ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ՄԱՍԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»

«ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ՄԱՍԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»
30.07.2010 | 00:00

Հուլիսի 22-ին Հաագայի միջազգային դատարանում Կոսովոյի անկախության հռչակման իրավազորությունը ճանաչելու ՄԱԿ-ի վճիռը Հայաստանում թեժ քննարկման հարց է դարձել։ Շատերը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում են նաև այս ճանապարհով։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ հետ հենց այս թեմայով սկսեցինք մեր զրույցը։
-Այս որոշումը կարո՞ղ է անդրադառնալ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վրա, պարոն Սուրենյանց։

-Իհարկե, անուղղակի դրական ազդեցություն կունենա։ Կոսովոյի դեպքում Հաագայի միջազգային դատարանը հաստատեց առկա քաղաքական իրողությունը։ Արդեն 69 երկիր ճանաչել էր Կոսովոյի անկախությունը, և դատարանն իրավականորեն հաստատեց դա։ Կոսովոյի շուրջ ձևավորված է միանգամայն այլ քաղաքական ենթատեքստ, քանի որ աշխարհի ազդեցիկ կենտրոնները կոնսենսուսի էին եկել Կոսովոյի անկախությունը ճանաչելու հարցում, մասնավորապես, Միացյալ Նահանգները և, չնչին բացառությամբ, Եվրամիության երկրները։ Դժբախտաբար, Ղարաբաղի հարցում պատկերն այլ է։ Չկա որևէ միջազգային կազմակերպություն, որևէ պետություն, որն այս պահին պատրաստ է ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ավելին, թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրամիությունն արդեն շտապել են հայտարարել, որ Կոսովոյի վերաբերյալ վճիռը չի կարող նախադեպ լինել այլ հակամարտությունների կարգավորման համար։ Ցավոք, մեր 10-12 տարվա դիվանագիտությունը ձախողվել է։ Այսօր ունենք խիստ անբարենպաստ իրավաքաղաքական համատեքստ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ։ Այնպես որ, սպասել Հաագայի դատարանի որոշման ուղղակի ազդեցությանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա` պարզապես սխալ կլինի։ Քանի որ կարգավորման փաստաթղթերում կա հանրաքվեի մասին դրույթ, տեսականորեն չի բացառվում, որ տարիներ անց Կոսովոյի նախադեպը կիրառելի լինի Ղարաբաղի պարագայում։ Սրա համար պիտի ունենանք մրցունակ պետություն, որը կարողանա պաշտպանել Ղարաբաղի շահերը։ Պիտի կարողանանք նաև հնարավոր համաձայնագրի կնքումից հետո մինչև հանրաքվեի անցկացումը փոխել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ձևավորված այսօրվա միջազգային իրավաքաղաքական համատեքստը։
-Այս որոշմանն անմիջապես հաջորդեց Ղարաբաղի իշխանությունների արձագանքը, և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր բացարձակ վստահությունը հայտնեց Հայաստանի իշխանությունների վարած բանակցությունների առնչությամբ։ Ինչպե՞ս եք այս փաստը գնահատում։
-Ղարաբաղի իշխանությունները վաղուց արդեն գործոն չեն։ Երբ Ռոբերտ Քոչարյանը եկավ Հայաստան ու իրենով փոխարինեց ղարաբաղյան իշխանություններին, վերջիններս դադարեցին այլևս գործոն լինելուց։ Ո՛չ Արկադի Ղուկասյանը, ո՛չ Բակո Սահակյանը չձեռնարկեցին որևէ քայլ, որ Արցախի իշխանությունը լուրջ գործոն դառնա։ ՈՒստի նրանց արձագանքն անգամ Հայաստանում հետաքրքրություն չառաջացրեց, էլ ուր մնաց` միջազգային հանրության շրջանում։ Տպավորությունն այնպիսին է, որ Բակո Սահակյանը ողջ ասուլիսում ճգնում էր համոզել, թե վստահում է Սերժ Սարգսյանին։ Այս պարագայում նրա դիրքորոշումների արժեքն էապես նսեմացվում է։ Ոչ մեկը չի ասում, որ նա պետք է անպայման հակառակվի Սերժ Սարգսյանին, բայց նա կրկնեց բոլոր այն թեզերը, որոնք հնչում են Երևանում։ Չեղավ մի ուրույն դիրքորոշում, որը միայն ԼՂՀ-ի իշխանություններին է պատկանում։
-Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ այսօր բազմաթիվ քննադատություններ են հնչում ընդդիմության ու նրա առաջնորդի հասցեին։ Արդյո՞ք ՀԱԿ-ի պայքարի փիլիսոփայության մեջ փոփոխություններ են եղել, ու այսուհետ առաջնային են համարվում ոչ թե երկրի ներքին խնդիրները, այլ ղարաբաղյան հակամարտությունը։
-Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում միակ պետական և քաղաքական գործիչն է, որը հստակ տվել է Հայաստանի զարգացման բանաձևը, շարադրել է իր պատկերացումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ։ Տեր-Պետրոսյանը ՀՀՇ համագումարում ոչ թե նոր բան չի ասել, պարզապես շատ հանգամանալից կրկին շարադրել է 97-ի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածում արտահայտած դիրքորոշումը։ Տեր-Պետրոսյանին հակադրվում են, պիտակներ կպցնում, բայց որևէ մեկը, ըստ էության, բովանդակային առումով չի կարողանում հակադրվել նրա առաջ քաշած թեզերին։ Նրա մոտեցումը Ղարաբաղի հարցին միանշանակ ընդունելի և ընկալելի է։ Քանի դեռ չի լուծվել հիմնախնդիրը, չեն կարգավորվել հայ-թուրքական հարաբերությունները, մեր երկիրը չի վերածվել բաց համակարգի, քանի դեռ իր հարևանների հետ չունի բնականոն հարաբերություններ, Հայաստանը չի ունենա իրական անկախություն և զարգացում։ Սա քաղաքագիտական աքսիոմ է, ու զարմանում եմ, որ հակադրվողները սա չեն հասկանում։
