«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԺԱՊԱՎԵՆԸ ՎԵՐՑՐԵՑ ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, ՈՄԱՆՑ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ, ՈՐ ԴԱ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԽԱՂԱՂ, ՈՐԵՎԷ ՀԱԿԱԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԲԱՆ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԷՐ»

«ԺԱՊԱՎԵՆԸ ՎԵՐՑՐԵՑ ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, ՈՄԱՆՑ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ, ՈՐ ԴԱ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԽԱՂԱՂ, ՈՐԵՎԷ ՀԱԿԱԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԲԱՆ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԷՐ»
01.03.2011 | 00:00

Վերջերս նկարչի տան մեծ ցուցասրահում կազմակերպվեց հայ նկարիչների ստեղծագործությունների նվիրատվություն Արցախի նորաստեղծ պատկերասրահին։ Սակայն հայ նկարիչների առաջին աշխատանքները Ստեփանակերտում ի հայտ են եկել ոչ այնքան սովորական պայմաններում։ Մանրամասները վերհիշում է ՀՆՄ անդամ, քանդակագործ ՀԵՐԻՔՆԱԶ ԳԱԼՍՏՅԱՆԸ։
-Տիկին Հերիքնազ, Ձեր եղբայրը` նկարիչ-խեցեգործ Հրաչ Գալստյանը, ազատամարտի մասնակից է և մարտական նախանձելի ուղի է հարթել։ Դուք բավական ակտիվ, թերևս ըմբոստ եք բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են ազգայինին, ցանկացած պարագայում։ Հիշեք Ձեր առաջին հանդիպումը «ավետյաց երկիր Արցախի հետ»։
-Վաղ պատանեկան հասակից շրջապատված էի հայրենասիրական խառնվածքի մարդկանցով։ ՈՒ որոշակի դաստիարակություն էի ստանում, կրթվում։ Ազգային մտածողությունը մեզ համար ինչ-որ հրապարակային հավաքի հավելված չէր, դա էություն էր, եթե կուզեք` արյան կանչ։ Այդ տարիներից հիշում եմ ճարտարապետ Մանվել Սարգսյանին, հայրենասեր ու անաղարտ մարդուն ու գործչին, որն այսօր էլ այն է, ինչ էր իր վառվռուն երիտասարդության տարիներին։ ՈՒ նա, բարեբախտաբար, եզակի չէ։ 1975-ին Հրաչն ընկերոջ հետ պատրաստվում էր յուրօրինակ ուխտագնացության դեպի Ղազանչեցոց եկեղեցի։ Միացա նրանց։ Ջահելների նպատակը եկեղեցու... փրկությունն էր։ Առաջին անգամ տեսա, թե ինչ է պղծված սրբությունը։ Եկեղեցին վերածվել էր արտաքնոցի։ Ստահակները, անգամ կյանքները վտանգելով, մագլցել էին տաճարի թմբուկի վրա ու աղտոտել։ Ապշած էինք ատելության մոլեգնությունից։ Կից ասֆալտ արտադրող սարք էր աշխատում, որից արտավիժող ծուխն ու մուրը լրացնում էին պակասը։ Հիշում եմ այդ մարդ-անասունների մեկ այլ դրսևորույթը։ Ռուս զբոսաշրջիկների խումբ էր արշավի ելել Կովկասում և հասել Շուշի։ Երևանում մի տղա, սիրահետելով խմբի աղջիկներից մեկին, հասել էր Արցախ։ Խմբում գիտեին և թուրքերին հայտնել էին, թե նա իրենց խմբից չէ։ Առանձնացրին այդ տղային ու գլուխը պիտի ուտեին։ Հրաչի ու ընկերոջ միջամտությամբ միայն հնարավոր սպանությունը կանխվեց։ Մասնագիտությամբ ռեժիսոր էր սիրահարվածը։ Իսկ երեկոյան անծանոթ մեկը մոտեցավ ու շշնջաց, թե գիշերով ճանապարհ չընկնեք, փորձանքից հեռու մնացեք։ Գիշերեցինք նրա տանն ու լուսաբացին դուրս եկանք քաղաքից։ Հետո եղանք Գանձասարում։ Միևնույն դաժան ու անհույս պատկերն էր։ Հրաչը որոշեց ստորագրահավաք կազմակերպել Գանձասարը վերաբացելու նպատակով։ Գանձասարում էլ ադրբեջանցիների թունոտ ներկայությունը զգալի էր։ Բայց մի զարմանահրաշ պապիկի տեսանք, որն իրեն կամավոր պահապան էր կարգել Գանձասարում, որ հրոսակները չպայթեցնեին։ Մենակ էր։ Շաբաթը մեկ անգամ ազգականները նրան ուտելիք էին հասցնում։ ՈՒ մոտիկից ծանոթացա արցախահայի տեսակին։ Կային զգուշավոր, ազգային նկարագիրը կորցրած մարդիկ։ Բայց կային փառահեղ անհատներ, ինչպես Գանձասարի այդ զինվորն ու պահապանը։
