«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱՅՆ ԵՐԿՐՈՒՄ, ՈՒՐ ՉԿԱ ԱՌՈՂՋ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՉԿԱ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԳՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ՄԱՐՔՍ-ԼԵՆԻՆՅԱՆ ԿՈՄՈՒՆԻԶՄ, ՈՐԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ ՏԵՍԵԼ ԵՆՔ»

«ԱՅՆ ԵՐԿՐՈՒՄ, ՈՒՐ ՉԿԱ ԱՌՈՂՋ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՉԿԱ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԳՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ՄԱՐՔՍ-ԼԵՆԻՆՅԱՆ ԿՈՄՈՒՆԻԶՄ, ՈՐԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ ՏԵՍԵԼ ԵՆՔ»
30.09.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամլո խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
-Ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական վիճակը Հայաստանում:
-Որպես կանոն, բոլոր երկրներում էլ ընտրություններից առաջ ներքաղաքական կյանքն աշխուժանում է: Քաղաքական ուժերը` իշխանամետ, թե ընդդիմադիր, պետք է հանրությանը ներկայացնեն իրենց կատարածը: Բնականաբար, ընդդիմությունն էլ պետք է ավելի խիստ քննադատի իշխանությանը, շեշտադրի չարածները, որպեսզի հիմնավորի, որ ինքն ավելի լավ կանի: Երբ անձրև է գալիս` մեղավորն իշխանությունն է, երբ շողում է արևը` ընդդիմության շնորհիվ է, այս ընկալումը, ցավոք, սովորական է դարձել, բայց ճիշտ կլիներ, որ ընտրությունների գործընթացում պատասխանատվություն ունենային բոլոր քաղաքական ուժերը: Բնականաբար, իշխանությունն ավելի շատ, որովհետև գործընթացի քաղաքական պատասխանատուն է, բայց ընդդիմությունն էլ պատասխանատվությունից չպետք է խուսափի: Ընտրությունը ոչ թե տարբեր բանակների պիտի բաժանի հասարակությունը, այլ լինի հասարակության կամքի արտահայտություն, որի արդյունքում ձևավորվում են իշխանությունն ու ընդդիմությունը:
-Ընդդիմության հետ երկխոսությունն ընդամենն առկախվա՞ծ է, թե՞, ըստ էության, ավարտվել է:
-Երկխոսությունը, իսկապես, լավագույն գործիքն է քաղաքական գործընթացների իրականացման համար: Որևէ երկրում, մեր երկրում նույնպես, բախումները, ծայրահեղ քննադատությունը, ոչ քաղաքակիրթ պայքարը որևէ մեկին օգուտ չեն բերում, գուցե որևէ քաղաքական ուժի մի քանի ձայն են ավելացնում ընդամենը, բայց քաղաքական մթնոլորտի, քաղաքացիական հասարակության կառուցման, պետության կայունության առումով օգուտ չեն տալիս: Աշխարհում հաջողություն ունեն այն երկրները, որտեղ ժողովրդավարական գործընթացները գնում են էվոլյուցիոն, ոչ թե հեղափոխական ճանապարհով: Իսկ բարեփոխումների էվոլյուցիոն ճանապարհով իրականացման լավագույն տարբերակը երկխոսությունն է: Այն երկրում, ուր չկա առողջ ընդդիմություն, չկա քննադատություն, գնում են դեպի մարքս-լենինյան կոմունիզմ, որի պտուղները տեսել ենք: Իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունները պետք է կառուցվեն գաղափարական պայքարի, ոչ անձնական վերաբերմունքի հիման վրա: ՀՀԿ-ն` նախագահի գլխավորությամբ, ապացուցել է, որ բարձր է գնահատում և