու համար, պետք է իմանաս կարելին-չիկարելին: Երբեմն չիկարելին կարող է համարվել կարելի: Չարն ու բարին պիտի փողոցում իմանաս:


Զրուցեց Անուշ Ներսիսյանը

Դիտվել է՝ 30412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