Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Պատմությունը ցույց տվեց, որ եթե արցախահայությունը չլիներ, մենք այսօր Հայաստան չէինք ունենա»

«Պատմությունը ցույց տվեց, որ եթե արցախահայությունը չլիներ, մենք այսօր Հայաստան չէինք ունենա»
31.10.2008 | 00:00

«ԱՏՈՒՄ ԵՄ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ՄԵՐ ՓՈՔՐ ԱԶԳԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱՏԵԼ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Հայաստանի նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ ենթադրում էր, որ մեր զրույցը ծավալվելու է մշակութային թեմաների շուրջ, ու թեև հարցերի այլ ուղղվածությունը նրա համար անակնկալ էր, բայց ուներ նաև դրանց պատասխանները:
«ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ ԿԸՆՏՐԵՆ ՈՉ ԹԵ ՄԱՐԴՈՒՆ, ԱՅԼ ԾՐԱԳԻՐԸ»
-Պարոն Աղամյան, Հայաստանի նկարիչների միությունը նախապատրաստվում է հերթական համագումարին և միության նոր նախագահի ընտրությանը: Այս պարագայում նո՞ւյնպես ենթադրվում է այնպիսի իրարանցում, որը բնորոշ է համապետական և ՏԻՄ ընտրություններին:
-Չեմ կարծում, թե «իրարանցում» բառը տեղին է այս դեպքում, որովհետև իրարանցում չկա: Իրարանցումը բնորոշ է ամբողջ երկրի մասշտաբով ծավալվող ընտրություններին, երբ մամուլը, հեռուստատեսությունը, հասարակությունը խոսում ու լսում են այդ իրադարձությունների մասին: Եթե մեր պարագայում անգամ լինի իրարանցում, ապա այն կընդգրկի շատ փոքր մասշտաբներ։ Նկարիչների միության՝ Հայսատանում ապրող անդամները մոտավորապես 700 հոգի են: Այս ծավալի դեպքում ծիծաղելի է իրարանցման մասին խոսելը: Բայց կան փսփսոցներ, տարբեր տեսակի շշուկներ, ինչն ինձ համար մի քիչ տխուր է: Ամբողջ աշխարհում կան ինչ-որ տեխնոլոգիաներ, ասեկոսեներ տարածող ինչ-որ ինստիտուտներ, և այդպիսի մի իրողություն ես նկատում եմ մեր միության ներսում: Լսում եմ իմ մասին ինչ-որ տեղեկություններ, որոնք և՛ զարմացնում են ինձ, և՛ զայրացնում, և՛ ծիծաղեցնում: Այսպիսի մեթոդները երբեք չեն աշխատել նկարիչների միության ընտրությունների ժամանակ, և այս անգամ էլ դրանք չեն գործի: Սրանից մի քանի ամիս առաջ վստահ չէի, որ նորից կառաջադրեմ իմ թեկնածությունը նախագահ ընտրվելու համար, բայց հիմա հայտարարել եմ, որ փորձելու եմ վերընտրվել, որովհետև ունեմ բազմաթիվ ծրագրեր: Նաև իմ կոլեգաներին եմ կոչ արել, որ եթե հանդես են գալու որպես նախագահի թեկնածուներ, ապա պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը, որպեսզի համագումարի ժամանակ նկարիչներն ընտրեն ոչ թե մարդուն, այլ ծրագիրը: Առայժմ որևէ թեկնածու որևէ ծրագիր չի ներկայացրել քննարկման, բայց ասեկոսեներ տարածելու ճանապարհը բռնել են: Կեղծիքներ տարածելով, չեմ կարծում, որ իմ ընդդիմախոսները կհասնեն արդյունքի:
-Թեկնածուներն ովքե՞ր են, քանի՞սն են:
-Անուններ չեմ ուզում տալ, որովհետև կստացվի, որ կոնկրետ ինչ-որ մարդկանց դեմ եմ խոսում: Ես առհասարակ երևույթն եմ դիտարկում: Ասեկոսեները գուցե օգնեն ինչ-որ մեկին՝ ավելի շատ ձայներ հավաքելու, բայց այդ երևույթը նսեմացնում է Հայաստանի նկարիչների միության անունը:
-Ե՞րբ է սպասվում համագումարը:
-Ճշգրիտ օրը դեռ հայտնի չէ, բայց լինելու է անպայման այս տարվա մեջ: Խնդիրներից մեկը դահլիճն է: 700 տեղանոց դահլիճներ Երևանում կան, բայց բոլորն զբաղված են:
«ԵԹԵ ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՍ, ԿԱՐՈՂ ԵՍ ՇԵՂՎԵԼ ԴԵՊԻ ՉԱՐԸ»
-Արվեստագետները բնույթով ըմբոստ, կարծրատիպերն ու համահարթեցումները մերժող տեսակ են: Այս առումով ինչպե՞ս եք գնահատում հանրապետության քաղաքական ընդդիմության քննադատական պահվածքն իշխանությունների հանդեպ: Սա ինչ-որ բարեփոխումների տանելո՞ւ, թե՞ ցանկացած բան ժխտելու միտումն ունի:
-Ընդհանրացնել պետք չէ: Չեմ կարծում, որ բոլորին պետք է նույն սանդղակով գնահատել: Կարծում եմ՝ կան մարդիկ, ովքեր ուղղակի ժխտողական բնավորություն ունեն, և կան մարդիկ, ովքեր ցանկանում են մի բան փոխել դեպի լավը, ու այդ փոփոխությանը հասնելու ճանապարհը դառնում է հակաիշխանական պայքար:
-Այսօր մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հաճախ խոսվում են իրողությունների մասին (սպանված երեխայի՝ աղբամանում գտնված կոշիկ, մարդու, թե խոզի ծնոտ և այլն, և այլն), որոնք որակվում են իբրև սադրանք: Այս սադրանքները մեր հասարակության որոշակի շերտերին բնորոշ հատկանիշների ինքնաբուխ դրսևորմա՞մբ են պայմանավորված, թե՞, այնուամենայնիվ, պատվերով հրահրված երևույթներ են:
-Եթե պատվերը տրվում է այնպիսի մարդու, այնպիսի հասարակության, որն ունակ չէ այն կատարելու, ապա չի կատարվում, չի իրականացվում: Բայց մենք տեսանք, որ այդ օրերին ընդդիմության կողմից կատարվեցին բավականին ակտիվ քայլեր հաճախ էլ՝ ոչ այնքան հաճելի: Սադրանքներ որակվող երևույթներն ինքնաբուխ էին, թե պատվերով, չգիտեմ: Ես չունեմ ճշգրիտ տվյալներ, իսկ հորինվածքներ չեմ սիրում: Երևի թե կան համապատասխան կառույցներ, որոնք կուսումնասիրեն այս հարցն ու կիմանան իսկական պատասխանը: Մեր պետությունն ունի հատուկ մարմիններ, որոնք կոչված են զբաղվելու այդպիսի խնդիրներով:
-ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մտադիր է մատուռ կառուցել խորհրդարանի բակում: Ի՞նչ կփոխի մատուռի առկայությունն ԱԺ աշխատանքների բովանդակության մեջ:
-Հոգևոր կյանքը մարդու համար շատ կարևոր է: Եթե հոգևոր կյանքից հեռանում ես, կարող ես շեղվել դեպի չարը, բռնել դեպի սատանան տանող ճանապարհը: Հոգևոր ինչ-որ օղակի գտնվելն այդ տարածքում գուցե վատ բան չէ, բայց ոչ ոք չի խանգարում պատգամավորներին՝ հոգևորի հետ հաղորդակցվել նաև խորհրդարանից հեռու տարածքներում: Մատուռ կառուցելը ճիշտ է, թե սխալ, ես չէ, որ պետք է որոշեմ, ես չէ, որ պետք է քննադատեմ կամ խրախուսեմ: Չեմ էլ մտածել այդ մասին: Ես նկարիչ եմ, դիզայներ եմ և կարող եմ խոսել այլ հարցերի մասին: Օրինակ՝ մեր քաղաքի շինարարական պատկերի մասին:
«ԵՐԲ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ ՇԵՆՔԵՐԸ ԲՆԱԿԵՑՎԵՆ, ԵՐԵՎԱՆԸ ԿՄԱՀԱՆԱ»
-Թամանյանական օպերայի շենքը, նախ, շրջափակվեց սրճարանային համալիրով, հիմա էլ «խոշտանգվում» է ստորգետնյա կայանատեղի կառուցելու նպատակով: Շատ չտառապե՞ց քաղաքի այս հատվածը՝ բարեկարգման նպատակով:
-Այն, որ օպերան շրջապատվել է սրճարաններով, վատ է, իսկ ստորգետնյա կայանատեղիներ կառուցելը բոլորովին էլ վատ չէ: Կայանատեղիները վիզուալ առումով չեն խեղճացնում, չեն ոչնչացնում օպերայի շենքը, մինչդեռ սրճարաններն ուղղակի խայտառակություն են, ամոթ: Բայց սա քաղաքաշինության մի փոքր հանգույցն է: Կարծում եմ` քաղաքաշինությունը՝ որպես գիտություն, որպես տրամաբանական զարգացման ինչ-որ մի հանգույց, Հայաստանում նահանջ է ապրում: Այսօրվա Երևանի կառուցապատումը շատ է նման այն ժամանակներին, երբ Հայաստանը չուներ ինքնիշխան կառավարություն, և մարդիկ այդ ժամանակներում իրենց տները կառուցում էին ինչպես ու որտեղ պատահի: Հին Երևանի հողաշեն տներն ինչպե՞ս էին կառուցված: Չկար որևէ պլանավորում: Մեկը մյուսին խանգարող, մի կերպ տան մուտքին հասնելու ինչ-որ անցումներ ապահովող կառույցներ էին: Այդպես են կառուցված Կոնդը, Սարի թաղը: Հետո եկան խորհրդային իշխանությունները և պահանջեցին քանդել այդ շենքերը, ճանապարհներ բացել: Մենք ունեցանք Սայաթ-Նովայի պողոտան, Մաշտոցի պողոտան, Աբովյան փողոցը: Այսինքն՝ ունեցանք տրամաբանությանը մոտ, ուղիղ գծված ճանապարհներ: Մարդկությունը վաղուց հասել է այն գիտակցությանը, որ պետք է ունենալ փողոց, կանաչ գոտի, մայթ, հետո գուցե ևս մի կանաչ գոտի, ապա նոր՝ շենք: Իսկ հիմա կառուցում ենք շենքեր, որոնք ուղղակի փողոցի վրա են: Սա ի՞նչ բան է: Երևանը կորցրել է իր համաչափությունը: Շենքերի քանակի, փողոցների քանակի և նրանց անցուղիների անհամաչափությունը հանգեցնելու է կոլապսի: Վաղը, մյուս օրը, երբ այս կենտրոնական հատվածներում շենքերը բնակեցվեն, Երևանը կմահանա: Հիմա գրեթե մահացած է, շնչահեղձ է, բայց բնակեցվելուց հետո իսկապես կմահանա: Փողոցները քաղաքի համար նույնն են, ինչ մարդու համար՝ արյունատար ուղիները: Եթե արյունատար ուղիները խցանվում են, մարդու օրգանիզմը չի սնվում ու մահանում է: Ճիշտ նույն բանը կատարվում է և քաղաքի դեպքում: Չսնվող քաղաքը չի կարող ապրել: Երևանում իրականացվող շինարարությունը տգիտության ամենավերին դրսևորումն է: Ես սա ցավով եմ ասում:
«ԱՆՀԱՏԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ ԹԱՔՆՎԵԼԸ ՄԵՐԺԵԼԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է»
-Մարդու մահը (գոնե՝ ֆիզիկական մահը) անդառնալի կորուստ է: Քաղաքի դեպքո՞ւմ ինչպես է: Կա՞ վերածնվելու տարբերակ:
-Իմ կարծիքով՝ Երևանի կենտրոնի համար այլևս փրկություն չկա: Գուցե թե քաղաքի ծայրամասերում հնարավոր լինի փրկության հնարավորություն գտնել: Եթե որոշողը ես լինեի, կկանգնեցնեի այս շինարարությունը, կփորձեի փրկել այն, ինչը դեռ հնարավոր է: Բայց, իհարկե, դա անհնար է, որովհետև կա մասնավոր սեփականատեր, այդ կառույցները պետական չեն, և ոչ ոք չի կարող ընթացող աշխատանքները դադարեցնել: Մեր տունը Կինոյի տան տեղում էր՝ Գնունի (հիմա՝ Վարդանանց) փողոցում: Ես այնտեղ եմ մեծացել: Երբ մեր մեծ սեփական տունը և ընդարձակ հողատարածքը քանդեցին ու մեզ գրեթե ոչինչ չտվեցին, ես շատ դժգոհ էի, բայց հիմա տեսնում եմ, որ ճիշտ լուծում էր. թե՛ փողոցը լայնացավ, թե՛ Կինոյի տունը կառուցվեց: Ես տուժեցի, բայց քաղաքը շահեց: Երբ անհատի շահերը տուժում են, իսկ քաղաքը, պետությունը, հասարակությունը շահում են դրանից, ես դա ճիշտ եմ համարում: Հասարակության շահն ավելի կարևոր է, քան անհատինը: Դա իմ տեսակետն է, գուցեև՝ սխալ:
-Բայց չէ՞ որ հասարակությունն անհատներից է բաղկացած: Եթե տուժող անհատները շատ են, վերջին հաշվով, ձևավորվում է տուժող հասարակություն:
-Մենք պատերազմում կորցրինք հազարավոր երիտասարդների: Անհատը տուժեց, և գիտակցաբար տուժեց, բայց շահեց հասարակությունը: Ընդ որում, տուժեց մեր հասարակության ամենալավ մասը, ամենալավ սերունդը, որը դեռ չէր վերարտադրվել, իր սերմը չէր ցանել: Շատ ափսոս է, իհարկե: Բայց այդ անհատները տուժեցին, որպեսզի մենք այսօր կարողանանք խաղաղ նստել այստեղ ու մեր գործով զբաղվել, որպեսզի հասարակությունն այսօր ավելի գլոբալ հարցեր կարողանա լուծել: Այո՛, անհատը միշտ պիտի տուժի: Իսկ անհատի անձեռնմխելիության հետևում թաքնվելը մերժելի կատեգորիա է. ես դրան կողմնակից չեմ:
«ԱՄԵՆ ՄԻ ՓՈՔՐ ԱԶԳԻ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՆՊԱՍՏԱՎՈՐ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ՀԱՐՑ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԴԱ ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆ ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ»
-Այսօր Ռուսաստանը փորձում է բանակցային գործընթացներում ներգրավել Հարավային Օսիան, Աբխազիան՝ որպես իրավաբանական ինքնուրույն միավորներ: Սա կարո՞ղ է նպաստավոր լինել Արցախի համար:
-Այո՛, կարող է նպաստավոր լինել: Ամեն մի փոքր ազգի ինքնորոշումը հաստատող որևէ փաստաթուղթ նպաստավոր է Արցախի համար, բայց թե ինչպես դա կօգտագործեն մեր դիվանագետները, այլ հարց է: Այնքան ունակ կլինե՞ն, որ ճիշտ օգտագործեն, թե՞ տանուլ կտան:
-Հանրապետության երկրորդ նախագահի օրոք ժողովրդի մեջ խիստ ընդգծված էր բացասական վերաբերմունքը, այսպես կոչված, ղարաբաղյան կլանի նկատմամբ: Հիմա այդ վերաբերմունքը կարծես թե մեղմվել է: Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը. Ղարաբաղյան կլա՞նն է նահանջ ապրում, թե՞ մարդիկ են ավելի հանդուրժող դարձել:
-Չգիտեմ, թե ինչն է պատճառը: Բայց ասեմ, որ ատում եմ այն մարդկանց, ովքեր մեր փոքր ազգը փորձում են մասնատել: Սա միայն թշնամանք է առաջացնում մեր մեջ: Միայն թշնամին կարող է տարբերակել՝ սա արցախցի է, սա գյումրեցի, սա՝ լոռեցի, սա՝ ապարանցի: Չի՛ կարելի, ամո՛թ է: Փորձենք մեզ նայել երկրագնդի մասշտաբով: Ի՞նչ ենք մեզնից ներկայացնում: Մոտ երեք միլիոն բնակիչ ունեցող պետություն ենք: Եթե Մոսկվայի մասշտաբով նայենք, դա ընդամենը քաղաքի մի հատվածի չափ է: Բայց մենք ունենք նախագահ, նախարարներ, տարբեր կառույցների ղեկավարներ: ՈՒ սկսում ենք քննարկել, թե այդ ղեկավարներից ով որտեղ է ծնվել: Ո՞Ւմ են այս բաները ձեռնտու: Իհարկե՝ թուրքին, ադրբեջանցուն, դրսի գաղափարախոսություններն այստեղ քարոզողներին: ՈՒ մեր ոչ այնքան հեռատես հայրենակիցներն սկսում են այդ ասեկոսեներին արձագանքել: Դա է ամենամեծ վտանգը։ Ինձ համար ոչ մի նշանակություն չունի, թե որտեղ է ծնվել հայը: Եթե նա հայ է, դրանով ամեն ինչ ասված է: Ավելին, պատմությունը ցույց տվեց, որ եթե արցախահայությունը չլիներ, մենք այսօր առհասարակ Հայաստան չէինք ունենա: Ամբողջ մի ժամանակահատված, երբ Հայաստանը զրկված էր պետականությունից, հայությունն ամենաամուր կերպով պահպանվում էր Արցախում՝ այնտեղ գոյություն ունեցող որոշ իշխանական կառույցների շնորհիվ: Արևելյան Հայաստանը հնարավոր եղավ փրկել: Այն ազատագրեց ռուսական զորքը՝ արցախահայության հետ: Արցախի հայությունն էր, որ կանգուն մնաց ամենադժվար պահերին: Հիմա շատացել են հայրենակցական միությունները: Շատ լավ է, որ դրանք կան: Բայց եկեք հարցնենք, թե ուր է հայրենիքի իրենց հատվածը: Չկա, չեն պահել: Իսկ արցախահայությունն իր բնօրրանը պահել է: Մեզ ժամանակին արցախցիներն են ազատագրել, մենք էլ հիմա նրանց ենք ազատագրում: Ի՞նչ է պատահել: Մենք մի ամբողջությո՞ւն ենք, թե՞ ոչ: Եթե այսպես չմտածենք, կորած ենք:
-Եվ վերջում՝ Ձեր ստեղծագործական ծրագրերի մասին: Ի՞նչ եք մտադիր անել առաջիկայում:
-Պատրաստվում էի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իմ անհատական ցուցահանդեսը բացել նկարիչների միության սրահներում, բայց վերջին շրջանում ցուցահանդեսների այնքան մեծ հոսք եղավ, որ հետաձգեցի: Կանեմ ավելի ուշ: Այստեղ ցուցադրվելուց հետո, հավանաբար, նույն ցուցահանդեսը կբացվի Մոսկվայում, որտեղ վերջերս հրատարակվել է իմ ալբոմը: Ցուցահանդեսը մտադիր եմ անել ռետրոսպեկտիվ տարբերակով. կընդգրկվեն և՛ նոր աշխատանքներ, և՛ տարբեր թանգարաններում ու հավաքածուներում պահվող հին աշխատանքներ: Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ եմ արել այս տարիների ընթացքում:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2682

Մեկնաբանություններ