ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կարս

Կարս
17.12.2023 | 10:40

Երկար փողոցը ուղիղ իջնում է խաչմերուկ, իննսուն աստիճան անկյունով շրջվում ձախ, և դիմացդ Կարսի բերդն է: Նման ձիու քայլի` ինչպես շախմատում: Ամենուր, փողոցի երկու կողմերում հայկական շենքեր են` 19-րդ դարի ճարտարապետության դրսևորումներով: Կիսափակ աչքով էլ տեսնում ես կառուցող հայ վարպետներին: Սա Կարսն է, հայկական Կարսը, հայի Կարսը: Օտարության, հեռացումի, փոքր ինչ հուսալքության զգացում ներշնչող ցածրահարկ բնակելի շենքերը` ինչ-որ դեղնավուն ու կապտավուն ներկված տեսքով, խիտ-խիտ, շատ մոտ-մոտ, ասես սերմնացանի ձեռքով շաղ տված ուղղակի հողի վրա, մնում են թիկունքում, օդի մեջ արձակված ու ցնդած ծխախոտի ծխի պես:

Ճաշում ենք 1855 թ. կառուցված շենքի սրահում: Ոչինչ չեն փոխել ու վերաձևել: Տախտակածածկ հատակ, կիրով սպիտակեցրած պատեր, անգամ որմնախորշում դրված է բուրդ գզելու փոքրիկ սարքը` սանդերքը: Հայերով ճաշում ենք հայկական օջախում. Կարսում ենք: Տան ներկա տերերին հարցնում ենք` ի՞նչ գորգեր են հատակին, պատասխանում են` հայկական կամ ռուսական: Սակայն նման գորգեր, ավելի ճիշտ` մեծ կարպետներ գործում էին հայերը:

Փողոցը թեքվում ենք, դիմացը` բարձր բլրին, Կարսի բերդն է, վեհ ու առնական, խրոխտ, անզիջում, այլընտրանք չթղնող, մի քիչ էլ դաժան: Միջնաբերդի վրա, շատ բարձր, փողփողում է թուրքական ծավալուն դրոշը` բոլոր կողմերից երևացող: Չի խանգարում: Հետս սպիտակ շունն է, խաչմերուկում է ընկերացել, ուղեկցում է բերդ տանող ճանապարհին:

Նախ Առաքելոց վանքն է. ոչինչ չեն փոխել, միայն գմբեթի խաչն են փոխարինել կիսլուսնով: Հիմա մզկիթ է: Ստիպված ենք կոշիկները հանել և նոր միայն դռնից մտնել, քայլել գորգանման ինչ-որ փալասների վրայով: Չգիտեմ, ինչպես վարվեմ իմ հավատի հետ: Արգելափակվում է, վերևից չի հոսում ու լցվում սիրտս ու հոգիս: Մի քիչ հեռու է, մի քիչ օտար, սփրթնած ու դալուկ. չենք հասնում իրար: Հոգին հանած մարմին է տաճարը, նայում եմ պատերին, գմբեթին. ջերմություն կամ զովություն, ուղղակի շունչ չեմ զգում: Դրսից ինքն է, ներսում ես չկամ: Նկատում եմ կողքի դռան մեջ ինչ-որ մեկին, քայլ է անում առաջ, քայլ` ետ, ծիկրակում է, ի վերջո, չի դիմանում ու պահվում է դռան հետևում: Հավանաբար մոլլան է կամ ծառայություն անող մեկը: Ինձ համար գոյություն չունի. ի՛նքը տեղը չի գտնում իմ ներկայությունից: Այսպես ենք հանդիպում ես ու իմ տաճարը, որ չգիտենք ինչպես վարվենք մեր հավատի հետ. ո՛չ բարև ենք ասում իրար, ո՛չ ցտեսություն:

Սալարկված ճանապարհով բարձրանում եմ բերդ, որովհետև արագ հնարավոր չէ, որքան էլ ուզես շուտ տեսնել ներսից. անառիկ է ու անմատչելի նույնիսկ բաց ու ազատ ելումուտի մեջ: Նայում եմ բարձր ու չկասկածող պարիսպներին, դարպասներից ներս ճանապարհին` բերդի ու միջնաբերդի արանքում: Բակում դրված է մի հին թնդանոթ. մարած վկայություն բերդի երբեմնի ռազմական փառքի: Լռության, այս խոսուն անխոսության մեջ ձայներ եմ լսում շշուկով, շշնջյուններ են, հեռու՞, թե՞ մոտ, այսօրի՞ց է, թե՞ անցած մի ժամանակից:

