«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵՐԲ ՄԱՐԴՆ ՈՒՆԱԿ Է ԱՇԽԱՏԵԼՈՒ, ԻՐ ՏԵՂԸ ՄԻՇՏ ԷԼ ԿԳՏՆԻ»

«ԵՐԲ ՄԱՐԴՆ ՈՒՆԱԿ Է ԱՇԽԱՏԵԼՈՒ, ԻՐ ՏԵՂԸ ՄԻՇՏ ԷԼ ԿԳՏՆԻ»
16.09.2011 | 00:00

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)
-Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո մամուլում հրապարակումներ եղան, թե այդ ամենը պայմանավորված էր ներքին հակասություններով: Որպես ՀՀԿ խորհրդի անդամ նման հակասություններ նկատե՞լ եք:
-Մամուլը, ինչպես միշտ, յուրաքանչյուր հարցում ցանկանում է հակասություն տեսնել: Ես նման հակասություններ չեմ նկատել: Կարապետյան Կարենն ունի քաղաքական կենսագրություն, քաղաքականությամբ զբաղվել է դեռևս 1995-ից՝ մեծամասնական կարգով ընտրվելով պատգամավոր: 2000-ին, երբ երկիրն անկայուն վիճակում էր, նա «Ժողպատգամավոր» խմբի ղեկավարն էր և մեծ ջանքեր ունի ներդրած մեր պետության քաղաքական կայունությունն ապահովելու գործում:
-Տեղեկություններ եղան, թե մեծահարուստ եղբայրը «կասեցրել» է իր ներդրումները՝ աչքի տակ ունենալով այս հրաժարականը:
-Այս դեպքում նույնպես մամուլը զարգացնում է ոչ ճիշտ տրամաբանություն: Կարեն Կարապետյանի քաղաքական գործունեությունը կապել եղբոր՝ Սամվել Կարապետյանի ֆինանսական հնարավորությունների հետ, ճիշտ չէ: Կարապետյանը քաղաքականությամբ զբաղվել է այն տարիներից, երբ դեռ Սամվել Կարապետյանը մեծահարուստ չէր: Կարապետյանների ընտանիքը միշտ, հնարավորության դեպքում, բարեգործություններ է արել: Հարցադրումներ են հնչում, որ Կարեն Կարապետյանն ավելի ընդունելի կլիներ, եթե նրա եղբայրը մեծահարուստ չլիներ, կամ բողոքում են նրանից, որ նրա եղբայրը բարեգործություններ է անում Հայաստանում («Տաշիր» մրցանակաբաշխությունը նկատի ունի-Ռ.Խ.): Սրանք ոչ ճիշտ հարցադրումներ են: Իմ կարծիքով, այդ ամենը Կարեն Կարապետյանի քաղաքական կարիերայի հետ կապելը ճիշտ չէ: Ե՛վ մամուլը, և՛ հասարակությունը պետք է հստակ պատկերացում ունենան ցանկացած քաղաքական գործչի ու բարեգործի մասին: Ի՞նչ եք կարծում, բարեգործության դեմ պայքարե՞լն է ճիշտ, թե՞ օգնել այդ մարդուն ավելի շատ ներդրումներ անելու: Չգիտես ինչու վերջերս բոլորս պայքարում ենք, որ նա բարեգործություն չանի: Ավելին, քննադատել Կարեն Կարապետյանին, որ եղբայրը բարեգործություն է անում, պարզապես անհասկանալի է:
-Տեսակետ հնչեց, թե նախագահականում առկա թևերի պայքարը հանգեցրեց այս հրաժարականին: Տեղյա՞կ եք այդ թիմերի ներքին պայքարին:
-Որպես ՀՀԿ խորհրդի անդամ և պատգամավոր, հստակ կարող եմ ասել, որ մեր երկրում շատ քիչ է լինում, երբ պաշտոնյան իր կամքով դիմում է գրում ու ազատվում պաշտոնից: Այս իմաստով, այս հրաժարականի տակ փորձում են տարբեր բաներ փնտրել: Տասնվեց տարի է` մարդն ակտիվ քաղաքականությամբ է զբաղվել: Նա չի կարող ինքնակամ հեռանալ քաղաքականությունից:
-Փաստորեն, ճիշտ չե՞ն այն խոսակցությունները, թե Կարեն Կարապետյանը հեռանում է քաղաքականությունից:
-Կարծում եմ՝ նա այնպիսի պետականամետ գործիչ է և այնքան էներգիա ունի, որ այն պիտի պարպվի կամ բիզնեսի դաշտում, կամ քաղաքականությունում: Երբ մարդն ունակ է աշխատելու և ունի մեծ փորձ, պետական մոտեցում, իր տեղը միշտ էլ կգտնի:
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