Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԳԽ, ԱԺ. ՀՄԱՅՔՆԵՐՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԽ, ԱԺ. ՀՄԱՅՔՆԵՐՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
27.09.2011 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Սահմանադրական դատարանի նախագահ, ԳԽ պատգամավոր)
-Պարոն Հարությունյան, ի՞նչ զգացումներով եք այսօր այստեղ եկել, ի վերջո, «Դուք նստել եք թե՛ Նիկոլայի, թե՛ Ալեքսանդրի, և թե՛, իհարկե, ՆԷՊ-ի օրոք»:
-ՈՒրախության: Շատ զգացվեցի, որ այստեղ տեսա բոլոր ժամանակների, հատկապես ԳԽ պատգամավորներին, որոնց հետ բախտ եմ ունեցել աշխատելու: Էմոցիաները շատ են և, իհարկե, դրական, որովհետև այն ժամանակ աշխատանքն ինքնամոռացության մի հատուկ վիճակ էր. գիշերն օրենքը գրում էինք, ցերեկն` ընդունում, հետո էլ պարզվեց, որ դրանք երկրի լավագույն օրենքներն էին, որոնք հետագայում շատ քիչ փոփոխության ենթարկվեցին: Էսպիսի հանդիպումները մեր այսօրվան շատ են անհրաժեշտ. նկատո՞ւմ եք` բոլորի դեմքերին ժպիտ կա:
-Դուք ԳԽ-ի մի մասի «դեմքերի» մասին խոսեցիք, մյուս մասի` «անդրականի» մասին` ոչ: Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ այդ հիմնական մասն այստեղ չէ:
-Անկեղծ ասած, ես դա համարում եմ յուրաքանչյուրի գործը: Իրական կյանքը ոչ միայն սոցիալական առնչություն, այլև քաղաքականություն է: Ով հարմար է գտել, եկել է, ով` ոչ, չի եկել:
-Ըստ Ձեզ` պառլամենտներից ո՞րն էր, այպես ասած, առավել հզորը, արդյունավետը, երկրին պիտանին:
-Կարծում եմ` հարցադրումը ճիշտ չէ: Յուրաքանչյուր ժամանակահատվածում իրացվել են այդ ժամանակի ընձեռած հնարավորությունները: Պարզապես ԳԽ-ն իր ձևավորման օրից կարողացավ ժամանակի ընձեռած հնարավորությունը լավագույնս իրացնել, որովհետև այնտեղ ավելի քիչ էր քաղաքականությունը, ավելի շատ էր աշխատանքը: Հետագայում արդեն քաղաքական հանգամանքները, որքան էլ կարևոր, իրական աշխատանքը հետին պլան մղեցին:
-Պարոն Հարությունյան, մի քանի «ինտիմ» հարց. Դուք կյանքի մեծ փորձ ունեք` բոլոր պլաններում. եղել եք պատգամավոր, վարչապետ, փոխնախագահ, հիմա էլ` դե գիտենք: Ո՞ր «շկոլան» էր Ձեզ համար ամենահարազատը:
-Բոլո՛րը:
-95-ին, երբ պետք է Սահմանադրությունն ընդունվեր, կոնֆիդենցիալ մի զրույցում Էդիկ Եգորյանն ինձ տեղյակ պահեց, որ Գագիկ Հարությունյանին էնպիսի՜ մի լավություն ենք անում. ցկյանս էնպիսի մի պաշտոնի ենք տանում` ՍԴ նախագահ: Ասել է` մշտապես «պոդիումի» վրա:
-Հետո Դուք համոզվեցիք, որ ցկյանս ոչինչ չկա՜, հետո էլ` ես չե՜մ պատրաստվում, այսպես կոչված, իմ «ինտիմ» հարաբերությունների դաշտը որևէ մեկի հետ կիսել, առավել ևս` այսօր:
