«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵԹԵ ԵՍ ԻՆՁ ՉՊԱՇՏՊԱՆԵՄ, ԷԼ Ո՞Վ ՊԻՏԻ ԻՆՁ ՊԱՇՏՊԱՆԻ»

«ԵԹԵ ԵՍ ԻՆՁ ՉՊԱՇՏՊԱՆԵՄ, ԷԼ Ո՞Վ ՊԻՏԻ ԻՆՁ ՊԱՇՏՊԱՆԻ»
25.02.2011 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ի հյուրը բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս ՀԱՄԼԵՏ ԿԱՐՃԻԿՅԱՆՆ է:
«ՇԱՐԺՄԱՆ ՕՐԵՐԻՆ ՇՐՋՈՒՄ ԷԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԴԱՐՁԱԾ ՈՐԴՈՒՍ ՀԵՏ»
-Պարոն Կարճիկյան, ազգային զարթոնքի տարիներին Ձեր բանաստեղծություններով մասնակցում էիք շարժմանը: Իսկ բանաստեղծություններից դուրս ինչ-որ մասնակցություն եղե՞լ է:
-Եղել է: Դեռևս 60-ականների կեսերին նամակ եմ հղել Մոսկվա` Կենտկոմին, Գերագույն խորհրդին, Միությունների սովետին և պահանջել լուծումներ գտնել Ղարաբաղը, Նախիջևանը և Գանձան Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու համար: «Նամակ երիտասարդ կոմունիստից» նյութս երեք ամիս քննարկվեց ՀԿԿ կենտկոմում` Ստեփան Վարդանյանի և Ռոբերտ Խաչատրյանի կաբինետներում: Բուն շարժման օրերին շրջում էի Ազատության հրապարակում դպրոցահասակ դարձած որդուս հետ, որի կրծքին փակցված էր` «Եթե ես ինձ չպաշտպանեմ, էլ ո՞վ պիտի ինձ պաշտպանի» խորհրդանշական ցուցանակը: Մի անգամ որդիս տեսել էր, որ օպերայի շենքի պատին` շատ բարձր տեղում, փակցված է մեծ ցուցանակ` վրան գրված «ծպտՐՈՉՊՈ» բառը: Իսկ քիչ ներքևում իմ բանաստեղծություններն էին, որոնց մոտ ժողովուրդ է հավաքվել, կարդում-արտագրում է դրանք: Նա վազեց-եկավ, թե` «Հայրի՜կ, բոլորը քո բանաստեղծություններն են արտագրում, արի գնանք, տես»: Ասացի. «Դրանք արդեն իմը չեն, բոլորինն են»… Երբ Ստեփանակերտը կյանքի ու մահվան օրեր էր ապրում, Արցախի գրողներին պետք էր օգնել, որպեսզի տպագրվեն, շնչահեղձ չլինեն: Դիմեցի շրջկոմ: Ասացին` «Գրավոր ձևակերպիր դիմումդ»: Արվեց: Կենտկոմը թույլատրեց, և մենք արտահերթ տպագրեցինք արցախցիների գրական ալմանախը, ապա շարունակեցինք տպագրել առանձին գրքերով, մինչև որ Արցախը ոտքի կանգնեց և հիմնադրեց իր հրատարակչությունը: Հիշարժան ու եռանդուն օրեր էին: Բոլորի սիրտը տրոփում էր հանուն ազգության և Արցախի: 1990 թվին, մամուլում տպագրելուց հետո, Երևանի պետհամալսարանի հրատարակչության օգնությամբ տպագրեցի «Նամակներ աշխարհին» խորագրով գիրքը. Բոգդան Գեմբարսկու բոլոր նամակներն էին` ուղղված ՄԱԿ-ի քարտուղար Տանից մինչև «Հայ ընթերցողին»: Լույս տեսավ 50 հազար տպաքանակով և իր խթանիչ ազդեցությունն ունեցավ ժողովրդական զանգվածների վրա: Մինչև օրս սիրով պահպանում եմ Գեմբարսկու` ինձ նվիրած լուսանկարը` լեհերեն մակագրությամբ, որն ստացել էի 1962 թվին, Վարշավայում:
«ԵՎ, Ի ՎԵՐՋՈ, ՊԱՅԹԵՑ ԱԶԳԱՅԻՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ»
-Խորհրդային տարիներին ընդունված էին միջգրական շփումները, փոխադարձ այցելությունները հարևան Ադրբեջանի հետ: Բախտ վիճակվե՞լ է լինելու ինտերնացիոնալ Բաքվում և պատկերացում կազմելու այնտեղի մարդկանց մասին:
-1974-ին, թե 75-ին Բաքվում կազմակերպվեց «Համամիութենական գրահրատարակչական խորհրդակցություն»: «Հայպետհրատից» մասնակցում էր երեք-չորս հոգի: Բաքվի ծովափնյա կենտրոնում ավելի շատ լսվում էին անցորդների ռուսերեն և հայերեն խոսակցություններ: Բայց… Խորհրդակցությունը ցուցադրական էր ու շինծու` համեմված ադրբեջանական շողոքորթությամբ: Ես նկատեցի, որ վրացիներն ավելի սառն էին վերաբերվում այդ ամենին, քան մենք:
Վերելակով բարձրանում եմ «Բաքու» հյուրանոցի իմ համարը: Վերելակի ուղեկցորդը, նկատելով, որ հայ եմ, աշխուժացավ: «Ես էլ եմ հայ»,- ասաց: Փորձեցի խոսքի բռնվել, նրան նվիրեցի «Արարատ-73» ֆուտբոլային թիմի գունավոր խմբանկարը: Կարոտով նայեց Խորհրդային Միության չեմպիոնների լուսանկարին ու դրեց ծոցը: Ես փորձեցի հարցեր տալ, իսկ նա մատը դրեց շուրթերին, թե` «Կամա՛ց խոսիր»: Ասում եմ. «Ախր մենք մենակ ենք»: Նա թե` «Վտանգավոր է»: ՈՒ լռեց: Ես սենյակ եմ մտնում ինչ-որ տագնապից կարկամած: ՈՒ հիշում եմ` երբ դասագրքերի հրատարակչությունում էի աշխատում, նամակ ստացա արցախցի 10-րդ դասարանցի մի տղայից: Նա գրում էր, թե ինքը դասագիրք չունի, և նմանվում է թշնամու դեմ կանգնած անհրացան զինվորի: Տղան օգնություն էր խնդրում: Դիմեցի «Հայգիրք»: Պահանջեցին նամակը և խոստացան, որ դասագիրք կուղարկեն այդ տղային… Հիշեցի այդ պատմությունը և հասկացա, որ վերելակի ուղեկցորդի վախը շատ խոսուն է: Մտածում եմ. «Այս ի՞նչ է կատարվում, ե՞րբ պիտի հայն ապրի առանց վախի»: Եվ, ի վերջո, պայթեց ազգային փրկության շարժումը:
«ԵՍ ԿԱՇՎԻՍ ՎՐԱ ԵՄ ԶԳՈՒՄ ՄԵՐ ԾԵՐԵՐԻ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿԸ, ԼՍՈՒՄ ՆՐԱՆՑ ՀՈՒՍԱՀԱՏ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՐԹԵՐՈՒՄ»
-Ձեր մանկությունն անցել է Արմավիրի մարզում: Ի՞նչն էր ստիպել հասնելու այնտեղ:
-Այնտեղ ապրում էր Սոնա հորաքույրս: Երբ 1939-ին հորս 10 տարով աքսորում են Սիբիր, մայրս ու հորաքույրս որոշում են, որ ինձ համար լավ կլինի գյուղում ապրել: 7-րդ դասարանից, երբ հայրս վերադարձավ, ես կրկին Երևանում էի: Բայց այս անգամ էլ հորաքրոջս ընտանիքն աքսորվեց Ալթայի երկրամաս: Այսպես կորավ իմ մանկությունը, խաթարվեց իմ կյանքը` ինձ ստիպելով բանաստեղծ դառնալ` ճշմարտությանը որդեգրված:
-Թոշակառուի տարիքում եք, և կցանկանայի իմանալ Ձեր վերաբերմունքն այն պաթետիկ, բոցաշունչ տեղեկատվությանը, որն անընդմեջ հնչում էր եթերում այս ամսվա սկզբին` կապված թոշակները ժամանակին և առանց մանրադրամը յուրացնելու բաժանելու փաստի հետ:
-Ինձ համար ցավագին հարց է, գործընթացը` աններելի խառնաշփոթ: Ես կաշվիս վրա եմ զգում մեր ծերերի անմխիթար վիճակը, լսում նրանց հուսահատ խոսակցությունները հերթերում: Պարզապես մարդիկ իրենց զգում են լքված, չեն կարողանում նույնիսկ կոմունալ վարձերը մուծել ու դեռ հացի դրամ ունենալ: Շատերը դժգոհում են, որ այս երկրում, այս պետության մեջ են ապրում: Մինչդեռ կարելի էր գործն այնպես կազմակերպել, որ խզում չառաջանար պետության որոշումների և ներքին օղակներում դրանք կատարողների միջև. կարծես նույն պետության օղակները չեն: Մի խոսքով` տպավորությունս խիստ բացասական է:
-Սոցիալական թշվառ իրավիճակը երբևէ Ձեզ չի՞ մղել հայրենիքը լքելու քայլին:
-Ես ամեն առավոտ, երբեմն` նաև դժվար գիշերներին ասում եմ. «Բարի լո՛ւյս, Արարա՛տ»: Բայց այն դժվար օրերին տանս անդամների մեջ նման գայթակղության պահեր առաջացել են: Որդուս ընկերը` ծնողների հետ, հայտնվել էր Հոլանդիայում: (Փա՜ռք Աստծո, այդ տղան վերջերս վերադարձավ, ամուսնացավ ու ապրում է այստեղ): Նա հրավիրում էր նաև մեզ: Ես ասացի. «Երբեք նման բան չի լինի: Իսկ եթե դուք ուզում եք, կարող եք առանց ինձ գնալ»: Եվ հարցը փակվեց: Այնպիսի զգացողություն ունեի, թե ինձնից ուզում են գողանալ իմ երկիրը, իմ Երևանը, ծնողներիս շիրիմները, իմ ապրած կյանքը: Այնպես որ, նման հարցից խիստ կվիրավորվեի, եթե Ձեզ չճանաչեի: Չէ՞ որ Դուք տարիներ առաջ, դեռևս ինձ չճանաչելով, «Ավանգարդ» թերթում գրախոսել էիք իմ «Սիրտ բանական» գիրքը և լավ գիտեիք իմ սրտի և հոգու բանականությունը… Ի վերջո, հայրենիքը լքում են թուլամորթ մարդիկ, հույսն ու հավատը կորցրած մարդիկ, ապրելու հնարավորություններից զրկված մարդիկ: Լքողների մեծամասնությունը նման մարդիկ են, որ երեխաներին տանում են օտար ափեր` կորցնելու համաշխարհային օվկիանոսում: Հայրենիքը լքելու դրական պատճառներ ունեցողներ էլ կան: Մեր ազգը սովոր չէ կաշկանդված ապրելու միևնույն տեղում: Եվ զարմանալին այն է, որ մեր պետությունը դեռևս լուրջ քայլեր չի ձեռնարկում ժողովրդին նստակյաց դարձնելու համար. դրա համար պետք է ստեղծել ապրելու հնարավորություն ու աշխատատեղեր: Պետությունը թեև մտահոգվում է, բայց լիարժեք չի գործում:
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱԾ, ԷԹՆԻԿ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՐՑՐԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՅՇ ՎԱՐՎԵԼ»
-Ըստ ժողովրդագրական տվյալների` Հայաստանը լքողների բանակը գնալով ստվարանում է, և որոշ ժամանակ անց մենք կանգնելու ենք տխուր փաստի առաջ. ծնելության մակարդակը զիջելու է մահացության մակարդակին: Սա ժողովրդի՞, թե՞ իշխանությունների «գլխացավանքն» է:
-Դա բոլորիս «գլխացավանքն» է: Ահա այստեղ է, որ մեր պետական այրերը պարտավոր են լրջորեն մտահոգվելու ժողովրդի ճակատագրով և նոր սերունդների ապագայով: Ոչ միայն մտահոգվեն, այլև փորձեն հրաշքներ գործել, որ մաշտոցյան, խորենացիական, նարեկացիական սերունդները ստիպված չլինեն լքելու երկիրը: Կարծում եմ, որ մեր պետության մեջ կան մարդիկ, որ մտահոգվում են այս հարցերով ու ելքեր որոնում: Բայց հնարավորություններն են թելադրում իրավիճակը: Կենսական մեծ տարածքը խլված է մեզնից: Առաջին հերթին պետությունը պարտավոր է վերականգնել իր ժողովրդի խաթարված կյանքը, գտնել խաթարման շարժառիթներն ու պատճառները: Ցեղասպանություն ապրած, էթնիկ հայրենիք կորցրած ժողովրդի հետ պետք է զգույշ վարվել, սրտացավորեն վերաբերվել ամեն մի ընտանիքի, ամեն մի նոր ծնված երեխայի: Դա պիտի սկսել ծննդատներից և դպրոցներից: Դա պիտի սկսել սփյուռքից ու ներգաղթից: Պետք է ազգին թևավորել և հաստատուն դարձնել անցնելիք ճանապարհը: Հարցերը բարդ են ու դժվարին, բայց մեր ապագան տեսնում եմ կայուն և զորավոր, միասնական ու վերածնված հայրենիքում, խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով ոգևորված:
-Պատմեք, խնդրեմ, ստեղծագործական ծրագրերի մասին:
-Գիտե՞ք ինչ, 75-ամյա մարդուց ծրագրեր մի՛ պահանջեք: Ես արդեն գիտեմ, որ շատ ծրագրեր են խորտակվել: Երբեք չեմ զբաղվել զուտ ստեղծագործական աշխատանքով: Աշխատել եմ պետական հրատարակչություններում: Ստեղծագործել եմ ոտքի վրա` դպրոցական տարիներից սկսած: Միշտ նվիրված եմ եղել գրին ու գրականությանը, մեր մեծերի ավանդներին: Պատահել է, որ ինձ այլ գործի են հրավիրել: Խաչիկ Դաշտենցն ասել է, Պարույր Սևակն ասել է. «Դու ուսումնական հրատարակչությունը չթողնես, դպրոցական գործին շատ ես պետք»: Մնացել եմ, իհարկե, սիրով ու նվիրումով: Հետո էլ գրողների միություն կանչեցին: Մի տարի հազիվ դիմացա: Կյանքս ձուլվել էր հրատարակչական գործին: Բայց եկավ պատահական ՀՀՇ-ն և շատ «խելամտորեն» ինձ զրկեց իմ բազմամյա աշխատանքից, որովհետև արդեն պետք չէր ազգային գաղափարախոսություն: Հիմա այս բոլորը հիշողություններ են և կարող են վերածվել ծրագրերի: Պետք է ապացուցեմ, որ իզուր չեմ ապրել կյանքում և իզուր չեմ ծնվել հայ: Բայց գուցե դրա կարիքն էլ չկա: Կա այն, ինչ կա: Կյանքս ու գործս ամփոփելու ժամանակն է: Արձակս մնացել է, հոդվածներս սպասում են գիրք դառնալու հերթին: Այս տարի առաջին անգամ կտպագրվի իմ ստվար ընտրանին: Վերնագիրը դեռ չեմ որոշել: Կտպագրվի նաև իմ կենսամատենագիտությունը, որը մեծ լարում պահանջող գործ է: Տպագրությունը կիրականացնի ՀՀ ազգային գրադարանը: Ես նորովի եմ տեսնում ինձ և իմ ապրած ժամանակը: Նոր ասելիք ունեմ, բայց ծուլանում եմ: Սպասում եմ ծննդյանս 75-ամյակը գա ու անցնի, որ թեթևանամ ու նորից գործի լծվեմ` ասելու համար իմ նոր խոսքը: Ավարտեմ իմ մի փոքրիկ բանաստեղծության վերջին տողերով.
«Կյանքս նման էր չգրված վեպի,
Այդպիսի վեպի էլ չեք հանդիպի…»:
Ես ես չեմ լինի, եթե չօգտագործեմ առիթը և վաղօրոք չշնորհավորեմ կանանց մեկամսյակը: Երջանի՛կ եղեք, սիրելի՛ մայրեր, քույրեր, տատիկներ, ծանոթ ու անծանոթ աղջիկներ: Ձեր սիրո մեջ են հայրենիքի ծաղկումն ու հզորացումը: Ձեր հոգու մեջ են մեր ազգի հարատևման կոդը, փրկության ու երջանկության բանալին:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2787

Մեկնաբանություններ