ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«Տասնվեց տարեկան աղջնակի համար հանճարի կողքին լինելը շատ գեղեցիկ ու հաճելի բան էր»

«Տասնվեց տարեկան աղջնակի համար հանճարի  կողքին լինելը շատ գեղեցիկ ու հաճելի բան էր»
11.05.2012 | 00:00

Ապրիլի 20-24-ին` Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարության օրերին, մենք ունեցանք բազմաթիվ հայ և օտարազգի հյուրեր, որոնք ականատես և մասնակից դարձան այդ ընթացքում կազմակերպված տարաբնույթ միջոցառումների:

«Ակադեմիա» պատկերասրահում բացվեց «Բորխեսի ատլասը» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը, որն ընդգրկում էր արգենտինացի աշխարհահռչակ գրող Խորխե Լուիս Բորխեսի և նրա կնոջ` Մարիա Կոդամայի շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում արված լուսանկարները: «Երկրային մեր հաճելի կեցության ընթացքում Մարիա Կոդաման և ես ճանապարհորդել և վայելել ենք շատ շրջաններ, և դրանք ներշնչանք են հանդիսացել շատ լուսանկարների և բազմաթիվ էջերի ստեղծման համար»,- գրել է Խորխե Լուիս Բորխեսը «Ատլասի» նախաբանում:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր անձամբ ՄԱՐԻԱ ԿՈԴԱՄԱՆ, ում «Իրատես de facto»-ն հյուրընկալել է «Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագրի շրջանակներում: Իհարկե, մեր զրույցը պիտի լիներ ավելի ընդարձակ և առավել խորությամբ պիտի անդրադառնար Բորխեսի ապրած կյանքին, գրական ժառանգությանն ու դրանք առայսօր ապրեցնող հիշողություններին, սակայն տիկին Կոդամային կցված թարգմանչի ոչ բավարար պրոֆեսիոնալ կարողությունների պատճառով դա հնարավոր չեղավ: Ինչևէ, երկար քաշքշուկներից հետո ինչ-որ կերպ կայացած մեր հանդիպումը լի էր թյուրըմբռնումներով, սակայն ես և, հույս ունեմ, նաև տիկին Մարիան փոխադարձաբար կռահում էինք միմյանց ասելիքն ու փորձում հաղորդակցվել բառերից անդին տեղավորվող շփման միջոցներով: Արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց: Թեև չեմ կարծում, որ նման պատասխանատու միջոցառմանը հյուրընկալված պատվարժան հյուրին կարելի էր թողնել անվարժ թարգմանչուհու հույսին ու նրա և լրագրողի համար չապահովել շփման պատշաճ որակ: Գուցե իր համեստ գիտելիքներով և բարեհամբույր վարքով այդ աղջնակը կարող էր հարմար ուղեկից լինել Մարիա Կոդամայի համար` լանչի կամ կենցաղային ինչ-ինչ խնդիրների լուծման պարագայում, սակայն հաստատ ոչ «Իրատես de facto»-ի «…և ոչ միայն մշակույթի մասին» խորագրի հարցազրույցը թարգմանելիս:

Որպեսզի խոսքերիս տակ ոմանք ինքնաբավ մարդու սնապարծություն չփնտրեն, առաջարկում եմ կարդալ նույն խորագրի հաջորդ հրապարակումը` հարցազրույցը Անտոնիա Արսլանի հետ, որի հաջողությունը մեծապես պայմանավորված է թարգմանչի` բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմով և իր աշխատանքի հանդեպ բարեխիղճ, պատասխանատու մոտեցմամբ:

