«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ, ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ՈՒ ՉԽՈՍԿԱՆ ՕԼԻԳԱՐԽԸ

ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ, ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ՈՒ ՉԽՈՍԿԱՆ ՕԼԻԳԱՐԽԸ
14.10.2011 | 00:00

«ԵՐԲ ԿԳԱ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ, ԲՈԼՈՐՍ ԿՏԵՍՆԵՆՔ»
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ (սոցապ նախարար)

-Պարոն Գրիգորյան, շուտով պառլամենտի քննարկմանը կներկայացվի 2012-ի բյուջեն. այն իրականացվո՞ղ բյուջե է, ըստ Ձեզ:
-Իհարկե, իրականացվող է:
-Իսկ ի՞նչ եք կարծում` ԲՀԿ-ն ինչպե՞ս կքվեարկի այդ բյուջեին. կո՞ղմ, դե՞մ, ձեռնպա՞հ:
-Չեմ կարող ասել, երբ կգա քվեարկության պահը, բոլորս կտեսնենք:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցին:
-Շատ դրական:
-Հատկապես ո՞ր պահն էր Ձեզ համար այդքան դրական:
-Ամբողջը:
-Ի դեպ, փորձագետները պնդում են, որ այդ հարցազրույցում ԲՀԿ առաջնորդը ոչ մի կերպ չի հիշել, որ ԲՀԿ-ն կոալիցիոն հուշագիր ունի ստորագրած, և Դուք էլ, Ձերդ մեծարգո նախարար, այդ կոալիցիայի «ստորագրության» հենքի վրա եք դեռևս նախարարում:
-Ես ուշանում եմ, ես ուշացա…

«ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ Է, ԵՎ ՊԵՏՔ Է ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԻ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԻ»
ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ (էկոնոմիկայի նախարար)

-Պարոն Դավթյան, ինչպե՞ս եք գնահատում 2012-ի բյուջեն:
-Բյուջեի համար պատասխանատու է ֆինանսների նախարարը:
-Իսկ Դուք, որպես թիմի անդամ, ինչպե՞ս եք գնահատում այն և ի՞նչ եք կարծում` քննարկումները սահո՞ւն կանցնեն:
-Կարծում եմ` այո, սահուն կանցնեն, որովհետև իրատեսական բյուջե է, և պետք է կոնստրուկտիվ մթնոլորտում քննարկվի ու ընդունվի:
-Քաղաքական կուլիսներում տեսակետ կա, որ ԲՀԿ-ն հնարավոր է այնքան «կոնստրուկտիվ» գտնվի, որ դեմ քվեարկի` քաղաքական դեմարշ սկսելով կառավարության դեմ. հնարավոր համարո՞ւմ եք նման զարգացումը:
-Ո՛չ:

«ՀԱՐՑԸ ՖՐԱԿՑԻԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՎԻ»
ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ (քաղաքաշինության նախարար)

-Պարոն Վարդանյան, հայաստանյան բյուջեները, որպես օրինաչափություն, անուն-ազգանուն, երբեմն էլ նույնիսկ հայրանուն են ունենում. ի՞նչ անուն կարող է ունենալ առաջիկա բյուջեն:
-Այն արդեն հնչել է` իրատեսական, որովհետև իսկապես իրատեսական բյուջե է:
-Իսկ հնարավո՞ր է` ԲՀԿ-ն դեմ քվեարկի մեր «ապագա» իրատեսությանը:
-Ո՜չ, ո՛չ:
-Ի՞նչ գիտեք:
-Ինքս այդպես եմ կարծում, չնայած հարցը ֆրակցիայում դեռ չի քննարկվել:
-Իսկ «աուրայով» ինչպե՞ս եք զգում. ի՞նչ որոշում կլինի:
-Ճիշտ կլինի այդ հարցը ֆրակցիային ուղղեք:
-Ամբո՞ղջ ֆրակցիային:
-Թեկուզ և` ամբողջ:
-Կարելի է կարծել` ամբողջ ֆրակցիան է «որոշում կայացնում»:
-Հարցը ֆրակցիայում կքննարկվի և որոշում կկայացվի:

«ԴՈՒԲԱՅ ԻՆՉԻ՞ ԵՆ ԳՆՈՒՄ. ԼՈՂԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ, ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (ԱԺ պատգամավոր)

-Պարոն Ալեքսանյան, էս ինչ ընդօրինակելի պատգամավոր եք դարձել. էս ի՜նչ պարտաճանաչն եք. ոչ մի նիստից չեք բացակայում, Ձեր քվեարկության կոճակն ուրիշը չի սեղմում, Ձեր քարտը ոչ մեկի մոտ չեք թողնում, ամեն վայրկյան «սիրով տրտում» նստած եք լո՜ւռ այս դահլիճում:
-…
-Դեռ չե՞ք խոսում լրագրողների հետ. հազա՜ր ափսոս. բայց էն օրն արդեն գրել ենք էդ մասին` հին է, նոր «խոսք» ասեք, պարոն Ալեքսանյան, որովհետև «մի անգամ» արդեն լռել եք: Պարոն Ալեքսանյա՜ն, ճի՞շտ է, որ առաջիկայում գնալու եք Դուբայ:
-Հա, ճիշտ է։ Որտեղի՞ց գիտեք:
-Ծիտիկն ասաց: Էս անգամ ո՞ւմ հետ եք գնում Դուբայ:
-Դեռ չենք որոշել, որ որոշենք` կասեմ էս էրկու օրվա մեջ:
-Գնում եք Դուբայ` ի՞նչ անեք, պարոն Ալեքսանյան:
-Դուբայ ինչի՞ են գնում. գնում են լողանալու համար, հանգստանալու համար:
-Մենա՞կ: Դե, չէ. ասում են` էն անգամ նախ` լիքը «արիշ-վերիշ» եք արել այնտեղ:
-Տենց բան չկա:
-Իսկ է՜ն մի անգամ, պարոն Ալեքսանյան, ասում են, Դուբայում Քոչարյանի վերադարձի հարց եք քննարկել. էս անգա՞մ էլ եք նման խնդիր արծարծելու:
-…
-Էլի սկսեցիք հետս չխոսե՞լ: Էն անգամ, ասում են, Ձեզ հետ են եղել Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը: Նույն թիմո՞վ եք այս անգամ Դուբայում «լողանալու, հանգստանալու» գնում (մինչ տալիս էինք հարցը, էն տեսանք, որ Ալեքսանյանն այլևս կողքներիս չէ. մտել էր կողքի սենյակներից մեկը, թե ինչ էր եղել, չհասկացանք, որ գոնե հարցնեինք` լռությունը համաձայնության նշա՞ն է. մեկ էլ էն տեսանք, որ նա, է՜, հեռվում, միջանցքի ծայրում է արդեն):
Ճեպազրույցները` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