«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵՐԿԻՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԶԻՆՎՈՐՆԵՐՈՎ ԵՆ ՊԱՀՈՒՄ, ԱՅԼև ԿՐԹՈՒԹՅԱՄԲ, ԳԻՏՈՒԹՅԱՄԲ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ»

«ԵՐԿԻՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԶԻՆՎՈՐՆԵՐՈՎ ԵՆ ՊԱՀՈՒՄ, ԱՅԼև ԿՐԹՈՒԹՅԱՄԲ, ԳԻՏՈՒԹՅԱՄԲ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ»
08.04.2011 | 00:00

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն վերջերս ամփոփել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթի արդյունքները։ Մրցույթով նախատեսվում է մինչև 2 տարի տևողությամբ դրամաշնորհներ տրամադրել 2-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին՝ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար:
Մրցութային ծրագրի համար հատկացված ընդհանուր գումարը 686 միլիոն դրամ է: Գումարի մոտ 17 %-ը հատկացվել է ֆիզիկային, 12 %-ը՝ կենսաբանությանը, 8,5 %-ը՝ գյուղատնտեսությանը, 4,5 %-ը՝ բժշկագիտությանը, 4,5 %-ը՝ հումանիտար գիտություններին, 14 %-ը՝ հայագիտությանը և սոցիալական գիտություններին:
Այս մրցույթի արդյունքների և հետագա ծրագրերի մասին զրուցում ենք գիտության պետական կոմիտեի նախագահ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։

-Պարոն Հարությունյան, ի՞նչ սկզբունքներով են ընտրվել գիտական ծրագրերը։
-Անցյալ տարի հոկտեմբերին գիտության պետական կոմիտեն գիտական ու գիտատեխնիկական գործունեության թեմատիկ ֆինանսավորման նպատակով հայտարարել էր գիտական թեմաների մրցույթ: Թեմատիկ ծրագրերը նախատեսված են բազային ծրագրերին նպաստելու և փոքր խնդիրների լուծման համար։ Այդ պատճառով էլ ակադեմիական ինստիտուտների բյուջեի 80 տոկոսը նախատեսված է բազային ծրագրերի համար: Կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերը ֆինանսավորվում են բազային գումարներով:
Թեմատիկ ֆինանսավորման մրցույթն անցկացվել է 3 փուլերով: Առաջինը տեխնիկական փորձաքննությունն էր։ Ի տարբերություն նախորդ անգամների, մենք պահանջել ենք, որ ծրագրի հեղինակը վերջին 6 տարում ունենա 5 տպագրված աշխատանք գիտական պարբերականներում։ Եվ ներկայացված մոտ 683 գիտական ծրագրերից 140 նախագիծ տեխնիկական փորձաքննություն չի անցել։
Երկրորդ փուլը գիտական փորձաքննությունն է, որի ընթացքում որոշվեցին այն ծրագրերը, որոնք պետք է ֆինանսավորվեն, և երրորդը բողոքարկման փուլն է։ Այս մրցույթը նախորդներից էապես տարբերվում է։ Նախ և առաջ թեմատիկ ծրագրերն այստեղ ավելի շատ նման են դրամաշնորհների, խիստ մրցութային են և բավարարում են այն պահանջները, որոնք ընդունված են աշխարհում։ Մենք այստեղ առաջին անգամ օգտագործել ենք անկախ փորձագետների համակարգը։
-Ինչպե՞ս է ձևավորվում անկախ փորձագետների համակարգը։
-Նախկինում ունեցել ենք 12 թեմատիկ հանձնաժողով, որտեղ ընդգրկված էին բազմաթիվ գիտնականներ, որոնք միաժամանակ և՛ փորձաքննական հանձնաժողովն էին ներկայացնում, և՛ հանդես էին գալիս որպես փորձագետներ։ Արդյունքում նույն մարդիկ աշխատանքները ենթարկում էին փորձաքննության, որոշում էին՝ որ աշխատանքը ֆինանսավորել, այնուհետև հաշվետվություններն էին ընդունում ու գնահատում։ Արդյունքում ստացվել էր այնպես, որ տարիներ շարունակ նույն ազգանուններով մարդիկ ստանում էին մշտական ֆինանսավորում։ Այսինքն՝ ավանդույթ էր դարձել, և մարդիկ վարժվել էին, որ իրենց