ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ցանկացած պետության կայացման հիմքը նրա կրթական համակարգն է

Ցանկացած պետության կայացման հիմքը նրա կրթական համակարգն է
24.10.2008 | 00:00

«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO-2008»
«Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում հոկտեմբերի 22-ին բացվեց «Կրթություն և կարիերա EXPO-2008» 9-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր տեղական և արտասահմանյան ընկերությունների ավելի քան 40 կազմակերպություն։ Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր աշակերտներին և ուսանողներին ներկայացնել մեր բուհերը, միջին մասնագիտական հաստատությունները, կրթահամալիրները: Այս տարի ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցում են նաև ավագ դպրոցներն ու նախադպրոցական կրթություն իրականացնող կազմակերպությունները:
Ցուցահանդեսի բացմանը «LOGOS Expo Center» ընկերության գործադիր տնօրեն Արա Ստեփանյանը նշեց, որ ցանկացած պետության կայացման հիմքը նրա կրթական համակարգն է, և կայուն պետություն ունենալու համար հարկավոր է սկսել դպրոցական կրթությունից. «Դեռևս խորհրդային տարիներից հայկական կրթական համակարգը լավագույնն է համարվել, և ես հույս ունեմ, որ այդ ավանդույթները երկար կշարունակվեն»։ Նա նաև ավելացրեց, որ ցուցահանդեսը տալիս է իր արդյունքը, քանի որ իրենք ամեն տարի նախատեսում են այցելություն 30-40 դպրոց: «Դպրոցների թիվն այնքան էլ չի գոհացնում մեզ, քանի որ տնօրեններին չի հետաքրքրում աշակերտների մասնագիտական կողմնորոշումը: Կենտրոնը շատ հաճախ նույնիսկ անվճար տրանսպորտ է տրամադրում, սակայն դա էլ չի օգնում»:
«LOGOS Expo Center» ընկերության տնօրենը հույս հայտնեց, որ երեք օրվա ընթացքում պոտենցիալ դիմորդները կկարողանան կողմնորոշվել՝ որ բուհն ընտրել մասնագիտանալու համար:
ՀՀ կրթության և գիտության նախարարության միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի խոսքով, ցուցահանդեսը հասարակայնության լայն շրջանակին տեղեկատվություն է ներկայացնում կրթության ոլորտի վերջին բարեփոխումների մասին: Այդ համատեքստում առանձնացվեց ավագ դպրոցի ներդրման մասին տեղեկատվություն տրամադրող տաղավարի առկայությունը:
Առանձին տաղավարներով ներկայացված են Հայաստանի հիմնական բուհերը: Միջազգային կառույցներից մասնակցում էին Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան, Հայաստանում ֆրանսիական համալսարանը և այլն:
Ցուցահանդեսն անցկացվում է մի քանի թեմատիկ բաժիններով՝ բարձրագույն կրթություն (ակադեմիաներ, համալսարաններ, ինստիտուտներ), միջին մասնագիտական կրթություն (քոլեջներ, տեխնիկումներ, գիմնազիաներ), կադրերի վերապատրաստում, օտար լեզուներ, ուսուցում արտերկրում, փոխանակման ծրագրեր, աշխատանքի տեղավորում, միջազգային կազմակերպություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ կրթական համակարգում և այլն:
Ցուցահանդեսին մասնակցում է նաև գնահատման և թեստավորման կենտրոնը, որն աշակերտներին է ներկայացնում նոր տպագրված ֆիզիկայի ուղեցույցը, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների թեստերի պատրաստման ընթացքը, փոքրիկ ֆիլմեր:
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4988

Մեկնաբանություններ