«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵՐԲ ՄԵՆՔ ՓՈՐՁԵՑԻՆՔ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՅՍՕՐՎԱ ԹՈՒՐՔԻԱՆ, ԳՏԱՆՔ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋՎԱ ԹՈՒՐՔԻԱՆ»

«ԵՐԲ ՄԵՆՔ ՓՈՐՁԵՑԻՆՔ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՅՍՕՐՎԱ ԹՈՒՐՔԻԱՆ, ԳՏԱՆՔ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋՎԱ ԹՈՒՐՔԻԱՆ»
30.07.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ
-Եթե հակիրճ ամփոփենք հայ-թուրքական ոդիսականը, թուրքական կողմը դադար է վերցրել, որը կարող է տևել տարիներ, այդպե՞ս է:
-Ելնելով այսօրվա իրողությունից, դադարը կարող է տարիներ ձգվել: Առանձնապես ափսոսանք չկա: Երբ մենք փորձեցինք մեզ համար բացահայտել այսօրվա Թուրքիան, գտանք 100 տարի առաջվա Թուրքիան: Մենք մտածում էինք, որ հարևաններ ենք, մեր հարևանը հռչակել է եվրաինտեգրման քաղաքականություն, 0 խնդիրներ հարևանների հետ, խոսում է խաղաղությունից, քաղաքակրթությունից... Մենք ուզում էինք այդ պետության հետ հարաբերություններ հաստատել, բայց բացահայտեցինք, որ Թուրքիան այն Թուրքիան չէ դեռ, ինչպիսին ուզում է ներկայանալ ամբողջ աշխարհին: Ես կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը լակմուսի թուղթ էր, որ ամբողջ Եվրոպային ու աշխարհին ցույց տվեց իրական Թուրքիայի պատկերը: Եվրոպան, որն ուզում է եվրոպականացնել Թուրքիան, պիտի զգուշանա հակառակից` թուրքանալուց:
-Ելնելով Եվրոպայում թուրքերի թվից ու բազմանալու անկանգ ընթացքի՞ց:
-Ելնելով թվից և իրենց արժեհամակարգին հավատարմությունից, որը ոչ միայն անխառն է, այլև ագրեսիվ:
-Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ մենք միշտ քննարկել ենք, թե ինչ կարող է տալ կամ ինչ տվեց Հայաստանին, բայց փոխենք ուղղությունը. չե՞ք կարծում, որ Թուրքիայի քաղաքական վերնախավի, հասարակության համար հայ-թուրքական հարաբերությունների հաստատման փորձը ցնցում եղավ և պատճառ դարձավ հասարակական գիտակցության մեջ որոշակի տեղաշարժի:
-Թուրք հասարակությանը տրվեց այդ թեմայով տեղեկության հասանելիության հնարավորություն: Թուրք հասարակությունը սկսեց քննարկել` ի՞նչ խնդիրներ կան Հայաստանի հետ, ինչո՞ւ, ի՞նչ են ուզում հայերը, ինչո՞ւ են այդքան երկրներ ընդունել ցեղասպանությունը... Թուրքիայում հայ-թուրքական հարաբերությունների, հայոց ցեղասպանության հարցերի քննարկումն ինքնին դրական երևույթ է, փաստացի` թուրք հասարակությունն այսօր տեղյակ չէ իր պատմությանը և լսելով, որ իր պապերը եղեռնագործ են եղել, ապշում է: Առաջին արձագանքն ինքնաբերաբար բացասական է ստացվում... Միաժամանակ մենք տեսանք թուրք հասարակության առաջավոր հատվածի վերաբերմունքը, տեսանք թուրքերի, որոնք ունեն խիզախություն ու կարողանում են ներողություն խնդրել հայերից, բարձրաձայն քննարկում են ցեղասպանության հարցերը և ընդունում են իրենց պապերի գործած ոճիրները: Եղան այդպիսիները, բայց, ցավոք, մեծամասնությունն ագրեսիվ ու բացասական վերաբերմունք ունի դեռ:
-Հայ-ադրբեջանական հարաբերություններում միայն 2010 թ. իրադարձությունները եթե քննարկենք` տարբեր ձևաչափերով հանդիպումներ, հայտարարություններ, պիտի ընդունենք, որ քանակական կուտակումը կարող է արդեն որակական փոփոխություն բերել, այո՞:
-Եթե անցած տարվա դեկտեմբերից սկսած քննարկենք` համանախագահների, համանախագահ երկրների արտգործնախարարների, համանախագահ երկրների նախագահների, ԵԱՀԿ նախարարների կոմիտեի հայտարարություններ, հանդիպումներ Սանկտ Պետերբուրգում, Ալմաթիում... Սրանք շղթայի օղակներ են, որ ամբողջացնում են մադրիդյան սկզբունքներով ղարաբաղյան հարցի կարգավորման միջազգային հանրության վճռականությունը: Բոլոր այս հայտարարություններում հստակ մատնանշվում է, որ ղարաբաղյան հարցը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 սկզբունքների կիրառումով` ուժի և սպառնալիքների չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Այս դրույթների հիման վրա առաջարկվել են մադրիդյան սկզբունքները, որոնց շրջանակներում են սանկտպետերբուրգյան առաջարկները, որոնք հայկական կողմը համարում է քննարկելի, ադրբեջանական վերաբերմունքը ինքներդ տեսաք: Երբեք էլ պետք չէ համարել, որ դրանք միայն ռուսական կողմի առաջարկներն են, ինչը պնդում է Ադրբեջանը։ Ալմաթիում համանախագահող երկրների արտգործնախարարներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Ռուսաստանին` Մինսկի խմբի շրջանակներում ակտիվ դերակատարության համար: Իսկ դա նշանակում է, որ պետերբուրգյան առաջարկությունները համանախագահող երկրների հետ համաձայնեցված էին: Ալմաթիի հանդիպման շեշտադրումներն ավելի հստակ էին, ավելի հասցեական, ընդգծվեց, որ անթույլատրելի է ուժի կիրառումը, ինչը որևէ դրական արդյունքի չի հանգեցնի, որ որևէ երկիր իրավունք չունի այդ երեք սկզբունքներից մեկը վերցնելու և բանակցային ամբողջ գործընթացը այդ սկզբունքի վրա կառուցելու: Միայն երեք սկզբունքների ամբողջության վրա է հնարավոր տարածաշրջանում խաղաղություն հաստատել:
-Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը կարո՞ղ է առնչվել Լեռնային Ղարաբաղին: Թեպետ եղավ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հայտարարությունը, թե որոշումը վերաբերում է միայն Կոսովոյին, այնուամենայնիվ, որոշումը քաղաքական ու իրավական այլ հետևանքներ կունենա՞:
-Ես միանշանակ համարում եմ, որ դրական ազդեցություն կունենան բոլոր նախադեպերը, որոնք հիմնված են ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման վրա, այդքանով կշատանան ԼՂՀ անկախությունը ճանաչելու հնարավորություններն ու հիմքերը: Դա դրական վեկտոր է և գումարվում է այն ջանքերին, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն գործադրում են Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցում:
-Այնուամենայնիվ, կա real politic հասկացություն. Ռուսաստանը միակողմանի ճանաչեց Աբխազիայի և Օսիայի անկախությունը, բայց ոչ Ղարաբաղի, և հայտարարում է, որ չի ճանաչում Կոսովոյի անկախությունը: ԱՄՆ-ը, ԵՄ-ն և 39 երկիր ճանաչում են Կոսովոյի անկախությունը, բայց ոչ Ղարաբաղի, Աբխազիայի կամ Օսիայի, թեպետ այս խնդիրները, իրենց բոլոր տարբերություններով հանդերձ, մի հարթության մեջ են: Կա միջազգային իրավունք և կա real politic, որի հիմքում շահն է դրված: Արդյո՞ք կարող ենք ձևավորել այնպիսի շահ, որը մղի Լեռնային Ղարաբաղը ճանաչելու որպես անկախ հանրապետություն:
-Թերևս այնքան էլ հարց չհնչեց, որքան վերլուծություն. իրապես մենք մեր մաշկի վրա համոզվեցինք, որ աշխարհն առաջնորդվում է ոչ թե արդարության սկզբունքով, այլ շահով: Երկակի ստանդարտների կիրառումը, ցավոք, տարածված պրակտիկա է: Եվրոպան, ԱՄՆ-ը ճանաչեցին Կոսովոյի անկախությունը, ռազմական օժանդակություն ցուցաբերեցին, օգնեցին, որ պետականություն դառնա: ԼՂՀ ինքնորոշումը իրավական շատ ավելի հիմնավորվածություն ունի, քան Կոսովոյինը, բայց չեն ճանաչում։ Սա նշանակում է, որ զուտ շահն է գործում և քաղաքական նպատակահարմարությունը: Նույնը` Ռուսաստանի պարագայում. ՌԴ-ն հանգիստ դեմ գնաց Վրաստանին, բայց չի գնում Ադրբեջանին: Պատճառները բազմաթիվ են ու հայտնի: Հասկանալով հանդերձ աշխարհի սարք ու կարգը, real politic-ը` պետք է հենվել հենց այդ ռեալության վրա, ոչ թե առաջնորդվել ռոմանտիզմի հասնող արդարության անխոցելիության գաղափարով: Ռեալ իրողություններն ընդունելով` պետք է փորձենք մեր խնդիրները լուծել: Իսկ ուրիշ ճանապարհ կա՞:
-Անդրադառնանք հայ-հայկական հարաբերություններին։ Տարեսկզբից քաղաքական կուսակցությունները սկսեցին նախընտրական արշավ, թեպետ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները ոչ 2010-ին են, ոչ 2011-ին, ինչո՞ւ:
-Ես չեմ կարծում, թե կուսակցությունները նախընտրական արշավ են սկսել: Քաղաքական ուժերը հասկանում են, որ աստիճանաբար մոտենում են ընտրություններին և համարժեք գործողություններ են անում, ոչ ավելին: Կուսակցական հանդիպումները, քննարկումները, միջոցառումները, համագումարները սովորական կուսակցական աշխատանք են, ինչը, բնականաբար, ակտիվանալու է 2012-ին ընդառաջ: Նախընտրական ժամանակահատվածին հարիր եռուզեռ ես չեմ նկատում:
-Իշխանական կոալիցիայի կուսակցությունների միջև հարաբերություններն արտաքուստ հավուր պատշաճի են, այնուամենայնիվ, որոշակի հարցերում տարաձայնություններն ակնհայտ են, իսկ նման հարցերը քիչ չեն: Իշխանության ներսում եղած հակասություններն ու պայքարը, կողմերից մեկի նախաձեռնությամբ, հայտնվում են մամուլի էջերում` ապահովում են անկախ լրատվամիջոցների գոյության պատրանքը և լիովին իշխանություն-ընդդիմություն հարաբերություններ են դառնում։ Իհարկե, ստացվում է աբսուրդ, բայց որերորդ տարին այդ աբսուրդը մեր կյանքն է:
-Կենսական չէ Ձեր հարցադրումն այս պահին:
-Այսինքն` վերջապես զինադադա՞ր են կնքել կոալիցիոն կուսակցությունները միմյանց հետ:
-Ես չեմ կարծում, որ այնպիսի պայքար է եղել, որից հետո զինադադար էր կնքվելու: Յուրաքանչյուրը շատ լավ հասկանում է, որ ընդհանուրից եթե որևէ մաս է պոկվում, ընդհանուրը թուլանում է: Հասարակության առաջ ստանձնած պարտավորությունները յուրաքանչյուրին թելադրում են պատասխանատվությամբ վերաբերվել իշխանության մեջ լինելու հանգամանքին:
-Իսկ իշխանություն-ընդդիմություն հարաբերություննե՞րը: ՀԱԿ-ը վերսկսում է ակտիվ քաղաքական պայքարը և հանրահավաքները...