թեմաները, լավը լինեին, թե վատը, միևնույն է, ֆինանսավորվելու էին։ Նույն հանձնաժողովն իրավունք չունի և՛ փորձաքննություն կատարելու, և՛ ֆինանսավորման մասին որոշումներ կայացնելու, հետո էլ՝ վերստուգելու։ Ամբողջ աշխարհում նման պրակտիկա չկա։ Մենք այս գործընթացին պատրաստվել ենք 1,5-2 տարի՝ ստեղծելով անկախ փորձագետների շտեմարան։ Բոլոր բուհերից խնդրել ենք այն մարդկանց ցանկը, ովքեր կարող են լինել փորձագետներ։ Բնականաբար, փորձագետները պետք է բավարարեն որոշակի պայմանների. լինեն ակտիվ աշխատող գիտնականներ, հրատարակվեն տարբեր ամսագրերում, թեմաների ղեկավարման փորձ ունենան և այլն։ Մենք թույլ ենք տվել նաև գիտնականների ինքնառաջադրման տարբերակը։ Այսպես մեզ մոտ հավաքագրվեց տարբեր ոլորտների մոտ 1000 գիտնական։ Բայց հաշվի առնելով, որ Հայաստանում փորձաքննություն իրականացնելը բավականին դժվար է, բոլորը միմյանց ճանաչում են, որոշեցինք, որ փորձաքննություն պետք է արվի նաև արտասահմանում։ Արտասահմանցի գիտնականները, կարծում եմ, ավելի անաչառ կլինեն։ Այստեղ նույնպես խնդիր առաջացավ. բանն այն է, որ արտասահմանցի փորձագետների հնարավորություններն օգտագործելը մի շարք խնդիրների հետ է կապված։ Նախ և առաջ մեծ մասը հայերենին չի տիրապետում, հետևաբար ծրագրերը պետք է խնդրեինք նաև անգլերենով, բացի այդ, կա նաև ֆինանսավորման հարցը։ Մենք դիմեցինք աշխարհի 25 երկրների հայկական գիտական կառույցների, որպեսզի մեզ օգնեն փորձագետների հարցում։ Առայժմ նրանք փորձաքննություն կիրականացնեն անվճար, հետագայում կմտածենք նրանց ֆինանսավորման հարցը լուծելու ուղղությամբ։ Փորձագետների մեջ կան նաև այլազգիներ։ Այս տարի մենք համագործակցել ենք 13 երկրների 80 փորձագետների հետ։ Մեր շտեմարանում այսօր գրանցված է մոտ 1500 փորձագետ։
-Որքանո՞վ են այդ փորձագետներն անկախ։
-Փորձագետը կոչվում է անկախ, եթե գնահատական է տալիս միայն իր անունից։ Մենք փորձագետների մասին ունենք մանրամասն տվյալներ՝ վերջին 5 տարում տպագրված աշխատանքները, աշխատավայրը։ Եթե փորձագետը տվյալ ծրագրի հեղինակի հետ վերջին 5 տարում նույն վայրում է աշխատել կամ ունի համատեղ աշխատանք, ապա տվյալ ծրագրի փորձաքննություն չի կատարում։ Համակարգիչն այս ամենը զտելուց հետո տալիս է կոնկրետ ծրագրի հավանական փորձագետների անունները։ Այնուհետև համապատասխան մասնագիտական հանձնաժողովի նախագահն այդ ցանկից ընտրում է պոտենցիալ որակյալ փորձագետներին, ում հետ կնքվում է պայմանագիր։ Վերջիններս պարտավորվում են պահպանել գաղտնիությունը, լինել անաչառ։ Եթե փորձագետը հեղինակի հետ ունի մասնագիտական կոնֆլիկտ, ապա խնդրում ենք, որ հրաժարվի փորձաքննությունից։ Յուրաքանչյուր աշխատանք ուղարկել ենք 2 փորձագետի, աշխատել ենք, որ փորձագետներից մեկը լինի արտերկրից, մյուսը՝ տեղացի։ Եթե 2 փորձագետների նշանակած միավորների տարբերությունը 50-ից ավելի է, համարել ենք, որ նրանցից մեկն անաչառ չի եղել, և աշխատանքն ուղարկել ենք երրորդ փորձագետին։ Փորձագետների գնահատականից հետո հանձնաժողովն աշխատել է վարկանիշային ցանկի վրա։ Հանձնաժողովը սկսում է աշխատել, երբ փորձաքննությունն ավարտվել է, նրանք փորձաքննության հետ ոչ մի կապ չունեն։ Հանձնաժողովի անդամները ցանկության դեպքում կարող են հավանության արժանացած ծրագրերը ևս մեկ անգամ նայել։ Եվ եթե նրանք ունենում են հիմնավոր պատճառներ՝ բարձր բալեր հավաքած ծրագիրը մերժելու, ապա