«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵԹԵ ՎԵՐԵՎԻՑ ՓԱԿՈՒՄ ԵՍ ԾՈՐԱԿՆԵՐԸ, ՆԵՐՔԵՎՈՒՄ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒԶԱԾՆ ԱՆԵԼ»

«ԵԹԵ ՎԵՐԵՎԻՑ ՓԱԿՈՒՄ ԵՍ ԾՈՐԱԿՆԵՐԸ, ՆԵՐՔԵՎՈՒՄ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒԶԱԾՆ ԱՆԵԼ»
25.01.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հետ իր մտահոգություններն է կիսում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆԸ
-Պարոն Հեքեքյան, մեր նախորդ զրույցում, խոսելով «Հայաստանի փոքրիկ երգիչների» մասին, գրեթե չանդրադարձանք Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցին, թեև տեղյակ եմ, որ հրատապ լուծում պահանջող լուրջ խնդիրներ կան։ Կխոսե՞ք այդ մասին:
-Իսկապես, մի շարք լուրջ խնդիրներ ունի դպրոցը: Խոսքը շենքային պայմանների մասին է։ Հատկապես վթարային և խիստ վտանգավոր է դպրոցի նկուղային հարկը, որը, հիմքի խարխլվածության պատճառով, կարող է քանդվել:
-Ի՞նչ է մտածում քաղաքապետարանը, երբևէ դիմե՞լ եք այդ խնդրով:
-2006-ին, երբ առաջին անգամ դիմեցի, եկան, տեսան, կարծես շատ անհանգստացան, նախահաշիվ ու պայմանագրեր կազմեցին, և մինչ օրս սպասում ենք, որ գումար հատկացնեն խնդրի լուծման նպատակով, ինչը, չգիտես ինչու, տարեցտարի ձգձգվում է: Կարծում եմ` սա ոչ թե քաղաքապետարանի, այլ կառավարության խնդիրն է: Չնայած այդ անտարբերությանը, տարին մեկ անգամ նամակ եմ ուղարկում քաղաքապետին: Ի՞նչ կարող եմ ասել, երբ երկու ամսում լուծվելիք հարցը ձգվում է արդեն չորս տարի: 2006 թվականից փորձում են հարց լուծել և չեն լուծում։
-Գուցե չե՞ն կարողանում։
-Գուցե։ Բայց միևնույն է, ես զարմանում եմ այս պետության վրա, որտեղ իշխանավորները չեն կատարում կառավարության որոշումները: Հարգանքը պետության հանդեպ կորչում է: Ես մի մարդ եմ, որն իշխանամետ չէ, բայց պետականամետ է: Ես չեմ կարող մեղադրել մեկ-երկու վարչապետի. մեկը մահացավ, մյուսը եկավ` չարեց, էն մյուսը` նույնպես: Պետական գույք է վնասվում, բայց պետությունը ձեռք չի մեկնում: Եթե վնասվում է դպրոցի գույքը, ապա «Սայաթ-Նովայի» խնդիրը չէ, այլ պետության։ Նույն բանը տեղի է ունենում մեր շուրջը. ծառեր են հատում, և որևէ մեկը չի բռնում հատողի ձեռքը, չի կանխում չարիքը: Նույնն անում են իշխանավորներն ու կուսակցությունները, որոնք, իրենց գովազդային պաստառներն ու լուսանկարները փակցնելով շենքերի պատերին, կեղտոտում են շրջապատը: Չեն հասկանում, որ խելացի մարդն արդեն չի ցանկանա ընտրել այն կուսակցությունը, որը պաստառներ է սոսնձում պատերի վրա, իսկ հետո չի էլ մտածում դրանց հետքերը մաքրելու մասին։ Դպրոցն ընտրությունների ժամանակ ստենդ է դառնում, և դա անում են կուսակցությունները, որոնք, դառնալով իշխանության մի մաս, փչացնում, կեղտոտում են շրջապատում եղած ամեն բան: Սայաթ-Նովայի դպրոցն ունի այդ խնդիրը, գուցե շուտով աղմուկ բարձրանա այդ առիթով:
Դպրոցի համար լուրջ խնդիր են նաև հնամաշ աթոռները, որոնք վաղուց պետք է փոխել։ Այսօրվա ուսուցիչը նստում է այն նույն աթոռին, որի վրա աշակերտ եղած ժամանակ է նստել: Չեմ էլ հիշում` վերջին անգամ երբ է վերանորոգվել շենքը։ Առկա է նաև ուսուցիչների ցածր աշխատավարձի խնդիրը: Հաջորդ խնդիրը երաժշտական հին գործիքներն են, որոնցով աշխատելը պարզապես տանջանք է: Երեխաները, կարելի է ասել, չաշխատող գործիքներ են նվագում (խոսքը դաշնամուրների մասին է): Եթե մնացած գործիքները տարբեր ճանապարհներով հայթայթում, բերում եմ, ապա դաշնամուրի տեղափոխման հարցը լուրջ ծախսերի հետ է կապված, դժվար լուծելի է:
-Պարոն Հեքեքյան, Դուք նշեցիք, որ երաժշտություն դասավանդող ուսուցչի ամենացավոտ խնդիրը ցածր աշխատավարձն է: Նկատենք, որ հանրակրթական դպրոցներում պատկերն այլ է, այնտեղ ուսուցչի աշխատավարձը համեմատաբար բարձր է: Ըստ Ձեզ, ո՞րն է հանրակրթական և երաժշտական դպրոցների ուսուցիչների տարբերությունը: Չէ՞ որ նույն մանկավարժներն են:
-Երաժշտական դպրոցի ուսուցիչը նույն ուսուցիչն է, ավելին ասեմ` առաջինները տաղանդ ունեն, շնորհք, մի բան, որ ի վերուստ է տրված: Նրանց, իհարկե, հավասար պետք է վճարել, բայց եթե ազնիվ դատենք` ապա երաժշտություն դասավանդողներին պետք է վարձատրել ավելի բարձր, մինչդեռ լրիվ հակառակ պատկերն է: Դրա համար էլ ուսուցիչների աչքը ծնողների ձեռքին է։ Ես փորձել եմ մեր դպրոցում կանխել նման բաները, քանզի ասում են` եթե վերևից փակում ես ծորակները, ներքևում չեն կարողանում իրենց ուզածն անել:
Դպրոցի ամենակարևոր խնդիրը, այնուամենայնիվ, ուսուցիչն է, անձը, մասնագետը, որը պետք է կրթի: Կարող ես ունենալ հոյակապ պատեր, ընտիր հումք, գործիքներ, հրաշք երեխաներ, բայց չունենալ դասավանդող: Այդ պատճառով էլ լավ ուսուցիչ ունենալը ոչ միայն մեր դպրոցի, այլև հանրապետության բոլոր դպրոցների կարևորագույն խնդիրն է։ Այսօր դպրոցներում լավագույն մասնագետներ չեն դասավանդում, նրանք կամ աշխատանքից են ազատվել, կամ երկրից են հեռացել, որովհետև ստանում են չնչին գումար: Մեկ դրույքով աշխատող դասատուն ամսական 30 հազար դրամ աշխատավարձ է ստանում է: Թեև շա՜տ քիչ է, բայց գոհանում են, որ աշխատանքը չկորցնեն:
-Սակայն, որքան տեղյակ եմ, «Սայաթ Նովայում» կան բարձրակարգ մասնագետներ, որոնք, ի դեպ, աշխատում են իրենց ընտրած երեխաների հետ: Եթե երաժշտական դպրոց ընդունվող երեխան ընտրության ազատ իրավունք ունի, ինչո՞ւ չի կարող վերը նշված բարձրակարգ մասնագետին կամ պրոֆեսորին ընտրել որպես մասնագիտական դասատուի:
-Մենք իսկապես ունենք բարձրակարգ մասնագետներ, որոնք ուղղակի չպետք է դպրոցում աշխատեն (թեև նրանք, սովորաբար, դպրոցում չեն էլ աշխատում): Միայն մեր դպրոցի մասին չէ խոսքը: Կան ևս մի քանի երաժշտական դպրոցներ, որտեղ պրոֆեսորներ են դասավանդում: Նրանց իրավունք է տրված անձամբ ընտրելու այն երեխաներին, որոնց ուզում են: Ավելի հստակեցնեմ. եթե տասներկու հոգանոց խմբում վեց հոգի դիմում է գրել, բայց այն երկու հոգու տեղ ունի ընդամենը, մի՞թե այս դեպքում ուսուցիչը չի կարող ընտրել: Ես պարզապես երջանիկ եմ, որ նրանք դպրոց են գալիս: Խոստովանեմ` նրանց խնդիրը դաս տալը չէ, այլ բաժինը ղեկավարելը, ծրագիր տալը, կրթության որակը բարելավելը, վերջապես, սանդղակը բարձրացնելը, որը, ցավոք, իջել է: Նրանք ավելի շուտ ուսուցիչների համար են դպրոցներում, քան երեխաների, և եթե համաձայնում են մեկ-երկու աշակերտ ունենալ, մենք երջանիկ ենք:
-Այսօր երաժշտական կրթության նկատմամբ հասարակության վերաբերմունքը մի փոքր փոխվել է: Վերջին տարիներին նվազել է երաժշտական կրթություն ստանալ ցանկացողների թիվը: Ի՞նչն է պատճառը:
-Այո, վերջին շրջանում զգալիորեն նվազել է երաժշտական դպրոց ընդունվող երեխաների թիվը: Որքան էլ ձգտումը կա, նրանք գիտակցում են, որ երաժշտի մասնագիտությունը մեր օրերում, որպես աշխատանք, հեռանկարային չէ: Գումար վաստակելու ավելի հեշտ ճանապարհներ կան` հեռուստատեսությունում հայտնվելը, այլևայլ հասարակական կազմակերպություններում տարբեր ժանրերով հանդես գալը: Այսօր ծնողներն անում են ամեն ինչ, որ իրենց երեխաները երևան հեռուստաէկրաններին: Դա հասարակության ամենամեծ խնդիրն է, որը, ցավոք, մեծ տարածում Է գտել մեր երկրում:
Զրուցեց Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