«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՉՈՐՍ-ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴՊՐՈՑ ԴԱՐՁԱՆ»

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՉՈՐՍ-ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴՊՐՈՑ ԴԱՐՁԱՆ»
23.09.2011 | 00:00

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական տասներկուերորդ փառատոնի (գեղարվեստական ղեկավար` կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան) շրջանակներում կայացած «Գյուլբենկյան» և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբերի համերգները տոնական սեպտեմբերի ամենազրնգուն ակորդներից էին: Էապես մեղմեցին բարձր արվեստի հետ կենդանի հաղորդակցության պապակը, անկախ «տեղական» անբարեկրթության տարերահորդ «ծաղկունքից»։ Միաժամանակ, ցայտուն դրսևորումները եղան մեծանուն մաեստրոներ Լոուրենս Ֆոսթերի և Վալերի Գերգիևի ստեղծագործական և, ընդօրինակման արժանի, կազմակերպչական փայլուն ունակությունների: Հանրաճանաչ այս երաժշտախմբերի նախանձելի կենսունակության գեթ մասնակի վերծանման ձգտումով էլ նախաձեռնվեց «Իրատես de facto»-ի կեսգիշերային առանձնազրույցը ՌԴ ժողովրդական արտիստ, արդի աշխարհի ամենահեղինակավոր անհատների հարյուրյակում ընդգրկված ՎԱԼԵՐԻ ԳԵՐԳԻԵՎԻ հետ:
-Ամենապատկերավոր խոսքով նույնիսկ անկարելի է սպառիչ բնորոշումը տալ գեղագիտական այն վայելքի, որը Ձեր գլխավորած սիմֆոնիկ նվագախումբը պարգևեց հայ երաժշտասերներին այս երեկո: Ընդամենը մի քանի ժամ առաջ վայրէջք կատարելով Երևանում Սամարա-Կրասնոդար-Սոչի վեցօրյա համերգային շրջագայությունից անմիջապես հետո` առանց հոգնության որևէ նշանի, մի շնչով հնչեցվեցին բարդ ու մեծակտավ երաժշտական ստեղծագործություններ` վերստին հաստատելով Շտրաուսի ու Մալերի, Շչեդրինի ու Սեն-Սանսի անուրանալի հմայքը: Կիսաձայն «նվագակցելով» երաժիշտներին և բյուրեղյա մաքրությամբ սոպրանոյի մեներգը անընտել ունկնդրին մատուցող Անաստասիա Կալագինային` Դուք էլ, առույգ ու խանդավառ, Ձեր ներաշխարհում վերազարթնած նվիրական զգացողություններն էիք փոխանցում նրանց` դյուրացնելով երաժշտական բազմաշերտ դրամատուրգիայի եթերային կերպավորումը:
-ՈՒրախ եմ, որ Հայաստանի նորաբաց կենսագրության քսանամյա հոբելյանի առիթով մեր մատուցած նվերը տեղ է գրավել արժանավոր մյուսների շարքում: Այստեղ ես ինձ ոչ թե հյուր, այլ յուրային եմ զգում: Իմ փոքրիկ հայրենիքն Օսիան է, մեծը` Ռուսաստանը, կոնկրետ` Սանկտ Պետերբուրգը, որտեղ ես բարձրակարգ մասնագիտացում եմ ստացել, որտեղ կայացել եմ որպես երաժիշտ արվեստագետ և ունեմ ստեղծագործելու լիակատար ազատություն:
-Հայաստանը Ձեզ հարազատացավ, անշուշտ, խորհրդային այն տարիներին, երբ ստանձնեցիք մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարությունը:
-Դժվար ժամանակներ էին: Մեծ համերգասրահը վերակառուցվում էր, փոքրում անհարմարությունները շատ էին: Երևան-Լենինգրադ չվերթերի մշտական ուղևորն էի ակամա դարձել: Գործընկերներիս հետ նախանձելի փոխըմբռնում գտա, որը վերաճեց պատկառելի նվագացանկի և հուսալի բարեկամության: Երանությամբ եմ հիշում այդ չորս-հինգ տարիները: Դրանք ինձ համար մեծ փորձառության անփոխարինելի դպրոց դարձան:
-Կարծեմ, Չայկովսկու անվան միջազգային մրցույթում բոլորովին վերջերս իր առաջին լուրջ հաղթանակը նվաճած Նարեկ Հախնազարյանի ներգրավումն այս համերգային ծրագրում Ձեր կամքով է եղել:
