Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՀՍՏԱԿ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՍՆԵԼ` Ո՞ՐՆ Է ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԸ ԵՎ Ի՞ՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԼՈՒԾՈՒՄ»

«ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՀՍՏԱԿ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՍՆԵԼ` Ո՞ՐՆ Է ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԸ ԵՎ Ի՞ՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԼՈՒԾՈՒՄ»
18.10.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ, ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ
-Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում:
-Քաղաքական իրավիճակն օրգանապես կապված է ընտրությունների հետ, հաշված ամիսներ են մնացել ԱԺ ընտրություններին, և քաղաքական ուժերն ավելի ակտիվացրել են իրենց գործունեությունը, նոր ռազմավարություն ու նոր մարտավարություն են մշակում: Կոնկրետ մեր պարագայում` մենք հավատարիմ ենք մնում մեր որդեգրած սկզբունքներին: Ընտրությունից ընտրություն մենք հասարակությանը ներկայացնում ենք մեր ծրագրերը և կատարած գործերը: ՕԵԿ-ը ռեֆորմիստական կուսակցություն է, մենք բարեփոխումների ջատագով քաղաքական ուժ ենք և մեզ հաջողվել է լրջագույն բարեփոխումներ իրականացնել տարբեր ոլորտներում:
-Դուք նկատի ունեք օրենսդրակա՞ն բարեփոխումները:
-Մենք հավատարիմ ենք մեր անվանը` «Օրինաց երկիր», օրինաստեղծ գործունեությունը մեզ համար միշտ առաջնային է եղել: Մեզ հաջողվեց 100-ից ավելի օրենքներ կյանքի կոչել, որոնք ամենատարբեր ոլորտներ են կանոնակարգում: Գուցե ժամանակին, երբ անվճար ծննդօգնության խնդիր էինք դնում, անհավանական էր թվում, բայց արդեն երկու տարի է` ծննդօգնությունը, անհրաժեշտության դեպքում վիրահատությամբ, մեր երկրում անվճար է: Դա էլ խթանեց ծնելության աճը` ինքներդ համեմատեք. 1988 թ.` 89000 երեխա, 2004 թ.` 34000, 2008-2010 թթ.` 52000: ՕԵԿ-ի նախաձեռնությամբ վերջ դրվեց մանկապարտեզների շենքերի սեփականաշնորհմանը` ընդունվեց այդ գործընթացը կարգավորող օրենք, որն էլ իր հերթին հնարավորություն տվեց անվճար մանկապարտեզներ ու նախակրթարաններ ունենալու. եթե հաստատությունները պահպանված չլինեին, վճարովի կամ անվճար չէին դառնա: Օրենսդրական բազում նախաձեռնություններ ենք ունեցել փոքր ու միջին բիզնեսի խնդիրների լուծման ուղղությամբ, մասնավորապես արտոնագրային վճարների վերաբերյալ, տարեկան 6 միլիոնից ոչ ավելի շրջանառության դեպքում ձեռներեցները մեկ անգամ արտոնագրային վճարից հետո հանգիստ կարող են ծավալել իրենց բիզնեսը: Ոչ պակաս կարևոր եմ համարում ինքնակամ շինությունների օրինականացման վերաբերյալ օրենքը, նման շինությունները հատկապես շատ են աղետի գոտում, այդ շինությունների տերերն անվճար սեփականատեր դարձան: Կարևոր քայլեր են եղել անօթևանության խնդրի լուծման համար. 