հանձնաժողովն իրավունք ունի մերժման որոշում կայացնելու։ Նման դեպք եղել է, օրինակ, հայագիտության ոլորտում։ Երկու ծրագիր մերժվել է. պատճառաբանությունն այն էր, որ դրանք վերաբերում էին գրքի հրատարակմանը։ Հանձնաժողովը փաստեց, որ գրքի հրատարակումը գիտություն չէ, այլ գիտական արդյունքի ամփոփում։ Բյուջեի 90 տոկոսը մենք երկրորդ փուլով բաշխեցինք, և 100 ծրագիր երկրորդ փուլով ֆինանսավորվեց։ Երրորդը բողոքարկման փուլն է։ 440 ծրագիր մրցույթը չի անցել, և մոտ 250 բողոքարկում է գրանցվել։
-Դրամաշնորհի չափը որքա՞ն է։
-Գումարի մոտ 60 տոկոսը նախատեսված է որպես աշխատավարձի ֆոնդ, մնացածը՝ նյութերի ձեռքբերման, գործուղումների և այլ ծախսերի համար։ Գումարի չափը շատ մոտ է եվրոպական դրամաշնորհներին։ 5-հոգանոց խմբի համար մինչև 6,5 միլիոն դրամ է տրվում 1 տարվա համար։ Այսինքն՝ խմբերը ռեալ հնարավորություն են ստանում նորմալ գիտական աշխատանք կատարելու և ստանալու նորմալ արդյունքներ։
-Երիտասարդ գիտնականներին խրախուսելու համար ի՞նչ է արվում։
-Երիտասարդ գիտնականների համար մենք հատուկ մրցույթներ ունենք՝ ասպիրանտական և երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրերը։ Ասպիրանտական ծրագրերն անհատական են, դրանց արժեքը մոտ 1,5 մլն դրամ է, որ տրվում է ասպիրանտներին, որպեսզի հնարավորություն ունենան իրենց գիտական թեզը հաջողությամբ իրականացնելու, մասնակցելու գիտաժողովի։ Բացի այդ, կան երիտասարդ գիտնականների (մինչև 35 տարեկան) աջակցման թիմային գիտական ծրագրեր, դրանք երկու տարվա ծրագրեր են՝ տարեկան 3,5 մլն դրամ արժողությամբ։ Եթե դիտարկենք նախորդ տարիների մրցույթների դիմած գիտնականների տարիքային բաշխումը, կտեսնենք, որ 55-60 տարեկանները 15 տոկոս են, 70 տարեկանները մոտ 20 տոկոս են։ 25-40 տարեկան տիրույթում զրո է։ Այսինքն՝ այս տարիքային խմբում, որ գիտնականը կարող է լուրջ գիտական արդյունքներ տալ, գիտական թեմայի ղեկավար չունենք։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Պատասխանը միանշանակ է՝ չեն թողել։ Գիտության պետական կոմիտեն պետական քաղաքականություն որոշող կառույց է։ Իմ թիվ մեկ խնդիրը խելացի, երիտասարդ գիտնականին օգնելն է, որպեսզի վաղը նա գիտության մեջ առաջնորդ դառնա։ Թող ինձ ներեն տարիքով գիտնականները, ես խոնարհվում եմ նրանց գիտական վաստակի առաջ, բայց պետք է հարգել նաև երիտասարդներին, որոնք կյանքի ճանապարհ են անցնելու։ Հաջողությամբ բուհ են ավարտել, և նրանց թույլ չեն տալիս թեմաներ ղեկավարել։ Այդ պատճառով որոշեցինք հատուկ երիտասարդների համար անցկացնել գիտական ծրագրերի մրցույթ։ Ես դա համարում եմ գիտության պետական կոմիտեի ամենակարևոր արդյունքներից մեկը։ Մենք այսօր պատրաստում ենք գիտության ապագա լիդերներին։ Այս մրցույթով 32 դրամաշնորհ է բաշխվելու։ Նախկինում ֆինանսավորել ենք 22-ը, հիմա ևս 32 գիտական նոր ղեկավարներ կունենանք, որոնք գիտական շատ լավ ծրագրեր են ներկայացրել և շահել։ Այս մարդկանց արդյունքը կզգանք 5-6 տարի անց։ Այս ջահելների վրա ես խիստ ուշադրություն եմ դարձնում, պետք է օգնենք, աջակցենք, որպեսզի մեր երիտասարդները տեսնեն, որ պետությունն իրենց կողքին է։ Թող հասկանան, որ կարող են փող վաստակել, իրենց գլխով ընտանիք կերակրել։
-Գիտության ոլորտում խիստ կարևոր է միջազգային համագործակցությունը։ Այդ համատեքստում ի՞նչ ձեռքբերումներ ունեք։
