«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ «ՍՏՐԻՊՏԻԶԻ» ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ»

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ «ՍՏՐԻՊՏԻԶԻ» ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ»
21.01.2011 | 00:00

2012-ին խորհրդարանականն ընտրություններ են, և 2011-ի զարգացումները, բնականաբար, պետք է ենթարկվեն նախընտրական տարվա տրամաբանությանը։ Քաղաքական հնարավոր զարգացումների և կանխատեսումների շուրջ զրուցում ենք քաղաքական տեխնոլոգ, «P-Art» (Փի Արտ) ընկերության զարգացման հարցերով տնօրեն ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։
-Քաղաքական ի՞նչ կանխատեսումներ կանեք 2011-ի համար։
-Կարծում եմ՝ ամեն ինչ զարգանալու է նախընտրական տարվա տրամաբանության տիրույթում: Տարին բաժանվելու է երկու մասի. մինչև հուլիս-օգոստոս առավել ակտիվ կլինեն ինչպես առաջիկայում ձևավորվելիք նորաստեղծ կուսակցությունները, որոնք հայտ կներկայացնեն իրենց գոյության և նպատակների մասին, այնպես էլ մարգինալ, քաղաքական լուսանցքում գտնվող անհատներն ու քաղաքական ուժերը, որոնք կփորձեն իրենց մասին հիշեցնել` քաղաքական դաշտում սեփական տեղը գտնելու, որևէ կուսակցական ցուցակում կամ ինչ-որ դաշինքում հայտնվելու ակնկալիքով։ Ընդ որում, այդ գործընթացին մենք արդեն իսկ ականատես ենք։ Բավականին աղմկոտ հայտարարություններ են հնչում, ոմանք արդեն խոսում են ապագա տարաբնույթ միավորումների, ոչ կուսակցականների շարժում ստեղծելու մասին։ Չի բացառվում նաև (ինչպես լինում է միշտ նախընտրական շրջանում), որ ի հայտ գան «երրորդ», «չորրորդ» ուժ դառնալու հավակնորդներ։ Այս համատեքստում կլինեն բավականին «էքստրավագանտ» հայտարարություններ և՛ ներքին կյանքի, և՛ աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ։ Ինչ վերաբերում է հայաստանյան քաղաքական դաշտում ներկայումս առանցքային դերակատարում ունեցող կուսակցություններին՝ խորհրդարանական ուժերին, և արտախորհրդարանական ընդդիմությանը՝ ՀԱԿ-ին, ապա նրանցում մինչ օգոստոս հիմնականում լինելու է կազմակերպչական աշխատանքների և ներկուսակցական վերադասավորումների փուլ։ Վերոհիշյալ ուժերը փորձելու են իրենց դիրքերն ամրապնդել, գույքագրել սեփական քաղաքական կապիտալը, համալրել կուսակցական շարքերն այլ կուսակցությունների կադրերի հաշվին։ Այս գործընթացներում կձեռնարկվեն մարտեր հիմնականում քաղաքական ուժերի ստորին և միջին օղակների միջև։ Այս փուլում յուրաքանչյուր կուսակցություն փորձելու է ամրապնդել իր քաղաքական ռեսուրսը, որպեսզի արդեն աշնանը կամ ամենաուշը ձմռան սկզբին այն վերածի բանակցային ռեսուրսի։ Այսինքն, պետք է ունենաս որոշակի ռեսուրս, որի շուրջ բանակցություններ սկսես հիմնական հակառակորդների կամ համախոհների հետ։ Շատ հավանական է նաև, որ, նախընտրական պայքարի վերջնական փուլի մոտենալուն պես, հիմնական գործող ուժերը պայմանավորվեն ապագա խորհրդարանի կոնկրետ կազմի և քաղաքական ներկապնակի շուրջ:
-Որո՞նք են այդ հիմնական ուժերը։
