«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՆԵՐԵԼՈՒ, ՍԻՐԵԼՈՒ, ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏՈՆ

ՆԵՐԵԼՈՒ, ՍԻՐԵԼՈՒ, ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏՈՆ
23.12.2011 | 00:00

Այս տարի Ձմեռ պապը մեր ճեպազրույցների հերոսներին նախ փոքր-ինչ քաղաքականացված ներկայացավ, հետո միայն թեթև ու ամանորյան ոճով։ Յուրաքանչյուր քաղաքական գործչի վերջնանպատակը որևէ պաշտոն ունենալն է, ուստի մեր բոլոր զրուցակիցներին նախ և առաջ հետևյալ հարցն ուղղեցինք. այս տարի Ձմեռ պապը պաշտոնների փաթեթով է Ձեզ այցելել, ո՞րը կընտրեք։

«ՆՈՐ ՏԱՐԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ Է»
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
(ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար)

-Վերջին քսան տարում պաշտոնի հարցում իմ վերաբերմունքը չի փոխվել։ Որտեղ կուսակցությունն ինձ կուղարկի աշխատելու, այնտեղ էլ կաշխատեմ։ Որտեղ ինձ տեսնեն ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը, այնտեղ էլ կլինեմ։
-Այսինքն, Ձմեռ պապը կուսակցության ղեկավարի հե՞տ պիտի բանակցի։
-Այո։ Վերջին պաշտոնը, որ ինձ համոզել են զբաղեցնել, եղել է պետհամալսարանի դեկանի տեղակալը։ Մնացած բոլոր դեպքերում ինձ ասել են` գնա աշխատի, ու ես այդպես էլ վարվել եմ։ Այս ավանդույթն առանձնապես փոխվելու պատճառ էլ չունի։
-Ամեն դեպքում, անձնական ի՞նչ ցանկություններ ունեք Ձմեռ պապից։
-Նախ մեր հայրենակիցներին մաղթում եմ խաղաղություն, համբերություն, բարձր տրամադրություն, չթուլացող սեր միմյանց ու մեր ժողովրդի հանդեպ։ Իմ ընտանիքին մաղթում եմ խաղաղություն, համերաշխություն և բարեկեցություն։
-Որքա՞ն է «նստելու» Նոր տարին Ձեզ վրա։
-Վերջին ինը տարիներին մեր ամանորյան բյուջեն փոփոխություն չի կրել, թվերն են մեծացել, իսկ սեղանի բովանդակությունը, հյուրերի ցանկը, մեր կատարելիք այցելությունները չեն փոխվել։ Իմ երեխաներին միշտ ներշնչել եմ, որ Նոր տարին ընտանեկան ուրախություն է, ու այն պիտի կիսես քո ամենամոտ մարդկանց, բարեկամների հետ։ Ամանորի գիշերը մենք սպասում ենք երկու ընտանիքի` իմ սանիկներին։ Մինչև ժամը 4.00-ը կգան-կգնան, մենք կպառկենք քնելու։ Հուսամ, որ միշտ էլ այսպես կլինի։
-Նվերների առումով է՞լ եք ավանդապահ։
-Այո, 23 տարի ամուսնացած եմ, ու միշտ ընտանիքի անդամներով միմյանց նվերներ ենք անում։ Որքան մեծանում եմ, այնքան շատ եմ հասկանում, որ տնից տուն այցելությունները Նոր տարվան ու Ծննդյան տոնակատարությանն այդքան էլ հարիր չեն։ Սա ընտանեկան, խիստ անձնական տոն է, որը պետք է միայն սիրելիներիդ հետ անցկացնես, որովհետև այդ սիրուց պետք է բոլորին բաժին հանես։ ՈՒ ամենակարևորը` սա իրար ներելու օր է։

«ՄՈՒՐԱԶԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԻ ԼԻՆԻ»
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ
(ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ)

