Թուրքիայում բացվել է կառավարող Արդարության և զարգացման կուսակցության համագումարը։ Պատվիրակները պետք է ընտրեն կուսակցության ղեկավար կազմը, ինչպես նաև նախանշեն 10 տարի իշխող այս ուժի հետագա անելիքներն ու քաղաքական կուրսը։
Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ թեժ մարտեր են ընթանում կառավարական զորքերի և ապստամբների միջև, հրդեհը ոչնչացրել է Մերձավոր Արևելքում պահպանված ամենահին առևտրային կենտրոններից մեկի մի մասը։
Չինաստանի կոմունիստական կուսակցությունը տարածած հայտարարության մեջ նշում է, որ բոլոր նրանք, ովքեր կխախտեն կուսակցական կարգապահությունը, խստորեն կդատապարտվեն, անկախ զբաղեցրած պաշտոնից։
Իսպանիայի տնտեսական հարցերով պետքարտուղար Ֆերնանդո Խիմենես Լատորեն երեկ հայտարարել է, որ երկիրը 40 միլիարդ եվրոյի չափով միջազգային ֆինանսական օգնություն կխնդրի բանկային համակարգի առողջացման համար։
Հոնդուրասի կառավարությունը երկրում բռնությունների կանխարգելման ծրագրի շրջանակներում հասարակական տրանսպորտի պահպանության հարցում ներգրավել է զինվորականների։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, միջազգային հանրությանը նախազգուշացրել է, որ շատ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի Իրանը միջուկային զենք ստեղծի։