«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԳԵՐՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԼՍՈՒՄ, ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ»

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԳԵՐՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԼՍՈՒՄ, ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ»
20.12.2011 | 00:00

Տարբեր ժամանակներում ռոքը Հայաստանում ունեցել է և՛ անկման, և՛ վերելքի շրջաններ: Մասնագետները փաստում են, որ ունեցել ենք և՛ անհատ երաժիշտներ, և՛ խմբեր, ի դեպ, միջազգային չափանիշներին ոչնչով չզիջող: Այսօր էլ ունենք կայացած, իրենց հաստատուն տեղն ու ձեռագիրն ունեցող ռոք խմբեր, երգիչներ: Հեշտ չէ նոր բան ասել այս տարածքում ու լսելի լինել: «Իրատես de facto»-ի հյուրը ռոք երգիչ, կիթառահար ՎԱՀԱԳ ՌԱՇՆ է: «Լուսամփոփի պես աղջիկ», «Ադանա», «Աշնան քամի», «Անհաս մի տենչ», «Գտա»… Վահագ Ռաշը ներկայանում է հանգիստ, իմաստալից երգերով: Փորձում է ռոք ոճով ներկայացնել ժողովրդական երգերը: ՈՒնի նաև հայ դասականների խոսքերի հիման վրա գրված երգեր, որոնք հասցրել են տարածվել ու սիրվել ունկնդրի կողմից:
-Վահագ, սիրված բանաստեղծություններն իբրև երգ ներկայացնելը դժվար ու պատասխանատու գործ է: Ինչպե՞ս է դա ընդունվում երգարվեստի ներկայացուցիչների, երաժշտասերների կողմից:
-Մի մասի կարծիքով` այդ բանաստեղծությունները ժամանակակից չեն, բայց դրանք արդիական, չհնացող թեմաներ են: Ասենք, «Լուսամփոփի պես աղջիկ»-ը, «Անհաս մի տենչ»-ը, «Գտա»-ն, որ Շիրազի կյանքի մասին է, և ուզում ենք նաև տեսահոլովակ նկարել: Հասարակ ժողովուրդն ավելի լավ է ընդունում, քան շոու բիզնեսի ներկայացուցիչները, նրանք հիմնականում ռոքից հեռու են:
-Նորացնելու արդյունքում ժողովրդական երգերը շատ հաճախ աղավաղվում են: Ձեր դեպքում ինչպե՞ս է:
-Թեման և երաժշտությունը չեն փոխվում, միայն գործիքավորումն է նորացվում, դուդուկի, դհոլի, զուռնայի փոխարեն օգտագործվում են կիթառ, երգեհոն և այլն:
-Երաժշտական կրթություն ունե՞ք:
-Կիթառ եմ սովորել երաժշտական դպրոցում, ավարտել եմ ճարտարապետական ինստիտուտը, մասնագիտությամբ ծրագրավորող եմ, հաշվապահ, ունեմ շինարարության իմ սեփական բիզնեսը:
-Ինչպե՞ս եք համատեղում երաժշտությունն ու բիզնեսը: Շատ տարբեր աշխարհներ չե՞ն:
-Երաժշտությունը հոգու հանգստության համար է, հանգստանալու մի ձև է: Բացի այդ, շինարարությունն անմիջական և մեծ կապ ունի երաժշտության հետ: Նայեք, Մեսչյանը ճարտարապետ է, Մատենադարան է կառուցում ու այդպիսի երգեր է երգում: Չեմ համեմատում տաղանդի առումով, պարզապես ուզում եմ ասել, որ համատեղելի են:
-ՈՒնե՞ք երգեր, որ դեռ չեն հասել ունկնդրին:
-ՈՒնեմ 4-5 երգ` գրեթե պատրաստ վիճակում:
-Դարձյա՞լ սիրված բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր են:
-Այս անգամ` ոչ: Միայն մեկն է գրված Տերյանի` «Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար» բանաստեղծության հիման վրա: Գրվել է երեք տարի առաջ, պատասխանատու երգ է, պետք է լավ աշխատել:
-Ո՞վ է գրում Ձեր երգերի երաժշտությունը:
-Ես, մի քանի երգերի երաժշտությունը` հայրս, «Լուսամփոփի պես աղջիկը»` մորեղբայրս` Աշոտ Սիմոնյանը:
-Ինչպե՞ս են ունկնդրին հասնում Ձեր երգերը:
-Ռադիոյով են հեռարձակվում, տեսահոլովակներն են շրջանառվում համացանցի միջոցով, որն այսօր ամենամատչելի տարբերակն է: Հեռուստատեսությամբ էլ բոլոր տեսահոլովակները ցուցադրել են, պարզապես մի քիչ ֆինանսական խնդիր կա:
-Համերգներ ունենո՞ւմ եք: Որքան գիտեմ, վերջերս եք վերադարձել Մոսկվայից և հանդես եք եկել համերգով:
-Այո, հիմնականում ակումբներում են լինում համերգները: Ռոքն ունի նեղ, հավատարիմ շրջանակ, մեծ համերգներով չես համարձակվի ներկայանալ, կազմակերպական հարցեր կան:
-Շոու բիզնեսը, հեռուստատեսությունը ամենաքննադատվող տարածքներն են: Բայց, մյուս կողմից էլ, ճանաչում ձեռք բերելու համար երկնագույն էկրանը պարտադիր ու ամենակարճ ճանապարհն է: Հայտնի դառնալու ի՞նչ ճանապարհ եք ընտրել ինքներդ:
-Նպատակ չունեմ հայտնի դառնալու, ավելի շատ ուզում եմ երգերս հայտնի դառնան: Հիմա հեռուստացույց այդքան չեն նայում, ավելի հեշտ է սոցիալական ցանցերով տարածելը, քան հեռուստատեսությամբ: Իսկ շոու բիզնեսին աշխատում եմ չխառնվել: Դա ինչ-որ ուրիշ աշխարհ է: Նախընտրում եմ կոնկրետ համերգների մասնակցել: Մասնակցում եմ նաև բարեգործական համերգների` եթե կենդանի համերգ է, եթե ոչ` «պլյուսով» երբեք չեմ երգում:
-Շոու բիզնեսում նաև գումար են աշխատում, Ձեր պարագայում կա՞ գումար աշխատելու հնարավորություն, թե՞ երկրորդ մասնագիտությունը պարտադիր է:
-Երկրորդ մասնագիտությունը պարտադիր է, մանավանդ, եթե ռոք ես երգում: Գումար աշխատելու համար պետք է «6-8» երգես Հայաստանում:
-Ո՞վ է Ձեր ունկնդիրը:
-Դե, «6-8»-ի դեպքում գումար աշխատելու ձևը ռեստորանն է, նույն իմ ունկնդիրը գուցե գնա ռեստորանում այդ երգի տակ ուրախանա, բայց տանը երբեք չլսի: Մեծամտություն չլինի, շատ չեն իմ ունկնդիրները, բայց բարձր ճաշակի մարդիկ են:
-Վերջերս մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկն ասաց, որ երբ ալբոմ է թողարկում, հիշվում է միայն այն երգը, որը տեսահոլովակ է ունեցել: Ի՞նչ կասեք:
-Համամիտ եմ, համացանցում էլ տեսահոլովակ ունեցող երգերը տասն անգամ ավելի շատ ունկնդիր ունեն:
-Տեսահոլովա՞կն է երգը ապրեցնում: Կարծում եմ, այդ դեպքում երգն արագ պտտվում ու արագ էլ կորչում է, մինչդեռ երգեր կան, որ միշտ ենք լսում: Ե՞րբ է երկար ապրում երգը:
-Այո, խոսքը հիթային երգերի մասին է, երբ այնպիսի բառեր, դարձվածքներ են գործածում, այնպիսի բաներ են անում, որ արագ հիշվում է, նույնն էլ տեսահոլովակի դեպքում: Եվ, ինչպես ասացիք, արագ էլ մոռացվում է: Երգը ապրում է, եթե երգի մեջ իմաստ կա, եթե արդիական է բոլոր ժամանակներում: Կարծում եմ, եթե երգը լսում ես ու միանգամից հավանում, ուրեմն այնքան էլ լավը չէ, երկար չի մնա: Երգը գոնե 4-5 անգամ պիտի լսես, որ ընկալես:
-Արտիստի համար կարևոր է սիրված լինելը, և թվում է` հանրությունը լսում և սիրում է մեր երգիչներին: Բայց տաշիրյան մրցանակաբաշխության իրարանցումը բոլորովին այլ բան էր ասում: Ձեր կարծիքը:
-Շոու բիզնեսի մեջ արհեստականորեն ուռճացված մի բան կա. անուններ չտամ, կան մարդիկ, որ այնպես են ներկայացնում, իբր ժողովուրդը շատ սիրում է իրենց: Կոնկրետ, իմ շրջապատը շատ մեծ է, և նույնիսկ երկու հոգու չեմ կարող առանձնացնել, որ ասի` այս երգչին սիրում եմ: Դա ռադիոյի, հեռուստատեսության ներկայացնելու ձևից է:
-Երբեմն արտիստը ներկայանում է այս կամ այն կերպարով, իրականում նա բոլորովին ուրիշ է։ Դե, դա անվանում են իմիջ: Բայց ունենք տաղանդավոր արտիստներ, որոնք չունեն դրա կարիքը: Ասենք` Հախվերդյան, Զորիկյան, Մեսչյան… Ձեր դեպքում ինչպե՞ս է:
-Տաղանդի առումով ոչինչ չեմ կարող ասել, բայց կյանքում այնպիսին եմ, ինչպիսին բեմի վրա: Իմիջս զուտ կիթառն է, կիթառով տեղ չեմ գնում: Կյանքում էլ կարող է հավաքույթ լինել, որևէ առիթ, և էլի կիթառ կնվագեմ:
-Ո՞Ւմ եք լսում մերոնցից:
-Մեսչյան, Հախվերդյան, «Էմփիրեյ»: Սայաթ-Նովա եմ լսում: Բայց ավելի հաճախ լսում եմ արտասահմանյան ռոք խմբերի:
-Ազդեցություն թողնո՞ւմ է Ձեր արվեստի վրա:
-Բնականաբար:
-Ասում են` մարդու նախընտրած երաժշտությունից կարելի է նրա հոգու կառուցվածքն իմանալ. ինչպիսի՞ն է Վահագ Ռաշը:
-Հավասարակշռված, նպատակասլաց, դանդաղ, բայց շարժվում եմ առաջ, հետ չեմ նայում երբեք: Եթե երգն ինձ դուր չեկավ, թեկուզ իմ գրածը, որքան էլ ասեն` լավն է, չեմ ձայնագրի:
-Լսո՞ւմ եք Ձեր երգերը:
-Այո, և ամեն լսելիս թերություններ, ինչ-որ բաներ եմ նկատում, որ կարելի էր ուրիշ կերպ անել: Կենդանի համերգների ժամանակ վերափոխում եմ:
-Ինչո՞ւ Վահագ Ռաշ:
-Հասարակ բացատրություն ունի, հապավում է` Վահագ Ռուշանյան Աշոտի:
-Վահագ, Ձեր Fasebook-ի էջում պատմվածքի եմ հանդիպել: Գրո՞ւմ եք:
-Պատմվածք, բանաստեղծություն…
-Ծրագրերի մասին:
-Կձայնագրվի 4-5 երգ: Նպատակ ունենք տեսահոլովակներ նկարելու, բայց ցուցադրելն ավելի թանկ է, քան նկարելը: Համերգիս ձայնագրությունը կհեռարձակվի շուտով հեռուստատեսությամբ, հավանաբար` Հ2-ով: Ձմռան ամիսներին մենահամերգ կունենամ «Ավանգարդ ֆոլկ» ակումբում: Մայիսին կթողարկվի ձայնասկավառակ:
-«Լուսամփոփի պես աղջիկ» վերնագրո՞վ:
-Երևի այդպես ավելի լավ կլինի:
-Ռոք խմբերը, անհատ կատարողները համեմատաբար քիչ են Հայաստանում: Կա՞ մրցակցություն:
-Նախ ասեմ, որ ռոքը շոու բիզնեսից միշտ հեռու է եղել, իրենց հետ ավելի հեշտ է շփվել, կեղծավորությունը քիչ է, ազնիվ մարդիկ են, ամեն մեկն իր արվեստն է ներկայացնում, ու մեկը մյուսին չի խանգարում: Իսկ շոու բիզնեսում, եթե նույնիսկ չեն հասկանում, իրենց մասնագետի տեղ են դնում: Վերջերս մրցույթի մասնակցեցի Ռուսաստանում, ժյուրիի կազմում «Տաշիր» մրցանակաբաշխության կազմակերպիչներից կային: Մտածում էի` իրենց կողմից գուցե ռոքը լավ չընդունվի, բայց հակառակն էր:
-Հույս կա՞, որ կմաքրվի երգարվեստը ցածրաճաշակ երգերից:
-Չեմ կարծում, թե կմաքրվի. եթե ռեստորանները փակվեն, գուցե: Լսելու բան էլ չկա, նույն երգերն են` տարբեր բառերով: Շատ լավ երգիչներ կան, որ այդպես են երգում, որովհետև դա է եկամտի աղբյուրը: Այդ երգերը լսողները հիմնականում սիրում են երգի տակ ուրախանալ, բայց թուրքական երգերը ինչո՞ւ են լսում, չեմ հասկանում:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1293

Մեկնաբանություններ

յուն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am