-Եթե ընդդիմությունը ցանկություն ունի ակտիվ քաղաքական գործունեության, դա իր իրավունքն է: Իշխանությունը մեկ խնդիր ունի` որ այդ գործունեությունը տեղավորվի օրենքի շրջանակներում և վերջ:
-Այսինքն` սեպտեմբերի՞ն էլ Ազատության հրապարակը մանկական ու կիսամանկական համերգներին է հատկացվելու:
-Հանրահավաքի համար Երևանում միայն մե՞կ հրապարակ կա: Շատ հրապարակներ կան, թող հանրահավաք հրավիրեն այնտեղ, որտեղ քաղաքապետարանը թույլ է տալիս: Ես նման մտահոգություն բնավ չունեմ: Ես կարող եմ մտահոգվել հանրահավաքներում հնչող մտքերի վերաբերյալ: Ի՞նչ խնդիր է դրված: Եթե խնդիրը պետության կազմաքանդումն է, իհարկե, չեմ կարող ողջունել այդ գործողությունները, եթե նորից պիտի ասվի` ընդդիմությունը պուպուշ է, իշխանությունը` քըխ, դա իրենց քաղաքական ընտրությունն է: Ի վերջո` ամբողջ աշխարհում ընդդիմության դասական գործելակերպն է դա:
-Ամբողջ աշխարհում իշխանությունն ու ընդդիմությունը հերթագայում են միմյանց և որոշակի հարաբերություններ ունեն միմյանց հետ: Մեզ մոտ այդ հարաբերություններն ինքնատիպ են` իշխանությունը ոչ տեսնում է, ոչ լսում է, ոչ ճանաչում է ընդդիմությանն ու չի ընդունում նրա գոյությունը, ընդդիմությունը տեսնում, լսում, ճանաչում է իշխանությանը` հերքելու, մերժելու, սխալները վերհանելու համար: Ինչքա՞ն կարող է շարունակվել այս երկկողմանի անհանդուրժողականությունը, և ո՞րն է դրա իմաստը` երկիրը մեկն է:
-Դա անիմաստ է և ոչ մի կողմին օգուտ չի տալիս: Յուրաքանչյուր փոխհարաբերություն պետք է կառուցվի արժեքային համակարգի հիման վրա։ Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունն ունեն մեկ ընդհանրություն, որի հիման վրա կարող են համագործակցել. դա պետական և ազգային շահն է: Բոլոր երկրներում այն փայլուն գործում է, Հայաստանում` ոչ: Օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ընթացքում Թուրքիայում ընդդիմությունը երկար ժամանակ լուռ հետևում էր գործընթացին, բայց հենց զգացվեց, որ դրսից ճնշումներ կան, ընդդիմությունը սկսեց բավականին կոշտ խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին, ինչն իշխանությանը հնարավորություն տվեց արտաքին ճնշումներից խուսանավելու: Սա նշանակում է` պետության համար կարևոր խնդիրների պահին Թուրքիայի իշխանությունն ու ընդդիմությունը համագործակցեցին` պահպանելով հանդերձ միմյանց ներկայացվող պահանջներն ու տարաձայնությունները: Դարերից եկող կայսերապետության, պետականության զգացողությունը թելադրեց իր կամքը: Հայաստանում, ցավոք, դա չկա, և վատ է, որ չկա: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ չի խանգարի իշխանություններին հայ-թուրքական հարաբերությունների հարցում, ես վստահ եմ, որ դա պետության կամ ազգի մասին մտածելուց չէր, ուղղակի իշխանությանը հասկացրեց` ընդդիմության գործոնը չփորձեք օգտագործել: Ներքաղաքական, արտաքին, սոցիալական, իրավական, տնտեսական հարցերում ընդդիմությունն իշխանության վրիպումները գտնելու, հասարակությանը ներկայացնելու, քննադատելու համար է` դա նորմալ է, բայց պետք է լինի օրենքի շրջանակներում և ենթարկվի մեկ սկզբունքի` ազգային և պետական շահերի ընդհանրությանը:
-Հուլիսի վերջին օրը կարող ենք արձանագրել, որ քաղաքական հանգիստ ամառ ունեցանք, աշո՞ւնն էլ է հանդարտ լինելու:
-Քաղաքական աշունը, կարծում եմ, լինելու է բավականին հանգիստ, սովորական, աշխատանքային աշուն:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