«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՄԵԴՎԵԴԵՎԻ ԱՅՑԻՑ ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՔ ՉԷ ՍՊԱՍԵԼ»

«ՄԵԴՎԵԴԵՎԻ ԱՅՑԻՑ ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՔ ՉԷ ՍՊԱՍԵԼ»
16.07.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
-Պարոն Գրիգորյան, կարո՞ղ ենք ֆիքսել, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի այցով որոշակի փոփոխություններ արձանագրվեցին Միացյալ Նահանգների արևելաեվրոպական և հարավկովկասյան քաղաքականության մեջ:
-Հիլարի Քլինթոնի այցով Նահանգները փորձում էր լուծել շատ կարևոր մեկ հարց։ Բանն այն է, որ Ձեր նշած տարածաշրջաններում ամերիկյան ազդեցությունը վերջին շրջանում բավականին թուլացել էր, և անհրաժեշտ էր ազդանշանել, որ Միացյալ Նահանգները մնում է շահագրգիռ կողմ, լուրջ խաղացող այդ ռեգիոններում և անտարբեր չէ այնտեղ տեղի ունեցող բոլոր կարգի գործընթացների նկատմամբ:
-Իսկ ինչո՞ւ էր նվազել Նահանգների, որպես ռեյտինգային երկրի, ազդեցության գործոնը` երբեմնի «գունավոր», և ոչ միայն «գունավոր» երկրներում:
-Շատ պարզ պատճառով. 2008 թ. ամռանը տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգները չկարողացավ էֆեկտիվ աջակցել Վրաստանին, այդ իսկ պատճառով, ինչպես ընդունված է ասել, գրեթե կորցրեց տարածաշրջանը: Ճիշտ է, քաղաքական, հումանիտար աջակցություն ԱՄՆ-ը ցուցաբերեց, սակայն ռազմական` անկարող էր: Երկրորդ պատճառն էլ, թերևս, վերջին շրջանում Թուրքիայի վարած քաղաքականությունն է: Գիտենք` Թուրքիան Կովկասում և Մերձավոր Արևելքում ամերիկյան հուսալի հենարանն է համարվել մշտապես: Բայց քանի որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կտրուկ փոփոխվեց վերջին հինգ-վեց տարիներին, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները բավականին բարդացան, բարդացան նաև Իսրայել-Թուրքիա հարաբերությունները, այդ իսկ պատճառով ամերիկյան ազդեցությունը թուլացավ նաև ողջ տարածաշրջանում, ու Քլինթոնի այցը փորձ էր` շտկելու իրավիճակը:
-Հասա՞վ Նահանգներն իր նպատակին:
-Չեմ կարծում, որ բոլոր հարցերը կարողացավ լուծել: Այցն ինչ-որ չափով տարածաշրջանային գործընթացների վրա իր ազդեցությունը կունենա, սակայն որոշիչ լինել չի կարող: Ակնհայտ օրինակը նույն ղարաբաղյան հիմնախնդիրն է: Ղարաբաղի հարցում ևս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ կողմերը պատրաստ չեն խնդրի լուծմանը:
-Իսկ որևէ սպասում ունե՞ք հուլիսի 16-ին Ալմաթիում կայանալիք ԱԳ նախարարների հնգակողմ հանդիպումից:
-Ոչ մի: Չնայած համարում եմ` ավելի լավ է բանակցել, քան պատերազմել: Իսկ սպասելիքներ չունեմ այն առումով, որ վերջնական որևէ լուծում հնարավոր չէ այս պահին գտնել:
-Ի դեպ, առաջիկայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կմեկնեն, իրենց խոսքերով, «օկուպացված» տարածքներ: Դա ինչ է` բանակցային գործընթացում նկատվող նոր տա՞րր, թե՞ ժամանակ ձգելու «պրելյուդիա»:
-Գիտե՞ք, ի վերջո, Մինսկի խումբն էլ ունի իր ֆունկցիաները: Այս փուլում ԵԱՀԿ ՄԽ-ն ունի առաջադրանք` ակտիվացնել գործընթացը և կողմերին հուշել կամ դրդել վերջնական լուծման: ՈՒստի չի բացառվում, որ այցելությունը գրավյալ տարածքներ նպատակ է հետապնդում կողմերին ցույց տալու, որ հակամարտությունը երկար չի կարող մնալ սառեցված, և պետք է ղարաբաղյան հարցը շուտափույթ լուծել:
-Կհաջողե՞ն համանախագահներն իրենց «առաքելությունում»:
-Դժվար է ասել. գոնե ես նման հնարավորություն չեմ տեսնում թշնամական այս ահավոր մթնոլորտի պայմաններում: Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև (նկատի ունեմ զինադադարի խախտման հաճախացած դեպքերը, Չայլուի դիվերսիան), ինչպես նաև Բաքվից անվերջ հնչող ռազմատենչ հայտարարությունները լավատեսություն չեն ներշնչում:
-Պարոն Գրիգորյան, վերջերս բավականին հետաքրքիր միտում է նկատվում հատկապես արևելյան փորձագետների կողմից, որոնք պնդում են, որ ամռանը կլինեն ռազմական գործողություններ, կռմբակոծվի Ստեփանակերտը և այսպես շարունակ: Ինչո՞ւ հանկարծ նման «մոտեցում» առաջացավ, և հետո` որքանո՞վ է հնարավոր բլիցկրիգ ղարաբաղյան «ֆրոնտում»:
-Նման ռիտորիկայի պատճառները շատ են. նախ` Ադրբեջանը չի երկնչում ցուցադրել իր անհամբերությունը. վերջինս ցանկանում է արագ լուծել խնդիրը, որովհետև համարում է, որ ժամանակի ձգձգումը նվազեցնում է տարածքները հետ վերադարձնելու հնարավորությունները, ինչն էլ նրան մղում է նյարդայնության, իմպուլսիվ քայլերի։ Նման մթնոլորտում ամեն ինչ կարող է լինել: Ասել է` կա հավանականություն ռազմական գործողություններ վերսկսելու: Եվ այնուհանդերձ, այդ հավանականությունը մեծ չէ, որովհետև բոլոր կողմերը, առաջին հերթին Հայաստանն ու Ադրբեջանը, հասկանում են, որ պատերազմի դեպքում կորուստները լուրջ են լինելու, ու պարզ չէ, թե պահից ով է օգտվելու: Մյուս կողմից էլ, այդ հայտարարությունները, ինչպես նաև փորձագիտական կարծիքները, ճնշման ուրույն ձև են` խնդիրը լուծման տանելու համար: Սակայն ես չեմ կարծում, որ դրանով ինչ-որ մեկը կարող է մեզ վախեցնել, որովհետև մենք մեր շահերն ունենք: Փոխզիջում, այո՛, պետք է, սակայն ինչի՞ դիմաց: Ի՞նչն ինչից հետո կլինի. չէ՞ որ ամեն բան իր գինն ունի, և մենք մեր քայլերը պետք է կատարենք ոչ թե ինչ-որ մեկի ճնշման, այլ լուրջ հաշվարկի արդյունքում: Օրինակ, ես կարծում եմ, որ «մադրիդյան սկզբունքներ» ասվածն ու օրացույցը, որը ֆիքսված է երեք համանախագահող երկրների նախագահների հայտարարության մեջ (նկատի ունեմ Կանադայում ընդունված վերջին տեքստը), մեզ համար բավականին հաջող տարրեր են պարունակում, նորմալ մոտեցումներ են արձանագրում, որոնց մենք կարող ենք նաև դրական արձագանքել:
-Դուք այն եզակի փորձագետներից եք, որ «դրանք» հաջողված եք համարում: Մյուսները կա՛մ անկեղծ չեն, կա՛մ իսկապես կարծում են, որ ահավոր «մեծ վնաս» կա այդ սկզբունքներում հայաստանյան կողմի համար, և տագնապ են հնչեցնում, որ Հայաստանը կօգտագործվի որպես «մանրադրամ»: Ի՞նչն է, ըստ Ձեզ, «հաջող» հայկական կողմի համար:
-Այն հաջող է, որովհետև հստակ ֆիքսված է Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, հստակ ֆիքսված է, որ Հայաստան-Ղարաբաղ կապը պետք է անխափան լինի, ասել է` Լաչինի խնդիրը ևս ներառված է, հստակ ֆիքսված է, որ ինչ-որ ժամանակ հետո պետք է ժողովրդի կողմից կամարտահայտության հանրաքվե անցկացվի:
-Ի դեպ, պարոն Գրիգորյան, օրերս Ալիևը ծավալուն «րեչ օգլասիլ» այդ հայտարարության առնչությամբ, ուր ակնհայտ երևում էր, որ նա բացարձակ դեմ չէ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին, ինչի առնչությամբ շատ փորձագետներ պնդում էին` երբեք հնարավոր չէ, որ Ալիևը համաձայնի Ղարաբաղի միջանկյալ ստատուսին նույնիսկ:
-Ալիևն անվերջ առաջնորդվում է «և՛ նալին, և՛ մեխին» սկզբունքով, անում է կոշտ և մեղմ հայտարարություններ` ելնելով պահից և կոնյունկտուրային սպասարկումներից: Իմ կարծիքով` հենց միայն այն պատճառով, որ Ալիևը համաձայնություն է տվել այդ հայտարարությանը, մենք ևս պետք է համաձայնենք ու դրանով իսկ ստուգենք` որքանո՞վ է ադրբեջանական կողմը, ի վերջո, անկեղծ:
-Իսկ ո՞վ առաջինը «ոչ» կասի այդ փաստաթղթին, ըստ Ձեզ:
-Հուսով եմ` այնքան խելամիտ կլինենք, որ այդ առաջինը մենք չենք լինի:
-Իսկ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք առաջիկա այցից որևէ սպասելիք ունե՞ք:
-Մեդվեդևի այցից մեծ փոփոխություններ ևս պետք չէ սպասել, քանզի Ռուսաստանը հակված չէ ղարաբաղյան խնդրի արագ կարգավորման: Հունիսի վեցին Ստամբուլում Պուտինի արած հայտարարությունը դրա վառ ապացույցն է. այնտեղ նա ասաց` բարդ կոնֆլիկտ է, լուծումը ժամանակ է պահանջում:
-Արդյո՞ք այդ «թայմաուտը» պայմանավորված չէր նրանով, որ Ռուսաստանն ու պարոն Պուտինն այդպես էլ չկարողացան «վերցնել» ադրբեջանական գազն ամբողջությամբ և եվրոպական գներով, այլ կերպ ասած` ունենալ «Հարավային հոսքն» ընդդեմ «Նաբուկոյի»:
-Պատճառը, այո, կարող էր և դա լինել, բացի դրանից, գլխավոր պատճառ էլ կա, այն է` Ռուսաստանը չի հասկանում` եթե ինքը փորձի Ղարաբաղի հարցը լուծել, ի՞նչ է իրեն սպասում տարածաշրջանում, և արդյոք ինքը կկարողանա՞ տեղակայել այնտեղ իր խաղաղապահ ուժերը: Եթե համոզված լինի, որ կարող է, ապա ինքը ևս կնպաստի խնդրի արագ հանգուցալուծմանը:
-Նախագահական նստավայրի բակում` ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Հիլարի Քլինթոնն ուղիղ երկու անգամ հարկ համարեց (երկրորդ անգամ արդեն խիստ ընդգծված) շեշտել, որ ղարաբաղյան հարցում ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հանդես են գալիս համաձայնեցված, ի տարբերություն օսական և աբխազական խնդիրների, ինչը շատ փորձագետների մեջ (անկեղծ ասած` նաև նվաստիս) կասկած առաջացրեց. հնարավո՞ր է` ինչ-ինչ պայմանավորվածություններ արդեն իսկ կան Օբամայի և Մեդվեդևի միջև, և ընդհանրապես, նրանք կարո՞ղ են խաղաղապահների առնչությամբ համաձայնության գալ:
-Մի մոռացեք, որ խաղաղապահների հարցում անչափ կարևոր է նաև Իրանի դերակատարությունը, ինչը երբեք ու երբեք չի կարելի անտեսել: Ես չնչին կասկած իսկ չունեմ, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է, որ ՆԱՏՕ-ի զորքերը հայտնվեն այս տարածաշրջանում, ինչն էլ նշանակում է` խաղաղապահների հարցում նրանք երբեք համաձայնության գալ չեն կարող: Բայց որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև այսօր Ղարաբաղի հարցում առկա է կոնսենսուս, նույնպես աներկբա է. այն է` ծանր հարց է, արագ լուծել հնարավոր չէ, պետք է լուրջ ջանքեր գործադրել:
-Երբե՞ք հնարավոր չէ խաղաղապահների հարցով համաձայնության գալ. ասենք, այլ տեղի «վրայով» առևտուր անեն, այստեղի «վրա» բարիշեն:
-Ոչ, հնարավոր չէ, որովհետև Ռուսաստանը թույլ չի տա, որ իր ազդեցության գոտում հայտնվեն ամերիկյան կամ ՆԱՏՕ-ական զորամիավորումներ:
-Իսկ «խառը» տիպի զորքե՞ր:
-Կդժվարանամ ասել: Ընդ որում, այդ հարցում շատ մեծ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի դերակատարությունը:
-Ով ի՞նչ է ուզում:
-Ադրբեջանը, ակնհայտ է, չի ուզում ռուսական խաղաղապահներ լինեն գրավյալ տարածքներում: Հայաստանի դեպքում դժվարանում եմ ասել: Մինչև հիմա պաշտոնական մակարդակով չգիտենք` ինչ են ուզում հայաստանյան իշխանությունները. ոչինչ մինչև հիմա չի ասվել: Եվ այնուհանդերձ, կարծում եմ, որ մեզ ձեռնտու չէ որևէ երկրի զորամիավորման առկայությունն այս տարածքում։ Ղարաբաղի սահմանների ամենալավ պահապանը հայկական զորամիավորումներն են:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