-Բնականաբար, այդ ուժերը բաժանվում են իշխանական և ընդդիմադիր թևերի։ Սակայն այս ընտրությունների յուրահատկությունն այն է, որ նույն իշխանական ճամբարը բաժանվում է երկու ազդեցիկ հատվածների։ Այսօր արդեն ակնհայտ է, որ իշխանությունը բաղկացած է երկու թևից։ Կա նախագահ Սերժ Սարգսյանի ռեսուրսը՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, հնարավոր է՝ ակտիվացվի ՄԻԱԿ-ը: Սակայն չի բացառվում նաև, որ Սերժ Սարգսյանի ռեսուրսը համալրվի մեկ-երկու քաղաքական, նախընտրական հատուկ նախագծերով, որոնց ստեղծման նպատակները տարբեր կարող են լինել. օրինակ, կա՛մ տարբեր քաղաքական տեխնոլոգիաներով հակառակորդից ձայներ փախցնելը, կա՛մ, ասենք, անհրաժեշտ պահին հակառակորդների հանդեպ սև PR իրականացնելու առաքելությունն իրենց վրա վերցնելը և այլն։ Քիչ հավանական եմ համարում այնպիսի «քինդերսյուրպրիզների» ի հայտ գալը, որոնք կհասցնեն մինչև ընտրություններն այնքան քաղաքական և ֆինանսական ռեսուրս կուտակել, որը հնարավորություն կընձեռի նրանց, որպես ինքնուրույն քաղաքական ուժ, մտնելու խորհրդարան: Իշխանական ճյուղում կա նաև Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը, որը ներառում է ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՄԱԿ-ը։ Չի բացառվում, որ այդ ռեսուրսը նույնպես համալրվի որոշակի քաղաքական նախագծերով, այդ թվում՝ աշխարհաքաղաքական։ Իշխանական այս երկու թևերի միջև լուրջ մրցակցություն է ընթանալու, քանի որ առաջիկա ընտրություններից հետո լուծվելու է գործադիր իշխանության հարցը, ինչը լուրջ հարթակ կարող է հանդիսանալ 2013-ի նախագահական ընտրությունների համար։ Սակայն կրկնեմ` արդեն տարեվերջին իշխանական երկու թևերի միջև, ելնելով ուժերի փաստացի հարաբերակցությունից, ինչպես նաև որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների դրդմամբ, կարծում եմ` հստակ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն ապագա խորհրդարանում ուժերի հարաբերակցության շուրջ, ընդ որում, չեմ բացառում, որ այդ պայմանավորվածությունների արդյունքում իշխանական թևերից առնվազն մեկի ռեսուրսում լուրջ, գուցե արմատական տարաձայնություններ առաջանան: Բայց չմոռանանք նաև ընդդիմությանը, որն այսօր առայժմ ասոցացվում է ՀԱԿ-ի հետ։ Չեմ կարծում, որ այն միատարր է, առավել ևս, եթե նկատի ունենանք, որ ընտրությունները, որպես քաղաքական գործընթաց, ոչ թե միավորող են, այլ տարանջատող, քանի որ մշտապես տարաձայնություններ են առաջանում ընտրացուցակների և դրանցում զբաղեցնելիք տեղերի շուրջ։ Պետք չէ բացառել, որ ընտրությունների մոտենալուն պես նշածս երեք ուժերը` իշխանական երկու թևերը և ՀԱԿ-ը, կփորձեն պայմանավորվել խորհրդարանական տեղերի շուրջ։ Ընդ որում, դրան կնպաստեն նաև աշխարհաքաղաքական որոշ կենտրոններ։ Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, դրանք, ի տարբերություն 2007-ի, երբ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ իշխանությունները պայմանավորվեցին, որ խորհրդարանի իշխանական հատվածն ամբողջովին պետք է ձևավորված լինի ռուսամետ համարվող ռեսուրսներից, իսկ ընդդիմությունը՝ արևմտամետ (խոսքը «Ժառանգության» մասին է), այս անգամ չի բացառվում, որ ՌԴ-ն պնդի, որ խորհրդարանում, որպես լրացուցիչ երաշխիք և հսկող մեխանիզմ, հայտնվի նաև ռուսամետ ընկալվող ընդդիմություն։
-Վերջին շրջանի պաշտոնափոխությունները, նոր նշանակումներն արդյոք չե՞ն խոսում այն մասին, որ իշխանություններն իրենց վստահ չեն զգում և փորձում են ամրանալ։
