Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՅԱՆՈՎՍԿՈՒ «ՑԱՍՈՒՄԻՑ» ՄԻՆՉԵՎ ՇԵՔՍՊԻՐԻ «ԼԻՐ ԱՐՔԱՆ»

ՅԱՆՈՎՍԿՈՒ «ՑԱՍՈՒՄԻՑ» ՄԻՆՉԵՎ ՇԵՔՍՊԻՐԻ «ԼԻՐ ԱՐՔԱՆ»
28.10.2011 | 00:00

Հայաստանի երրորդ` Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական պետթատրոնի 80-ամյա տարեգրության ուշագրավ էջերն է ներկայացնում «ամենաերկարակյաց» գեղարվեստական ղեկավարը` ՀՀ ժողովրդական արտիստ ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ:
-Վաղ մանկությունից մինչ օրս, որ բեմում էլ հաստատվեցիք, հոգևոր ու անմիջական կապը չխզեցիք աբելյանցիների հետ: Բոլոր կարևորագույն հանգրվաններն ու «ուղևորներն» իրենց հստակ հետագիծը թողեցին Ձեր ստեղծագործական դիմանկարում։
-Յանովսկու «Ցասում»-ով է ազդարարվել այս թատրոնի ծնունդը 1931-ին, առաջին բեմադրիչի` երիտասարդ ու եռանդուն Աշոտ Մաթևոսյանի (հայտնի Աշմաթի) շուրջը համախմբված շնորհալի դերասաններ Արուս Խուդանյանի, Մաթևոս և Անահիտ Սանամյանների, Գեղամ Նալբանդյանի, Ալեքսանդր Շագաֆյանի, Աղասի Նալչադյանի և ուրիշների ուժերով: Կազմավորման այս փուլում մեծ դեր է ունեցել Հովհաննես Աբելյանը, ում անկախ արարելու և Աղավնի Հովհաննիսյանից քնքուշ սիրվելու միաձույլ կարոտը անընդմեջ կանչել-բերել է Ղարաքիլիսա (թարգմ.` «սև եկեղեցի»): Եվրոպական կրթություն ու նրբագեղ նկարագիր ուներ ռումինահայ Աղավնին։ Հայ թատրոնում այդպիսի համակողմանի ներդաշնակության հազվադեպ կարելի է հանդիպել։ Նրանք զավակ էլ ունեին` Պավլիկ Աբելյանը, ով վերջերս մահացավ։ Թատրոնի հետ առնչություն չուներ։ Չնայած մեծ ճանաչմանն Անդրկովկասում (մի ոտքը մայր թատրոնում էր, մյուսը` Բաքվում), Աբելյանը որևէ այլ վայրում այդչափ ստեղծագործական ազատություն չի ունեցել։ Նա, փաստորեն, իր կյանքի վերջին տարիներին իրագործել է թատրոնի գեղարվեստական ղեկավարությունը։
-Աբելյանից հետո Վահրամ Փափազյանն է տևական բարեկամություն արել արդեն Աբելյանի անունը կրող թատրոնի հետ: Գուցե տեղի դերասանների շռայլ շնորհնե՞րն են նրանց գայթակղել:
-Այդ տարիներին մասնագիտական կրթություն ստանալ, երևի թե, չէին էլ կարող, բայց շատերի ակունքները թատրոնածին Թիֆլիսից էին գալիս: Աղավնի Հովհաննիսյանը, Արուս Խուդանյանը, օրինակ, իրենց բնատուր տաղանդի փայլատակումներով հայ թատրոնի առաջնուհիներից են եղել:
Անսանձ երևակայության տեր մի բեմադրիչի` գյումրեցի Հովհաննես Կարապետյանի (Շիրազի շառավղից էր) շնորհիվ 1954-ին, հայ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ, բեմ բարձրացավ Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթը» և շռնդալից հաջողություն ունեցավ: Ցավոք, կնոջ` դերասանուհի Օֆելյա Մութաֆյանի անժամանակ մահով խզվեց թե՛ բեմադրիչի, թե՛ թատրոնի