երկխոսության ջատագով է, մենք չենք գնում «ընդդեմ»-ի ճանապարհով, մենք գնում ենք «հանուն»-ի ճանապարհով և համոզված ենք, որ թե խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության, թե՛ մեր կոալիցիոն գործընկերների հետ պետք է սեղանի շուրջ բանակցելով ու միմյանց լսելով ելքեր գտնել: Բանակցությունների առկախումն իշխանություններից չի գալիս. իշխանությունը լսել է ընդդիմության տեսակետը, երբ հերթը հասավ մեր տեսակետն արտահայտելուն` ընդդիմությունը պատրվակ գտավ բանակցությունները դադարեցնելու: Իսկ եթե քաղաքական մի ուժ պատրաստ չէ դիմացինին լսելու, դժվար թե կարողանա ճիշտ հետևություններ անել ու ճիշտ քայլեր ձեռնարկել: Քաղաքականությունը փոխզիջումների ու փոխըմբռնումի արվեստ է: Իհարկե, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է իր ճանապարհը որոշում:
-Ընդդիմությունը երկխոսության օրակարգում դնում է արտահերթ ընտրությունները, իշխանությունն այդ օրակարգը չի ընդունում, նշանակում է` երկխոսության թեման սպառվե՞ց, թե՞ կան այլ թեմաներ:
-Երկխոսության մեր օրակարգում նշված է ժողովրդավարական բարեփոխումների համար պայմանների ստեղծումը: Մենք համամիտ չէինք մեր ընդդիմադիր գործընկերների օրակարգին, բայց անհրաժեշտ համարեցինք լսել նրանց կարծիքը: Կարծում եմ` Հայաստանի համար ներքին և արտաքին քաղաքականության բոլոր կարևորագույն հարցերը պետք է քննարկվեն նաև ընդդիմադիր ուժերի հետ, որովհետև ուժեղ է այն իշխանությունը, որը պատրաստ է լսելու ընդդիմությանը, ինչի վառ ապացույց են ՀՀ նախագահի խորհրդակցությունները տարբեր քաղաքական ուժերի հետ, խորհրդարանում մեր հարաբերությունները մեր ընդդիմադիր գործընկերների հետ: Ոչ միշտ ենք մենք նույն կարծիքին, կա սուր քննադատություն, բայց կա նաև փոխադարձ հարգանք: Ես համոզված եմ, որ այն քաղաքական ուժերը, որ ասելիք ու անելիք ունեն քաղաքական դաշտում, իրենց տեսակետը պետք է ներկայացնեն ոչ թե հանրահավաքներում ռադիկալ կոչերով, այլ կլոր սեղանի շուրջ:
-«Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարում ՌԴ գործող նախագահը ապագա ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրեց ՌԴ գործող վարչապետին: Առաջադրումից հետո Հայաստանում ակտիվացան այն տեսակետները, որ Հայաստանի նախագահական ընտրություններում ևս կարող է նույն կոնֆիգուրացիան ստեղծվել` նախորդ նախագահը` նախագահ, գործող նախագահը` վարչապետ: Ապրիորի՞ է, թե՞ հիմքեր կան այդ պնդման համար:
-Բնական է, որ մեր երկրում քաղաքական հավակնությունների դրսևորման ձևերը տարբեր են: WikiLeaks-յան խմբակային ընթերցումների փուլից անցնում ենք նոր փուլ` ինչպե՞ս ՌԴ իշխող կուսակցության համագումարի որոշումները կազդեն մեր երկրի վրա: Բնական է նաև, որ այս կամ այն քաղաքական գործիչը, նրան սպասարկող մամուլը, տարբեր «վերլուծաբաններ» դա կհարմարեցնեն իրենց հավակնություններին: Մի քանի տարի հետո մի մեծ երկնաքարի բախում է սպասվում Երկիր մոլորակի հետ, ակներևաբար, Հայաստանում այդ բախումը ևս ծառայեցվելու է քաղաքական նկրտումների հիմնավորմանը: Ռուսաստանում դա սպասելի քայլ էր, որի Հայաստանում կրկնօրինակվելը բացառում է կոալիցիոն ուժերի հուշագիրը, որտեղ կոալիցիոն գործընկերները ՀՀ նախագահի թեկնածու համարել են Սերժ Սարգսյանին: Որպես ՀՀԿ անդամ` կարող եմ ասել, որ հանրապետականը վճռական է, համախմբված և միակամ` նախագահ Սարգսյանի գլխավորությամբ շարունակելու բարեփոխումների կուրսը:
-ԼՂ հարցի շուրջ բանակցությունները գնում են դեպի դադարեցո՞ւմ, ՌԴ նախագահը կամ համանախագահները ձախողվեցի՞ն, թե՞ նոր փուլ է սկսվում:
-Չեմ կարծում, թե որևէ մեկը ձախողվեց: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները մի քանի հայտարարություններ արեցին, որտեղ անթույլատրելի համարեցին ուժի կիրառումը և նշեցին, որ խնդիրը պետք է լուծվի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա, ինչը չի ընդունում Ադրբեջանը` գերակայություն տալով տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքին: Ավելին` Կազանում հստակ երևաց, որ ադրբեջանական կողմն է բանակցությունների տեղապտույտի պատասխանատվությունը կրում իր 10 առաջարկներով: Վերջերս նորից Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարը խոսեցին Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարություն տալու մասին, ինչն անընդունելի է: Համանախագահ երկրների և նախագահ Մեդվեդևի նախաձեռնությունները, փաստորեն, ակնհայտ դարձրին, որ գործընթացը լճանում է Ադրբեջանի պատճառով, Ադրբեջանն է գործընթացը փակուղի տանում` չցանկանալով հրաժարվել իր արհեստական 10 առաջարկներից, որովհետև պատրաստ չէ քայլ անելու, պատրաստ չէ իր հասարակության հետ անկեղծ լինելու, հասարակությունը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության տրամադրելու, հայատյացության քարոզչության տասնամյակների քաղաքականությունը դադարեցնելու: Քանի դեռ այդպես է, լուրջ առաջընթաց հնարավոր չէ ակնկալել:
-Ո՞րն է նման պայմաններում լուրջ առաջընթացը:
-Լուրջ առաջընթաց ակնկալելը և բանակցությունների նոր փուլ թևակոխելն անխուսափելի է դարձնում Արցախի բանակցությունների կողմ դառնալը, այլապես երեք սկզբունքների հավասարության մասին չենք կարող խոսել: Զինադադարը կնքվել է երեք կողմերի միջև, առանց Արցախի Հանրապետության ղեկավարության ու բնակչության կարծիքը հարցնելու որևէ մեկը չի կարող այդ խնդիրը լուծել: Եթե Արցախը բանակցություններում չի ներգավվում, խնդիր ունենք ինքնորոշման իրավունքի արհամարհման հետ: ԵԱՀԿ արտգործնախարարների հայտարարություններում էլ ինքնորոշման իրավունքի իրացումը նշվում է որպես պարտադիր պայման, որը հայկական դիվանագիտության հաջողությունն է, բայց մենք դեռ լուրջ քայլեր ունենք անելու: Նախընտրական շրջաններում բանակցությունների նոր փուլի սկիզբ ակնկալելը դժվար է: Առավել ևս, որ ընտրական շրջան է նաև համանախագահների երկրներում:
-Իսկ չե՞ք կարծում, որ համանախագահ երկրների նախագահներին պետք է իրենց արտաքին քաղաքական հաջողություններն արձանագրել։
-Դա նշանակում է, որ համանախագահ երեք երկրները պետք է լուրջ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա:
