«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԵՐևԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ԽՈՇՈՐ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ ԹԻՎԸ, ՈՐՊԵՍԶԻ ՄԱՆՐ ՈՒ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԸ ԿԱՐՈՂԱՆԱ ԳՈՅԱՏևԵԼ»

«ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԵՐևԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ԽՈՇՈՐ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ ԹԻՎԸ, ՈՐՊԵՍԶԻ ՄԱՆՐ ՈՒ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԸ ԿԱՐՈՂԱՆԱ ԳՈՅԱՏևԵԼ»
16.09.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-Ձեր կարծիքով` իշխանություն-ընդդիմություն առկախված երկխոսությունը կշարունակվի՞:
-Երկխոսությունը իշխանության և ընդդիմության միջև ձևավորվեց դրական քաղաքական գործընթացի արդյունքում: Ես եղել եմ և՛ իշխանության մեջ, և՛ ընդդիմության, լավ գիտեմ ու իմ ելույթներում միշտ կարևորել եմ կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը: Երբ ԱԺ նախագահ էի, ընդդիմությունը ներկայացնող քաղաքական որոշ ուժեր հրաժարվեցին նորընտիր խորհրդարանի աշխատանքներին մասնակցելուց, և միայն քաղաքական երկխոսության արդյունքում այդ քաղաքական ուժերը ոչ միայն վերադարձան խորհրդարան, այլև համատեղ աշխատանքային խումբ ստեղծեցինք և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կոնսենսուսով «Ընտրական օրենսգիրք» ընդունեցինք, որը նաև միջազգային կառույցների բարձր գնահատականին արժանացավ: Այսօր էլ Հայաստանում ներքաղաքական լարվածություն կա, և առկա կնճռոտ խնդիրները քաղաքական երկխոսության միջոցով առաջ տանելու մարտավարությունը ճիշտ է, մանավանդ եթե ուզում ենք գնալ քաղաքակիրթ երկրների ճանապարհով: Քաղաքակիրթ և ժողովրդավարության հարուստ ավանդույթներ ունեցող երկրներում իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերը տարբեր բարիկադներում խրամատավորված թշնամիների դերում չեն, այլ անկախ իրենց տեսակետների ու ծրագրերի տարբերությունից, պարբերաբար համատեղ քննարկում են երկրի ներքին ու արտաքին մարտահրավերները: Այս իմաստով Հայաստանում սկսված գործընթացը շատ դրական է և, կարծում եմ, պետք է շարունակվի: Կարծում եմ` ընդդիմության մեջ ևս կան գործիչներ, ովքեր առաջնորդվում են քաղաքական ողջախոհությամբ և ընդհանուր եզրեր կգտնեն երկխոսությունը զարգացնելու համար: Ներքաղաքական ակտիվությունը Հայաստանում անխուսափելի է ընտրությունների պատճառով, որոնց մի քանի ամիս է մնացել, և ինչքան ուշ մտնենք այդ լարված շրջան, այնքան լավ, որովհետև այդ ժամանակը երկու կողմերն էլ կարող են օգտագործել` հասնելու քաղաքական հանրային համաձայնության ընտրությունների անցկացման շուրջ:
-Ի՞նչ համաձայնության մասին է խոսքը:
-Քաղաքական համատեղ հռչակագրի` ընտրությունների անցկացման կանոնների շուրջ, որը կնպաստի և հասարակության լարվածության թուլացմանը: Ինքնանպատակ լարվածությունը ոչ մի կողմին պետք չէ:
-Ձեր կարծիքով` նման հռչակագիր կստորագրվի, թե ոչ, Հայաստանում հնարավո՞ր են ազատ, արդար, թափանցիկ, միջազգային չափանիշներին իրոք համապատասխանող ընտրություններ:
-100-տոկոսանոց ընտրություններ այսօր շատ քիչ երկրներում են լինում, եթե ընդհանրապես լինում են: Ես լավատես եմ, բայց ոչ այդքան, որ ամեն ինչ իդեալական համարեմ, սակայն սխալ է ի սկզբանե մտածել, թե ոչինչ չի ստացվելու: Եթե ուզում ենք լավը լինեն ընտրությունները, պետք է գործողություններ ձեռնարկենք, ի վերջո, կարևորը ոչ թե խոսքերն են, այլ գործերի արդյունքը: Եթե կա քաղաքական երկխոսություն, կա քաղաքական օրակարգ, կա իրական մտահոգություն, որ ընտրությունները լավ անցնեն, պետք է գործել: Օրինակ, ընդունվեց նոր «Ընտրական օրենսգիրք», որի քննարկումներին ՀԱԿ-ը չմասնակցեց, չնայած տեղական ու միջազգային փորձագետների հորդորներին, մինչդեռ եթե մասնակցեր, ԸՕ-ն կարող էր ավելի լավը լինել:
-Եթե մասնակցեր, հաշվի առնվելո՞ւ էին ՀԱԿ-ի առաջարկները, ՀՅԴ-ի, «Ժառանգության» առաջարկներն ընդունվեցի՞ն:
-Քաղաքական մեծամասնությունն ունի իր գերակայությունները, որոնց համար պատասխանատվություն է կրում և որոշումներ կայացնելիս իր սկզբունքները պարտավոր է պահպանել: Ի դեպ, և՛ ՀՅԴ-ի, և՛ «Ժառանգության» շատ առաջարկներ ընդունվել են, կանխավ որոշել` կընդունվի՞-չի՞ ընդունվի, անլուրջ է, գործընթացին պետք է մասնակցել` գործընթացի վրա ազդելու համար: Մենք գնում ենք համապետական ընտրությունների, խնդիրնե՞ր կան ընտրությունների անցկացման վերաբերյալ, քննարկենք այդ խնդիրները, ձևավորենք հանրային համաձայնություն և ներկայացնենք հասարակության դատին: Ես կարծում եմ, որ թե՛ հայ հասարակությունը, թե՛ միջազգային հանրությունը, որ ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, բարձր գնահատական կտան նման համաձայնության կայացմանը: Ի վերջո, հասարակական-քաղաքական համաձայնության կայացումը գործընթացի վրա ազդելու հնարավորություն է, որ նաև տեսանելի կդարձնի` ով այն խախտեց:
-Հնարավոր համարո՞ւմ եք արտահերթ ընտրությունները:
-Արտահերթ ընտրությունների համար լրջագույն քաղաքական պատճառներ պետք է լինեն, որոնք չկան: Արատավոր երևույթները, որ քիչ չեն մեր իրականության մեջ, չեն կարող իրավական և քաղաքական հիմք հանդիսանալ արտահերթ ընտրությունների, այլապես ցանկացած ընտրությունից 6 ամիս հետո ընտրությունների արդյունքներից դժգոհ ուժերը նոր ընտրություններ պետք է պահանջեն:
-Մինչև Հայաստանում համապետական ընտրությունները` փոփոխություն կլինի՞ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման գործընթացում:
-Կարծում եմ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման գործընթացում փոփոխություններ չեն լինի, իհարկե, կլինեն հանդիպումներ` համանախագահների այց, արտգործնախարարների հանդիպում, որոշ ժամանակ անց` գուցե նաև նախագահների: Մենք կողմ ենք բանակցությունների շարունակմանը:
-Ընտրություններ ոչ միայն Հայաստանում են, այլև համանախագահող երկրներում, դա չի՞ խթանի գործընթացը, չէ՞ որ յուրաքանչյուրին պետք են հաղթանակներ ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականության մեջ:
-Յուրաքանչյուր երկիր ունի իր ներքին քաղաքական խնդիրները, որոնք, բնականաբար, չափազանց կարևոր են: Ջանքերի կտրուկ ավելացում չեմ ակնկալում, գործընթացը կշարունակվի, բայց արագ լուծումներ չեմ կանխատեսում:
-Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հեռանկար դեռ կա՞:
-Այսօր Հայաստանի և Թուրքիայի միջև դեֆակտո կան հարաբերություններ, գործարար շփումներ, մեծացող ապրանքաշրջանառություն, օդային և ավտոբուսային կապ: Մենք կարիք ունենք այդ հարաբերությունները դնելու իրավական հիմքերի վրա, որպեսզի, մի կողմից, կարողանանք պաշտպանել մեր քաղաքացուն և գործարարին, մյուս կողմից` ապահովել և՛ էժան, և՛ կարճ, և՛ այլընտրանքային տրանսպորտային միջանցք Հայաստանի համար: Ցավոք, թուրքական կողմը շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը։ Մեր դիրքորոշումը հստակ է, և ժամանակը մեր օգտին է աշխատում, որովհետև Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը երկար չի կարող շարունակվել, իսկ եթե նույնիսկ ձգվում է, ավելի ու ավելի շատ երկրների ու միջազգային կառույցների համար տեսանելի է դառնում Թուրքիայի իրական դեմքը:
-Արտահերթ թե հերթական ընտրություններում ՕԵԿ-ը խորհրդարանում ի՞նչ դեր կունենա:
-Մենք արդեն ավարտել ենք կազմակերպական աշխատանքների մեծ փուլ, 100-ից ավելի կուսակցական գրասենյակներ ենք բացել մարզերում և Երևանում: Ակտիվ ներհոսք կա դեպի կուսակցություն, վերադառնում են մեզնից նեղսրտած հին կուսակցականները, ինչն ինձ համար շատ հաճելի է:
-Ընդունո՞ւմ եք:
-Խոսքը չի վերաբերում կուսակցությունից հեռացվածներին, այլ նրանց, ովքեր վերջին 3 տարիներին կրավորական դիրքորոշում ունեին, պասիվ էին: Ես մասնակցում եմ հանդիպումներին և կարող եմ ասել, որ գրեթե 100-տոկոսանոց արդյունք ունենք:
-Հանդիպումներում ի՞նչ խնդիրներ են բարձրացնում:
-Ինձ համար ամենակարևորը` որ նախագահական ընտրություններից հետո մեր կայացրած որոշումը մեր թիմի համար ավելի ընկալելի է, և հիմա մեր շարքերը մեզնից պահանջում են ակտիվ գործունեություն: ՕԵԿ-ը միշտ առանձնացել է իր քաղաքական հետևողականությամբ և, թեպետ ԱԺ-ում ՕԵԿ խմբակցությունը մեծ չէ, առաջիններից մեկն է օրենսդրական գործունեությամբ: Վերջերս էլ շատ կարևոր նոր օրինագծեր ենք դրել շրջանառության մեջ:
-ՕԵԿ-ն այսօր ա՞յն կուսակցությունն է, որ Դուք ցանկացել եք ստեղծել:
-«Օրինաց երկիրը» ես համարում եմ բարեփոխումների կուսակցություն, գուցե հասարակության լայն շերտերի համար մեր շատ գործեր այդքան էլ տեսանելի չեն: Երբ մանկապարտեզները Երևանում անվճար դարձան, հիշեք` ո՞վ կանխեց մանկապարտեզների շենքերի վաճառքը, ո՞վ օրենքով ամրագրեց պետական հոգածության պահանջն այս հաստատությունների նկատմամբ: Ոչ ոք չէր կարծում, որ իր երեխան կարող է անվճար սովորել բարձր առաջադիմության դեպքում, ո՞վ հնարավոր դարձրեց: Ինչքան մեղադրեցին մեզ պոպուլիզմի մեջ, երբ ասում էինք, որ ավանդները պետք է վերադարձվեն: Նույնը` փոքր ձեռներեցների դեպքում: Հայաստանում վերջերս մեր նախաձեռնությամբ ընդունվեց սենսացիոն օրենք, որով 6 միլիոն դրամի շրջանառություն ունեցող ձեռներեցներն իրավունք ունեն հարկային հաշվառման չկանգնելու, բայց որպեսզի օրենքը սկսի գործել, ժամանակ է պետք: Անելիք շատ կա, տնտեսության մեջ, օլիգոպոլիաների դեմ պայքարում... Մենք առաջարկում ենք օրենքի մակարդակով Երևանում սահմանափակել խոշոր սուպերմարկետների թիվը, որպեսզի մանր ու միջին բիզնեսը կարողանա գոյատևել: Հոկտեմբերի վերջին ՕԵԿ-ի համագումարը կանենք, կընտրվի նոր քաղխորհուրդ, վարչություն, հին թիմը գերազանցապես պահպանվում է, բայց կան բազմաթիվ նոր մարդիկ, 2011-ի սեպտեմբերի 1-ի տվյալներով` մենք ունեցել ենք 11360 նոր անդամ: Համագումարում նաև սկսելու ենք ՕԵԿ-ի 15-ամյակի միջոցառումները: 20 տարեկան դարձող Հայաստանի պատմության մեջ մենք ակտիվ մասնակից ենք եղել քաղաքական դաշտի գրեթե բոլոր իրադարձություններին:
-Ձեր կարծիքով` 20 տարում Հայաստանը դարձե՞լ է անկախ երկիր:
-Որդիս 20 տարեկան է, ես չեմ կարող նրանից ակնկալել, որ բոլոր հարցերում բացառապես ճիշտ որոշումներ կայացնի, թեպետ ակնհայտ են նրա անկախ մտածողությունն ու կամային որակները: Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ երկիր կայացել է և՛ քաղաքական իմաստով, և՛ ինստիտուցիոնալ, իհարկե, բազմաթիվ են խնդիրները, շատ են թերությունները, բայց փաստը մնում է փաստ, որ որպես պետություն կայացել ենք և ինչքան նախանձախնդիր ու հետևողական, դրական առումով ագրեսիվ լինենք, այնքան արագ կհասնենք այն հանգրվանին, որին ձգտում ենք: Սեպտեմբերի կեսին սպասում ենք, որ ԵՄ-ն կընդունի մուտքի արտոնագրի դյուրացված կարգ Հայաստանի Հանրապետության համար: ԵՄ դռները կամաց-կամաց բացվում են մեր առաջ, պատրաստվում ենք ստորագրել քաղաքական ասոցիացման համաձայնագիր ԵՄ-ի հետ, որը համագործակցության նոր որակ է և նշանակում է, որ նոր նշաձողերի ձգտելով ավելի շատ բարեփոխումներ պետք է անենք: Հասարակությունը պետք է տեսնի, որ բարեփոխումները երևութական չեն, այլ իրական բովանդակություն ունեն և տեսանելի են իրենց արդյունքներով նաև իր կյանքում: Իբրև ԱԱԽ քարտուղար` ես ամբողջովին ներգրավված եմ և համակարգում եմ բարեփոխումների այդ գործընթացը և ուզում եմ, որ մեր երկիրն ավելի արագ առաջ գնա, բարեփոխումներն ավելի հավակնոտ լինեն: Իշխանության թիմը այդպես էլ տրամադրված է, չկան ոլորտներ, որտեղ ՀՀ նախագահը սահմանափակումներ դնի:
-Համադրվո՞ւմ են բարեփոխումները և կոռուպցիան:
-Կոռուպցիայի դեմ պայքարը և ակտիվ բարեփոխումները պետք է զուգահեռվեն, այս ճանապարհին պետք է լինել հետևողական և պատասխանատու: Կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում է օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Առաջին և գլխավոր պայմանը պետական չինովնիկի և քաղաքացու շփումների կտրուկ նվազեցումն է, բյուրոկրատական քաշքշուկների վերացումը, փաստաթղթաշրջանառության կրճատումը, պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը: Տնտեսական դաշտում պետք է կրճատել ստուգումները, անցնել ռիսկերի վերլուծության հիման վրա ստուգումների համակարգի, դադարեցնել ամեն գնով բյուջեն համալրելու` տնտեսության զարգացմանը խանգարող քաղաքականությունը: Ազատ ձեռներեցությանը, բիզնեսին ձեռնտու հարկային համակարգ, առողջ վերահսկողություն` այս շղթայի արդյունավետ գործարկմամբ արդյունքներ կունենանք: Յուրաքանչյուր բարեփոխում պետք է ծառայի մարդուն: Շատ անելիքներ կան, նոր մոտեցումների և նորարարության կարիք ունենք, նախաձեռնողականության և արդյունքների վրա հիմնված քաղաքականության: Սրանք այն արժեքներն են, որոնք առաջ են մղելու ՕԵԿ-ը: Որպես Անվտանգության խորհրդի քարտուղար ասեմ, որ ազգային անվտանգության մեր ռազմավարությունը ևս այս հարցերին պատասխաններ է տալիս: Մեր աշխատակազմը բարեփոխումների ակտիվ ջատագովն է, միջգերատեսչական հանձնախմբերը լուրջ աշխատանք են տանում այս ուղղությամբ:
-Հայաստանի ազգային անվտանգության համար որո՞նք եք համարում 3 առաջնային խնդիրները:
-Առաջին հերթին` ռազմական անվտանգության պահպանումը. պետությունը պետք է իր ռազմական և քաղաքական ինստիտուտներով պատրաստ լինի դիմայակելու ցանկացած ոտնձգության կամ ռազմական ագրեսիայի: Երկրորդը երկրի տնտեսական անկախության ամրապնդումն է, մեր տնտեսությունը դեռ խոցելի է, պետք է կարողանանք ապահովել էներգետիկ, պարենային, տրանսպորտային, տեղեկատվական անվտանգությունը: Երրորդը միանշանակ սոցիալական անվտանգությունն է, որովհետև սոցիալապես ոչ պաշտպանված լինելով, մարդը մեկնում է երկրից: Սոցիալական լավ պայմանները ենթադրում են 3 բլոկներում էլ բարեփոխումներ:
-Չե՞ք կարծում, որ բարոյահոգեբանական, պատմամշակութային ոլորտները ևս պետք է ընդգրկվեն ազգային անվտանգության դաշտում:
-Միանշանակ, բոլոր ոլորտներում էլ աշխատանք կա կատարելու: Մշակութային անվտանգության ոլորտում աշխատանք կա ոչ միայն երկրի ներսում, այլև մեր սահմաններից դուրս:
-Հարցը տալիս նկատի ունեի աղանդների վտանգավոր դարձող գործունեությունը։
-Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում մշակում ենք ՀՀ կրոնական անվտանգության ապահովման նախագիծ, որը բարդագույն գործ է: Իրոք, աղանդավորական շարժումների գոյությունը ՀՀ-ում արդեն վտանգավոր չափերի է հասնում, մենք պետք է կարողանանք գտնել ճիշտ բանալին, որ և՛ միջազգային հանրությունը հասկանա մեր քայլերը, և՛ այդ քայլերը նպատակամետ լինեն: Մենք պատրաստ չենք աղանդավորական շարժումներին դիմակայելու, նրանք շատ ավելի կազմակերպված են, միջազգային օրենսդրական նորմերով պաշտպանված, փորձառու են, թիկունքում ունեն հզոր մայր կառույցներ և ֆինանսներ, բայց աշխարհում կա նաև աղանդների դեմ պայքարի փորձ, որն ուսումնասիրելով` այդ աշխատանքը ուզում ենք հասցնել ավարտին` գիտակցելով, թե ինչ մեծ նշանակություն ունի մեր ժողովրդի համար:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