«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՄԵՆՔ ՈՒՏՈՊԻՍՏՆԵՐ ՉԵՆՔ»

«ՄԵՆՔ ՈՒՏՈՊԻՍՏՆԵՐ ՉԵՆՔ»
09.09.2011 | 00:00

Արզական` գյուղ Հրազդանի աջ ափին, Ծաղկունյաց լեռների հարավային ստորոտին: Պտղատնկարանային տնտեսություն է, զբաղվում է նաև անասնապահությամբ և բանջարաբուծությամբ: Արզականի տարածքում կան մարմարի, խճաքարի, օքրայի շահագործվող հանքավայրեր և հանքային ջրեր:
Գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք Նեղուցի Սուրբ Աստվածածին վանքն է` եկեղեցիով, կից գավիթով և առանձին փոքր մատուռով:
Արզականի բնակիչների մի մասը եկել է Պարսկաստանի Մակու գավառից` 1827-28 թթ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ:

Հայկական սովետական հանրագիտարան

«ԵԹԵ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆԻՎԸ ՀԵՏ ՊՏՏՎԻ, ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ԿԳՈՎԵՐԳԻ ԱՐԶԱԿԱՆԻ ԽՆՁՈՐՆԵՐԸ»
Արզականը հռչակված է իր խնձորով, որը գովերգել է 20-րդ դարի հայ պոեզիայի դասական Նաիրի Զարյանը: Գյուղը Հրազդանի ափին է, գյուղամիջով անցնում է Աղվերանի հանգստյան գոտի տանող ճանապարհը: Գյուղապետը ՆՈՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ է: Գյուղապետ է 2002-ից: Տոհմիկ արզականցի է և, ինչպես յուրաքանչյուր տեղաբնակ, իրեն Էրգրի բնակիչ է համարում:
-Ի՞նչ վիճակում են Նաիրի Զարյանի գովերգած Արզականի խնձորները, պարոն գյուղապետ։
-Երբ Զարյանը գովերգում էր Արզականի խնձորները, գովերգելու բան կար: Այսօր չունենք նախկին խնձորի այգիները, երկրի կայացման ժամանակները մեզ էլ չշրջանցեցին: Սակայն գյուղաբնակներն աստիճանաբար վերադառնում են պապերի ու հայրերի գործին, այգեգործությունը վերականգնվում է, ավելանում են այգեգործները, ընդլայնվում են այգեգործական հողատարածքները: Եվ եթե պատմության անիվը հրաշքով հետ պտտվի, նշանավոր բանաստեղծը կրկին կգովերգի Արզականի խնձորները:
-Գյուղը բազմամարդ է, բարեշեն և գտնվում է ամառանոցային ճանապարհին, ուստի բնական է, որ խորհրդային տարիներին այն եղել է կուսակցական վերնախավի ուշադրության կենտրոնում, ինչպես հանրապետության այլ առաջավոր գյուղեր: Կարո՞ղ ենք զուգահեռներ անցկացնել ներկա գյուղապետի և նախկին կոլտնտեսության նախագահի կամ սովետական տնտեսության` սովխոզի դիրեկտորի իրավունքների և պարտականությունների միջև:
-Հետադարձ հայացք ձգելիս` անցյալը կարոտով է պարուրվում: Կարոտի մեջ, անկասկած, մեծ իմաստ կա, եթե կուզեք` փիլիսոփայություն` գնահատելու անդարձ անցած-գնացածը: Ինչո՞ւ ենք այսօր էլ սիրով հիշում մեր համայնավարական անցյալը, անշուշտ, ոչ կոմունիստական գաղափարախոսության կարոտաբաղձությամբ, ուղղակի քաղցր էին հուշերը, կար մշտական աշխատանք, բարձր վարձատրություն, հավատ ապագայի հանդեպ: Ես աշխատում էի Չարենցավանի գործիքաշինական գործարանում որպես տեխնիկական բաժնի պետ, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ եմ, և տեխնիկական կրթությունս, իհարկե, օգնում է այսօր արդյունավետ կառավարում իրականացնելու իմաստով: Ինժեներական միտքը միշտ էլ առաջնային տեղ է ունեցել հասարակական կյանքում, ինժեները «քթի ծակ» պիտի ունենա, տրամաբանություն, աչքաչափ, և այս հատկությունները, թերևս, ավելի կարևոր են, քան զանազան նորմատիվ ակտերն ու կարգագրերը: Այլ կերպ ասած` գյուղացու հետ շփվելիս ավելի արդյունավետ է ժամանակին տրված խորհուրդը, քան «գիտությամբ չալելը»:
«ԱՐԶԱԿԱՆԸ ԿԼԻՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ, ՈՐՏԵՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ԿԵՐԱԶԵՐ ԲՆԱԿՎԵԼ»
-Արզականն այսօր` իր հոգսերով, իր «լավ ու վատով» և, իհարկե, հույսերով:
-Արզականը Հայաստանի 930 համայնքների հետ կիսում է ներկա օրերի հոգսերն ու դժվարությունները, սակայն յուրովի, իր առանձնահատկություններին հարիր։ Գյուղը բնության գողտրիկ անկյուններից մեկում է տեղակայված, առողջարանային շրջանում է, անտառային գոտիներում ունենք հատուկ սպասարկվող տարածքներ, և սա նպաստում է արզականցիների բարեկեցության բարձրացմանը, քանզի հովեկները ներդրումներ են կատարում գյուղաբնակի կենցաղում, կառուցվող առողջարանային օբյեկտների շինարարությունում տեղական աշխատուժն է օգտագործվում, և այս ամենով, մյուս գյուղերի համեմատ, ավելի շահեկան վիճակում ենք: Մեր բյուջեն առաջընթացային է, ինչը և հնարավորություն է ընձեռում շինարարական և ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու. բարելավել ենք ընդհանուր օգտագործման տարածքները, մանկապարտեզը, գյուղապետարանը և այլն:
-Արզականը հայտնի է նաև իր տաք աղբյուրներով: Դրանք կա՞ն, գործո՞ւմ են:
-Բարեբախտաբար, բնական ռեսուրսների առումով էլ ի վերուստ անտեսված չենք: Դուք նշեցիք տաք ջրերը, բայց չէ՞ որ ունենք մարմարի, ներկերի ստացման հումքի հանքեր, որոնք, ինչ խոսք, տնօրինում է կառավարությունը: Տաք ջրերն ամենաարդյունավետ ձևով չեն շահագործվում: Խորհրդային տարիներին որոշակի մարդիկ էին այն տնօրինում, այսօր եզակի այս հարստությունն օրենսդրորեն տնօրինելու խնդիր կա: Ամեն բան արվում է տաք աղբյուրները առավել նպատակային շահագործելու համար: Արզականը շուրջ 3 հազար բնակչություն ունի, վերջին տարիներին նկատելի է աճը, արտագաղթն անհամեմատ քչացել է: Մեր գյուղն զբաղվում է հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ, որն առանձնապես շահութաբեր չէ ոչ լիարժեք գործող ոռոգման համակարգի պատճառով, սակայն առաջիկա երկու տարում փակ խողովակագծով մայր առվից ջուրը լիարժեք կմատակարարվի համայնքին:
-Դուք միտված եք Արզականի ապագային և, կարծես, անում եք հնարավորը, սակայն մի բան են երազելն ու ձգտելը, բոլորովին այլ են հնարավորությունները, որոնք նպաստում կամ խոչընդոտում են երազանքն իրականություն դարձնելուն:
-Շատ տեղին է հարցը: Մենք ուտոպիստներ չենք, սպասվելիք մուտքերի հավաքագրման կանխատեսումները եթե իրականանան, Արզականը կլինի հանրապետության այն համայնքներից մեկը, որտեղ յուրաքանչյուրը կերազեր բնակվել: Սա իրատեսական է, ճգնաժամից դուրս ենք գալիս, ներդրումների, առհասարակ, կյանքի աշխուժացման ակնկալիքները շատ են:
-Գյուղական և քաղաքային համայնքների ղեկավարների կառավարման մեթոդները դժվար թե նույնական լինեն: Գյուղական համայնքն առավել հավաք է, բարեկեցիկ, թեկուզ իր տնամերձի հաշվին։ Սակայն այստեղ մի նրբություն կա. գյուղապետը ազգակցական, բարեկամախնամիական ամուր կապերով կապված է, ըստ էության, ողջ գյուղի հետ:
-Եթե սկզբունքով ես առաջնորդվում, չկա որևէ հոգեբանական բարդույթ: Սկզբունքով և օրենքի սահմաններում: Անգամ ամենահարազատ մարդը մերժվում է, եթե խնդրանքը կամ առաջարկն ապօրինի են: Օրինական հարցով գյուղապետարան մտնողը ձեռնունայն հետ չի գնում: Բայց այստեղ մի խնդիր էլ կա. նախընտրական շրջանում բնակչությունն ակամա բևեռացվում է, հետո «կպնում գյուղապետի ջանին»: Սակայն, ոչինչ, դիմակայում ենք` սիրելով գյուղն ու հարգանք տածելով գյուղացու հանդեպ: Իսկ գյուղապետարան են մտնում ամենատարբեր հարցերով: Անկասկած, հարցերի մի խումբն առհասարակ դուրս է մեր լիազորություններից, բայց չէ՞ որ գյուղաբնակ քաղաքացին, երկրի քաղաքացին, հաճախ ողջ գիշերն անքուն լուսացնելով, գյուղապետարան է մտնում վաղեմի ավանդույթով. «Վերևն Աստված, ներքև մեր գյուղապետը»: Ես այսպես եմ դատում` ցանկացած գյուղապետի պատասխանում համայնքի բնակիչը պիտի լսի իշխանության պատասխանը, եթե կուզեք` երկրի նախագահի պատասխանը:
-Համայնքը և պետությունը: Նման փոխառնչությունների պատկերն ինչպիսի՞ն է:
-Տեղական ինքնակառավարման մասին օրենքը, մեր մայր օրենքը լուրջ ինքնուրույնություն են ընձեռում: Յուրաքանչյուր քաղաքացի, այս դեպքում համայնքի բնակիչ, ունի համայնքային կյանքին մասնակցության իր բաժինը: Ի վերջո, ընտրությամբ է ընտրվում գյուղապետը, նույն ձևով և համայնքի ավագանին, ու եթե ավագանին իր տեղում եղավ, իրոք, կլինի բարձրագույն մարմին ինքնակառավարման այս ուրույն համակարգում: Այսինքն, մի փոքրիկ պետություն ենք պետության կազմում: Երկրի կառավարության հետ կապը, հարաբերությունները գործընկերային են, և եթե համայնքը հավատարիմ է օրենքի տառին, ապա որևէ խնդիր չի ունենա:
-Խորհրդային գյուղերը զարմանալի մի առանձնահատկություն ունեին, գյուղի ամենաբարձր դիրքում էր ամենաշքեղ կառույցը` կուլտուրայի պալատը:
-Մեր սեփական միջոցներով (մոտ 17 մլն դրամ) վերանորոգել ենք կուլտուրայի տան տանիքը: Գործում են արվեստի դպրոցը, գրադարանը, երաժշտական խումբը: Այն գյուղի սեփականությունն է, այսօր փորձում ենք մշակութային ավանդույթները պահպանել, քաջ գիտակցելով, որ մեր օրերն այնքան էլ մշակութանպաստ չեն: Մասնավորապես գյուղի գրադարանի այցելուների քանակն առայժմ այնքան էլ հուսադրող չէ, սակայն սա ևս ժամանակավոր երևույթ է, հուսամ` կգան այն օրերը, երբ ազատ ժամերին շատ գյուղաբնակների ձեռքում կրկին գիրք կհայտնվի:
«ԳՅՈՒՂԻՆ ՆՈՐ, ԱՌԱՋԱՎՈՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ»
-Այսօր գյուղացին բարեկեցի՞կ է ապրում Արզականի նման շեն համայնքում:
-Եթե արմատական պատասխան տամ հարցին, ապա դեռ հեռու ենք լիակատար բարեկեցությունից, սակայն չունենք նաև հանապազօրյա հացի խնդիր: Կարծում եմ` նոր տեխնոլոգիաների և նոր մոտեցումների կիրառումը հնարավորություն կընձեռի տեսանելի ապագայում, իրոք, բարեկեցիկ կյանքով ապրելու: Գյուղին նոր, առաջավոր գյուղատնտեսական տեխնիկա է անհրաժեշտ: Առայժմ գյուղապետարանի տրամադրության տակ է մեկ թրթուրավոր տրակտոր, որը ճանապարհներն է ձյան ծածկույթից մաքրում, ամառային աշխատանքներն էլ պակաս չեն: Եթե ամբողջացնեմ, ապա այն ցանքաշրջանառությունը, որ հողերի վրա տարվում է մասնավորի կողմից, կատարվում է բարոյապես և ֆիզիկապես մաշված տեխնիկայով: Արդյունքը, բնականաբար, գոհացուցիչ չի կարող լինել: Սակայն սա էլ դժվար, բայց շտկելի խնդիր է: Այս տարի որոշակի ակտիվություն կա գյուղմթերքների շուկայում, գյուղացին այսօր ավելի վստահ է զգում իրեն: Չէ՞ որ ավելի մեծ գոհունակություն չի կարող լինել հողի մշակի համար, քան այն, երբ նա սեփական քրտինքով աճեցրած բարիքներն իրացնում է և իր աշխատանքի պտուղը տեսնում:
-Արդեն աշուն է, բայց սարերի հետևում չէ ձմեռը: Ինչպիսի՞ն է Արզականը ձմռանը, ինչպիսին է Ձեր ձմեռային «նստաշրջանը»:
-Ձմռանը գյուղում մարդիկ խաղաղվում են, շփվում ընտանիքի, բարեկամների հետ, առհասարակ, այս կամ այն ձևով հանգստանում: Գյուղապետարանի համար ձմեռը չափագրման, իրավունքի և ժառանգության գրանցման շրջան է: Ժամանակը նպատակային ենք օգտագործում: Գյուղացին հանդարտվում է, իր մտքերի ու անավարտ գործերի հետ լինում: Չնայած ասեմ, որ կան որոշ մարդիկ, ովքեր պարբերաբար ինչ-ինչ արհեստածին հարցերով բախում են գյուղապետարանի դռները` ցույց տալու, որ իրենք կան, որ իրենց քաղաքացիական ակտիվությունը ձմռանն էլ չի մարում: Անշուշտ, այս ամենին նայում ենք ըմբռնումով և հումորով: Առհասարակ գյուղապետի գործը հաճախ այնքան էլ տեսանելի չէ, բայց շատ կարևոր գործ է: Հաճախ են ինձ դիմում ինչ-ինչ անձնական և ընտանեկան խնդիրներով, որոնք հրապարակման ենթակա չեն: Սա վստահության գրավական է: ՈՒրախ եմ, որ հաջողվում է շատ խնդիրներ կարգավորել:
Հարցազրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1770

Մեկնաբանություններ