-Եթե խոսենք գյուղնախարարի փոփոխության մասին, ապա հստակ է, որ հանրապետության նախագահը, պայմանականորեն ՕԵԿ-ի հսկողության տակ գտնվող նախարարությունների ղեկավարներին փոխելիս, առանձնապես իրեն կաշկանդված չի զգում կոալիցիոն պայմանավորվածություններով և վարվում է այնպես, ինչպես կվարվեր իր գլխավորած կուսակցության հետ։ Ինչ վերաբերում է կադրային մյուս փոփոխություններին, կարծում եմ՝ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև կադրային կամ քաղաքական պայմանավորվածությունների, տրված երաշխիքների ժամկետն արդեն լրանում է։ Դա սովորական քաղաքական գործընթաց է։ Ժամանակին, երբ Վլադիմիր Պուտինը եկավ իշխանության, որպես ժառանգորդ, որոշակի պայմանավորվածություններ էր ձեռք բերել Ելցինի հետ, որոնցից մեկն էլ վարչապետի պաշտոնում Մ. Կասյանովի նշանակումն էր։ Բայց արդեն նախագահական պաշտոնավարման ավարտին Կասյանովին փոխարինեց Ֆրադկովը։ Բացի այդ, ՀՀ իշխանությունն այսօր որոշակի բան ունի ապացուցելու Արևմուտքին, որն անընդհատ ահազանգում է Հայաստանում կոռուպցիայի բարձր մակարդակի, քրեական տարրերի մասին։ Իշխանությունը ցանկանում է ցույց տալ, որ կարող է իրականացնել բարեփոխումներ, գնալ կտրուկ փոփոխությունների։ Բայց, օրինակ, նույն քաղաքապետի փոփոխությունը, որը ՀՀ ղեկավարի համար, այնուամենայնիվ, շատ ցավոտ էր, այն դեպքն էր, երբ և՛ ներիշխանական փոխհարաբերություններ ճշտվեցին, և՛ միևնույն ժամանակ արտաքին ու ներքին սպառողին ուղղված հստակ PR ակցիա իրականացվեց:
-Վերջին կադրային նշանակումները ներկա՞, թե՞ նախկին նախագահների թիմերն են ամրացնում։
-Ես վերապահումով եմ վերաբերվում այն պնդումներին, թե այս կամ այն պաշտոնյան միանշանակ Քոչարյանի կամ Սարգսյանի «մարդն» է։ Կա պետական ապարատ կամ չինովնիկների խումբ, որոնք միշտ ձգտում են լինել օրվա իշխանության թիմում: Քոչարյանի օրոք կային բազմաթիվ պետական չինովնիկներ, ովքեր առաջխաղացում ունեցել են Տեր-Պետրոսյանի օրոք։ Հիմա էլ նման օրինակների պակաս չունենք: Ի վերջո, եթե նորից հիշենք Ռուսաստանի ոչ հեռավոր անցյալը, ապա Վլադիմիր Պուտինին պետք է համարեինք Բորիս Ելցինի «մարդը», բայց այսօր որևէ մեկը դրա մասին հիշո՞ւմ է: Ընդհանրապես պետական բյուրոկրատիան բավականին նուրբ օրգանիզմ է։ Նա շատ արագ է զգում, թե որ կողմից է փչում քամին։ Այնպես որ, շատ հարաբերական է, թե տվյալ մարդն ում թիմից է։ Այլ հարց է, որ կադրային բանկը վերջին 2-3 տարում արմատապես չփոխվեց։
-Նոր տեխնոլոգիաների այս դարում ինչպիսի՞ն է լինելու քարոզարշավը։
-Չեմ բացառում, որ աշխարհաքաղաքական որոշ ոչ ֆորմալ կենտրոնների ազդեցությունը հայաստանյան ընտրական գործընթացների վրա կարող է լինել «Վիկիլիքսների», Youtube-ների միջոցով։ Պետք չէ մոռանալ, որ 2010-ին այդպիսի փորձնական բաներ լինում էին։ Ընդ որում, այդ հնարավոր կոմպրոմատների զոհերի կարգավիճակում կարող են հայտնվել գրեթե բոլոր հիմնական քաղաքական ուժերն ու նրանց առաջնորդները, քանի որ նույն «Վիկիլիքս»-ի հրապարակումները կարող են ներառել բավականին ընդգրկուն ժամանակաշրջան: Ես ոչինչ չեմ բացառում։ Աշխարհը բավականին փոխվել է, ըստ էության, այսօր գաղտնիքներ չկան։ Աշխարհը բաց է խաղում, քաղաքական և դիվանագիտական «ստրիպտիզի» պայմաններում ենք ապրում։ Կարծում եմ՝ ընտրությունների ամենաթեժ պահին, եթե Հայաստանում համացանցը զարգանա այս տեմպերով, շատ հնարավոր է, որ մեծ դեր ունենան Youtube-ը, սոցիալական ցանցերը։ Ասել է թե՝ պետության կողմից վերահսկվող հեռուստատեսությանն իրական ու հզոր այլընտրանք է ստեղծվում։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