ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ԱՅՆ, ՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՄԵԶ ՑՈՒՅՑ ՉԵՆ ՏԱԼԻՍ, ԴԱ ՄԵԾ ԽՆԴԻՐ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ, ԱՅԼև ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ»

«ԱՅՆ, ՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՄԵԶ ՑՈՒՅՑ ՉԵՆ ՏԱԼԻՍ, ԴԱ ՄԵԾ ԽՆԴԻՐ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ, ԱՅԼև ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ»
14.12.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆԸ:
-Մաեստրո, Դուք երկար տարիներ ղեկավարում եք «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը և գրեթե ամեն տարի մեծ շրջագայություններ եք կազմակերպում Հայաստանից դուրս: Բնականաբար, դա լուրջ ծախսեր է պահանջում: Ո՞վ է հոգում այդ մասին:
-«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը միշտ եղել է շրջագայող և համերգային բուռն գործունեություն ծավալող երգչախումբ: Տարվա մեջ երկու անգամ շրջագայում ենք: Դրանից ավելի ես ինքս չեմ խրախուսում. նախ` նրանց զբաղվածությունն է շատանում, հետո էլ դասերից են հետ մնում… Ինձ համար կարևոր չէ, որ նրանք երգեն, ինձ համար կարևոր է, որ նրանք դառնան ուսյալ քաղաքացիներ, մանավանդ որ հաճախակի շրջագայությունները խաթարում են երեխայի հոգեբանությունը: Դրա համար ամեն շրջագայությունից հետո ես աշխատանք եմ տանում նրանց հետ, բացատրում, որ իրենք սովորական երեխաներ են և այլն: Իրականում նրանք պարզապես երջանիկ են, որ ունեն երգչախմբում երգելու, շրջագայելու այդ հնարավորությունը: Հաճախ շրջագայություններ կազմակերպելը դառնում է անհնարին, քանի որ չենք կարողանում գումարներ հայթայթել: Համենայն դեպս, դա ինձ չի հաջողվում: Շրջագայությունները հիմնականում իրականացվում են հրավիրող կողմի ֆինանսավորմամբ:
-ՈՒզում եք ասել` նույնիսկ հնարավորություն չունենալու դեպքում շնորհալի երեխան աչքաթող չի՞ արվում:
-Եթե երեխան տաղանդավոր է, անպայման մի ելք գտնում ենք` հովանավորներ, բարեգործներ: Հիմա արդեն մշակույթի նախարարությունն էլ է նպաստում շրջագայություններին։ Ծնողներն էլ իրենց հերթին ամեն ինչ անում են` ստեղծելու այդ հնարավորությունը:
-Իսկ քաղաքապետարա՞նը: ՉԷ՞ որ թե՛ դպրոցը, թե՛ «Փոքրիկ երգիչները», որպես քաղաքապետարանին կից կառույցներ, գտնվում են նրա հոգածության ներքո:
-Մեր շրջագայությունները քաղաքապետարանը երբեք չի հովանավորել, այդ նպատակով երբևէ գումար չի հատկացրել` ի տարբերություն այլ երկրների, որտեղ նմանատիպ համայնքները մեծ բյուջե ունեն: Իսկ մեզ մոտ չես հասկանում` համայնքը չունի՞ բյուջե, թե՞ ունի, բայց չի ուզում հատկացնել:
-Իսկ ամենամյա գումար հատկացնո՞ւմ է:
-Հատկացնում է, բայց դրանք «զարգացման» ծախսեր չեն: «Հայաստանի փոքրիկ երգիչներին» հատկացված գումարը բավականացնում է միայն խմբավարներին, աշխատակիցներին նվազագույն աշխատավարձ վճարելուն, և միայն չնչին գումար է մնում կոմունալ ու մնացած ծախսերի համար: Այսինքն, համերգներ և տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար անհրաժեշտ գումարը ստեղծում ենք այլ ճանապարհներով: Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ամենամյա եկամուտը շուրջ 60 մլն դրամ է, որի մոտ 40 տոկոսը համայնքային բյուջեն է հատկացնում, 10 տոկոսը` պետբյուջեն, իսկ 50 տոկոսը հավաքվում է ուսման վարձերից և այլ աղբյուրներից:
-Ո՞ր դեպքում կարող եք ակնկալել պետական աջակցություն:
-Երբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի մասնակցությունը որևէ համաշխարհային փառատոնի բարձրացնում է մեր երկրի վարկանիշը: Այդպես եղավ 1995 թվականին, երբ ներկայացրինք մեր նորանկախ պետությունը ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 50-ամյա հոբելյաններին նվիրված հանդիսավոր արարողություններին և «Գոլդըն Գեյթ» միջազգային մրցույթում նվաճեցինք 2 ոսկե և 1 արծաթե մեդալ: Կամ, 2002-ին ճանաչվելով աշխարհի լավագույն մանկական երգչախումբ, մասնակցեցինք երգչախմբային արվեստի 6-րդ համաշխարհային գիտաժողովին: Առաջին դեպքում աջակցեց երկրի վարչապետը, երկրորդ դեպքում` հանրապետության նախագահը:
-Պարոն Հեքեքյան, երգչախմբի ամենացավոտ խնդիրը ո՞րն է:
-Ամենամեծ խնդիրը «Փոքրիկ երգիչների» սերնդափոխությունն է, որը ոչ միայն ինձ է «տանջում», այլև խմբի անդամներին, որովհետև ընդունվում են նորերը, որոնց պիտի աճեցնես, մինչև հմտանում են` նորերն են գալիս: Երբ դու հասցնում ես խումբն ինչ-որ մակարդակի, հետո շատ դժվար է լինում այդ բարձրության վրա մնալը: Դա մաշող, տանջալից մի գործընթաց է: Ցածր է մակարդակը հատկապես մանկական երգչախմբային արվեստում: Հանրակրթական դպրոցներում չկա համընդհանուր երգչախմբային երգեցողություն, ինչն առկա է աշխարհի շատ քաղաքակիրթ երկրներում: Հետևաբար, այսօր չթրծված երեխաներ են գալիս երգչախումբ, տեսական թույլ գիտելիքներով, ինչը դժվարություններ է ստեղծում թե՛ մեզ, թե՛ հատկապես իրենց համար:
-Եթե երեխան չունի ձայնային տվյալներ, սխալ չէ՞ արդյոք նրան ընդունել երգչախումբ:
-Ոչ: Ես միշտ ասել եմ` տվեք ինձ աշխատասեր և նվիրված երեխա, և ես նրան կդարձնեմ լավ երգիչ: Այսօր 50 տոկոսից ավելին այդպիսի երեխաներ են երգչախմբում: Նույնիսկ թույլ լսողությամբ երեխաներին մենք ընդունում ենք, որովհետև որևէ արվեստ չի զարգացնում լսողությունն այնպես, ինչպես երգչախումբը: Պետք է խոստովանեմ, որ երեխաների մեծ մասը սովորական ձայնային տվյալներ ունի: Պատճառը ոչ թե այն է, որ հայ երեխաների ձայնային տվյալները լավը չեն, այլ այն, որ արվեստի այս ճյուղն այնքան էլ հրապուրիչ չէ ժողովրդի համար: Նրանք միայն ուզում են, որ իրենց երեխան երևա հեռուստաէկրանից` առանց ջանք թափելու: Մարդիկ այսօր չեն հասկանում երգչախմբում երգելու կրթական կարևորությունը։ Բացի այդ, ինչ պրոպագանդում են, ժողովուրդն այն էլ ընդունում է, դրանով հրապուրվում: Այսօր քարոզվում է ցածրաճաշակ, խառնածին երաժշտություն: Ժողովուրդը կարծում է` դա ազգայինն է, իրենը և, տարբեր հեռուստաալիքներով տեսնելով մենակատար «երգիչ-երգչուհիներին», ուզում է հետ չմնալ նրանցից, ամեն կերպ ընկնել հեռուստատուփի մեջ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբում երեխաները լուրջ կրթություն են ստանում:
-Որքան տեղյակ եմ, վերջերս եք վերադարձել շրջագայությունից: Կպատմե՞ք այդ մասին:
-Այո, դա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին էր: Կազմակերպեցի դպրոցի լավագույն մենակատարների և ժողովրդական գործիքների համույթի շրջագայությունը Միացյալ Նահանգներ: Սա այնպիսի խիզախում էր, որ շատերն ասում էին` դու կամ խենթ ես կամ շատ խորամանկ, գիտես մի բան, ինչը մենք չենք հասկանում: Շրջագայությունը սկսեցինք Երևանից, հետո մեկնեցինք Ալավերդի, Վանաձոր, ապա` Միացյալ Նահանգներ: Այդ շրջագայության ժամանակ է՛լ ավելի աճեցին երեխաները և վերադարձան որպես արհեստավարժ երաժիշտներ:
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայի համար:
-Հաջորդ տարվա համար «Հայաստանի փոքրիկ երգիչներն» ունի միջազգային փառատոներին մասնակցելու հրավերներ` Լեհաստան, Սլովենիա և Ֆրանսիա, որը տևելու է մեկուկես ամիս: Այդ ընթացքում մենք փորձելու ենք խիզախել և շրջագայել Եվրոպայով: Այստեղ իսկապես լուրջ ֆինանսավորում է հարկավոր: Հրավերը «Եվրոօրչեստրա» կազմակերպության կողմից է, և իրենք մեծ ցանկություն ունեն դիմելու մշակույթի նախարարությանը` օժանդակության խնդրանքով: Թե որքանով կկարողանա աջակցել նախարարությունը, անհայտ է: Բանակցություններ ենք վարում նաև ճապոնական համերգային գործակալության հետ: 2012 թվականին նրանք ուզում են հրավիրել երգչախմբին երկամսյա համերգային շրջագայության ամբողջ երկրով` ամառային արձակուրդների ընթացքում: Ծախսերը կհոգա հրավիրող կողմը:
-Մաեստրո, անկախ ամեն ինչից, Դուք երջանի՞կ եք:
-Ես վստահաբար կարող եմ ասել` այո, որովհետև միշտ զբաղվել եմ իմ սիրած աշխատանքով, միշտ արել եմ այն, ինչ ուզել եմ, միշտ եղել եմ իմ հոգու, մտքի մղումների ազատ կատարողը: Ինձ միշտ շրջապատել եմ որակյալ, պարզ, մաքուր ու հաճելի մարդկանցով:
-Ի՞նչ եք ամենից շատ ուզում:
-Հայաստանն իմ տունն է, և ուզում եմ, որ իմ տան մեջ արմատապես փոխվի վերաբերմունքը անհատի, կրթության և ընդհանրապես ազգային արժեքների նկատմամբ:
Զրուցեց Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1056

Մեկնաբանություններ