ստեղծագործական վերելքը: Գեղարվեստական ղեկավարությունը 17 տարի ստանձնած Սոկրատ Աքմաքչյանն էլ հայ թատրոն բերեց քսաներորդ դարի ժամանակակից արտասահմանյան դրամատուրգիան: Լեհ դրամատուրգ Պավել Կոգոուտի «Այդպիսի սերը» նոր գեղագիտության հաստատման փայլուն սկիզբ էր վրաց թատրոնում լավագույններից ճանաչված բեմանկարիչ Ռոբերտ Նալբանդյանի համագործակցությամբ։ Ժան Անույի, Արթուր Միլլերի, Ֆիլիպոյի պիեսներին զուգահեռ բեմադրվում էին հայ դրամատուրգիայի հանրածանոթ նմուշները: Ավագների կողքին ամուր կանգնեցին Լենա Փաշինյանը, Վոլոդյա Գրիգորյանը, Անժիկ Էհրամջյանը, Ժիրայր Կարապետյանը, Գևորգ Գևորգյանը: Վերջինս թատրոն բերեց նաև իր դրամատուրգիան:
-Այդ տարիներին երիտասարդ բեմադրիչ Մայիս Ռաֆայելյանն էլ մի շարք պիեսներ բեմ հանեց ձեր թատրոնում: Գունեղանում էր Խաչատուր Ղարաբեկյանի բեմանկարչական տաղանդը։ Շնորհիվ հրաշալի տնօրեն Վազգեն Կարապետյանի` Աբելյանի անվան թատրոնը լայն ճանաչում գտավ հյուրախաղային շրջագայություններով: Աբելյանցիներն ամառային հանգիստը մշտապես անցկացնում էին Վրաստանի ու Ադրբեջանի թատրոններում:
-Վազգեն Կարապետյանի հանկարծամահ լինելուց հետո թատրոնն աստիճանաբար անկում ապրեց: Փոխվեց խաղացանկը, նեղացան սահմանները, որոշիչ դարձան ինտրիգները, որոնք Կարապետյանը կարողանում էր բնում խեղդել ու զսպել: Աքմաքչյանը ստիպված եղավ հեռանալ թատրոնից: Ստեղծագործական բեղուն տարիքում լքեցին իրենց հարազատ օջախը դերասանական փայլուն անհատականություններ։ Կարճ ժամանակով գլխավոր ռեժիսորի պաշտոնն ստանձնած Ռաֆայել Ջրբաշյանը խաղացանկ վերադարձրեց Շեքսպիրին` բեմադրելով «Մակբեթը»:
-Մեր կուլտուրայի միակ լավագույն մինիստր Կամո ՈՒդումյանի և Վարդան Աճեմյանի միաձայն որոշմամբ Ձեզ նշանակեցին թատրոնի գլխավոր ռեժիսոր:
-Երկու բեմադրություն անելուց հետո` «Մի վշտանա, մայրիկ» և «Մահ տեսած մարդը», վրա հասավ դժբախտությունը` շենքը հրդեհվեց:
-27 տարեկան սկսնակ արվեստագետին վստահվեց փլուզված թատերաօջախի միանձնյա ղեկավարությունը:
-Երեք տարի գոյատևեցինք անիվների վրա: Մինչև շենքի բարեկարգումը նորոգվեց նաև ստեղծագործական կյանքը: 1974-ի սեպտեմբերին հայկական թատերախմբերից առաջինն էինք, որ հյուրախաղեր կազմակերպեցինք Ղարաբաղում (թարգմ.` «սև պարտեզ»): Այնուհետ ջանացինք պահպանել «սև եկեղեցու» և «սև պարտեզի»` աբելյանցիների ու փափազյանցիների հոգևոր հարազատությունը:
-Նորովի ծնունդ առավ Սունդուկյանի «Ամուսինները»:
-Աճեմյանի ղեկավարությամբ արածս, որ երկար տարիներ խաղացին սունդուկյանցիները, ի վերջո, իրենն էր, ինչպես բոլոր «դիպլոմնիկներինն» է լինում: Անփոխարինելի թատերադարբնոց, որն ինձ գործնականում ուղղորդեց հետագա ողջ կյանքում:
-Թատրոնի խաղացանկում մեկը մյուսի հետևից հաստատվեցին «Քաոսը», «Կովկասի արտակարգ կոմիսարը», մոսկովյան քմահաճ թատերաշխարհի դրվատանքին արժանացան «Դիմակահանդեսը», «Ռիչարդ Երկրորդը», «Երեք քույրը»։ 88-ի ավերիչ երկրաշարժի նախօրեին կայացած մոսկովյան մեծ հյուրախաղերով հարթվեց միջազգային մեծ համբավի ճանապարհը: Ի՞նչ հրաշքով աբելյանցիները դիմագրավեցին համատարած ավերածությունների հակամշակութային հզոր ալիքին, կարողացան պահպանել նվաճումները, արարել տնանկ ու կիսաքաղց պայմաններում, ավելին` արտասահմանյան շրջագայություն նախաձեռնել, որի արդյունքում թատրոնի մասին ակնածանքով սկսեցին խոսել Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և այլուր:
-Փորձեմ պարզաբանել: 1973-ից մինչ 88-ը համախոհ նվիրյալների մեր նոր սերունդն աճեց ու հասունացավ։ Ապահովագրված չենք եղել ստորջրյա հորձանքների վարարումներից: Բազմաթիվ անստորագիր նամակների` «անանիմկաների» հետագծով հաճախ քաղկոմ էլ եմ կանչվել, կենտկոմ էլ: 1986-ին, երբ Սերգեյ Փարաջանովին արգելել էին Թբիլիսիից դուրս գալ, ես բեմադրում էի Միխայիլ Բուզնիկի «Հատակը երերում է» պիեսը: Բուզնիկը, ով մտերիմ էր եղել Փարաջանովի հետ դեռ կիևյան ժամանակներից, մի օր անհույս փափագ հայտնեց. «Այնպես կուզենայի, որ Սերգեյը տեսներ այս ներկայացումը»: Ես, առանց իրադրության լրջությունը գիտակցելու, կազմակերպեցի «քաղաքականապես անհուսալի» Փարաջանովի այցը Կիրովական` Բուզնիկին մեքենայով ճանապարհելով Թբիլիսի: Ոտքի էր կանգնել կենտկոմի ու քաղկոմի ողջ անձնակազմը: Մինչև պրեմիերան ոչինչ չասացին: Ներկայացմանը եկավ միայն երկրորդ քարտուղարը: Գուցե ամեն ինչ անհամեմատ հարթ վերջանար, եթե ներկայացումից հետո Փարաջանովը բեմ չբարձրանար, չաներ իր խոստովանությունը ու չընծայեր Վերիկո Անջափարիձեի տված սափորը: Հաջորդ օրը քաղկոմի առաջին քարտուղար Հայկ Օհանյանը կանչեց ինձ, թե` պիտի գնաս Կարեն Սերոբիչի մոտ: Բոլորին թվում էր, թե Երևանից հետ չեմ գալու: Այդպիսի ընդունելություն և փոխըմբռնում երկրի առաջին դեմքի հետ երևի կյանքում մեկ-երկու անգամ եմ ունեցել: Երախտապարտ եմ նաև Հայկ Օհանյանին, ով շատ ու շատ ինտրիգներից էր ինձ ազատել, բայց այդ մեկն իր ուժերից վեր էր: Փարաջանովի բարի կամքով, թբիլիսյան մեր հերթական հյուրախաղերի ժամանակ առաջին անգամ տեղի վրացական թատրոնների երևելիների ուշադրության կենտրոնում հայտնվեցինք: Նրանց համար բացահայտումներ եղան «Դավաճանությունը», «Ռիչարդ Երկրորդը», «Դիմակահանդեսը»:
-Փաստորեն, հավաքական փառքն ու ամուր համախոհությունը կանգուն պահեցին աբելյանցիների թատրոնի հոգևոր տաճարը:
-Ահա թե ինչու երկրաշարժը չկարողացավ մեզ ավերել: Կիրովականի թատրոնն այդ ժամանակ համարվում էր Հայաստանի լավագույն թատրոնը: Որոշակի նշանակություն ունեին այդ համարման պահպանման մեջ Սունդուկյանի թատրոնում հաճախ բռնկվող բանսարկությունները: Աճեմյանն արդեն չկար, Խորեն Աբրահամյանը Լենինականում էր, Հրաչյա Ղափլանյանը գալիս-գնում էր: Թատերական առօրյան շատ գունատ էր: Ինչևէ: Դեռևս չփլուզված ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայում մեր թատրոնի երկամյա գործունեության ծրագիրը մշակվեց ու անմիջապես գործի դրվեց: Հյուրախաղեր Մոլդավիայում, մերձբալթյան երկրներում, ՈՒկրաինայում` միջազգային փառատոնին մասնակցությամբ և Մոսկվայում: Տարբեր վայրերում ապաստանած աբելյանցիները, ընդամենը քսանօրյա անջատումից հետո, կրկին մեկտեղվեցին` այս ծրագրով ոգեշնչված: Մեզ հատկացվեց Էջմիածնի կուլտուրայի տունը, և թափ առան նախապատրաստական աշխատանքները: Այնտեղ ավարտեցինք Ռաֆայել Հակոբջանյանի «Նոյի ժառանգները»: Իմ լավագույն գործընկեր, բեմանկարիչ Եվգենի Սոֆրոնովի հետ համահունչ կերպարը գտանք ներկայացման` հայ ազգն ապրում է հայրենիքից դուրս, փլատակների վրա: Ներկայացումը փայլուն ընդունելություն գտավ Մոսկվայում, ՈՒժգորոդում առաջին մրցանակի արժանացավ: 90-ականների պատերազմական թոհուբոհում մենք Թատրոնի միջազգային օրը` Մարտի 27-ը, նշեցինք Ստեփանակերտում` Մուրացանի «Ռուզանի» պրեմիերայով: Մեր «Երեք քույր»-ի մոսկովյան արձագանքները հասել էին Ֆրանսիա: «Երեք քույրը» Ստրասբուրգ հրավիրվեց: Դրան հաջորդեցին թատրոնի հյուրախաղերը: Արդեն թատերականի ռեկտոր էի նշանակվել, քիչ ուշ` նաև Սունդուկյանի գեղարվեստական ղեկավար:
-Այստեղ կողպեքը հանեցին լուծարված թատրոնի շենքի վրայից, սկսվեց վերակազմավորման տատասկոտ փուլը: Զուգահեռաբար այնտեղ ծայր առավ կտրուկ անկումը:
-Ես կապս թուլացրել, բայց չէի խզել իմ թատրոնի հետ: Դերասաններն սկսեցին հեռանալ տարբեր երկրներ: Երեք-չորսն ինձ հետ եկան Սունդուկյանի անվան թատրոն:
-Ձեզնից հետո փորձեցին թատրոնը պահել Հակոբ Ազիզյանը, Սոֆա Սողոմոնյանը, Սամվել Խալաթյանը:
-2008-ից նորից ինձ նշանակեցին` սունդուկյանական պատմություններից հետո: Մինչ այդ, իհարկե, գեղարվեստական խորհրդատվություն էի անում խղճի մտոք, բայց դա, անշուշտ, բավական չէր ընդհանուր վերելքը նախապատրաստելու համար:
-Ազգային թատրոնում «վերևների» նախաձեռնած «բարեփոխումները», հիմա արդեն ամենքին է պարզ, որևէ դրական տեղաշարժ չերևակեցին երեք տարում մայրության իրավունքից զրկված թատրոնում: Գլխատված գոյատևման դատապարտված օպերայինի հանգույն, այն վերածվեց «ազատ» բեմահարթակի, ավելի ստույգ` հանրամատչելի վարձակալական սրահի, որում տեղի ստեղծագործական խմբերի առօրյան վաղուց շեղվել է բնականոն հունից: Երկուսի «պայծառ ներկայի» հիմնական չափորոշիչը, փաստորեն, «սուպերմարկետայինին» է համարժեքացվել` «վնասով չեն աշխատում»: Ընդհակառակը, ֆինանսական եկամուտների տեր են դարձել:
-Այդ մասին եկեք հիմա չխոսենք: Ոչ թե ասելիք չունեմ, այլ ափսոսում եմ առանց այդ էլ ինձ չբավականացնող ժամանակի թանկագին մի մասնիկ վատնել պարապ քննարկումների վրա:
-Առավել ևս, որ Ձեր հիմնավոր վերադարձով հայրենի թատրոնի կյանքում կրկին նոր վերընթացի նախադրյալներ են ստեղծվում: Անզեն աչքով էլ նկատելի է թե՛ նվիրյալ հատուկենտացող ավագների, թե՛ երիտասարդության սահմանն անցնող մի խումբ շնորհալիների խանդավառությունը, որոնք առանձնապես չէին փայփայում այլևս թատրոնում մնայուն արժեք ստեղծելու հեռանկարը:
-Նրանցից ոմանք, ի զարմանս նույնիսկ իրենց, մասնագիտական կրթությունն են խորացնում: Տարբեր տարիների սաներս համառորեն շուրջկալում են ինձ, մղում նոր բեմադրություններ ձեռնարկելու` ապավինելով հասունացող իրենց կատարողական ունակություններին, նոր դերեր խաղալու, աճելու և ամրանալու բուռն ցանկությանը:
-Աբելյանցիների նիրհած ներուժի արթնացման ամենահուսադրող նախանշանը եղավ, անկասկած, «Լիր արքան»: Շատերին ներկայացումը գերեց հրաշալի գտնված բեմական ավարտուն կերպարով: Նույնիսկ իր «Լիրը» կարոտով հիշող հայ թատրոնի նահապետը` Սոս Սարգսյանը, չթաքցրեց հիացմունքը թատերամիջավայրի լակոնիկ արտահայտչականությունից: Գոհ իր շատ սիրելի ընկերոջ` Լիր-Հակոբ Ազիզյանի վաղեմի երազանքի բարեհաջող իրականացումից, չթերագնահատեց գլխավոր դերակատարների կերպարային հստակ զգացողությունները Խեղկատակ-Արամ Մխիթարյանի առաջատարությամբ: Նոր սերնդի շնորհների հուսադրող նախանշաններ ի հայտ եկան սկսնակ բեմադրիչների փոքր բեմի գեղագիտությամբ արված ուշագրավ կամերային աշխատանքներում: Կարծես հանդարտվե՞լ են կուլիսային խարդավանքները։
-Գիտեք` 39-ամյա թատերափորձառությամբ համոզվել եմ, որ երբեք որևէ թատրոն ապահովագրված չէ ինտրիգներից: Դերասանն այն մարդն է, գուցե մասնագիտության բերումով, որի ձեռքի տասը մատներից հինգը դրական հատկանիշներ ունի, հինգը` բացասական: Բավական է մեկին իր ուզած դերը չտաս, վերջինների թիվը շեշտակի ավելանում է: Հիմա ես անհամեմատ հանգիստ եմ տանում նրանց տատանումները, բայց ոմանք անցնում են «թույլատրելիի» սահմանը: Մեկ-երկուսը նույնիսկ թշնամական դիրք են գրավել իրենց ցանկացած դերը «չստանալու» պատճառով: Դա էլ կարող եմ ներողամտորեն ընդունել: Այսօր թատրոնում աշխատելու ցանկություն հայտնողներն այնքան են շատացել, որ տնօրեն Հովհաննես Չախմախչյանի հետ հնարքներ ենք մտածում արտահաստիքային անձնակազմ պահելու, վերաբացված ստուդիային համընթաց արժանի հերթափոխ պատրաստելու համար:
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1802

Մեկնաբանություններ