-Գիտությունը բաց համակարգ է։ Առանձին վերցրած գյուղում, քաղաքում գիտություն չի զարգանում։ Եթե ցանկանում ես ունենալ լավ գիտություն, պետք է ունենաս լավ միջազգային կապեր։ Շատ կարևոր են երիտասարդների շփումները հայտնի գիտնականների հետ։ Այդ նպատակով մենք իրականացնում ենք ամառային դպրոցներ։ Մինչև գիտության պետական կոմիտեի ստեղծումը ոչ մի միջազգային պայմանագիր գիտության ոլորտում չենք ունեցել։ ՀՀ-ում միջազգային գիտական կապերը եղել են անհատների մակարդակով։ Այսօր գիտական կապերը պետական մակարդակով են հաստատվում։ Մենք արդեն պայմանագրեր ենք ստորագրել CRDF-ի (ԱՄՆ), Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի, Բելառուսի ֆունդամենտալ հետազոտությունների հիմնադրամի, Բելառուսի գիտության և տեխնոլոգիաների կոմիտեի, ՌԴ հումանիտար հիմնադրամի, Գերմանիայի գիտության և տեխնոլոգիաների նախարարության հետ։ Շատ շուտով պայմանագիր կստորագրենք իտալացիների հետ։ Մինչև տարեվերջ մենք կֆինանսավորենք մոտ 200 ծրագիր։ Հայաստանն այն երկիրն է, որ 700 օրիգինալ թեմա ունենալ չի կարող։ 3-միլիոնանոց երկրում նախկինում 700 թեմատիկ ծրագիր է ֆինանսավորվել։ Կներեք, ուռճացրած թիվ էր՝ որևէ կերպ չհիմնավորված։ Մեր հաշվարկներով մոտ 200 օրիգինալ թեմա կարող ենք ունենալ, այդ 200-ը մենք կապահովենք։ Այն մարդիկ, ովքեր այս ծրագրերով չեն անցել և բողոքում են հիմա, կարող են մասնակցել հաջորդ մրցույթներին։
-Գիտության պետական կոմիտեն իրականացնում է Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր։ Նպատակը ո՞րն է։
-Արցախը մեր քաղաքականության կարևորագույն խնդիրներից եմ համարում։ Արցախում շատ բան է փոխվել դրական իմաստով, սակայն գիտական հետազոտությունների մակարդակը, ցավոք, բավականին ցածր է։ Եթե մենք ցանկանում ենք ԼՂՀ-ն լինի անկախ, ամուր երկիր, պետք է ունենա նորմալ կրթություն և գիտություն։ Երկիրը ոչ միայն զինվորներով են պահում, այլև կրթությամբ, գիտությամբ, տնտեսությամբ։ Այդ իսկ պատճառով համատեղ աշխատելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Արցախը մենք համարում ենք Հայաստանի մի մասը, և այն պետք է հնարավորություն ունենա մասնակցելու մեր ծրագրերին։ Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիրը միջազգային կարգավիճակ կստանա, մենք առանձնացրել ենք ԼՂՀ-ի համար խիստ կարևոր 5 ոլորտ՝ կենսատեխնոլոգիա, քիմիա, գյուղատնտեսություն, ֆիզիկա, քաղաքաշինություն։ Այս ոլորտներից 5 ծրագիր կստանա ֆինանսավորում։ Գումարի 10 տոկոսն Արցախն է վճարելու, 90 տոկոսը՝ ՀՀ-ն։ Յուրաքանչյուր ծրագրի արժեքը կլինի 4 մլն դրամ։ Որպեսզի պատկերացնեք, թե դա ինչ գումար է, ասեմ, որ ԼՂՀ 2011 թ. գիտության բյուջեն 18 միլիոն դրամ է։ Ծրագիրն ունենալու է գիտական կոնսուլտանտ, որը կլինի ՀՀ-ից, իսկ թիմը՝ Արցախից։ Ֆինանսավորումը սկսվել է ապրիլի 1-ին։ 2012-ից Լեռնային Ղարաբաղի հետ ունենալու ենք նաև պետական նպատակային ծրագիր, որը կիրականացվի ջրային ռեսուրսների ինստիտուտի, Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի և Արցախի պետական համալսարանի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է ուսումնասիրել և համապատասխան մեթոդական աշխատանքներ կազմակերպել Արցախի ջրամբարների նորմալ աշխատանքի համար։ Ջրամբարները խիստ կարևոր, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ են, և այնտեղ մենք լուրջ գիտական անելիքներ ունենք։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