Քարե, բարձր, կտրուկ զառիվեր աստիճաններով բարձրանում եմ: Նոր ընկերս` սպիտակ շունը հետս է: Միջնաբերդի մուտքը կողպած է երկաթե դռնով: Մետաղի ու պատի ճեղքից ծիկրակում եմ ներսը: Շունը պիրկ թաթերով հարվածում, ճանկռում է հաստ թիթեղները, հևասպառ ուզում է ներս մտնել, որտեղ վեհորեն փողփողում է թուրքական դրոշը, իսկ ճակատին Քեմալի մեծադիր նկարն է: Անճարակությունից, վեհ խեղճությունից կռանում, շանն եմ շոյում: Շո՛ւնս, եթե հնար լիներ, հետս Երևան կտանեի քեզ:

Իսկ բակի հակառակ ծայրին բերդի եկեղեցին է. ձախ կողմում, պատին կպած, կիպ կպած, զուգարան են շինել թուրքերը: Մեկ անգամ էլ նայում եմ շուրջս, մեռնում ու հարություն եմ առնում, հարություն առած` նորից մեռնում: Արա, ո՞նց եք հանձնել Կարսը: Բերդի դարպասը, դռները բացել ու թուրքին ներս եք թողել, ոտատակը տվել: Ո՞նց: Ո՛չ ապշելու է, ո՛չ ցնդելու. ուղղակի էշից է՛շ:

Ավելի վեհ, առնական ու անառիկ են Բայազետի բերդի պարիսպները, երբ մեքենան արգելակում ենք ճանապարհին ու նայում: Ասում են` ճանապարհից նայելու համար է: Իսկ ներսում մզկիթ է մեծ, որ երևում է հեռվից: Այսպես հայերը գալիս` հեռվից նայում են ու գնում: Իսկ թուրքը մզկիթ է դրել ու նամազ է անում. քո բերդում, որ ժամանակներ է խոնարհել իր պարիսպների վրա, բայց ինքը չի խոնարհվել. խոնարհված մենք ենք: Արդյո՞ք փոխվել ենք: 1000 տարի առաջ Անի ենք հանձնել, 100 տարի առաջ` Կարս, 1 տարի առաջ` Շուշի. քո վերջին բերդաքաղաքը: ՈՒզո՞ւմ ես խելագարվիր. ո՛չ ժամանակների տնգլին է, ո՛չ էլ պատմության: Քո այբուբենի առաջին տառը

«ա»-ն է, որով գրվում է նաև ավանակ:

Վարդանի նշանավոր կամուրջն է. քայլիր վերից վար ու շոյիր քարե բազրիքները: Մի ամբողջության մեջ է այս եռակառույցը. Առաքելոցը, բերդը, կամուրջը: Մենակ չեմ, Չարենցը հետս է: Չարենցի Կարսն է` Երկիր Նաիրին, որ մորմոք է, ցնորք է ու զառանցանք. հիմա՛, հենց հիմա՛: Իրականը թուրքի հարսանիքն է, որ հարսանեկան զույգը պտտվում է Առաքելոցի շուրջը: Մերը բակում վաճառվող հուշանվերն է. ա՛ռ ու գնա՛:

Հայերեն բարձր գոռալով ինչ-որ բան եմ ասում խաչմերուկի մի կողմից մյուս կողմը. Կարսում ենք, փողոցում հայեր են:

Կարսն ուրիշ է, այլ կերպ է քեզ տանում, այսինքն` քեզ բերում է քեզ:

Կարսը չեն հանձնում, Կարսը չեն կորցնում. ուղղակի՛, պարզապե՛ս, անտարակո՛ւյս:

Հետս վերցնում եմ հաց ու պանիր, պանիր և հաց` Կարսից:

Հուսիկ ԱՐԱ

Դիտվել է՝ 2097

Մեկնաբանություններ