-Մեր նորահաստատ հեռանկարային համագործակցության ավելի հուսալի մեկ ուրիշ երաշխիք այս պահին, ըստ իս, հազիվ թե գտնվեր: Համոզված էի, որ նրա նվագը սեփական հայրենիքի կարևորագույն տոնակատարությունն անհամեմատ հոգեմոտ լիցքերով կհագեցնի: Նարեկին մենք շնորհեցինք առաջին մրցանակը միանգամայն արժանիորեն: Հավատացնում եմ, որ եզրափակիչում հայտնված հինգ թավջութակահարներն էլ ոսկե մեդալների էին արժանի: Նարեկն ազնիվ ու դժվարին մրցակցությամբ ապացուցեց իր գերազանցությունը: Նկատեցի՞ք, թե կարճ ժամանակում որքան է հղկվել նրա կատարողական վարպետությունը:
-Հարաճուն ներշնչանքով հնչեցրած «բիսային» «Կադրիլն» ու «Կռունկը» առանձնակի շոյեցին հայրենակից ունկնդիրների ազգային սնապարծությունը:
-Դեռ երկար ճանապարհ ունի, իհարկե, անցնելու: Հիմա ավելի շատ պիտի զբաղվի մասնագիտացումը խորացնելով, տեխնիկան կատարելագործելով, մտահորիզոնն ընդլայնելով, քան հարցազրույցներով կամ մենեջերներով:
-Ընդամենը մի քանի ակնթարթ ազատ ժամանակ ունենալով` ոչ միայն պատշաճ ուշադրության արժանացրիք Ձեր վաղեմի հայ արվեստակից մտերիմներին, այլև հասցրիք հպանցիկ ծանոթանալ Արամ Խաչատրյանի մրցույթում կրտսեր Տիխոն Խրեննիկովի հետ ստեղծագործական մրցանակը կիսած Ալեքսանդր Իրադյանի նոր գործին և օրերս վաստակավորի կոչմանն արժանացած օպերային երգիչ Գևորգ Հակոբյանին ունկնդրել ու հրավիրել Մարիինյան` մի քանի դերերգերով հանդես գալու:
-Ցավոք, հեղաբեկումներով Հայաստանում տևականորեն խզվեցին բարձր երաժշտության հնչյունները: Հիմա, կարծես, լավ ժամանակներ են սկսվում: Վստահ եմ, որ իր անկախության երեսուն-, քառասուն-, հիսունամյակները Հայաստանը տոնելու է աներևակայելի մեծաշուք երաժշտահանդեսներով: Ինքս ձեր մեծարգո նախագահի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն հայտնեցի առավելագույնս օգտակար լինելու իմ «երրորդ հայրենական տանը»: Ստեփան Ռոստոմյանի հետ հեռակա շարունակելու ենք բանակցել հայ ժամանակակից և դասական կոմպոզիտորների գործերը հանրահռչակելու շուրջ: Դրանք հնարավոր է և հարկավոր հաճախ հնչեցնել Պետերբուրգում ու Մոսկվայում, Ռուսաստանի մյուս հայկական բազմամարդ համայնքներում: Սփյուռքահայերը խոշոր ներդրումներ ունեն իրենց ապաստանած բոլոր երկրների հասարակական-քաղաքական-մշակութային կյանքում։ Խաչատրյանի «Գայանեն» Պերմ էվակուացված մեր թատրոնը բեմ է բարձրացրել Մեծ հայրենականի տարիներին: Հիմա անհամեմատ բարենպաստ են մշակութային փոխշփումներն ակտիվացնելու նախադրյալները: Հարկավոր է երկուստեք ի հայտ բերել ազնիվ մղումներ ու ջանադրություն։ Չէ՞ որ մենք միևնույն միջավայրում համատեղ ապրելու և ստեղծագործելու վաղեմի հրաշալի պատմություն ունենք: Խոստմանս համաձայն բոլորովին վերջերս վերականգնեցինք «Սպարտակը»: Եթե հնարավոր լինի ցուցադրել այստեղ, ինքներդ կգերվեք նոր կյանք ստացած մեծակտավ, սքանչելի բալետային ներկայացմամբ: Յակոբսոնի բեմադրության խաղարկումը Սանկտ Պետերբուրգում և, գրեթե միաժամանակ, Գրիգորովիչինը` Երևանում Խաչատրյանով նորովի յուրատեսակ կամրջում է մեր բարեկամությունը:
-Խորհրդային Միության փլուզման հակամշակութային խորշակները, զարմանալի «բարյացակամությամբ», շրջանցեցին Լենինգրադի Կիրովի անվան պետական ակադեմիական (1992-ից` կրկին «Մարիինյան») օպերայի և բալետի թատրոնը: Հազարից ավելի արվեստագետներ շարունակում են նրա հարկի ներքո ազատ ու ապահով ստեղծագործել: ՈՒնեն իրենց նոր համերգասրահը, բազային ստուդիան` «Երիտասարդ երգիչների ակադեմիան», մշտական շրջագայություններ, հեղինակավոր ընկերություններում թողարկվող ձայներիզներ, «Սպիտակ գիշերներով» սկզբնավորված հեղինակավոր փառատոների շարք… Միջազգային ճանաչման ու համագործակցության նախանձելի հնարավորություններն արդյոք Ձեր անհատականության մեծագույն համբավո՞վ են միայն պայմանավորված: Ասում են, թե Մարիինկայի գլխավոր հովանավորության իրավունքն ու պատիվը ստանալու համար նախօրոք են հերթագրվում:
-Ինքս անհամեմատ լայն ասպարեզ ունեմ այժմ ստեղծագործելու, հարստանալու միջազգային շփումներով, որոնք երբեմնի ԽՍՀՄ տարածքով էին միայն սահմանափակվում: Շուրջ երեսուն տարի է, ինչ հիմնավորապես հաստատվել եմ Պիտերում: Բնական է, որ պիտի առանձնակի փայփայեմ գոյությանս գլխավոր իմաստն ու նպատակը դարձած թատրոնը: Չեմ սեթևեթի: Իմ երկարամյա փորձառությանն անվերապահորեն վստահում են պետական, գործարար ու մշակութային ոլորտներում խոշոր դերակատարություն ունեցողներից շատերը: Բայց այդ կարևորագույն լծակի անխափան ու արդյունավետ հարատևության գրավականը վարչական և ստեղծագործական մեր ներուժի շրջահայաց, տիտանական միաձույլ աշխատանքն է: Յուրաքանչյուրս իր տեղում, ընդհանուր կառույցի բարձր վարկանիշի պահպանման հստակ գիտակցությամբ, իր ամբողջ կարողությունն ու եռանդն է անմնացորդ ներդնում այդ վստահությունն ամրապնդելու համար: Դյուրին չկարծեք ստեղծագործական որևէ կառույցի կենսունակության համաչափ երիտասարդացումն առանց էական կորուստների: Գերարագ ռիթմերի մեր ժամանակներում հատուկ խնամքի են կարոտ պաշտամունքային համարում ունեցող հնամյա մշակութային բոլոր հաստատությունները: Մարիինկան էլ, որպես դարերով փառավոր գոյատևող կենդանի «հաղթանդամ» օրգանիզմ, բացառություն չի կարող լինել: Մենք լրջորեն մտահոգված ենք հանրությանն աննշմարելի պարբերական ներարկումներով նրա մրցունակ մարզավիճակը արժանավայել նշաձողից չիջեցնելով:
-Մեկուկես տասնամյակ համակողմանի առաջնորդելով Մարիինկայի գեղագիտությունը` երբեմնի կայսերական թատրոնի երկհարյուրամյա տարեգրության մեջ Ձեր հետագիծն եք երեսուն տարի անընդմեջ զարգացնում: Օպերային ու բալետային դասական բեմադրությունների սրտացավ պահպանմանը զուգահեռ համարձակ ու խենթ փորձարարությունն եք հարգալից ընդունում։ Ինչպես, ասենք, Մուսորգսկու «Բորիս Գոդունովի» կողքին ապրելու իրավունք եք տալիս Դանիելե Ֆինցի Պասկայի «Աիդան` երեխայի աչքերով» (ըստ Ջուզեպե Վերդիի համանուն օպերայի) մոդեռն բեմադրությանը, որին նոր խաղաշրջանը բացելու պատիվն եք վերապահել։ Մեր «գլխատված» օպերայինը Ձեր մասնագիտական աջակցության կարիքը օդի ու ջրի պես է զգում։ Որքա՞ն եք լավատեղյակ Ձեզ երբեմն-երբեմն հյուրընկալող ֆիլհարմոնիկ նվագախմբի և օպերայինի ներկա ստեղծագործական նկարագրերին, Հայաստանի թատերական ու երաժշտական արդի արվեստին ընդհանրապես:
-Անկեղծ ասած, հետխորհրդային տարիներին ունեցածս բազմազբաղությամբ չեմ կարողացել մանրակրկիտ նկատել ու գնահատել իմ սիրելի Հայաստանում կատարված փոփոխությունները: Հասցրել եմ միայն օդանավակայանից թատրոն գալ, համերգին նախապատրաստվել ու ավարտից անմիջապես հետո արագ ինքնաթիռ բարձրանալ: Հուսանք, մինչ ՀՀ նախագահի առաջարկած Գերգիևյան փառատոնի կազմակերպումը, նրա իսկ բարի կամքով անհամեմատ կսերտանան մեր փոխշփումները: Սա է պահի հրամայականը։ Կրկին խոստանում եմ հնարավորինս հաճախ այցելել Հայաստան և հիմնովին ուսումնասիրել երաժշտարվեստում առկա իրավիճակը։ Այդ դեպքում միայն ես կկարողանամ հստակ գնահատել արվածն ու օգտակար լինել առկա կնճռոտ խնդիրների հաղթահարմանը: Այժմ, ավաղ, ստիպված ենք անավարտ թողնել մեր երկխոսությունը:
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