«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆ ՈՒ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՆ Է»

«ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆ ՈՒ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՆ Է»
23.12.2011 | 00:00

Հաճախ երկրի զարգացման մակարդակը կարելի է գնահատել նաև տվյալ երկրի առողջապահության ոլորտի զարգացման մակարդակով։ Յուրաքանչյուր տարի վարկային խոշոր ծրագրեր են ներդրվել և ներդրվում ՀՀ առողջապահության ոլորտում, և վերջին 3-4 տարում իրականացված ծրագրերը գործնականում շոշափելի եղան թե՛ բուժաշխատողների, թե՛ բնակչության համար։ Ի՞նչ նոր ծրագրեր են իրականացվելու 2012-ին, և ինչպիսի՞ն էր անցնող տարին։ Հարցը ծանր ու թեթև արեցինք առողջապահության նախարար ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՇԿՅԱՆԻ հետ։
-Նախ պետք է ընդգծեմ, որ բարեփոխումների նպատակը բուժօգնության որակն ու մատչելիությունը բարելավելն է, ինչը կարելի է համարել առողջապահության ոլորտի ռազմավարությունը,- պարզաբանեց նախարարը։- Ոլորտում իրականացված դրական տեղաշարժերն առաջին հերթին պայմանավորված են նրանով, որ ուղղակիորեն գտնվում են ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում, հատկապես կարևորվում է մարզային բուժօգնության արդիականացումը։ «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում 2011-ին իրականացվել են Ապարանի և Գավառի բժշկական կենտրոնների արդիականացման և վերակառուցման աշխատանքներ։ Արդիականացված բժշկական հաստատություններում իրականացվել է շենքերի հիմնանորոգում` ժամանակակից բժշկական սարքավորումներով, պարագաներով և կահույքով։ Ներկայումս ընթանում են Գյումրու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները: Նորակառույց բժշկական կենտրոնը կհամապատասխանի արդի միջազգային բոլոր չափանիշներին, կունենա ախտորոշիչ և բուժական միջամտություններ իրականացնելու լայն հնարավորություններ: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2012-ի ապրիլին: Վարկային ծրագրերի շրջանակներում մինչև 2014-ը կհիմնանորոգվեն Կապանի, Աբովյանի, Բերդի բժշկական կենտրոնները, իսկ Մեղրու տարածաշրջանում նոր բժշկական կենտրոն կկառուցվի: Վերոնշյալ կենտրոնները կհագեցվեն ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և այլ պարագաներով: Արդի պահանջները բավարարող բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով կհագեցվի նաև Ալավերդու բժշկական կենտրոնը: Երրորդ վարկային ծրագրով կիրականացվեն ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, արդյունավետ բուժմանը և այդ հիվանդություններից մահացության կրճատմանն ուղղված սկրինինգային ծրագրերի մշակում և իրականացում բնակչության ռիսկային խմբերում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաև սրտանոթային ու առավել տարածված ուռուցքային հիվանդությունների սկրինինգներ: Կիրականացվի նաև բնակչության իրազեկման ծրագիր ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկայնության գործոնների վերաբերյալ: Հիվանդանոցային համակարգի հետագա արդիականացման նպատակով ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հեմատոլոգիայի, ուռուցքաբանության և օնկոհեմատոլոգիայի կենտրոնների հիմնում, վերոնշյալ կենտրոնների համար նոր շենքերի կառուցում և կենտրոնների հագեցում արդի բժշկական սարքավորումներով ու կահույքով, ինչպես նաև Վանաձորի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցում և հագեցում ժամանակակից բժշկական սարքավորումներով:
-Միջազգային առողջապահական կազմակերպությունները հաճախ են բարձրացնում մոր և մանկան մահացության խնդիրը։ 2011-ին այս ոլորտում դրական տեղաշարժ կա՞։
-Այս ոլորտում իրականացված ծրագրային միջոցառումների և հավաստագրերի ներդրման արդյունքում արձանագրվել է նշանակալի առաջընթաց` ինչպես ծառայությունների որակական, այնպես էլ մատչելիության ցուցանիշների առումով: Զգալիորեն պակասել են մայրական մահացության դեպքերը, 2010-ին և 2011-ին արձանագրվել է մայրական մահացության ընդամենը 3 դեպք: Բարելավվել են հղիների հսկողության ցուցանիշները, որոշակիորեն կրճատվել են ծննդատներում արձանագրված նորածնային մահացության դեպքերը, ընդլայնվել են նորածնային սկրինինգների ծավալները և այլն: Միջազգային անկախ կազմակերպությունների գնահատմամբ` այդ ոլորտներում ոչ պաշտոնական վճարումները ծննդօգնությունում կրճատվել են 10 անգամ, մանկական հիվանդանոցային ծառայություններում` շուրջ 4 անգամ:
-Անցնող տարվա փետրվարին ներդրվեց համավճարի սկզբունքը, արդյունքները գոհացուցի՞չ են։
-Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ բուժօգնության համար հատկացված պետական ֆինանսավորումը չի բավարարել իրական ծախսերի փոխհատուցմանը, նշված տարբերությունը հիմնականում տրվել է հիվանդների կողմից կատարվող ոչ պաշտոնական վճարումների հաշվին: Նպատակ ունենալով լեգալացնելու և կրճատելու առկա ոչ պաշտոնական վճարումները, ինչպես գիտեք, այս տարվա փետրվարից ներդրվեց համավճարի համակարգը: Շատ խոսուն տվյալներ ունենք` համավճարից մուտքագրված միջոցները 2011-ի փետրվար-հոկտեմբեր ժամանակահատվածում կազմել են 670,7 մլն դրամ, որից 426,4 մլն դրամը` Երևանում, 244,3 մլն դրամը` ՀՀ մարզերում: Միաժամանակ, համավճարի ներդրմանը զուգընթաց, կանոնակարգվեցին վճարովի ծառայությունների գներն ու գնագոյացման սկզբունքները, հստակեցվեցին պետական պատվերով մատուցվող և վճարովի բուժօգնության տեսակները, ինչի արդյունքում համավճարի մեխանիզմով աշխատող բուժհաստատություններում վճարովի ծառայությունների ծավալն աճեց 2958,7 մլն դրամով կամ 30 %-ով: 2011-ի փետրվար-հոկտեմբեր ամիսներին համավճարի ենթակա դեպքերը 20579 են, որից համավճար վճարել են 8259-ը (40 %), դիմումով զեղչվել են 324-ը, դիմումով ազատվել են 2121-ը, համավճարից հրաժարվել են 373-ը, իսկ ՀՀ կառավարության որոշմամբ` համավճարը չի տարածվել 9502 դեպքերի վրա:
-Ըստ Ձեզ, անցնող տարում իրականացված ծրագրերից ո՞րն է առավել կարևորը։
-Շտապ բուժօգնության ոլորտում իրականացված բարեփոխումներն առանձնակի եմ կարևորում, քանի որ այս ծառայությունն առաջնային և կարևոր օղակներից մեկն է` բնակչության առողջական խնդիրներին արագ արձագանքելու առումով։ Բարեփոխումների իրականացման համար 2011 թվականի պետական բյուջեով շտապ բուժօգնության ծառայության համար հատկացվեց նախորդ տարվա համեմատ հավելյալ 1520,0 մլն դրամ, աճը կազմեց 105 %: Նշվածը խիստ կարևոր ցուցանիշ է, հատկապես եթե նկատենք, որ նախորդ տարի տնտեսական ճգնաժամ էր։ Այսինքն, կարելի է ասել, որ կառավարությունը չխնայեց պետական միջոցները ոլորտի զարգացման համար։ Մեր մշակած շտապ բուժօգնության բարեփոխումների համալիր ծրագրում ներառվեցին ավտոպարկի և բուժսարքավորումների նորացումը, կապի միջոցներով վերազինումը, բժշկական անձնակազմի ուսուցումը: Սկզբունքային նոր մոտեցում կիրառվեց ծառայության փոխհատուցման սկզբունքների, գների և բուժանձնակազմի վարձատրման մեխանիզմներում: Իրականացված բարեփոխումների արդյունքում հաշվարկված պայմանագրային գումարները համապատասխանեցվեցին ծառայության իրականացման համար անհրաժեշտ ծախսերին: 2011-ին կանչերի փոխհատուցման գները 2010-ի համեմատ աճել են շուրջ երկու անգամ: Իրականացված միջոցառումների արդյունքում բժշկի աշխատավարձը 2011 թվականին ՀՀ մարզերում կազմում է 106,2 հազար դրամ, Երևանում` 121,9 հազար դրամ նախորդ տարվա 49,8 հազար դրամի դիմաց, իսկ բուժքույրերի միջին աշխատավարձը` 79,5 հազար դրամ նախորդ տարվա 46,0 հազար դրամի դիմաց: Մասնավորապես Երևանում սպասվում է շուրջ 7000 կանչի ավելացում (4,5 %), ինչը խոսում է ծառայության մատչելիության բարձրացման մասին:
-Ինչ խոսք, ոլորտի արդիականացումը և դրան միտված բարեփոխումներն անհրաժեշտություն են, սակայն համաձայնեք, որ առանց բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման շատ ծանր կլինի, եթե ոչ անհնար, ծառայության որակի բարձրացումը։ Դրան զուգահեռ, չի լուծվի ստվերային շրջանառության խնդիրը, որը նվազեցնելու համար Դուք հաճախ եք կարևորել աշխատավարձերի բարձրացման հարցը։
-Այժմ էլ ընդգծում եմ, որ բուժաշխատողների աշխատավարձի բարձրացումը կարևոր նախապայման է ստվերայնության կրճատման հարցում։ Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, և եթե հաշվի առնենք, որ նախորդ երկու տարիները տնտեսական ճգնաժամի շրջան էին, ապա աշխատավարձերի այս տարվա բարձրացումն էական կարելի է համարել ներկա իրավիճակում։ Մարզերում բժիշկների միջին աշխատավարձը 2011-ի փետրվար-հոկտեմբեր ամիսներին 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 64 %-ով` կազմելով 151,4 հազ. դրամ, Երևանում` 77 %-ով` կազմելով 207,7 հազ. դրամ: Մարզերում նույն ժամանակահատվածում բուժքույրերի միջին աշխատավարձն աճել է 37,4 %-ով` կազմելով 59,5 հազար դրամ, կրտսեր բուժանձնակազմինը` 30,3 %-ով` կազմելով 49,5 հազար դրամ, Երևանում համապատասխանաբար` 33,0 %-ով` կազմելով 84,5 հազար դրամ, և 18,8 %` կազմելով 70,1 հազար դրամ: Աշխատավարձի բարձրացմանը զուգընթաց աճել են եկամտահարկի և պարտադիր սոցիալական վճարների մասով պետական բյուջե կատարվող մուծումները: Մասնավորապես, համավճարի մեխանիզմներով աշխատող բուժհաստատություններում 2010-ի փետրվար-հոկտեմբեր ամիսների համեմատ 2011-ի նույն ժամանակահատվածում ավելի է վճարվել եկամտահարկի գծով 698,4 մլն դրամ, պարտադիր սոցիալական վճարների գծով` 479,3 մլն դրամ կամ բյուջե ավելի է վճարվել 1177,7 մլն դրամ:
Զրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1126

Մեկնաբանություններ