-Եվ այնուհանդերձ, կա՞ն հարաբերություններ Տեր-Պետրոսյանի հետ:
-Դե, բնականաբար, քաղաքական հարաբերություններ նրա հետ ես չունեմ, իսկ մարդկային հարաբերությունները բոլորի հետ ինչպես եղել են, այդպես էլ մնացել են:
-Չէ, ասում էին, երկխոսության նախակարապետը Դուք եք, բայց քանի որ «խոսությունը» դադարել է, անցնենք առաջ. էլի նույն հաճախությա՞մբ եք գնում Վազգենենց տուն` տիկին Գրետայի մոտ:
-Նո՛ւյն հաճախությամբ:
-Վերջին «ինտիմը». շարունակո՞ւմ եք բանաստեղծություններ գրել:
-Անշո՜ւշտ. առանց դրա ապրել կլինի՞:
Հ. Գ. -Մի «ինտիմ» էլ «ունեցանք» պարոն Հարությունյանի հետ. մենք նրան ասացինք, որ անչափ շատ և մշտապես հարգել ենք Վալերի Պողոսյանին. այդ ի՞նչ պատմության մեջ է հայտնվել մեր «հին ընկերը»: Գ. Հարությունյանն ասաց, որ Վալերիկը հարգանքի արժանի տղա է: Ընդ որում, նա չի գնացել հանդիպելու ամերիկացիների հետ, իրենք են կարծես հանդիպել, ու ոչ էլ այդ գունավորմամբ է Վալերիկը խոսել, ինչպես «գրվում» է WikiLeaks-ում. «Ես իրեն ասում եմ` «ասուլիս տուր, այդ ամենը պատմիր», ինքը մի տեսակ չի ցանկանում»,- ասաց պարոն Հարությունյանը:

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ (ԱԺ նախկին նախագահ)
-Պարոն Բաղդասարյան, ի՞նչ զգացողությամբ եք այսօր այստեղ:
-Այս շենքն ինձ համար անչափ հարազատ է. Անկախության քսանամյակն էլ մի տեսակ բազմապատկում է այդ հարազատությունը:
-Այդ «բազմապատկման» մեջ մեկ «հանում», այնուհանդերձ, կա: Ինչպե՞ս եք վերաբերվում փաստին, որ բոլորը չէ, որ եկել են, բոլորը չէ, որ արձագանքել են հրավերին:
-Չեկածների մեջ եկեք, նախ, առանձնացնենք մեզնից շուտ հեռացածներին:
-Եկե՛ք. նրանց մեջ ինձ սիրելի անուններ շատ կան, բայց ես ինձ համար առանձնացնում եմ Այդին Մորիկյանին ու Հրանտ Մաթևոսյանին:
-Ես անուններ չեմ տա, երկնային արքայություն նրանց բոլորին: Շատ ցավում եմ, որ մարդիկ, ովքեր մեծ դեր են ունեցել մեր պետականության, Ազգային ժողովի, երկրի կայացման գործում, այսօր մեզ հետ չեն: Մնացած, Ձեր խոսքերով` չարձագանքողների մասին էլ, կարծում եմ, չարժե խոսել, քանի, որ դա իրենց ընտրության խնդիրն էր: Ափսոսանք եմ ապրում, իհարկե, որ չեն եկել: Շատ կուզենայի, որ իրենք էլ էստեղ լինեին, մասնակից դառնային օրվա խորհրդին: Եվ, այնուհանդերձ, անկախ այդ ամենից, առիթն ինքնին շատ կարևոր է, միասին լինելու, տոնը կիսելու համար:
-Պարոն Բաղդասարյան, մեր ենթագիտակցությունը վերադարձների սովորույթ ունի. կամա-ակամա այն ժապավենի նման պտտում է մեր կյանքի կարևոր հատվածները. Ձեզ համար ԱԺ-ի հետ կապված նման պահը ո՞րն է եղել անցնող տարիների ընթացքում:
-Անկախության հռչակագիրը եթե դիտենք բոլոր օրերի խորհուրդ խորինը, ապա հաջորդ պահը, որքան էլ ցավալի է, հոկտեմբերի 27-ն էր…
-Իսկ օրենսդիր աշխատանքի ո՞ր դրվագն է Ձեզ համար «անմոռանալի»:
-Դե, իհարկե, ՀԴՄ-ների տեղադրման խնդիրը. հիշո՞ւմ եք` ի՜նչ պայքար սկսվեց այդ օրերին ԱԺ-ում, ինչ կրքեր բորբոքվեցին, մենք կարողացանք հասնել նրան, որ փոքր կրպակ ունեցող ձեռներեցների համար ՀԴՄ-ների տեղադրումը հետաձգվի մի քանի տարով: Բոլոր ժամանակներում էլ ԱԺ-ն մեզ համար հնարավորություն է` բարձրաձայնելու խնդիրները, որ ունի ժողովուրդը, և փորձել լուծել դրանք:

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ (ԱԺ նախագահ)
-Պարոն Աբրահամյա՞ն, ըստ Ձեզ` ո՞րն է եղել ամենալավ պառլամենտը:
-Որի ղեկավարը ես եմ: Հիշո՞ւմ եք, երբ Բաբկեն Արարքցյանն առաջադրվեց պառլամենտի նախագահ, առաջադրվել էր նաև Պարույր Հայրիկյանը, հարց տվեցին` ասին, պարոն Արարքցյան, Դուք ավելի լավ կաշխատե՞ք, թե՞ Պարույր Հայրիկյանը։ Չէ՛, ասաց, Պարույր Հայրիկյանը լավ կաշխատի, բայց ես ավելի լավ կաշխատեմ:
-Ըմբռնեցինք Ձեր ցուցանած առակի ենթախորքայնությունները: Փաստորեն, Դուք աշխատում եք ամենքից լավ:
-Չէ, աշխատում եմ ինչքան կարողանում եմ, և իմ տեսակետով` լավ եմ աշխատում:
-Բռավո: Անկեղծության մասով: Իսկ ի՞նչ է Ձեզ համար անկախությունը:
-Անկախությունն ինձ համար մեծ արժեք է, և ես համոզված եմ, որ դա մեր ժողովրդի ցանկությունն էր նաև: Քսան տարի առաջ այս օրը մենք արձանագրեցինք ժողովրդի կամքն ու ցանկությունը, ունեցանք անկախ հայրենիք, ինչը մեզ համար մեծ ձեռքբերում է: Եվ կարծում եմ, որ այս քսան տարիների ընթացքում արել ենք, ինչ կարողացել ենք, բայց կարող էինք ավելին անել ու ավելին ունենալ, լինել ավելի հզոր, ստեղծելով առավել կայուն պետություն:
-Տեսնո՞ւմ եք` պարոն Աբրահամյան, ես չեմ հարցնում` էդ ինչ անկայունություններ են էս երկրում, ովքե՞ր են այդ անկայունիստները, շարունակում եմ խորին ուշադրությամբ ակնդրել և ուկնդրել Ձեզ:
-Մի խանգարի. այսօր ես ցանկանում եմ, որ մենք բոլորս միասին` սփյուռքի, Արցախի և Հայաստանի ժողովրդի հետ իրականացնենք մեր պատմական երազանքը` կերտել հզոր Հայաստան:
-Պարոն Աբրահամյան, գեթ մեկ անգամ Ձեզ հետ համաձայնեցի, ի՞նչ կասեք:
-Ես շատ ուրախ եմ, որ Դուք առողջ օպոնենտ եք ինձ համար:
-ՈՒրախ լերուք: Եվ, այնուհանդերձ, բացի Ձեր պառլամենտից, մնացած երեք-չորս պառլամենտներից ո՞րն եք բարձր գնահատում:
-Բարձր եմ գնահատում նաև մեր Գերագույն խորհուրդը: Որովհետև հուսալի ներկան է, որ վստահելի ապագա է կերտում:
-Բա ծանր չե՞ք տանում, որ Ձեր սիրելի ԳԽ-ի գործընկերները չեն եկել: Ձեզ վատ չե՞ք զգում, որ չկայացավ ազգային համերաշխությունը:
-Վատ կզգայի, եթե ես չգայի:
-Ի՜նչ լավ եք արել, որ եկել եք. կարո՞ղ է չգայիք:
-Չէ, էդ չէի ասում, ասում էի, որ եթե իրենք ինձ հրավիրեին, ես անպայման կգնայի:
-Փաստորեն, ծանր եք տանում, որ ձեր տոնին իրենք չեն եկել:
-Սա մեր տոնը չէ. սա Հայաստանի տոնն է, բոլորիս տոնն է:
-Պահո՜, պարոն Աբրահամյան, երկրորդ անգամ Ձեզ հետ համաձայնեցի:
-Դա մեծ ձեռքբերում է ինձ համար:
-Կարծում եմ: Իսկ ո՞ր թերթն ամենից շատ չեք սիրում, պարոն Աբրահամյան:
-Թերթը չէ, որոշ լրագրողների չենք սիրում:
-Որոշ` ո՞ր:
-Անպատասխանատու:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (ԱԺ պատգամավոր)
-Դո՞ւք էլ եք այստեղ, պարոն Ալեքսանյան: Իսկ գիտե՞ք, որ էս վայրը նախկինում եղել է գերեզմանոց:
-Ես չեմ խոսելու. ոչ մի բան մի հարցրեք… գերեզմանո՞ց:
-Հա, Կոզեռնի գերեզմանոցն է եղել:
-Ես չեմ խոսելու. ոչ մի հատ, ոչ մի բան մի հարցրեք… գերեզմանո՜ց. լրագրողներն ինչ ասես կհնարեն:
-Կոզեռնի գերեզմանոցն է եղել, ու էստեղ վեհափառ է թաքնված:
-Թաքնվա՞ծ. չէ-չէ-չէ, չեմ խոսելու:
-Վախեցա՞ք. շփոթեցի` թաղված պիտի ասեի. 13-րդ դարի կաթողիկոսներից մեկն էստեղ է թաղված եղել… ուզում էիք «թաքնված» լինե՞ր: Ի՞նչ տարբերություն Ձեզ համար:
-Ի՜նչ ուզում եք հարցրեք, մեկ ա` չեմ խոսալու… բա հիմա ո՞ւր ա էդ կաթողիկոսի գերեզմանը:
-Գերեզմանը չկա, իսկ ինքը երկնքում բարեխոսում է մեզ, Ձեզ, այս և ստեղծվելիք պառլամենտի համար, Դուք էնտեղ լինելո՞ւ եք, պարոն Ալեքսանյան, երկնքում` չէ, պառլամենտում. Սերժ Սարգսյանն ասել է` ապագա պառլամենտում գործարարներ չեն լինելու:
-Մեկ է` չեմ խոսելու, լրագրողների հետ չեմ խոսալու:
-Իսկ անկախությո՞ւնն ինչ է Ձեզ համար:
Հ. Գ. -Սամվել Ալեքսանյանը «поза змея»-ի դիրքով` վերացած կանգնեց այնպես, որ ցանկացած յոգ ղալաթ էր արել նրա այդ քարացման դեմ, արձանագրելու, որ ինքը չկա, բացակա է ու «չի խոսում»:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ (ԱԺ նախկին պատգամավոր)
-Պարոն Գեղամյան, բա չե՞ք տխրում, որ էլ պատգամավոր չեք:
-ՈՒրախությանս չափ ու սահման չկա, որովհետև արեգակին պետք է հեռվից նայել, կայրի, եթե շատ մոտենաս, իսկ Ազգային ժողովն ինձ համար արփի է` արև:
-Եվ ի՞նչ` վերադառնո՞ւմ ենք արևածագերին:
-Չենք հեռացել, որ վերադառնանք:
-Ձեր ամենաքաղցր հուշը պառլամենտից:
-Կարմեն Դավթյանի հետ հարցազրույցները:
-Իսկ ամենադառը հուշը:
-Էլի` էլի էդ նույնը:
Ճեպազրույցները` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1160

Մեկնաբանություններ