2008 թ. նախագահական ընտրություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը և Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, 4-րդ կետում ամրագրված էր մինչև 2013 թ. անօթևանության խնդիրը լուծելը: 6800 անօթևան ընտանիք կար Հայաստանում, միայն Գյումրիում 3000-ից ավելի բնակարան կառուցվեց` չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին, ամեն տարի 27 միլիարդ դրամ հատկացվեց այս ծրագրի կատարմանը: Արդեն չեմ ուզում հիշեցնել խաբված ավանդատուներին ու ավանդների վերադարձման գործընթացը: Արդեն 40000-ից ավելի ավանդատուների գումարը փոխհատուցվել է, և ամեն տարի բյուջեով հատկացված գումարն ավելացվում է` 2011-ին 1,7 միլիարդ է հատկացված այդ նպատակով: ՕԵԿ-ի շրջանառության մեջ դրված օրենքներից մեկը ևս վերջերս ընդունվեց` նոտարական ծառայության ազատականացման մասին: Օրինակ` Գյումրիի պես քաղաքում մեկ նոտար էր ընդամենը: Մենք համոզված ենք, որ ավելի լավ է 100 հոգի ունենա մեկական խանութ, քան մեկը` 100, և Երևանում սուպերմարկետների ու հիպերմարկետների գործունեությունը կանոնակարգող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկանք: Ամբողջ աշխարհում խոշոր խանութները քաղաքի ծայրամասերում են, իսկ եթե քաղաքի կենտրոնական մասում են, ապա ստորգետնյա են, և դա արվում է հստակ հաշվարկով:
-Չեք կարող ժխտել, որ նման խանութներում և՛ տեսականին է բազմազան, և՛ ապրանքներն են որակյալ, և՛ սպասարկումն է քաղաքակիրթ, մի տեղում կարող ես քեզ անհրաժեշտ ամեն ինչ գտնել` առանց ժամանակ վատնելու, տարբեր տեղերից, գուցե մի քիչ էժան, բայց որակով զիջող ապրանքներ հայթայթելով:
-Համաձայն եմ, բայց պատահական չէ, որ ամբողջ Եվրոպայում սուպերմարկետները քաղաքի վարչական շրջանների սահմաններում են, հաշվարկվում է բնակիչների թիվը, որն էլ որոշում է սուպերմարկետների թիվը, իսկ մեզ մոտ սուպերմարկետների տեղը և թիվը որոշվել է կամայական, ինչի պատճառով կողք կողքի սնկի պես աճել են մի քանի սուպերմարկետներ, որոնք փոքր խանութների ու կրպակների հացը կտրում են: Մենք ուզում ենք հստակ սահմանված տեսնել` ո՞րն է սուպերմարկետը և ի՞նչ խնդիրներ է լուծում:
-Ձեր գնահատականով` առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ-ը ԱԺ-ում ի՞նչ ներկայացվածություն կունենա:
-ՕԵԿը միշտ ծանրակշիռ տեղ է ունեցել հայրենի քաղաքական դաշտում, և կարողացել ենք ժողովրդի վստահության քվեն ստանալ, թեպետ նախապես որոշ «փորձագետներ» ու «սոցիոլոգներ» իրականության հետ կապ չունեցող իրենց հաշվարկներով այլ պատկեր են փորձել ներկայացնել: Մենք ունենք կայուն ընտրազանգված, մեր շարքերն օրեցօր համալրվում են, և դա վստահություն է տալիս, որ գալիք ընտրություններում ևս լավ արդյունքներ կունենանք: Մենք միշտ մեր ծրագրերը կազմում ենք իրատեսորեն և երբեք չենք խոստանում ավելին, քան կարող ենք անել: Մենք մեր ձայները միշտ ստանում ենք արդար և մի քանի հազար դրամով տոկոս ավելացնելու մտադրություն ինչպես երբեք չենք ունեցել, այնպես էլ առաջիկա ընտրություններում չունենք: Վստահ եմ, որ առաջիկա ընտրություններում ավելի շատ ձայներ ենք ունենալու։
-Հավանակա՞ն է, որ ընտրություններից առաջ կոալիցիան տրոհվի:
-Կոալիցիայում հիմա երեք քաղաքական ուժեր են` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը, երկու տարի առաջ ՀՅԴ-ն դուրս եկավ քաղաքական նկատառումներով:
-ԲՀԿ-ն ևս կարո՞ղ է «քաղաքական նկատառումներ» գտնել հեռանալու համար:
-Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր մարտավարությունն ու ռազմավարությունը, առավել ևս ԲՀԿ-ն, որը Հայաստանի առաջատար քաղաքական ուժերից է: Կոալիցիայի ձևավորումը բացառիկ իրողություն էր մեր երկրում, առաջին անգամ կոալիցիա ձևավորվեց նախագահական ընտրություններից հետո, սովորաբար կոալիցիաներ ձևավորվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: ՕԵԿ-ը դեռ 2008 թ. հայտարարեց, որ 2013 թ. նախագահական ընտրություններում պաշտպանելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը և 2011 թ. էլ վերահաստատեց իր տեսակետը: Ես կարծում եմ, որ ոչ քաղաքական, ոչ իրավական հիմքեր չկան կոալիցիայի տրոհման համար: Այսօր քննարկման ավելի կարևոր թեմա է, թե քաղաքական ուժերն ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին: ՕԵԿ-ը միշտ էլ ինքնուրույն է մասնակցում ընտրություններին, բոլորովին վերջերս ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց մեր դիրքորոշումը` մենք ընտրություններին միշտ էլ մասնակցել ու մասնակցելու ենք ինքնուրույն, մեր առանձին ցուցակով, սակայն, եթե քաղաքական այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ միասնական ձևաչափով մասնակցելը բխի մեր ժողովրդի, պետության ու ազգի շահերից, մենք այդ հարցը կքննարկենք ու հրապարակավ հանրությանը կներկայացնենք մեր դիրքորոշումը:
-Մեծամասնական ընտրակարգով ՕԵԿ-ն ինչպե՞ս է թեկնածուներ առաջադրելու` ազա՞տ մրցակցությամբ, թե՞ կոալիցիոն ուժերի հետ համաձայնեցված:
-Այդ հարցը մենք դեռ չենք քննարկել: ՕԵԿ-ը միշտ էլ իր թեկնածուներին առաջադրել է մեծամասնական ընտրակարգով:
-Ինչպե՞ս եք վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու հեռանկարին:
-Քաղաքական ուժերն ու գործիչներն իրենք են որոշում իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը:
-Եթե երկրորդ նախագահը վերադառնա, քաղաքական դաշտում վերադասավորումներ կլինե՞ն:
-Բոլոր քաղաքական գործիչներն էլ իրավունք ունեն մեծ քաղաքականությունից ինչպես հեռանալու, այնպես էլ վերադառնալու: Երբ նա կորոշի վերադառնալ, այն ժամանակ էլ կանդրադառնանք այդ հարցին:
-Բայց վերադարձի ժամանակ կա՞:
-Կարծում եմ` կա, հիմնական նախընտրական գործընթացները կծավալվեն տարեվերջին, հունվարից հետո արդեն նախընտրական քարոզչության ժամանակն է:
-Կոալիցիա-ՀԱԿ բանակցություններն ավարտվեցի՞ն, թե՞ կարող են փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր գտնվել:
-Ես լավատես եմ: ՕԵԿ-ը միշտ էլ ասել է, որ պրոբլեմների դեմ չպետք է կռվել, պետք է քննարկել և գտնել իրատեսական լուծումներ: Հիշում եք` 2003 թ. «Արդարություն» դաշինքը բոյկոտեց օրենսդրական աշխատանքը, և միայն ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած երկխոսության արդյունքում մեր գործընկերները վերադարձան խորհրդարան, ստեղծվեց համատեղ աշխատանքային խումբ, և էապես բարեփոխվեց ընտրական օրենսգիրքը, որ կոնսենսուսով ընդունվեց 2006 թ.: Իշխանությունը և ընդդիմությունը ցանկության դեպքում միշտ էլ երկխոսության հնարավորություն ունեն: Ցանկացած հարցի լավագույն լուծումը գտնվում է բազմակարծության և քննարկումների արդյունքում:
-Հայ-թուրքական հարաբերությունների պատմության մեջ փոփոխություններ սպասո՞ւմ եք մինչև խորհրդարանական ընտրությունները:
-Հայ-թուրքական հարաբերությունները լուրջ առաջընթաց կունենային, եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացներ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները: Հայաստանի իշխանությունը հնարավորն արել է, ինչն արձանագրել են և՛ գերտերությունները, և՛ միջազգային կառույցները: Թուրք քաղաքական գործիչներն ասում են մի բան, ստորագրում են այլ բան, անում են տրամագծորեն այլ բան, մենք հավատարիմ ենք մնում մեր ստորագրած փաստաթղթին:
-Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունները փակուղի՞ են մտել, թե՞ դադարը թվացյալ է:
-ԵԱՀԿ Մինսկի խումբը լավ տիրապետում է հարցին, և այս ձևաչափում է ՕԵԿ-ը տեսնում հարցի լուծումը: Ես վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ստանալու է արդարացի լուծում: Լեռնային Ղարաբաղն իր անկախությունը վաստակել է և գոյություն ունի որպես անկախ երկիր, ժողովրդավարական երկիր, որն իր իշխանությունը կազմավորում է ժողովրդավարական ընտրություններով: Արդեն նման կոնֆլիկտներն ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով լուծելու նախադեպեր կան, և դա հիմք է տալիս հույս ունենալու, որ ԼՂՀ անկախությունն աշխարհը վերջապես կճանաչի: Կարծում եմ նաև, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցություների սեղանի շուրջ:
-Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստանում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ ԼՂ հակամարտությանը և պատրաստակամություն հայտնեց հետագայում էլ, իբրև ՄԽ համանախագահ երկիր, աջակցելու: Ձեր կարծիքով` ավարտվե՞ց այն շրջանը, երբ ՄԽ-ում նախաձեռնությունը վերցրել էր Ռուսաստանը, և հիմա Եվրամիությո՞ւնն է ակտիվանալու:
-Ես համոզված եմ, որ երեք համանախագահներն էլ իրենց մեծ ազդեցությունն ունեն: Ռազմաքաղաքական դաշտում Ռուսաստանը մեր թիվ 1 գործընկերն է, մենք համագործակցում ենք և ազգային անվտանգության, և տնտեսության, և մշակույթի ոլորտներում: Առաջիկայում նախատեսվում է ռազմաարդյունաբերական նոր համատեղ ձեռնարկություններ հիմնել Հայաստանում, որը և կարևոր ռազմական նշանակություն ունի, և նոր աշխատատեղեր կստեղծի: Ի վերջո` կարևորը հարցի արդարացի լուծումը գտնելն է, և համանախագահ երեք երկրներն էլ շահագրգռված են այդ հարցում:
-Ի՞նչ խնդիրներ են քննարկվել Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպման ընթացքում:
-ՕԵԿ-ը վաղուց և սերտ համագործակցում է Ռուսաստանի հայերի միության հետ: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լավ բարեկամներ են, հաճախ են հանդիպում, և նմանատիպ քննարկումները նպաստում են Ռուսաստանում գտնվող մեր համայնքի տարաբնույթ խնդիրների լուծմանը: Ի դեպ, նրանց վերջին հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը, որի կարծիքով` հայկական մամուլում քիչ են մեկնաբանվում հայ-ռուսական հարաբերությունները:
-Գուցե դեսպանատան ներկայացուցիչը լավատեղյա՞կ չէ:
-Հազիվ թե, Արթուր Բաղդասարյանն ասաց, որ Հայաստանում ԶԼՄ-ներն անկախ են և իրենք են որոշում հրապարակումների թեման, հաճախականությունն ու ծավալները, իսկ պետական մի քանի լրատվամիջոցներ մշտապես մանրամասն և օբյեկտիվ լուսաբանում են հայ-ռուսական փոխհարաբերությունների շրջանակներում տեղի ունեցող իրադարձությունները: Նա նաև նշեց, որ կփորձի հնարավորն անել լուսաբանումն ավելի լավը դարձնելու համար, մասնավորապես մեր կուսակցության «Օրինաց երկիր» պաշտոնաթերթում:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1104

Մեկնաբանություններ