ՈՒ նաև` որպեսզի արմատական ընդդիմադրի ու փնթփնթանի տպավորություն չգործենք և չմեղանչենք ճշմարտության ու մեր խղճի դեմ, ցանկանում ենք առանձնապես ընդգծել Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարության ընթացքում մամուլի աշխատանքը համակարգող Նունե Ալեքսանյանի բացառիկ օպերատիվությունն ու լրագրող-գործընկերներին ըստ ամենայնի աջակցելու պատրաստակամությունը: Մասնավորապես` իմ հանդիպումները և հարցազրույցները Մարիա Կոդամայի և Անտոնիա Արսլանի հետ չէին կայանա առանց նրա ցուցաբերած պրոֆեսիոնալ և մարդկային մոտեցման, ինչի առթիվ հայտնում եմ իմ անձնական մեծ շնորհակալությունը:


«ԲՈՐԽԵՍՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԻՐՈՂ ՄԱՐԴ ԷՐ, ԵՎ ԻՐ ՀԱՄԱՐ ԱՆՏԱՆԵԼԻ ԷՐ ԳՏՆՎԵԼ ԾՈՒՅԼԵՐԻ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ»

-Տիկի՛ն Մարիա, Խորխե Լուիս Բորխեսը 1937-1946 թթ. եղել է գրադարանավար և այդ տարիները կոչել «ինը խորապես դժբախտ տարիներ», թեև այդ տարիներին է գրել իր լավագույն ստեղծագործությունները` «Հնարքները», «Հայտնագործությունները» (երկուսն էլ տպագրվել են 1944-ին): Հետագայում նա կրկին վերադարձել է գրադարանավարի աշխատանքին` 1955-73 թթ. զբաղեցնելով Արգենտինայի ազգային գրադարանի տնօրենի պատվավոր պաշտոնը, երբ արդեն բոլորովին կույր էր: Իր ողջ կյանքը գրքերի ստեղծմանը նվիրած անձնավորությունը ինչո՞ւ էր այդպես մռայլ ընկալում գրադարանավարի աշխատանքը:

-Բանն այն է, որ այդ տարիներին ոչ ոք չէր ցանկանում, որ Բորխեսը գրադարանում աշխատեր: Մարդիկ այդ գրադարանում շատ ծույլ էին, թուլամորթ: Եթե ինչ-որ աշխատանք էլ անում էին, ապա զուտ ցուցադրվելու, երևալու համար: Այդ պատճառով էլ Բորխեսը միշտ դժգոհում էր գրադարանավարի իր աշխատանքից: Նա աշխատանքը սիրող մարդ էր, և իր համար անտանելի էր գտնվել ծույլերի այդ միջավայրում: Բորխեսը գերադասում էր լինել այնտեղ, որտեղ ինքը կկարողանա աշխատել, ոչ թե մատնվել անգործության:

«ԻՆՉՊԵՍ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՍՈՒՍԻՆ ՉՀԱՍԿԱՑԱՆ, ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԷԻՆ ՀԱՍԿԱՆԱ ՀԻՄԱ` ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ, ԵԹԵ ԿՐԿԻՆ ԳԱՐ ԱՇԽԱՐՀ, ԼԻՆԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ»

-Բորխեսն այսպիսի տողեր ունի. «Ծավալուն գրքեր գրել, հինգ հարյուր էջում ձգձգել մի գաղափար, որի բանավոր կատարյալ բացատրությունը տեղավորվում է մի քանի րոպեից բաղկացած ժամանակահատվածում, աշխատատար և սպանիչ ցնորամտություն է: Ավելի խելամիտ կլինի պատկերացնել, թե այդ գրքերն արդեն գոյություն ունեն, ու նրանց ամփոփումը կամ մեկնաբանությունը տալ»: Այսուհանդերձ, նա բազմաթիվ հատորներ է ստեղծել և, ինչպես Ձեր երևանյան ֆոտոցուցահանդեսի բացմանը նկատեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նաև շատ է կարդացել և մշտապես ասել է, որ ինքը հպարտանում է ոչ այնքան իր գրած, որքան կարդացած գրքերով: Ինչպե՞ս կբացատրեք այս պարադոքսը:

-Բորխեսը գրել է շատ, բայց երբեք ծավալուն վեպ չի գրել: Նա հենց իր ստեղծագործությամբ հաստատել է Ձեր նշած այդ տեսակետը: Բորխեսը միշտ էլ մտածում էր, որ հարյուրավոր էջեր լցնելու փոխարեն կարելի է մի քանի տողով ասելիքը հասցնել մարդկանց: Եվ այդպես էլ անում էր:

-«Ավետարան ըստ Մարկոսի» պատմվածքում Բորխեսի գլխավոր հերոսը գրեթե անասնական նկարագիր ունեցող մարդկանց` Գոթրեների մեջ Մարկոսի Ավետարանի շնորհիվ կարողանում է արթնացնել մարդկային որակներ, ներշնչել հավատ, աստվածավախություն, բայց հետո ամեն բան ի դերև է ելնում. անձրևոտ մի գիշեր Գոթրեի դուստրը գալիս է իրենց համար գրեթե աստվածային արարած դարձած հերոսի` Բաղդասար Էսպինոսայի ննջարան և տրվում նրան: Բորխեսը կարծում էր, որ մարդ արարածը չի՞ կարող զերծ մնալ մեղքից այս կյանքում:

-Բորխեսը ցանկացել է ասել, որ անընդհատ մեղքը կրկնվում է, և ամեն բան սկիզբ է առնում մեղքից: Այդ է վկայում չորս ավետարաններից միայն մեկը` Մարկոսինը, ամեն օր կարդալու հանգամանքը: Այս պատմվածքում մեկ այլ զուգահեռ ևս կա Աստվածաշնչի և իրական կյանքի միջև: Բորխեսը գրում է, որ աղջիկը գնալիս չի համբուրում տղամարդուն: («Առաջին անգամ էր տղամարդ ճանաչում: Երբ գնաց, չհամբուրեց նրան»): Հուդան, համբուրելով Հիսուսին, մատնեց նրան: Բորխեսի պատմվածքում այս հուդայական համբույրը բացակայում է: Այստեղ գլխավոր միտքն այն է, որ ինչպես այն ժամանակ Հիսուսին չհասկացան, այդպես էլ չէին հասկանա հիմա` մեր օրերում, եթե կրկին գար աշխարհ, լիներ մարդկանց մեջ:


«ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՄ ԲՈՐԽԵՍԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ»

-Եթե դեմ չեք, պատմեք Ձեր և Բորխեսի ծանոթության ու համատեղ կյանքի մասին: Հե՞շտ էր ապրել հանճարի հետ` նույն հարկի տակ:

-Ամենևին դժվար չի եղել, որովհետև ես ծանոթացել եմ Բորխեսի հետ, երբ ընդամենը տասնվեց տարեկան էի: Իսկ տասնվեց տարեկան աղջնակի համար հանճարի կողքին լինելը շատ գեղեցիկ ու հաճելի բան էր:

-Ձեր և Բորխեսի տարիքային մեծ տարբերությունն ակնհայտ է: Դեմ չե՞ք նշելու, թե քանի տարով էր նա մեծ Ձեզնից:

-Ո՜չ, ոչ: Կոնկրետ թիվը չեմ ասի: Բայց կասեմ, որ նա շա՜տ շատ մեծ էր ինձնից:

-Բորխեսը թաղված է Ժնևի արքայական դամբարանում: 2009-ին Արգենտինայի Ազգային կոնգրեսը մտադրություն է ունեցել նրա աճյունը տեղափոխելու Բուենոս Այրես, որին ընդդիմացել եք Դուք: Ինչո՞ւ:

-Որովհետև այդպես է ցանկացել ինքը` Բորխեսը: Եվ ես ընդամենը կատարում եմ Բորխեսի ցանկությունը:

-Դուք Բորխեսի անվան ֆոնդի նախագահն եք: Ի՞նչ առաքելություն է իրականացնում այն:

-Արգենտինայի համալսարաններում ժամանակակից գեղարվեստական գրականությանն առնչվող ծրագրեր իրականացնելու համաձայնագիր ենք ստորագրել: Կորդովայի ազգային համալսարանի հետ ենք պատրաստվում կնքելու պայմանագիր: Ծրագրեր ենք իրականացնում Ճապոնիայում: Քանի որ ես ունեմ ճապոնական արմատներ, շատ եմ կապված Ճապոնիայի հետ և ճապոներեն թարգմանությամբ բազմաթիվ աշխատություններ ունեմ: Հրավիրվում եմ հաճախ Ճապոնիա` գրական միջոցառումների: Այնտեղ բանաստեղծության մրցույթ եմ կազմակերպել Բորխեսի ֆոնդի միջոցներով դպրոցի բարձր դասարանների աշակերտների միջև: Ճապոնիայում ևս կա Բորխեսի թանգարան, և այնտեղ Բորխեսը լավ ճանաչված ու սիրված է: Բացի դրանից, աշխարհի շատ այլ երկրներում եմ կազմակերպում տարբեր միջոցառումներ` նվիրված այս կամ այն նշանավոր անհատին:


«ԱՆԾԱՆՈԹ ՄԻ ՀԱՅ ԿԻՆ, ՆԿԱՏԵԼՈՎ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՍ, ԱՌԱՋԱՐԿԵՑ ԳՆԱԼ ԻՐ ՏՈՒՆ»

-Ի՞նչ տպավորություն ստացաք «Ակադեմիա» պատկերասրահում բացված ֆոտոցուցահանդեսից: Ձեզ գոհացրի՞ն երևանյան այցելուների վերաբերմունքը և արձագանքը:

-Չափազանց գոհ եմ այս ցուցահանդեսից և շատ ուրախ, որ այն կայացավ Երևանում:

-Դուք այս ցուցահանդեսով շրջագայում եք աշխարհի տարբեր անկյուններում: Երևանից հետո ո՞րն է լինելու հաջորդ «կանգառը»:

-Հաջորդ «կանգառը» Պերուն է, որից հետո կմեկնեմ ԱՄՆ:

-Ինչպիսի՞ն է Երևանից Ձեր ստացած տպավորությունը:

-Շա՜տ տպավորված եմ Երևանով և հատկապես հայ մարդկանցով: Երբ օդանավակայանում վայրէջք կատարեցի, տղան, որ ինձ պիտի դիմավորեր, ինչ-որ շփոթմունքի պատճառով չէր գտել ինձ: Անծանոթ մի հայ կին, նկատելով անհանգստությունս, իմանալով դրա պատճառը, առաջարկեց գնալ իր տուն: Նրան դիմավորելու էին եկել ընտանիքի անդամները: Կինն ինձ ծանոթացրեց բոլորի հետ, հետո նրանք օդանավակայանում մնացին այնքան, մինչև եկավ դիմավորող տղան: Մենք փոխանակեցինք հեռախոսահամարները: Երբ հասա հյուրանոց, այդ կինը զանգահարեց և հետաքրքրվեց, թե ամեն բան կարգի՞ն է: Ես պարզապես շոյված էի այդպիսի ջերմ վերաբերմունքից:

-Դա ընդամենն օրինաչափ հայկական վերաբերմունք է:

-Շատ անսպասելի էր ու հաճելի այդ վերաբերմունքը:

-Իսկ հետագայում կցանկանա՞ք կրկին գալ Հայաստան:

-Իհարկե, եթե լինի հնարավորություն, մեծ հաճույքով կգամ:

-Միայն Երևանո՞ւմ եք եղել այս օրերին, թե՞ նաև այլ վայրերում:

-Ցավոք, միայն Երևանն եմ հասցրել տեսնել: Ժամանակը չափազանց քիչ էր:

Զրույցը վարեց

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1031

Մեկնաբանություններ