-Հայի տեսակն է, զգուշավոր, անտարբեր, նաև ըմբոստ ու փառահեղ։ Իսկ արցախցին հայության արտահայտիչ երակներից մեկն է։ Սակայն անցնենք այդ ուղևորության ավարտին և առաջին ցուցահանդեսին։
-Նկարիչների միության երիտասարդական բաժնի բյուրոյի կազմում էի։ Կարող էինք ցուցահանդեսների կազմակերպման առաջարկներով հանդես գալ։ Ստեփանակերտի պատկերասրահում եղա 1986-ին, ամենուր կոլխոզնիկների հսկայական դիմանկարներ էին, ազերիների կատարմամբ։ Ահավոր անճաշակություն էր։ Որոշեցինք Հայաստանի երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը բացել Ստեփանակերտում, որոշ մասը նվիրել քաղաքի պետական պատկերասրահին և ապահովել հայ կերպարվեստի մշտական ներկայությունը։ Ի դեպ, երբևէ այնտեղ չէին ցուցադրվել Հայաստանի նկարիչների աշխատանքները։ Եվ ինչն է հետաքրքիր, այդ պատմական ցուցահանդեսից հետո Ստեփանակերտի պետական պատկերասրահում այլևս թուրք նկարչի ստեղծագործություններ չցուցադրվեցին։
1987-ի դեկտեմբերին Ստեփանակերտ տարանք 67 աշխատանք նկարիչների միության տրամադրած ավտոբուսով։ Օդանավակայանում ոչ թռիչքային եղանակ էր։ Դեկտեմբերի 30-ին, երկար ճանապարհ կտրելով, հասանք Ստեփանակերտ։ Բացմանը թուրքեր չկային։ Ձայնապնակ էի տարել, և ցուցահանդեսի բացումից հետո ազգագրական երգի հնչյունների տակ մեր շուրջպարը բռնեցինք։
Հիշում եմ, քաղաքում կախված էին Կենտկոմի պատասխանատու աստիճանավոր Միխայլովի հարցերը ժողովրդին, նրանց բողոքների և առաջարկությունների ստացման նպատակով։ Սակայն դրանք ինքնանպատակ էին, հասարակությունը չէր արձագանքում։
1988-ի հունվարի վերջերին Երևանում լուր առանք, որ անհրաժեշտ է ցուցադրությունը դադարեցնել, քանզի Բաքվի նկարիչների ցուցահանդեսը պիտի բացվեր։ Դարձյալ ճանապարհ ընկանք նկարչի տնից, հին ճանապարհով, Կիրովաբադով հասանք Ստեփանակերտ։ Մարտիրոս Բադալյանն էր, Հրաչը, մերձբալթյան արվեստաբան Ինգան, Ջավրուշյան Գևորգը, տասներկու հոգի։ Ցուցահանդեսը փակվեց։ Պատրաստվում էինք Շուշի բարձրանալ, և ահա առաջին հանրահավաքը Ստեփանակերտի հրապարակում։ Փետրվարի 13-ին էր, մարդիկ հավաքվել էին, ըստ երևույթին, տարերայնորեն։ Լսվում էին պարտիայի, Գորբաչովի ու Լենինի մասին կոչեր։ Եվ ահա մի կնոջ ձայն էր հնչում հարթակից. «Միացում»։ Սկզբում երկու-երեք հարյուր մարդ էր, ժամեր անց մի քանի հազար մարդ կար հրապարակում։ Իհարկե, լուսանկարում էինք։ Հետո ժապավենը վերցրեց Իգոր Մուրադյանը, որը ոմանց պետք է ապացուցեր, որ դա միանգամայն խաղաղ, որևէ հակախորհրդային բան չպարունակող հանրահավաք էր։
Հայաստան վերադարձանք Լաչինով, այդպես անվտանգ էր։ Հասանք Գորիս և հայտնվեցինք տոնախմբության մեջ քաղաքը նշում էր «Հրաժեշտ ձմռանը» ավանդական տոնը, և բնավ տեղյակ չէր, թե ինչ է կատարվում սարից այն կողմ։ Մի խոսքով, ազգային-ազատագրական շարժման սկիզբն էր։ Գարուն էր ու զարթոնք։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