-ՀՀ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից շնորհավորեց Հարավային Սուդանի անկախությունը և բացահայտ տեքստով օրակարգում դրեց ԼՂՀ անկախության ճանաչման հարցը, աշխարհը պատրա՞ստ է այդ քայլին:
-Սերժ Սարգսյանի ելույթը հաղթած ժողովրդի նախագահի ելույթ էր, հստակ էր ուղերձը միջազգային հանրությանը, որ աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի ճանաչման ճանապարհով, արդեն բավականին շատ են նախադեպերը, ԼՂՀ-ն ունի իրավական ու քաղաքական բոլոր հիմքերն անկախ պետություն ճանաչվելու համար: ՀՀ նախագահը շատ հստակ ասաց, որ երկակի ստանդարտների կիրառումն ընդունելի չէ, և ուշ թե շուտ անխուսափելի է ԼՂՀ անդամակցումը ՄԱԿ-ին: Դա շատ կարևոր մեսիջ էր ոչ միայն ՄԱԿ-ին, համանախագահ երկրներին, այլև Ադրբեջանին ու նրա հովանավոր Թուրքիային: Նախագահը հստակ գծեց սահմանները, որից այն կողմ Հայաստանը չի անցնի` Ղարաբաղի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անընդունելի է հայկական կողմի համար: Վերջին երկու տարում բազմաթիվ ամբիոններից հայկական դիվանագիտությունը բարձրացրել է նաև հայկական օկուպացված տարածքների` Մարտունաշենի, Գետաշենի, Շահումյանի հարցը:
-Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից հարցը դուրս գա, Հայաստանն ինչպե՞ս կքվեարկի Պաղեստինի անկախության ճանաչման հարցում:
-Մենք ավանդաբար շատ ջերմ հարաբերություններ ունենք արաբական ժողովուրդների հետ, ցեղասպանությունից հետո մեր հազարավոր հայրենակիցներ ապաստան գտան արաբական երկրներում, և արաբ ժողովուրդը շատ ջերմ ընդունեց նրանց: Ես կարծում եմ, որ Պաղեստինի ղեկավարների Բաքվում հնչեցրած վերջին հայտարարությունները միակողմանի դիրքորոշում էին ներկայացնում, Հայաստանը միշտ եղել է անկողմնակալ և ավելի հավասարակշռված դիրքորոշում պահանջելու բոլոր հիմքերն ունի:
-Հայ-թուրքական հարաբերություններում ակնկալվո՞ւմ են փոփոխություններ:
-Եթե ակնարկում եք հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի օրակարգ վերադարձնելը, հազիվ թե: Մինչև արձանագրությունները չվավերացվեն, Հայաստանն անելիք չունի: Ի դեպ, խորհրդարանի օրակարգում արձանագրությունները ներառելը կարող է բոլորովին այլ ենթատեքստ ունենալ. Թուրքիան ակնկալում էր Ադրբեջանից Իսրայելի հետ հարաբերությունների որոշակի փոփոխություն, ինչին Բաքուն չարձագանքեց, և դա կարող է մեսիջ լինել Ադրբեջանին: Գլոբալ առումով թուրքական քաղաքական վերնախավը պատրաստ չէ արձանագրությունները վավերացնելու, այլապես կստեղծվի խոսքի և գործի շատ մեծ տարբերություն: Թուրքիայի վարչապետն օրերս ՄԱԿ-ի ամբիոնից նորից թուրք-հայկական հարաբերությունները կապեց Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հետ, իսկ մենք հստակ ասել ենք, որ այդ հարցը ո՛չ ցեղասպանության, ո՛չ Արցախի խնդրի հետ կապված չէ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էլ քանիցս դա շեշտել են:
-2015 թ., Ցեղասպանության 100-ամյակին, հնարավո՞ր է բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխություն Թուրքիայում ցեղասպանության ընկալման հարցում:
-Ես լավատես եմ և կարծում եմ` ուշ թե շուտ Թուրքիան Ցեղասպանությունը պետք է ճանաչի, ինչքան էլ ալիքին դեմ ես գնում, ալիքը մի օր ինքն իր ճանապարհը բացում է: Թուրքիայում վերջին 1-2 տարում մեծ տեղաշարժ է եղել. հիշեք հայերից ներողություն խնդրելու շարժումը, մամուլում ցեղասպանությանը վերաբերող հոդվածների հրապարակումը, տասնամյակներով հայկական հարցի վրա վետո է եղել, իսկ այսօր Դիարբեքիրի թուրք քաղաքապետը կարող է հայտարարել, որ հայերը երկրի տերերն են, Աղթամարում Սուրբ խաչ եկեղեցում պատարագ կարող են մատուցել: Այնուամենայնիվ, այդ քայլերն ակնհայտորեն քաղաքական իմիտացիաներ են... Որոշակի զարգացումներ, իհարկե, չեն բացառվում, բայց որպեսզի թուրք հասարակությունը կարողանա ազատ քննարկել Ցեղասպանության հարցը, քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը պետք է փոխվի: Արդյո՞ք Թուրքիան ունի բավարար քաղաքական կամք: Թուրքիան խոսքով գնում է դեպի Եվրոպա, բայց իրականում մնում է պանթուրքիզմի գաղափարների վրա հիմնված պետություն:
-Արաբական հեղափոխություններից հետո Թուրքիան ձգտում է տարածաշրջանում առաջատարի դերին, հիմնավո՞ր են այդ հավակնությունները:
-Իսլամական աշխարհում մեկ լիդեր չի կարող լինել, կա սուննիների և շիաների խնդիր, կան տարբեր ուղղվածություններ: ԱՄՆ-ի միակ դաշնակիցը չէ Թուրքիան, կա Սաուդյան Արաբիա, որը բավականին ազդեցիկ երկիր է և հարուստ էներգակիրներով, հավելեք թուրք-իսրայելական հակասությունները և դրանց ազդեցությունը: Այսօրվա աշխարհում բոլորը բոլորի հետ գործակցում են, և բոլորը բոլորի դեմ պայքարում են, հազիվ թե իսլամական աշխարհը մեկ լիդեր ընդունի:
-20 տարի անկախ Հայաստանում ո՞րն եք համարում ամենամեծ նվաճումը և ո՞րը` ամենամեծ կորուստը:
-Ամենամեծ նվաճումն անկախությունն է, անկախ Հայաստանի քաղաքացի լինելը, մենք այն սերունդն ենք, որին իրավունք է տրվել տնօրինելու իր ու իր երկրի ճակատագիրը: Հավելեք մեր հաղթանակը արցախյան հերոսամարտում և մեր ազգային բանակի գոյությունը, ժողովրդավարական ինստիտուտների ստեղծումը: Բացթողումներից ամենամեծը պետական մտածողության մակարդակն է. մենք չենք կարողանում համախմբվել: Գարեգին Նժդեհն ասում է` տեսարաններից ամենափառահեղը հայ ժողովրդի միասնական տոնակատարությունն է: Քանի դեռ նույնիսկ Ազգային անկախության օրը տարբեր տեղերում ենք նշում, միասնականություն չկա: Ես այսօր նախագահի թիմի անդամ եմ, նրա ղեկավարած կուսակցության ներկայացուցիչը, պաշտպանում եմ և ջատագովն եմ նրա վարած քաղաքականության, բայց անկախ նրանից` նախագահն ո՞վ է, տոնական սեղանի շուրջ թափուր աթոռներ չպետք է լինեն: Որպես պատմաբան էլ կարող եմ վկայել, որ մեր ազգային խնդիրները սկսվել են, երբ մեր իշխանները նամակ են գրել պարսից արքային` իրենց թագավորին գահընկեց անելու խնդրանքով, երբ մեր նախարարները պատերազմել են իրար դեմ, երբ Վեստ Սարգիսն ու Պետրոս Գետադարձը Անին էին վաճառում, այսինքն` մեր բոլոր պրոբլեմների մեջ առաջին հերթին մենք ենք մեղավոր, և մեր փրկությունը մեր մեջ է:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1013

Մեկնաբանություններ