-Ինձ պաշտոն առաջարկողը իմ քվեարկողն է ու կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։
-Ինչպիսի՞ն կուզենաք 2012-ը լինի Ձեր ընտանիքի համար։
-Իմ ընտանիքը հավատի ընտանիք է, քանի որ միմյանց նկատմամբ մշտապես հավատով ենք լցված։ Հավատի վրա պետք է խարսխվեն և՛ սերը, և՛ վստահությունը, և՛ նվիրվածությունը։ Կուզենամ ընտանիքիս համար լինի անկորուստ տարի։ Ի դեպ, Վիշապի տարին իմ տարին է։ Գալիք տարին թող լինի հաջողությունների, ինչպես մեր գյումրեցիներն են ասում, մուրազի կատարման տարի։ Կոնկրետ գյումրեցիների համար ցանկանում եմ, որ այս տարի անօթևան մարդիկ այլևս չլինեն։ Հուսով եմ ու համոզված, որ բոլորը կունենան իրենց տանիքը։
-Ամանորի սեղանին կա՞ն նախընտրելի ուտեստներ։
-Ճիշտն ասած, այնքան էլ կամակոր մարդ չեմ, ավանդական ճաշատեսակներ եմ նախընտրում։ Հիմնականում կինս է պատրաստում։ Մայրս ավանդապահ գյումրեցի էր, կնոջս հետ երկար ապրել են, ու այն, ինչ երիտասարդ տարիներին մայրս պատրաստում էր, սովորել է նաև կինս։
-Ինչքա՞ն եք սովորաբար ծախսում ամանորյան գնումների վրա։
-Կոնկրետ, առանձին նախատեսված գումար չկա։ Մեր սեղանին սովորաբար գերակշռում են Գյումրու ավանդական ուտեստները։ Գյումրեցիները նամուսի ու թասիբի, պատվի ու արժանապատվության տեր մարդիկ են։ Գյումրին սպորտի, մշակույթի, արվեստի, մեծերի քաղաք է։

«ԿՈՒԶԵՆԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻՋԻՑ ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԱՐ»
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
(ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար)

-Ի՞նչ պաշտոն կուզենայիք Ձմեռ պապը բերեր։
-Իմ պաշտոնը Գալուստ Սահակյան լինելն է։ Պաշտոնի երբեք չեմ ձգտել։
-Անձնական ի՞նչ խնդրանք ունեք Ձմեռ պապից։
-Սա միակ տոնն է, երբ հայ ժողովուրդը միասնական մտածողությամբ է հանդես գալիս, ավելի բարի է, իրատես։ Կցանկանայի, որ այդ ամբողջ խորհրդի մեջ իմ ընտանիքը կիզակետում լիներ, ինչպես և կա։
-Որպես պապիկ, ի՞նչ եք նվիրում Ձեր թոռնիկներին։
-Խորհրդանշական նվերներ։ Իհարկե, դեռ չենք ընտրել, բայց սա էլ մեզ մոտ ձևավորված ավանդույթ է` նվերներ տալ ոչ միայն երեխաներին։ Յուրաքանչյուրի բնավորությունն ու նախասիրությունները հաշվի առնելով, խորհուրդ ներկայացնող նվերներ են լինում, որոնք ուրախացնում են նրանց։
-Ինչպիսի՞ն կուզենայիք, որ տարին լիներ ժողովրդի համար։
-Կուզենայի, որ ժողովրդի միջից թշնամությունը վերանար, առավել ևս` քաղաքական դաշտից։ Եթե պայքար կա, լինի միայն մրցակցության ձևով, որը կտանի մեզ հաղթանակների ճանապարհով։
-Սովորաբար շատերի համար Ամանորը նույնացվում է ճոխ, առատ սեղանների հետ, Ձեզ համար ի՞նչ խորհուրդ ունի այն։
-Ամբողջ ազգը միասնականացնում է. սա է Ամանորի խորհուրդը։ Ինձ համար կարևոր է, թե սեղանի շուրջբոլորը ովքեր են նստած, ոչ թե սեղանի պարունակությունը։ Քավ լիցի, նույնիսկ սոցիալապես ամենաանապահով ընտանիքի սեղանին կարող է մի այնպիսի խորտիկ լինել, որ անգամ մեծահարուստները կերազեին։ Ես ավելի շատ դա եմ սիրում։
-Այսինքն, ավանդական, ազգային ճաշատեսակների կողմնակի՞ց եք։
-ՈՒտելու նկատմամբ պասիվ եմ։ Սիրում եմ լավ հյուրասիրել, ինչը, չեմ կարծում, բազմազանության մեջ է։ Պարզապես ուտելիքը պիտի տրամադրող լինի, իսկ հյուրասիրողը` լավ տրամադրված։
-Ինչի՞ համար եք առաջին կենացը խմում։
-Հանուն մեր ազգի ու պետության, որովհետև դա է մեր ժառանգների ամենամեծ կապիտալը։ Կունենանք հզոր պետություն, ուրեմն մեծ ժառանգություն կթողնենք մեր սերունդներին։

«ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՀՈԳՍԸ ԿՈՒԶԵՆԱՅԻ ՊԱԿԱՍԵՐ»
ՌՈՒԶԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ
(ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ)

-Իհարկե, պաշտոնի ակնկալիք չունեմ, բայց եթե Ձմեռ պապը հարմար կգտնի, որ ինչ-որ տեղ լինեմ, որով ժողովրդին օգտակար կլինեմ, սիրով կգնամ։
-Ինչպե՞ս եք պատրաստվում այս տարին դիմավորել, ինչո՞վ եք փորձելու այն նախորդից առանձնացնել։
-Ընդհանրապես ավանդապաշտ եմ, ծնողներիցս եկած ընտանեկան ավանդույթներ ունենք, որոնք միշտ պահպանում ենք։ Սիրելի ու հարազատ մարդկանց հյուր ենք գնում, կան նաև պարտականություններ, որոնք անպայման կատարում եմ։ Աղջկաս եմ անակնկալ նվերներ մատուցում, որոնց մեջ պետք է բովանդակություն լինի, այսինքն` գիրք, հոգևոր ոլորտի հետ կապ ունեցող իրեր։
-Իսկ Ձեզ անակնկալներ մատուցո՞ւմ են։
-Ես նույնպես սիրում եմ հաճելի անակնկալներ, ու եթե ինչ-որ մեկը պատրաստել է, շատ ուրախ կլինեմ։ Նոր տարին ինձ համար շատ մեծ խորհուրդ ունի։ Նոր նպատակներ եմ առաջադրում, ու տարին իմաստավորվում է հենց նրանով, որ դրանք իրագործելու ճանապարհով եմ գնում։ Հայտնի մտավորական Մ. Մոնտենն ասում էր. «Ժողովուրդ, ասա՛ ինձ քո իդեալը, ես կասեմ քո ապագան»։ Այս իմաստով Նոր տարին շատ եմ կարևորում։ Մարդը, ով նպատակ չունի, ապրելու իմաստը կորցնում է։
-Ինչպիսի՞ն կուզենաք տարին լինի հայ կնոջ համար։
-Կցանկանայի, որ բոլոր, հատկապես մարզերում ապրող հայ կանանց հոգսը պակասեր։ Կուզենայի, որ ամեն կին իր կամեցած երջանկության մի մասը գոնե ունենար, բոլոր հայ մայրերը մեր երկրում իրենց երեխաների ապագան տեսնեին։
-Որպես քաղաքականությամբ զբաղվող կին, ժամանակ մնո՞ւմ է Ամանորին պատրաստվելու։
-Իհարկե, շատ զբաղված եմ լինում, բայց ժամանակ անպայման գտնում եմ, որպեսզի Նոր տարվան նախորդող օրերին տոնական տրամադրություն ստեղծեմ։ Չեմ ցանկանում այդ հոգսերը, որպես կենցաղ, շատ ծանրացնել, որ ամեն ինչ տոնական տպավորություն ունենա։ Իմ ամենասիրած ուտեստը խաղողի թփով տոլման է, որը շատ հաճույքով եմ պատրաստում, ինքս էլ շատ սիրում եմ։ Ամեն տարի փորձում եմ այն ավելի շատ նմանեցնել մորս պատրաստածին, իհարկե, դեռ չի ստացվում, որովհետև բոլոր մամաների եփած ճաշերը շատ ավելի լավ են ստացվում։ Ցանկությունները մեծ են, բայց աշխատում եմ, որ ցանկություններն ու հնարավորությունները համապատասխանեն։
Ճեպազրույցները`Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1206

Մեկնաբանություններ