ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Այսօր սոդոմ-գոմորի ժամանակները վերադառնում են»

«Այսօր սոդոմ-գոմորի ժամանակները վերադառնում են»
04.11.2008 | 00:00

«ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄՆ «ՈՒՏՈՒՄ» Է ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԸ»
Թատերական նոր մտածելակերպ և ազատ բեմի ինստիտուտ. սրանք են այն կարևոր բացթողումները, որոնք խանգարում են հայ թատրոնի միջազգային ճանաչմանը։ Այս կարծիքին է դերասան, «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԸ։
- Խորհրդային Միության փլուզման հետ թատերական կյանքը մեզանում հետին պլան մղվեց: Այդ կորուստն այսօր վերագտե՞լ ենք։

- Այդ տարիներին, իսկապես, մենք թատերական մեծ կորուստ ունեցանք, բայց այժմ, կարծում եմ, վերագտել ենք մեզ: Այսօր գործում են բոլոր թատրոնները, և ներկայացումների պակաս չունենք: Կարևորում եմ նաև թատերական երկու միջազգային փառատոները, որոնք անցկացվում են Երևանում. այս տարի նրանց միացավ նաև երրորդը` մնջախաղի փառատոնը: Այս ամենը նշանակում է, որ թատրոնը տեղում չի դոփում: Միաժամանակ մեր թատրոնը կտրված է աշխարհից, իսկ հյուրախաղային քաղաքականությունը բավականին բարդ ու ծախսատար է մեր երկրում, քանի որ թատերական հյուրախաղերն անչափ թանկ հաճույք են, ուստի այս փառատոները նշանակալի դեր ունեն թե՛ այլ թատրոնների հետ շփման, թե՛ մեր ներկայացումները նրանց ճանաչելի դարձնելու գործում: Վստահ եմ` մենք ունենք ներկայացումներ, որոնք հանգիստ խղճով կարող ենք ներկայացնել աշխարհին, և որոնք կարող են պատվաբեր լինել մեզ համար:
- Ի՞նչն է պակասում այսօր մեր թատրոնին:
- Թատերական նոր մտածելակերպը: Մեր մտածելակերպն ու, ընդհանրապես, մոտեցումը թատրոնին հնացած են, քանի որ մենք չունենք ազատ բեմի ինստիտուտ, որն այսօր շատ կարևոր է ողջ աշխարհում: Ազատ բեմի ինստիտուտը թատերական նոր կամ խառը խմբերի ստեղծման հնարավորություն է տալիս: Այսպես ստեղծվեց մեր «Անտրիպրիզ» ստեղծագործական խումբը, որի ներսում ևս ստեղծվում են առանձին խմբեր և աշխատում կարճ ժամանակահատված` ինչպես «Խաթաբալադայում» կամ երկար` ինչպես «Mea Culpa»- ում, որն արդեն վեց տարի է, ինչ բեմի վրա է: Նույն կերպ է աշխատում Վարդան Պետրոսյանը, վերջերս նաև` Միքայել Պողոսյանը: Բայց, որպեսզի այս կերպ ստեղծված նախագծերն ավելի շատ ու արդյունավետ լինեն, միանշանակ պետք են ազատ բեմեր: Այսօր մենք ունենք մեկ ազատ բեմ` Կամերային երաժշտական թատրոնի բեմը: Իսկ դա շատ քիչ է:
-Հաղթահարելով որոշակի դժվարություններ` մեզանում անփոփո՞խ մնաց թատրոնը։
- Անկախ ամեն ինչից ու ամեն դժվարությունից` թատրոնի դերն անփոփոխ է: Թատրոնը երբեք չի կարող հնանալ իր ձևի և որակի մեջ, քանի որ մշտապես դասվում է ժամանակակից արվեստների տեսակին: Հայ հանդիսատեսի թատերասեր լինելն ապացուցված է, և դրա լավագույն վկայությունն այսօրվա մեր թատրոնների լեփ-լեցուն դահլիճներն են: Այսինքն` թատրոնը պահանջված է: Այսօր մենք գրեթե թատերագրություն չունենք, և թատերագրությամբ կամ թատերական ներկայացումների վերլուծությամբ զբաղվում են մարդիկ, ովքեր պարզապես դրա իրավունքը չունեն: Նրանց վերլուծության արդյունքում էլ ստացվում է, որ այսօր մենք թատրոն չունենք: Սա անթույլատրելի է, այսպես դիլետանտիզմն «ուտում է» պրոֆեսիոնալիզմը: Մենք չունենք դրամատուրգիա, փորձում ենք համաշխարհային դրամատուրգիայից որոշ բաներ վերցնել, թարգմանել, ինչը ժամանակ և ուժ է խլում ու նաև բավականին թանկ հաճույք է:
-Կհաջողվի՞ լրացնել այդ բացը:
- Ժամանակի ընթացքում անպայման այն կլրացվի, պարզապես ընթացքը կարող է մի քիչ երկար տևել: Այս խնդիրը կլուծվի, երբ ի հայտ գան նոր խմբեր, թատրոնի նոր ձևեր, որոնք կհամապատասխանեն թատրոնի ներկայացրած միջազգային պահանջներին: Իսկ դրա համար անհրաժեշտ է հաճախակի շփվել միջազգային թատրոնների հետ: Այսօր հենց իրենք` թատրոնի ներկայացուցիչներից շատերն են ասում, որ մենք թատրոն չունենք, ինչն ուղղակի հանցանք եմ համարում: Այդպես կարելի է կոտրել երիտասարդի մեջ սերն ու հետաքրքրությունը դեպի թատրոնը, և նա ընդմիշտ կհեռանա թատրոնից:
-Ձեր մասնակցությամբ ամենահաջողված բեմադրություններից մեկը «Mea Culpa»-ն է («Իմ մեղքը»): Մեր իրականության մեջ շա՞տ են մեղքերը:
- Մարդկային մեղքերը միշտ էլ շատ են: Դրա համար էլ մենք ունենք այսօրվա քաոսային վիճակը: Այսօր սոդոմ-գոմորի ժամանակները վերադառնում են, ինչի համար ցավում եմ: Մեր իրականության մեջ ինչ-որ բան խախտվել է, և այն ոչ մի կերպ չի ուզում իր նախկին վիճակին վերադառնալ, կամ մենք չենք ուզում վերադարձնել, ինչն էլ իր ազդեցությունն է թողնում գրականության, թատրոնի, կինոյի, երաժշտության, կերպարվեստի վրա: Նկատե՞լ եք՝ վերջերս, երբ մենք ուզում ենք անդրադառնալ մեր արվեստին, դեպի անցյալն ենք գնում և այնպիսի փայլուն անուններ տալիս, որոնցից շատերը, ցավոք, այլևս մեզ հետ չեն: Մինչդեռ մենք պատերազմում հաղթած երկիր ենք, և մեր արվեստը պետք է որ ցայտուն վերելք ապրեր, ինչպես լինում է նման դեպքերում:
- Գուցե այն պատճառով, որ մենք` հայերս, սիրում ենք ներկան գնահատելու չափանիշ համարել անցյա՞լը:
- Մենք մի քանի վատագույն արտահայտություններ ունենք` «Գնա մեռի, արի սիրեմ», կամ` «Որտեղ հաց, այնտեղ կաց», որոնք արմատացել են մեր մտածելակերպի մեջ: Ի վերջո, ժամանակն է, որ գնահատենք մեր ունեցածը: Այսօր մենք ունենք փայլուն անուններ, որոնք քայլում են մեր կողքին կամ բեմ են բարձրանում, բայց նրանց, հավանաբար, գնահատելու ենք վաղը:
-Այսօր պետական համապատասխան ուշադրություն հատկացվո՞ւմ է արվեստին ու արվեստի գործիչներին:
- Մի ասացվածք էլ կա` «Տաշած քարը գետնին չի մնա»: Եթե ուշադրության արժանի աշխատանք ես անում, գուցե փոքր-ինչ ուշ, բայց անպայման կգնահատվի: Եթե անգամ պետությունն անուշադիր գտնվի` չհասկանալով, թե դա ինչ բան է (քանի որ մեր չինովնիկներից շատերն իրենց կյանքում թատրոն չեն այցելել), վստահ եմ, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կգնահատեն այդ մարդկանց ու նրանց աշխատանքը: Ինչ վերաբերում է պետության աջակցությանը, իր ուժերի ներածին չափով փորձում է աջակցել, բայց, կարծում եմ, կարելի է ավելի շատ գումար տրամադրել արվեստի զարգացմանը, քանի որ այսօր կարող ենք «վաճառել» այն: Մենք ունենք բարձր կատարողական արվեստ, որը հանգիստ կարող ենք ներկայացնել աշխարհին, եթե մի փոքր գումար ծախսենք: Ցավոք, այսօր աշխարհը հիանում է վրացական «Ջորջիան լեգենդ» պարի խմբի կատարումներով, բայց նույնը կարող էր անել մեր պարի պետական անսամբլը, որը ժամանակին եղել է այդպիսին: Երաժշտությունը, իսկապես, սահմաններ չի ճանաչում, իսկ թատրոնն ունի իր խնդիրները, հատկապես լեզվական խնդիրը: Միայն Ջիվան Գասպարյանը շատ քիչ է երկիր ներկայացնելու համար, ընդ որում, նրան էլ աշխարհին ներկայացնելու համար մենք առանձնապես ջանք չենք գործադրել. ուրիշներն են նրան տարել: Այսօր եվրոպական կամ համաշխարհային բեմերում մենք ունենք հրաշալի կատարողներ, որոնք, ցավոք, չեն փայլում մեր բեմերում, որովհետև նրանց չենք կարողանում պահել։ Դա է մեր մեղքը: Կարծում եմ՝ եթե մշակույթի նախարարությունն ունենար պրոդյուսերական կենտրոն և հատուկ աջակցության ֆոնդ, որի միջոցները կարող են առաջանալ, ասենք, հենց մեր` արվեստի աշխարհի կամ արվեստասեր մարդկանց օժանդակությամբ, հնարավոր կլինի աջակցել մեր արժանի արվեստագետներին, ինչու չէ՝ նաև նպաստել նոր անունների հայտնաբերման և համաշխարհային բեմերից նրանց ներկայացման գործին: Այդ դեպքում նրանք անպայման հայրենիք կվերադառնան, քանի որ կզգան, որ պետության ուշադրության կենտրոնում են: Որովհետև մայր հողից ստացած սնուցումն ուղղակի անհրաժեշտություն է ստեղծագործող մարդու համար, և այլ երկրում դրան չի փոխարինի ոչ մի արքունական պալատ կամ անմահական այգի:
ԶՐՈՒՑԵՑ Արմինե ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2616

Մեկնաբանություններ