-Տեր-Պետրոսյանն առաջարկում է խնդիրը լուծել փոխզիջումներով, նույնն է ասում նաև իշխանությունը։ Ասել է` միևնույն դիրքորոշումն ունեն, ուրեմն ինչի՞ց է դժգոհ ընդդիմության առաջնորդը։
-Ինչո՞ւ եք կարծում, որ բոլոր հարցերում ընդդիմության և իշխանության տեսակետների միջև պիտի արմատական տարբերություններ լինեն։ Կարող են լինել հարցեր, որտեղ կլինեն ընդհանուր դիրքորոշումներ։ Բայց, Ձեզ հիասթափեցնեմ, իշխանությունը Լեռնային Ղարաբաղի հարցում որևէ փիլիսոփայություն չունի։ Սերժ Սարգսյանն ու նրա թիմակիցներն այսօր կարող են դառնալ փոխզիջման կողմնակիցներ, վաղը կարող են դառնալ այլ մոտեցման կրող։ Նրանց դիրքորոշումները փոխվում են կոնյունկտուրայի, պահի, ներքին ու արտաքին գործոնների ազդեցությամբ։ Ի տարբերություն նրանց, Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն 13 տարի հնչեցնում է նույն գաղափարները։
-Վերջին երկու տարիներին նրա ելույթների մեջ առաջնահերթությունների փոփոխություն է տեղի ունեցել։ Փաստորեն, ՀԱԿ-ի առաջնորդի մոտեցումնե՞րն էլ կայուն չեն։
-Ընդդիմության պայքարի առաջնայնությունների հարցում Տեր-Պետրոսյանի մոտեցումները, այո, փոխվել են, բայց սա չի նշանակում, որ Ղարաբաղի հարցում առաջ մի բան էր ասում, հիմա` այլ։ Եթե այսօր միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Ղարաբաղի հարցն է, Հայաստանի քաղաքական օրակարգում ևս պետք է վերադասավորում լինի։ Տեղի ունեցավ խորքային գործընթաց, խոսքս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին է, ինչն ակտիվացրեց նաև ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացը։ Սա չէր կարող շեշտադրումների փոփոխության չբերել նաև ընդդիմության դիրքորոշումների մեջ։ Ընդդիմության պայքարի առաջնայնությունների փոփոխությունը շատ բնական է, որովհետև եթե պետության համար այսօր կարևորագույն հարցեր են համարվում ղարաբաղյան հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունները, ընդդիմությունը չի կարող այդ ամենի հանդեպ անտարբեր լինել։ Ավելին, ընդդիմությունն իր վարքագծով ամեն ինչ արեց, որ վերացնի իշխանության հնարավոր պրոբլեմները բանակցային գործընթացում։ Պետության հեռանկարի հարցը շատ ավելի կարևոր է, քան իշխանափոխությունը։
-Տեսակետ կա, թե Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից հետո հասարակության հիասթափությունը նրանից ավելի մեծացավ, իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ պնդեցին, թե Տեր-Պետրոսյանը դրանով ցանկանում է ասել` ինձ հեռացրեք ասպարեզից։ Ձեր մեկնաբանությունը։
-Իշխանությունից այդ տեսակետը հայտնել է Սամվել Նիկոյանը։ Մարդկանց կատեգորիա կա, որոնց շարքին, անկախ իր մարդկային որակներից, դասվում է Նիկոյանը. նրանք կատարում են քաղաքական շոումենի դերակատարություն։ Այս մարդկանց վրա դրված է ինչ-որ գաղափարների շրջանառում, որն իրեն թույլ չի տա իշխանության ավելի լուրջ ներկայացուցիչ։ Համարենք, որ պարոն Նիկոյանն ամառվա տապին իր հերթական կատակն է արել։ Ինչ վերաբերում է հասարակության հիասթափությանը, դրա պատճառը Տեր-Պետրոսյանի ելույթը չէ։ Մարդիկ ուզում են արագ փոփոխություններ, ուզում են ապրել նորմալ երկրում, որտեղ արժեքը մարդն է, ոչ թե փողը։ Քանի որ արագ փոփոխություններ տեղի չունեցան, բնականաբար, պետք է լիներ հիասթափություն։ Այո, այսօր առկա է որոշակի հիասթափություն, մենք կորցրել ենք հասարակության որոշակի մասի վստահությունը։ Սրանում դժբախտություն չեմ տեսնում, պարզապես պետք է հստակեցնենք մեր հետագա անելիքը։ Քաղաքական գործիչն ուժեղ է հենց նրանով, որ ձևավորում է իր անելիքը` տուրք չտալով պոպուլիզմին։ Այդ որակները մեր քաղաքական դաշտում դարձյալ բնորոշ են միայն Տեր-Պետրոսյանին։
-Այսօրվա քայլերով ո՞ւր է գնում ընդդիմությունը` հերթական ընտրությունների՞։
-Չգիտեմ` ՀԱԿ-ի ղեկավարներն այսօր ինչ խնդիրներ են առաջադրում, բայց արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը շատ փոքր է։ Եթե չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ, մենք գործ ենք ունենալու հերթական խորհրդարանական և նախագահական ընտրությունների հետ։ Իսկ ֆորսմաժորային իրավիճակներ կարող են լինել միայն Ղարաբաղի հետ կապված։ Այս պահին, թեև կուզեի արտահերթ ընտրություններ լինեին, բայց դրանց հնարավորությունը չափազանց փոքր է։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1058

Մեկնաբանություններ